«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող՝ պետական կամ համայնքային բյուջեից տրամադրվող գումարները:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում վերջակետը փոխարինել միջա­կետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետ.

«զ/ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, ինչպես նաև լուծարվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքները:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում`

ա. «ա» կետում «փոխանցող հարմարանքների» բառերը փոխարինել «անշարժ գույքի միավոր համարվող գծային ինժեներական ենթակա­ռուցվածքների (էլեկտրահաղորդման և կապի համակարգերի (այդ թվում` օդային և ստորգետնյա մալուխային գծերի) և դրանց հենասյուների, ջրարբիացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների և ջերմամատակարարման համակարգերի, ոռոգման համակարգերի, ջրամբարների)» բառերով,

բ. «բ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1»-ին կետ.

«բ.1/ արտադրական սարքավորումների համար` 5 տարի»,

գ. «ե» կետում «5» թիվը փոխարինել «8» թվով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն այլ ժամկետներ (այդ թվում՝ ինչպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի համար առաջին անգամ ամորտիզացիոն մասհանում հաշվարկելու պահին, այնպես էլ դրանից հետո), սակայն հիմնական միջոցների տվյալ  խմբի  համար  սույն  հոդվածի 2-րդ մասով, իսկ ոչ նյութական ակտիվների համար՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներից ոչ պակաս չափով: Սույն մասով սահմանված դեպքերում յուրաքանչյուր անգամ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի ամորտիզացիոն ժամկետը վերանայելուց հետո ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հաշվետու տարվա կտրվածքով (հաշվի առնելով  նաև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի՝ մինչև ամորտիզացիոն ժամկետի վերանայումն առկա հաշվեկշռային արժեքի և վերանայված ամորտիզացիոն ժամկետների հիման վրա հաշվարկված՝ ամորտիզացիոն մնացորդային ժամկետների հարաբերություն:»:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի`

1) «ե» կետում «հովանավորչական» բառից հետո լրացնել «, խորհր­դա­տվա­կան» բառը.

2) «ժե» կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետ.

«ժզ/ բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հաշվետու տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը հաշվետու տարվա արդյունքներով գերազանցում է՝

- շահութահարկ վճարողի (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը,

- բանկ կամ վարկային կազմակերպություն համարվող շահութահարկ վճարողի՝ հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության իննապատիկը:»:

 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 24. Անհատույց ստացված ակտիվները

1. Սույն օրենքի իմաստով անհատույց ստացված ակտիվները (բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հաշվետու տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:

2. Սույն օրենքի իմաստով դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հաշվետու տարում, բացառությամբ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացված նպատակային դրամական միջոցների, որոնք եկամուտ են համարվում այն հաշվետու տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս` անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակ­ներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հաշվետու տարում:

3. Սույն օրենքի իմաստով հողամասերը եկամուտ են համարվում տասը հաշվետու տարիների ընթացքում, ներառյալ՝ դրանց ստացման հաշվետու տարին՝ յուրաքանչյուր հաշվետու տարում հավասարաչափ: Եթե սույն մասով սահմանված ժամանակահատվածում անհատույց ստացված հողամասն օտարվում է, ապա հողամասի արժեքի՝ դեռևս եկամուտ չհամարված մասը եկամուտ է համարվում հողամասի օտարման հաշվետու տարում:

Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված ակտիվի սեփականության իրավունքի ճանաչման դեպքերում:»:

 

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի «ժա» կետում «մինչև դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(բացառությամբ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման)» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 42-րդ հոդվածի «գ» կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ», «ե», «զ» և «է» կետեր.

«դ/ շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը.

ե/ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար գույքահարկով և հողի հարկով հարկման բազայից (հարկվող օբյեկտից) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ավելացված արժեքի հարկի) դեպքում գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի) և փաստացի հատուցման գումարի (առանց ավելացված արժեքի հարկի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, գործարքի կատարման օրը ներառվում է նոր սեփականատիրոջ եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում նոր սեփականատիրոջ մոտ ներված պարտավորություն չի առաջանում.

զ/ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց համար գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի), իսկ դրա բացակայության դեպքում` գույքահարկով և հողի հարկով հարկվող օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի (հարկվող օբյեկտի) հինգ տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ավելացված արժեքի հարկի) դեպքում գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի), իսկ դրա բացակայության դեպքում` գույքահարկով և հողի հարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհա­տույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապա­տաս­խանող հարկման բազայի (հարկվող օբյեկտի) հինգ տոկոսի և փաստացի վարձակալական վճարի (առանց ավելացված արժեքի հարկի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, սույն հոդվածի «գ» կետով սահմանված պահին ներառվում է վարձակալի կամ փոխառուի եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձատուն կամ փոխատուն հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում վարձակալի կամ փոխառուի մոտ ներված պարտավորություն չի առաջանում:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ որոշված եկամտի և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ հաշվետու ժամանակա­շրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:

Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե սույն կետով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).

է/ եթե Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարը, կնքված պայմանագրի համաձայն, ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա՝ ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա այդ ապրանքի մատակարարման դեպքում եկամուտը որոշվում է օտարերկրյա բորսայի կամ հանդեսի կողմից հրապարակվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից): Սույն կետի կիրառության իմաստով՝

- եկամտի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ՝ հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը,

- ապրանքի մատակարարման գործարքների դեպքում ապրանքի մատակարարման դիմաց եկամտի ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց եկամտի վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկում՝ որպես եկամտի ավելացում կամ պակասեցում:»:

 

Հոդված 9. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի իմաստով արտաքին տնտեսական գործունեություն է համարվում`

1) ոչ ռեզիդենտի կողմից ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը, եթե այդ ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է ռեզիդենտ շահութահարկ վճարողի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն Արցախի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից.

2) սույն մասի 1-ին կետով սահմանված՝ ապրանքի մատակարարման գործարքի հետ ուղղակիորեն կապված՝ ապրանքների փաթեթավորման, բեռնման, տրանսպորտային, բեռնաթափման, ուղեկցման, ապահովագրու­թյան և համանման այլ աշխատանքների կատարումը և (կամ) ծառայու­թյուն­ների մատուցումը, եթե այդ աշխատանքները կատարվել և (կամ) ծառայու­թյունները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, մատուցվել են ապրանքը մատակարարող ոչ ռեզիդենտի կողմից.

3) ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Արցախի Հանրապե­տության տարածքից դուրս ռեզիդենտին կամ մշտական հաստատության միջոցով Արցախի Հանրապետությունում գործունեություն իրականացնող այլ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ապրանքի մատակարարումը:»:

 

Հոդված 10. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում «ղարաբաղյան» բառը փոխարինել «արցախյան» բառով:

 

Հոդված 11.Օրենքի 62-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրու­թյամբ.

 

«Հոդված 62. Աղբյուրի մոտ շահութահարկի պահումը

1. Սույն օրենքի 55-րդ հոդվածի համաձայն` աղբյուրի մոտ շահու­թահարկի պահումը (գանձումը) իրականացնում է հարկային գործակալը` ոչ ռեզիդենտին վճարվող (ներառյալ` կանխիկ կամ անկանխիկ փողային վճարման, այդ թվում` մաս-մաս կատարված վճարման` անկախ եկամտի ստացման իրավունքը ծագած լինելու հանգամանքից, այլ գույքով հատուցման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվանցման, պարտքերի վերաձևակերպման կամ պարտքերի նորացման, ինչպես նաև արցախյան աղբյուրներից ստացման ենթակա եկամուտների մասով հարկային գործակալի նկատմամբ ոչ ռեզիդենտի կողմից հարկային գործակալ չհանդիսացող անձին պահանջի իրավունքի զիջման, եկամտի ստացման պահանջի ներման, սույն օրենքի 42-րդ հոդվածի «դ» կետով սահմանված՝ շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման դեպքերում) եկամտի ընդհանուր գումարից:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված`  կանխիկ կամ անկանխիկ փողային վճարումները, համապատասխան գործարքը չկատարվելու հանգամանքով պայմանավորված, վերադարձվում են՝

1) մինչև այդ վճարումների կատարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային գործակալի կողմից սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված՝ նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի փաստացի ներկայացումը, բայց ոչ ուշ, քան այդ հաշվարկի ներկայացման համար սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված վերջնաժամկետը, ապա համարվում է, որ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտ չի վճարվել.

2) այդ վճարումների կատարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային գործակալի կողմից սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված՝ նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ներկայացումից հետո, ապա հարկային գործակալը կարող է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հարկային մարմին ներկայացնել ճշտված հաշվարկ:»:

 

Հոդված 12. Օրենքի 67-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «վնասն» բառը փոխարինել «վնասը (առանց հաշվի առնելու նախորդ տարիներից փոխանցվող հարկային վնասի մեծությունը)» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 69-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրու­թյամբ.

 

 «Հոդված 69. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Արցախի Հանրապետության հարկային մարմինը:»:

 

Հոդված 14. Օրենքի տեքստում, բացառությամբ ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1992 թվականի օգոստոսի 28-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների շահութահարկի մասին» թիվ 97 որոշումը» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 15.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) և շահագործման հանձնված այլ հիմնական միջոցների 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածները սույն օրենքի ընդունումից հետո համարվում են համապատասխան հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում է 2017 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների վրա:

4. Օրենքի 42-րդ հոդվածի «դ» կետը և Օրենքի 62-րդ հոդվածը` ոչ ռեզիդենտի ստացած շահաբաժինների մասով, տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող շահաբաժինների վրա:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                              Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2017թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-57-Ն