Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի`
1) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկային պարտավորությունը դադարում է՝
1) երբ այն կատարվում է.
2) երբ սահմանվում է հարկային պարտավորության գծով ազատման կամ նվազեցման հարկային արտոնություն` ազատված կամ նվազեցված պարտավորության չափով.
3) երբ իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և բացակայում է որևէ անձ, որը, սույն օրենքի համաձայն, պատասխանատվություն է կրում հարկային պարտավորության կատարման համար.
4) երբ այն դառնում է անհուսալի և անհուսալի դառնալուց հետո՝ հինգ տարվա ընթացքում չի գանձվում.
5) երբ ֆիզիկական անձը մահանում է, եթե օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:».
2) երրորդ պարբերության «բ» կետում «500.000 դրամը» բառերը փոխարինել «1 000 000 ՀՀ դրամը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի`
1) առաջին պարբերությունից հանել «մինչև 90 օր (ներառյալ)» բառերը.
2) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
3) երրորդ պարբերությունում «Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են» բառերը փոխարինել «Նշված չափով օրական տույժը կիրառվում է» բառերով:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Սույն պարբերությամբ նախատեսված տուգանքն արգելված գործունեություն իրականացնողների համար արգելված գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է:»:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 30.
1. Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության (այսուհետ սույն հոդվածում` հարկային պարտավորություն) կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:
2. Չկատարված հարկային պարտավորության չափը 500 000 ՀՀ դրամ և ավելի կազմելու դեպքում` հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:
3. Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով: Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը դրվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետն արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:
4. Գույքի արգելանքը հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվներում և (կամ) դրամարկղում առկա դրամական միջոցների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի` հարկային պարտավորությունների չափով սահմանափակման միջոցով:
5. Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, չկատարված հարկային պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին:
6. Հարկ վճարողի գույքի վրա արգելանքը կիրառվում է հետևյալ հերթականությամբ.
1) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներ.
2) դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցներ.
3) արգելանքի ենթակա այլ գույք:
7. Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, հարկ վճարողի բանկային հաշիվներում կամ դրամարկղում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նաև արգելադրվող գումարի չափը, ընդունված որոշման հիմքերը` այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:
8. Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:
9. Գույքի վրա արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և հարկային պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:
10. Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:
11. Արգելանք դնելու մասին որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև` այլ անձանց ու մարմիններ:
12. Գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը չի կարող արգելել հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությունը գույքի արգելադրմանը: Սույն հոդվածի իմաստով հարկ վճարողի ներկայացուցիչ է համարվում այն անձը, որի լիազորությունները հաստատվում են Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Գույքի արգելադրում կարող է իրականացվել ժամը 8:00-ից մինչև 18:00-ն:
14. Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի` իր իրավասության սահմաններում գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:
15. Սույն հոդվածով սահմանված կարգով արգելադրված գույքն արգելանքից հանվում է՝
1) արգելանք դնելուց հետո` երկամսյա ժամկետում, հարկային մարմնի կողմից հարկային պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայց չներկայացվելու դեպքում.
2) հարկ վճարողի հարկային պարտավորությունը դադարելու կամ հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունն ամբողջությամբ կատարվելու դեպքերում.
3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հարկային պարտավորության կատարման վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում.
4) արգելանքով ապահովված հարկային պարտավորության գումարի բռնագանձման վերաբերյալ դատարան ներկայացված հայցի մերժման դեպքում:
16. Հարկային պարտավորության մարման նպատակով անհրաժեշտ գումարը համապատասխան գանձապետական հաշիվ մուտքագրվելուց հետո կամ սույն հոդվածով սահմանված կարգով աստիճանական մարման ժամանակացույցը կնքելուց հետո հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց և մարմիններին արգելանքը վերացնելու մասին: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նշված կարգադրությունը հարկային մարմնի կողմից սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում հարկ վճարողն իրավունք ունի համապատասխան բանկ ներկայացնելու հարկային պարտավորության վճարման անդորրագիրը կամ հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույցը, որից հետո տվյալ բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցում է կատարում հարկային մարմին: Եթե բանկը հարցումն ուղարկելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնից մերժում չի ստանում, ապա արգելանքը վերանում է:
17. Հարկային մարմինն արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցումը չի կարող մերժել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`
1) հարկային պարտավորության գումարը մուտքագրվել է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին.
2) հարկ վճարողի հետ կնքվել է հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց:
18. Արգելանք կիրառած անձինք և մարմինները պարտավոր են անհապաղ վերացնել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է հարկային պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը կամ սույն հոդվածով սահմանված կարգով կնքված հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը:
19. Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել որոշումը ստանալուց հետո երկամսյա ժամկետում: Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կամ դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:
20. Արգելանքի վերցված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:
21. Սույն հոդվածով սահմանված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, որի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելադրման որոշումը բանկերին և պետական մարմիններին ուղարկվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:
22. Առևտրային բանկերն անմիջապես արգելադրում են որոշման ստացման պահի դրությամբ հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա ազատ դրամական միջոցները` որոշմամբ նախատեսված հարկային պարտավորության գումարի չափով: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ առաջին հերթին արգելադրվում են ընթացիկ հաշիվները` Հայաստանի Հանրապետության դրամով, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում ըստ հերթականության արգելադրվում են ընթացիկ հաշիվները` արտարժույթով, ավանդային հաշիվները` Հայաստանի Հանրապետության դրամով, ավանդային հաշիվները` արտարժույթով:
23. Հարկ վճարողի բանկային հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում առևտրային բանկերը պարտավոր են արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներում հետագայում մուտքագրվող միջոցների վրա` մինչև բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային պարտավորության չափով գումարի ապահովումը կամ արգելադրման մասին որոշման ուժը կորցնելը կամ մինչև սույն հոդվածով նախատեսված արգելանքը հանելու դեպքերի ի հայտ գալը:
24. Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, և արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որևէ մեկում առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առևտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առևտրային բանկերին և հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած ձևով:
25. Եթե որևէ առևտրային բանկ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի՝ տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները: Նշվածը չի վերաբերում այն առևտրային բանկերին, որոնք արգելադրման մասին որոշմամբ արգելադրված բանկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված հաղորդագրություն են ուղարկել այլ առևտրային բանկի (բանկերի):
26. Այն դեպքում, երբ այլ առևտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզվում է, որ հարկ վճարողի՝ այլ առևտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա արգելադրված դրամական միջոցները պակաս են արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափից, ապա տվյալ առևտրային բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքից հանել միայն տվյալ բանկում և այլ բանկերում արգելադրման արդյունքում հարկային պարտավորության գումարը գերազանցող դրամական միջոցները` հիմք ընդունելով այլ առևտրային բանկից (բանկերից) ստացված հաղորդագրությունները:
27. Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելադրման ենթակա գումարի հստակ չափը, ենթակա չէ կատարման:
28. Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա, և հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից կատարելու փոխանցումներ պետական բյուջե, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն:
29. Հարկ վճարողի դրամարկղում ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկ վճարողին ներկայացնելու օրը որոշումն ընդունած հարկային մարմնի պաշտոնատար անձը գույքագրում է հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցները և դրանք, ինչպես նաև արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող կանխիկ դրամական միջոցներն արձանագրու-թյամբ ի պահ է հանձնում հարկ վճարողին: Հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների՝ արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածում որոշում կայացրած հարկային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ գույքագրելու դրամարկղում դրամական միջոցների առկայությունը, ինչպես նաև մուտքագրված և ելքագրված դրամական միջոցների շարժը, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն: Դրամարկղում կանխիկ դրամական միջոցների կամ կանխիկ դրամական միջոցների շարժի գույքագրման արձանագրության ձևը սահմանում է հարկային մարմինը, որում նշվում են գույքագրման ամսաթիվը, ժամանակահատվածը, արգելանքի տակ գտնվող դրամական միջոցների արժույթը, արժեքը, քանակը, մուտքագրված դրամական միջոցների արժեքը և դրանց ստացման աղբյուրը, ելքագրված դրամական միջոցների արժեքը և ծախսման ուղղությունները, ի պահ հանձնվող դրամական միջոցների արժույթը, արժեքը, քանակը, գույքագրման ընթացքում դրամարկղային գործառնությունների կատարման դադարեցման ժամանակահատվածը, նշում՝ արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող դրամական միջոցների արգելանքի տակ գտնվելու և ի պահ ընդունելու վերաբերյալ, գույքագրմանը մասնակցող անձանց տվյալներն ու ստորագրությունները: Նշված արձանագրությունները հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշման անբաժանելի մասն են:
30. Դրամարկղում հարկ վճարողի ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը չի տարածվում կանխիկ դրամական միջոցներից հարկ վճարողի ավանդային կամ ընթացիկ հաշիվներ կամ պետական բյուջե կատարվող վճարումների վրա, և հարկ վճարողն իրավունք ունի դրամարկղում առկա դրամական միջոցներից իր ավանդային կամ ընթացիկ հաշիվներին կամ պետական բյուջե վճարումներ կատարելու:
31. Հարկ վճարողի բանկային հաշվին մուտքագրված դրամական միջոցների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածով նախատեսված՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ դրույթները:
32. Հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելիս կազմվում է արձանագրություն: Արձանագրությունում կամ դրա հավելվածում նկարագրվում և ըստ անվանումների նշվում են արգելադրվող գույքի անվանումը, քանակը, անհատական հատկանիշները, հաշվեկշռային արժեքները: Նշված արձանագրությունը հարկ վճարողի գույքի արգելադրման որոշման անբաժանելի մասն է:
33. Արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում գույքի վրա արգելանք դնելու մասին արձանագրությունում, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:
34. Այլ գույքի արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով:
35. Սույն հոդվածով նախատեսված արգելադրման դեպքում առկա հարկային պարտավորության ոչ պակաս, քան 20 տոկոսը մարելուց հետո հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի մնացած հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ հարկ վճարողի հետ կնքելու հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել մինչև մեկ տարի: Ընդ որում, եթե արգելադրման ընթացքում հարկ վճարողը դիմում է ժամանակացույց կնքելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր իր վճարունակության վերա-բերյալ, ապա հարկային մարմնի ղեկավարը հարկ վճարողի հետ կնքում է հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց: Սույն մասով նախատեսված ժամանակացույց կնքելու լիազորությունը հարկային մարմնի ղեկավարը կարող է փոխանցել հարկային մարմնի այլ պաշտոնատար անձի:
36. Հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր վճարման ժամկետն ավելի քան 10 օրով խախտելու դեպքում հարկային մարմինը դադարեցնում է հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը: Հարկային պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը դադարեցնելու վերաբերյալ հարկային մարմինն ընդունում է որոշում, որի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է պարտապան անձին:
37. Հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի հարկային պարտավորությունների մարմանը: Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով հարկային պարտավորության (ներառյալ ապառքը և դրա նկատմամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
38. Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
39. Հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինն ընդունում է երաշխիքներ, որոնք տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները կամ ապահովագրական ընկերությունները (այսուհետ՝ երաշխիք տված անձ):
40. Երաշխիք տված անձը երաշխիքով հարկային մարմնի առջև պարտավորվում է կատարել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, եթե վերջինս սույն օրենքով սահմանված կարգով և երաշխիքով սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ հարկային մարմնի կողմից երաշխիք տված անձին այդպիսի գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում: Երաշխիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ և սույն օրենքով:
41. Երաշխիքով հարկային պարտավորությունների կատարման ժամկետը կարող է սահմանվել մինչև ինն ամիս ժամկետով, որը չի կարող գերազանցել երաշխիք տված անձի լիցենզիայի գործողության ժամկետի ավարտին նախորդող վեցերորդ ամսվա 1-ը:
42. Երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից:
43. Երաշխիքը հարկային մարմին է ներկայացվում երկու օրինակից, որում պետք է նշվեն՝
1) հարկ վճարողի հարկային պարտավորությունները և դրա մարման ժամկետը, որոնց պատշաճ կատարումն ապահովվում է երաշխիքով.
2) երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում՝ հարկային մարմնի կողմից երաշխիք տված անձից հարկային պարտավորությունների կատարում պահանջելու անվիճելի իրավունքը.
3) երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար երաշխիք տված անձի մոտ դրամական միջոցների առկայության փաստը.
4) երաշխիքի գործողության ժամկետը.
5) երաշխիք տված անձի լիցենզիայի համարը և գործողության ժամկետը:
44. Երաշխիքի ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
45. Հարկային մարմինը երաշխիքն ընդունելու կամ մերժելու նպատակով այն ուսումնասիրում է ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
46. Երաշխիքի ընդունումը մերժվում է, եթե՝
1) երաշխիքը չի համապատասխանում օրենքով և սույն հոդվածի 41-43-րդ մասերով սահմանված չափանիշներին.
2) երաշխիքի գործողության ժամկետը պակաս է երաշխիքով սահմանված հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների կատարման ժամկետից.
3) երաշխիքը տված անձի՝ օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու լիցենզիան կասեցված է կամ ուժը կորցրած է ճանաչված.
4) երաշխիք տված անձն ունի չմարված հարկային պարտավորություններ:
47. Երաշխիքի ընդունման կամ մերժման վերաբերյալ հարկային մարմինը համապատասխան գրառում է կատարում տրված երաշխիքի համապատասխան դաշտում և դրա մեկ օրինակը սույն հոդվածի 45-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկում է երաշխիքը տված անձին: Երաշխիքի ընդունումը մերժելու դեպքում հարկային մարմինը նշում է նաև մերժման համար հիմք համարվող պատճառները:
48. Հարկ վճարողի կողմից երաշխիքով սահմանված ժամկետում երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմինը երաշխիքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, երաշխիք տված անձին ներկայացնում է գրավոր պահանջ՝ երաշխիքով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար:
49. Երաշխիք տված անձի կողմից երաշխիքով ապահովված՝ պարտապան հարկ վճարողի կողմից չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
50. Երաշխիք տված անձի կողմից սույն հոդվածի 49-րդ մասում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմինը սահմանված կարգով դատարան է ներկայացնում հայցադիմում` գույքի բռնագանձման համար: Մինչև գումարի բռնագանձման վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացնելը հարկային մարմինը երաշխիք տված անձի նկատմամբ կարող է կիրառել օրենքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին հոդվածով.
«Հոդված 30.1.
1. Հարկային մարմինն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է`
1) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`
ա. հաշվետու տարվա արդյունքներով 1 000 000 ՀՀ դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը,
բ. հաշվետու տարվա արդյունքներով Արցախի Հանրապետության պետական բյուջե 10 000 000 ՀՀ դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների ցանկերը,
գ. հաշվետու տարվա արդյունքներով Արցախի Հանրապետության պետական բյուջե 10 000 000 ՀՀ դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների ցանկերը,
դ. աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած հարկ վճարողների ցանկերը.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:»:
Հոդված 6. Oրենքի տեքստում, N 1 և N 2 հավելվածներում, բացառությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով», ««Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Առևտրի հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997 թվականի մարտի 17-ի օրենքը», ««Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 7. Օրենքի N 1 հավելվածի 17-րդ գլխից հանել «`համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը:
Հոդված 8.
1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը չլրացած հարկի չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից շարունակվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,075 տոկոսի չափով` մինչև վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրանալը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-56-Ն