«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակից­ների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50000 ՀՀ դրամը չգերազանցող չափով, խաղարկությունով, ոչ խաղարկու­թյունով և համակցված վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները.».

2) 24-րդ կետում «տասը հազար դրամը» բառերը փոխարինել «50 000 ՀՀ դրամը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Գրավ դրված գույքի օտարումից ստացվող եկամուտը

 

1. Ֆիզիկական անձի կողմից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից, եթե վերջինս որպես գրավատու հանդես է գալիս որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) գրավ դրված գույքը բռնագանձման արդյունքում (այդ թվում՝ հարկադիր կամ սնանկության աճուրդից գնման կամ հանձնման դեպքում) սեփականության իրավունքով գրավառու բանկին կամ վարկային կազմակեր­պությանն անցնելու դեպքում գրավատու ֆիզիկական անձի՝ գույքն օտարելուց ստացվող եկամուտ է համարվում գրավ դրված գույքի օտարման գնի և վարկային պարտավորության դրական տարբերությունը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

 2. Բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ գրավ դրված գույքը բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնե­լուց հետո` վեց ամսվա ընթացքում, այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին օտարելու դեպքում համարվում է, որ գրավատուն գույքն օտարելուց եկամուտ չի ստացել:

3. Արտադատական կարգով բռնագանձման արդյունքում բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած՝ գրավ դրված գույքի օտարումից ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և օտարման գին են համարվում`

1) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը, եթե այդ օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը.

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել: Ընդ որում, բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

4. Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին կամ վարկային կազմակեր­պությանն ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն հոդվածով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

5. Բանկը կամ վարկային կազմակերպությունը և ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնել, որ սույն հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝ գրավ դրված գույքի օտարման արդյունքում ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և օտարման գին համարվեն այն բանկին կամ վարկային կազմակերպությանը ի սեփականություն անցնե­լու օրը և այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի որոշած շուկայական գինը: Սույն մասով սահմանված համաձայնությունը կնքվում է գրավոր:

6. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ վարկային պարտավո­րություն է համարվում գրավ դրված գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանն ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը (այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները), ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և օտարելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք և գրավ դրված գույքի օտարման գնի 15 տոկոսը չգերազանցող ծախսերը:»:

 

Հոդված 3. Օրենքի 9.1-ին հոդվածի 4-րդ մասի`

1) 1-ին կետում «օրվա դրությամբ» բառերից հետո լրացնել «հարկային գործակալին (հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողին)» բառերը.

2) 1-ին և 2-րդ կետերում «ամիսների համար» բառերից հետո լրացնել «հարկային գործակալի կողմից՝» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի իմաստով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում`

1) ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտին ապրանքի մատակարարումը, եթե այդ ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է ռեզիդենտի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն Արցախի Հանրապետու­թյան տարածքում փոխանցվելու հանգամանքից.

2) սույն մասի 1-ին կետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրու­թյան և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայու­թյունների մատուցումը, եթե այդ աշխատանքները կատարվել և (կամ) ծառայությունները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, մատուցվել են ապրանքը մատակարարող ոչ ռեզիդենտի կողմից.

3) ոչ ռեզիդենտի կողմից Արցախի Հանրապետության տարածքից դուրս ռեզիդենտին ապրանքի մատակարարումը:»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 8-րդ մասի`

ա. առաջին պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը,

բ. երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

2) 8-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-8.4-րդ մասեր.

«8.1. Հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են տարեկան հարկվող եկամտի 21 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 000 ՀՀ դրամից:

8.2. Հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) առևտրի հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը վճարում են նվազագույն եկամտային հարկ` ամսական 5000 ՀՀ դրամի չափով` յուրաքան­չյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):

Հարկային մարմնին գործունեություն չիրականացնելու (գործունեու­թյունը դադարեցնելու) մասին հայտարարություն ներկայացրած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականա­ցրած անհատ ձեռնարկատերը հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար սույն մասով սահմանված չափով նվազագույն եկամտային հարկ չի վճարում:

8.3. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության օրենքով արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը) արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չեն հաշվարկում և չեն վճարում:

8.4. Հաշվետու ժամանակաշրջանում միաժամանակ և (կամ) հաջորդա­բար հարկման տարբեր համակարգերով գործունեություն իրականացնելու դեպքում`

1) հաստատագրված վճարների և (կամ) առևտրի հարկի կամ արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության տեսակներից ստացված (անհատ ձեռնարկատերերի համար` ստացման ենթակա) եկամուտները և այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները, ինչպես նաև վճարված հաստատագրված վճարները, արտոնագրային վճարներն ու առևտրի հարկը հաշվի չեն առնվում հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով հարկվող եկամուտը որոշելիս.

2) հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) առևտրի հարկի կամ արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերը վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում (ըստ հարկման համակարգերի), իսկ ժամանակաշրջանի ծախսերը (որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել) բաշխվում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերում գտնվող գործունեության տեսակներից ստացված (ստացվող) եկամուտների տեսակարար կշիռներից (ըստ հարկման համակարգերի համախառն եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով):»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկային գործակալները պարտավոր են սույն մասով սահմանված դեպքերում բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել  աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ (բացառությամբ Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց), որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակու­թյան (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի): Գրանցման հայտը ներկայացվում է`

1) վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու (քաղաքացու հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու) դեպքում.

2) վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (օրենքով սահման­ված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու) դեպքում.

3) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու, քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողու­թյան ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում.

4) Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքում.

5) սույն մասով սահմանված` գրանցման հայտի հիման վրա ներկայացված որևէ տվյալում (այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում.

6) վերակազմակերպմամբ (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում) պայմանավորված՝ վարձու աշխատողների տեղափոխման դեպքում: Սույն կետով սահմանված դեպքում գրանցման հայտը ներկայաց­վում է օրենքով սահմանված կարգով իրավանախորդ և իրավահաջորդ ճանաչված գործատուների կողմից:

Հարկային գործակալները սույն մասի 1-ին կետով սահմանված գրանցման հայտը հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողին աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ սույն մասի 2-6-րդ կետերով սահմանված գրանցման հայտը հարկային մարմին են ներկայացնում մինչև հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար եկամտային հարկի  ամփոփ հաշվարկը ներկայացնելը:».

2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ, բացառապես էլեկտրոնային եղանակով, հարկային մարմին ներկայացնել` եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի և Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձի) ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիա­իրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվում են նաև հաշվետու ամսում պասիվ եկամուտներ ստացած Արցախի Հանրապետության ֆիզիկական անձանց և Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:»:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «18.75 տոկոսի» բառերից հետո լրացնել «և տվյալ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված նվազագույն եկամտային հարկի  գումարի դրական տարբերության» բառերը.

2) 3.1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանխավճարի և նվազագույն եկամտային հարկի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտային հարկի (ներառյալ՝ նվազագույն եկամտային հարկի գումարը) 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ՝ փաստացի ստացված եկամտային հարկի (առանց նվազագույն եկամտային հարկի գումարի) 18,75 տոկոսի և տվյալ եռամսյակում փաստացի կատարված կանխավճարի (առանց նվազագույն եկամտային հարկի գումարի) տարբերության գումարի նկատմամբ՝ կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված օրվանից մինչև հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու) օրը:».

3) 5-րդ և 6-րդ մասերի առաջին նախադասություններում «փաստացի եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «(այդ թվում` նվազագույն եկամտային հարկի)» բառերը, իսկ «կատարված կանխավճարների» բառերից հետո` «և նվազագույն եկամտային հարկի» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի`

1) 3.1-ին մասում «2-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետի» բառերը փոխարինել «2.1-ին մասի երկրորդ պարբերության» բառերով.

2) 5-րդ մասի`

ա. առաջին պարբերությունում «եկամտային հարկ» բառերը փոխարինել «տուգանք» բառով,

բ. երկրորդ պարբերությունում «երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում գրանցման հայտ» բառերը փոխարինել «1-ին կետով սահմանված գրանցման հայտը նույն մասի երկրորդ պարբերությամբ նշված ժամկետում» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասից հանել «`դրանք համա­ձայ­նե­ցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը:

 

Հոդված 10. Oրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 10-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 12-րդ հոդվածի 1-ին մասերում «ղարաբաղյան» բառը փոխարինել «արցախյան» բառով:

 

Հոդված 11. Oրենքի տեքստում, բացառությամբ ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային բանկ «Արցախբանկ»-ում», ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության», ««Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության», ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության», ««Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-46 և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-13 օրենքները» և ««Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել  «Արցախի» բառով:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի  1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                              Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի  27

Ստեփանակերտ

ՀՕ-58-Ն