Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 14-ին
Հոդված 1. «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի մայիսի 27-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածից հանել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքից» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 3. Սահմանադրական արդարադատության իրականացումը
1. Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Գերագույն դատարանը՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
2. Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանը գործերը քննում և դրանց վերաբերյալ որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Գերագույն դատարանի նախագահի լիազորությունները սահմանադրական արդարադատություն իրականացնելիս».
2) 1-ին մասում «Սահմանադրական պալատի» բառերը փոխարինել «Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանի» բառերով.
3) 2-րդ մասի`
ա. 1-ին և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ձևավորում է դատական կազմը.».
«3) դատական նիստերում հարցերի քննարկումները նախապատրաստելու համար հանձնարարություններ է տալիս դատական կազմին.»,
բ. 7-րդ կետում «իրականացնում է» բառերից հետո լրացնել «սույն» բառը:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում «դատավորն» բառը փոխարինել «Գերագույն դատարանի դատավորն (այսուհետ՝ նաև դատավոր)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թարգմանիչների վարձատրության չափը և կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում «114-րդ հոդվածի 2-րդ մասով», «114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետում» և «59-րդ հոդվածին» բառերը համապատասխանաբար փոխարինել «142-րդ հոդվածի 1-4-րդ մասերով», «142-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում» և «74-րդ հոդվածին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ և 1.2-րդ կետերով» բառերը փոխարինել «141-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի`
1) 2-րդ մասում «114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.6-րդ կետին» բառերը փոխարինել «142-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին» բառերով.
2) 4-րդ մասում «114-րդ հոդվածի 1-ին մասի 1.3-րդ, 1.4-րդ և 1.5-րդ կետերով» բառերը փոխարինել «141-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով» բառերով:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի`
1) 2-րդ մասում «կազմավորում է սահմանադրական պալատ» բառերը փոխարինել «ձևավորում է դատական կազմը» բառերով.
2) 4-րդ մասում «զեկուցող» բառից հետո լրացնել «(զեկուցողներ)» բառը:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 3-րդ կետում «65-րդ» բառը փոխարինել «66-րդ» բառով.
2) 4-րդ կետում «66-րդ» բառը փոխարինել «65-րդ» բառով:
Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածի`
1) 1-ին և 2-րդ մասերում «իրավական ակտի» բառերից հետո լրացնել «կամ դրա դրույթի» բառերը.
2) 2-րդ մասում «զանգվածային լրատվության միջոցներով» բառերը փոխարինել «դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նիստն իրավազոր է, եթե ապահովված է տվյալ գործով որոշում կայացնելու համար սույն օրենքի 50-րդ և 67-րդ հոդվածներով նախատեսված քվորումը:»:
Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հանրաքվեի, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով Գերագույն դատարանը կանոնակարգով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նյութերն ուղարկելու ավելի սեղմ ժամկետներ:»:
Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասից «հարկադիր կարգով» բառերից հետո հանել «` դատական դեպարտամենտի միջոցով» բառերը:
Հոդված 16. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «66-րդ» բառը փոխարինել «65-րդ» բառով:
Հոդված 17. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գերագույն դատարանը Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ և 8-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:
2. Գերագույն դատարանը Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով ընդունում է եզրակացություններ:»:
Հոդված 18. Օրենքի 50-րդ հոդվածի`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Գերագույն դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, իսկ մյուս որոշումներն՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:».
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված գործերով որոշում ընդունելիս դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք` որոշման ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որը Գերագույն դատարանի որոշման հետ հրապարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 19. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 9.2-րդ կետում «56-րդ հոդվածի 7-րդ մասի 1.1-ին կետով» բառերը փոխարինել «56-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով» բառերով:
Հոդված 20. Օրենքի 53-րդ հոդվածի`
1) վերնագրում «հրատարակումը» բառը փոխարինել «հրապարակումը» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գերագույն դատարանի որոշումներն ու եզրակացությունները հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 21. Օրենքի 55-րդ հոդվածում «ընթացքում,» բառից հետո լրացնել «դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը:
Հոդված 22. Օրենքի 8-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Գ Լ ՈՒ Խ 8
ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 56. Իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու գործերի քննությունը Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի, կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա (իրավական նորմերի սահմանադրականության վերացական վերահսկողություն)
1. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված գործերով կարող է վիճարկվել այդ կետում նշված ինչպես նորմատիվ, այնպես էլ անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի սահմանադրականությունը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դիմում ներկայացնելու դեպքերի: Մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը:
2. Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ օրենքների սահմանադրականությունը կարող է վիճարկվել միայն տվյալ օրենքի ընդունման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջների պահպանման տեսանկյունից:
3. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Գերագույն դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, կառավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է վիճարկվող ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը: Օրենքների դրույթների վիճարկման վերաբերյալ գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը` իր ընդունած օրենքների առնչությամբ: Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների դրույթների վիճարկման վերաբերյալ գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է Ազգային ժողովը:
5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով:
6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերը Գերագույն դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Գերագույն դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով որոշում ընդունելիս Գերագույն դատարանը պարզում է վիճարկվող ակտի կամ վերջինիս առանձին դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը` մասնավորապես հաշվի առնելով`
1) իրավական ակտի պահանջվող տեսակը.
2) իրավական ակտն ընդունելու և գործողության մեջ դնելու Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածությունը.
3) մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը.
4) Սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման ապահովվածությունը.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները:
8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը`
1) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը՝ Գերագույն դատարանի որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
3) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին.
4) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մաuամբ Uահմանադրությանը հակաuող ճանաչելու և դրա ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու մաuին:
9. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված որևէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս Գերագույն դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը: Հավաստիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ ակտի այլ դրույթների` Սահմանադրությանը հակասելու մեջ` Գերագույն դատարանը կարող է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները:
10. Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավաբանական ուժը կորցնում է Գերագույն դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված դեպքերի: Այդ ակտերի վրա հիմնված Գերագույն դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն: Չկատարված վարչական և դատական ակտերի կատարումը Գերագույն դատարանի որոշումը հրապարակելուց հետո անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ:
11. Անվավեր ճանաչված նորմատիվ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:
12. Սույն հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում նշված որոշումը Գերագույն դատարանն իրավասու է տարածելու նաև այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ: Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմատիվ ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` Գերագույն դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:
13. Քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այդ դրույթն իրավաբանական ուժը կորցնում է իր ուժի մեջ մտնելու պահից: Այդ դրույթի կիրառման վերաբերյալ Գերագույն դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական և վարչական ակտերը օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման:
14. Գերագույն դատարանը սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ գործով ընդունված ըստ էության որոշումից առնվազն յոթ տարի հետո, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա կարող է վերանայել իր հիշյալ որոշումը, եթե`
1) փոփոխվել է Սահմանադրության` տվյալ գործով կիրառված դրույթը.
2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված Սահմանադրության դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Գերագույն դատարանի այլ որոշում, և եթե տվյալ հարցն ունի սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն:
15. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված դիմումը չի կարող վերաբերել այն իրավական ակտերին (դրանց առանձին դրույթներին), որոնք Գերագույն դատարանի որոշմամբ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր:
16. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումն ընդունվում է դատավորների հինգ ձայնով:
17. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված գործերի քննությունը չի կարող մերժվել սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա, եթե առկա են Գերագույն դատարանի որոշումը վերանայելու` սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված հիմքերը:
18. Սահմանադրության 143-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, եթե Գերագույն դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի` Գերագույն դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա Գերագույն դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը: Այդ դեպքում մինչև ակտի իրավաբանական ուժը կորցնելն ակտը շարունակում է գործել:
19. Նորմատիվ իրավական ակտի ուժը կորցնելու հետաձգումը պետք է համարժեք լինի այն ժամանակահատվածին, որի ընթացքում հնարավոր և անհրաժեշտ է ձեռնարկել սույն հոդվածի 18-րդ մասում նշված հետևանքները կանխելուն ուղղված միջոցառումները:
20. Հետաձգման մասին որոշումը պետք է ընդունվի այն հաշվարկով, որպեսզի դրանով իրապես կանխվեն անխուսափելի և ծանր հետևանքները հանրության և պետության համար և ավելի էական վնաս չպատճառվի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին:
Հոդված 57. Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա (անհատական դիմումների քննություն)
1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
2. Սույն հոդվածում նշված գործերով պատասխանող կողմի ներգրավվման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններին համապատասխան:
3. Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
4. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են Գերագույն դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
5. Անհատական դիմումների քննությունը, ի լրումն սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
6. Անհատական դիմումների քննությունը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված: Այդ հարցով որոշումն ընդունվում է անհատական դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո:
7. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետներում:
8. Անհատական դիմումների ընդունման և նախնական ուսումնասիրման կարգը սահմանվում է կանոնակարգով, իսկ դրանց հիման վրա գործերը քննության ընդունելու կամ գործերի քննությունը մերժելու հատուկ կանոնները սահմանվում են սույն օրենքով:
9. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի 6-20-րդ մասերի կանոնները:
10. Սույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Գերագույն դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով նորմատիվ ակտի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
11. Սույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Գերագույն դատարանի տվյալ որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Գերագույն դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Գերագույն դատարան:
Գերագույն դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիս սույն մասի առաջին պարբերությունում նշված անձանց նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը:
Հոդված 58. Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը տեղական ինքնակառավարման մարմինների դիմումների հիման վրա
1. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարան դիմում են տեղական ինքնակառավարման մարմինները` Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցով:
2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները Գերագույն դատարան կարող են ներկայացվել այն պահից սկսած, երբ տեղական ինքնակառավարման մարմինն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքների խախտման կամ դրանց խախտման իրական հնարավորության մասին, բայց ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:
3. Սույն հոդվածում նշված գործերով տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին:
4. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, իսկ օրենքների վիճարկման դեպքում պատասխանող կողմի ներգրավվման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:
5. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետներում:
6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի 6-20-րդ մասերով նախատեսված կանոնները:
Հոդված 59. Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը դատարանների և գլխավոր դատախազի դիմումների հիման վրա (իրավական նորմերի կոնկրետ վերահսկողություն)
1. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Գերագույն դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
2. Գլխավոր դատախազը Գերագույն դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով:
3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը:
4. Դատարանները Գերագույն դատարան դիմելուց առաջ պարտավոր են, իսկ գլխավոր դատախազը կարող է կասեցնել կոնկրետ գործի վարույթը մինչև Գերագույն դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելը:
5. Դատարանները կարող են դիմել Գերագույն դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, իսկ գլխավոր դատախազը` տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո` մինչև այն օրենքով սահմանված կարգով իրավասու դատարան ուղարկելը:
6. Դատարանները և գլխավոր դատախազը վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Գերագույն դատարան դիմելը ձևակերպվում է համապատասխան դատարանի կամ գլխավոր դատախազի որոշմամբ:
7. Սույն հոդվածում նշված դիմումներում դատարանը և գլխավոր դատախազը պետք է հիմնավորեն իրենց դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ:
8. Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում Գերագույն դատարանի որոշումն ընդունելուց հետո:
9. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, իսկ օրենքների վիճարկման դեպքում պատասխանող կողմի ներգրավվման հարցը պետք է լուծվի սույն օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոններին համապատասխան:
10. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է միայն գրավոր ընթացակարգով: Կողմերը մինչև գործի դատաքննությունն սկսվելը Գերագույն դատարան են ներկայացնում իրենց դիրքորոշումն արտահայտող գրավոր բացատրություններ:
11. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետներում:
12. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության և այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի 7-20-րդ մասերով նախատեսված կանոնները:
Հոդված 60. Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը
1. Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը կամ հանրաքվեի դրվելը, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը` Գերագույն դատարան է դիմում Ազգային ժողովը:
2. Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատաuխանությունը Uահմանադրությանը պարզելիս Գերագույն դատարանը մաuնավորապեu հաշվի է առնում դրանց համապատասխանությունը`
1) Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին.
2) Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրության 162-րդ հոդվածով նախատեսված կարգին:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Գերագույն դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) նախագիծը Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու մաuին.
2) նախագիծը կամ նախագծի առանձին դրույթը Uահմանադրությանը հակաuող ճանաչելու մաuին:
4. Uույն հոդվածով նախատեսված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիu հետո։ Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։
5. Uույն հոդվածով նշված գործերը Գերագույն դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Գերագույն դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հաuարակական մեծ հնչեղություն կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաuտի գործի հանգամանքների առավել արդյունավետ կերպով բացահայտմանը։
Հոդված 61. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը
1. Մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Գերագույն դատարան է դիմում Հանրապետության Նախագահը:
2. Սույն հոդվածում նշված գործերով, իր ծանրաբեռնվածությունից ելնելով, Գերագույն դատարանը կարող է որոշում կայացնել հիշյալ գործերը միմյանց հաջորդող դատական նիստերում քննելու մասին` այդ գործերից յուրաքանչյուրի քննության ավարտից հետո հետաձգելով դրանով ըստ էության որոշման ընդունումը` մինչև բոլոր հիշյալ գործերի քննության ավարտը: Այդ գործերից յուրաքանչյուրով ըստ էության որոշումն ընդունվում է միևնույն դռնփակ խորհրդակցության արդյունքում, և բոլոր որոշումները դատական նիստում հրապարակվում են հաջորդաբար` ըստ քննված գործերի հաջորդականության:
3. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Գերագույն դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
4. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
5. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելու մասին:
Հոդված 62. Հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը
1. Սույն հոդվածով նշված գործերով Գերագույն դատարան դիմում է Հանրապետության Նախագահը և Ազգային ժողովի խմբակցությունը:
2. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է հանրաքվեների արդյունքներն ամփոփող պետական մարմինը:
3. Սույն հոդվածով նշված գործերով Գերագույն դատարանն իրավասու է իր որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերումը հանձնարարելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դատարաններին և դատախազության մարմիններին, անհրաժեշտության դեպքում` նաև իր աշխատակազմի աշխատողներին: Այդ կապակցությամբ Գերագույն դատարանն իրավասու է ձևավորելու հանձնախմբեր` ներգրավելով դատավորներից մեկին (որպես հանձնախմբի կամ հանձնախմբերի ղեկավար) և տարբեր կամ միևնույն մարմինների աշխատակիցների, ինչպես նաև իրենց համաձայնությամբ` Ազգային ժողովի պատգամավորների, տեղական և միջազգային դիտորդների: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Գերագույն դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
4. Հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով Գերագույն դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
5. Սույն հոդվածով նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
6. Սույն հոդվածով նշված գործերով Գերագույն դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումը մուտքագրվելու պահից 50 օրվա ընթացքում:
7. Գերագույն դատարանի որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան մեկ ամսով:
8. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով Գերագույն դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը և հանրաքվեի դրված նախագիծը համարել ընդունված կամ չընդունված կամ անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները:
Հոդված 63. Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը
1. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով Գերագույն դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:
2. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Գերագույն դատարան դիմում են Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:
3. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Գերագույն դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
4. Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը: Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, որպես հարակից պատասխանող (պատասխանողներ), Գերագույն դատարանը կարող է ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների:
5. Հանրապետության Նախագահի թեկնածուները, ինչպես նաև կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ, կարող են Գերագույն դատարանի որոշմամբ որպես երրորդ անձինք ներգրավվել դատավարության մեջ` իրենց դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ Գերագույն դատարանի որոշումը պարտադիր կերպով տարածվելու է նաև երրորդ անձանց վրա, ապա Գերագույն դատարանն ինքն է պարտավոր այդ անձանց ներգրավել դատավարության մեջ:
6. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել գործի քննության ցանկացած փուլում:
7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:
8. Գերագույն դատարանում քննվող գործով որոշում ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերման առնչությամբ կիրառվում են սույն օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնները:
9. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
10. Փաստերի վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, եթե պատասխանող կողմը խուսափում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց, և եթե դրանք չեն հերքվում Գերագույն դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով:
11. Եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա վերջինս ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունից:
12. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործերով քննությունը կարող է կասեցվել միայն այն դեպքերում, երբ կասեցումը չի խոչընդոտի տվյալ գործի քննությունը սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված ժամկետում ավարտելուն:
13. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը պարզում է իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված բողոքների քննարկումը (քննությունը) անհիմն մերժելու, նման բողոքները սահմանված ժամկետներում չքննարկելու (չքննելու) և քննարկումից (քննությունից) հրաժարվելու կամ խուսափելու հանգամանքները և իրավասու է նման դեպքերում բողոքներում արծարծվող փաստերը գնահատելու որպես հավաստի և անվիճելի, եթե այդպիսի գնահատումը չի հակասում գործի քննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցների:
14. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Գերագույն դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և`
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին (Հանրապետության Նախագահի ընտրությունների դեպքում) կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների (Ազգային ժողովի ընտրությունների դեպքում),
գ. ընտրությունները ճանաչել չկայացած,
դ. նշանակել ընտրության երկրորդ փուլ:
15. Եթե գործի քննության արդյունքում Գերագույն դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն Գերագույն դատարանի կողմից որպես հա-
վաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս Գերագույն դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները:
16. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Գերագույն դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:
Հոդված 64. Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը
1. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով Գերագույն դատարան դիմում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:
2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
3. Դիմումում պետք է մատնանշվի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու՝ Սահմանադրության 111-րդ հոդվածով և 113-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը:
4. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հիմքը հավաստող ապացույցներ:
5. Սույն հոդվածում նշված գործերով այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա համար նախատեսված պարտականությունները: Պատշաճ ծանուցված պատգամավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
6. Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատարանը կարող է որպես երրորդ անձ դատավարությանը ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող են ներգործել պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելու վրա:
7. Նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
8. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը ստուգում է պատգամավորի լիազորությունները դադարեցնելու Սահմանադրության 111-րդ հոդվածով և 113-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը:
9. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և պատգամավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:
10. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:
11. Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցը որոշելու վերաբերյալ գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին.
2) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի բացակայության մասին։
Հոդված 65. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը
1. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարան դիմում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:
2. Սույն հոդվածում նշված գործերով Ազգային ժողովը Սահմանադրության 97-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ընդունած իր որոշման մեջ պետք է մատնանշի Հանրապետության Նախագահի այն իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որի ընդունումը կամ իրականացումն իր մեջ պարունակում է պետական դավաճանության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով (այսուհետ` Քրեական օրենսգիրք) նախատեսված այլ ծանր հանցագործության հատկանիշներ:
3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը հավաստող ապացույցներ:
4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
5. Սույն հոդվածում նշված գործերով դատավարությանը որպես դատավարության մասնակից պետք է ներգրավվի Հանրապետության Նախագահը, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները այնքանով, որքանով դա չի կարող վնաս պատճառել իր իրավունքներին և ազատություններին:
6. Հանրապետության Նախագահի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
7. Սույն հոդվածում նշված գործերի վարույթը չի կարող կարճվել Հանրապետության Նախագահի հրաժարականի կամ այլ հիմքով նրա լիազորությունների դադարման դեպքերում:
8. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
9. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից երեք ամիս հետո:
10. Գործը քննության ընդունելուց հետո մինչև գործի դատաքննությունն սկսվելը դիմումը չի կարող հետ վերցվել:
11. Գործը դատաքննության նախապատրաստելիս Գերագույն դատարանը կարող է ձևավորել նախաքննության մարմնի` օրենքով սահմանված լիազորություններով օժտված հատուկ հանձնախումբ, որում ընդգրկում է երկու դատավորների (որից մեկը` որպես հանձնախմբի ղեկավար): Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Գերագույն դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
12. Հատուկ հանձնախմբի ձևավորումը պարտադիր է, եթե դիմող կողմը կամ Հանրապետության Նախագահը միջնորդել է դրա ձևավորման վերաբերյալ:
13. Սույն հոդվածում նշված գործերի քննության ընթացքում Գերագույն դատարանը կամ հատուկ հանձնախումբը մասնավորապես իրավասու է՝
1) դատական, դատախազական, քննչական մարմիններից, պետական այլ մարմիններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու նյութեր, քրեական, քաղաքացիական, վարչական գործեր, դատավճիռներ, վճիռներ, որոշումներ, փորձագիտական եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր: Պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Գերագույն դատարանը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով.
2) հրավիրելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով կայացվելիք եզրակացության համար:
14. Դատական նիստը բացվելուց հետո Ազգային ժողովի ներկայացուցիչը (ներկայացուցիչները) ներկայացնում է (են) դիմող կողմի դիրքորոշումը, որից հետո ներկայացված փաստերի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնում Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչը: Դրանից հետո կատարվում է ապացույցների հետազոտում: Նիստի վերջում եզրափակիչ խոսքով հանդես են գալիս դիմող կողմը, որը կարող է պնդել իր դիմումը կամ հրաժարվել դրանից, և Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչը, որին (որոնց) տրամադրվում է պաշտպանությամբ հանդես գալու հնարավորություն: Այնուհետև Գերագույն դատարանը լսում է տվյալ գործով ձևավորված հանձնախմբի դիրքորոշումը գործի վերաբերյալ: Հանրապետության Նախագահը և (կամ) նրա ներկայացուցիչն ունեն վերջին ելույթի իրավունք: Վերջին ելույթից հետո Գերագույն դատարանը կարող է սույն օրենքով նախատեսված կարգով որոշում կայացնել գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ, իսկ այդպիսի որոշում չկայացվելու դեպքում նիստը նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:
15. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Հանրապետության Նախագահը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
16. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ եզրակացություններից մեկը`
1) Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի բացակայության մասին.
2) Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին:
17. Եզրակացություն ընդունելիս Գերագույն դատարանն իրավասու է նաև գնահատելու Քրեական օրենսգրքի` սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներն ամրագրող դրույթների սահմանադրականությունը: Հանգելով այդ դրույթների` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` Գերագույն դատարանն ընդունում է սույն հոդվածի 16-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը:
18. Սույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունում Գերագույն դատարանը պետք է նշի`
1) Հանրապետության Նախագահի այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են ծանր հանցագործության հատկանիշներ և այդ հանցագործության ճշգրիտ որակավորումը.
2) սույն մասի 1-ին կետում նշված արարքներում Հանրապետության Նախագահի մեղավորությունը հաստատող ապացույցները և դատարանի պատճառաբանված դիրքորոշումը դրանց հետազոտման վերաբերյալ:
19. Եզրակացությունն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով և հայտարարվում հանրային հեռուստատեսությամբ:
Հոդված 66. Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը
1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ՝ Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան առաջիկա նիստում քննարկելուց հետո, և կառավարությունը՝ Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան հինգ օր հետո:
2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի կամ կառավարության որոշմանը պետք է կցվեն Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերը հավաստող ապացույցներ:
3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
4. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանը Հանրապետության Նախագահին հնարավորություն է ընձեռում արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, եթե դա հնարավոր է:
5. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
6. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանն իրավասու է`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև բժշկական հաստատություններից պահանջելու նյութեր, որոշումներ, փորձագիտական եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր.
2) կանչելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով եզրակացություն ընդունելու համար:
7. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից հինգ օր հետո:
8. Եզրակացությունն ընդունվելուց ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է Ազգային ժողով, կառավարություն և հայտարարվում է հանրային հեռուստատեսությամբ:
9. Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության վերաբերյալ գործով Գերագույն դատարանը կարող է ընդունել հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.
1) Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի առկայության մասին.
2) Հանրապետության Նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերի բացակայության մասին։
Հոդված 67. Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման վերաբերյալ գործերի քննությունը
1. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարան դիմում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, և կառավարությունը:
2. Գերագույն դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրության կամ կուսակցությունների մասին համապատասխան օրենքի պահանջների խախտման հատկանիշներ բացահայտելու դեպքում:
3. Այն կուսակցությունը, որի գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ դիմում է ներկայացվել, սահմանադրական դատավարությունում ներգրավվում է որպես պատասխանող, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:
4. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի կամ Կառավարության որոշմանը պետք է կցվեն կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հիմքերը հավաստող ապացույցներ:
5. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
7. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանն իրականացնում է սույն օրենքի 65-րդ հոդվածով նախատեսված իրավազորությունները:
8. Գերագույն դատարանն իրավասու է նաև որպես դիմումի ապահովման միջոց արգելանք դնելու տվյալ կուսակցության գույքի վրա:
9. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումի մուտքագրման օրվանից` երեք ամսվա ընթացքում:
10. Եթե գործի դատաքննության ժամանակ դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և տվյալ կուսակցությունը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը կարճվում է:
11. Սույն հոդվածում նշված գործերով Գերագույն դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) դիմումը մերժելու մասին.
2) կուսակցության գործունեությունը որոշակի ժամկետով կասեցնելու մասին, և կարող է այդ ժամկետում կուսակցության վրա դնել կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու պարտականություններ.
3) կուսակցության գործունեությունն արգելելու մասին:
12. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Գերագույն դատարանն իրավասու է գնահատելու նաև կուսակցությունների մասին օրենքի` քննվող գործով կիրառման ենթակա դրույթների սահմանադրականությունը, և հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` որոշում է ընդունում դիմումը մերժելու մասին:
13. Որոշումն ընդունվում է դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:»:
Հոդված 23. Օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներում, 34-րդ հոդվածի 2-րդ մասում և 49-րդ հոդվածի 5-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով:
Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 22
Ստեփանակերտ
ՀՕ-39-Ն