29 դեկտեմբերի 2017
29 դեկտեմբերի 2017
Խորհրդարանի գործունեության վերաբերյալ Աշոտ Ղուլյանի հարցազրույցը «Անդին» ամսագրին
1.Պարոն Ղուլյան, սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում Արցախի նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությամբ և նոր կառավարության ձևավորմամբ սահմանադրական փոփոխությունների առաջին փուլը կարելի է ավարտված համարել:
Սահմանադրությունը նախատեսում է, որ առաջիկայում պետք է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսվի, խորհրդարանին է վերապահված նաև մի շարք պետական պաշտոններում նշանակումներ կատարելու իրավասությունը: Քաղաքական առումով, երևի, ամեն ինչ կանխատեսելի է՝ Ազգային ժողովի երեք խմբակցություններ պաշտպանել են նախագահ Սահակյանին, քվեարկել նրա օգտին: Իսկ օրենսդրական աշխատանքի մեծ ծավալի առումով մտահոգություններ չկան, կհասցնեք բոլոր փոփոխությունները սահմանված ժամկետներում կատարել:
Կարծում եմ, որ մտահոգություններ, բոլոր դեպքերում, կարող են լինել, սակայն աշխատանքների պլանավորման և դրանց իրականացման համար նախատեսված ժամկետներին հետևելու տեսանկյունից խնդիրներ չպիտի ունենանք: Երեք տարին բավարար ժամկետ է, և մենք փորձելու ենք ավարտել օրենսդրական փոփոխությունների այդ մեծածավալ աշխատանքը:
Արդեն իսկ ունենք այդ օրենքների ցանկը. դրանք շուրջ ութսուն օրինագծեր են, և նախապատրաստական որոշ աշխատանքներ ընթացքի մեջ են: Բոլոր այն իրավական ակտերը, որոնք պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը, առաջիկայում քննության կառնվեն քաղաքական ուժերի կողմից, աստիճանաբար կձևավորվի աշխատանքային ծրագիր, և պարզ կլինի յուրաքանչյուր օրինագծի քննարկման և ընդունման կոնկրետ ժամկետները: Շատ կարևոր աշխատանք ունեն անելու ԱԺ մշտական հանձնաժողովները, քանի որ օրենքների նախագծերի մասնագիտական ուսումնասիրությունները կատարվում են հենց ոլորտային հանձնաժողովներում:
Անելիքները շատ են, բայց մենք հստակ պատկերացնում ենք աշխատանքների ծավալը, դրանք իրականացնելու փուլերը և մեր ռեսուրսները: Ժամանակակից պառլամենտարիզմի յուրահատկությունն այն է, որ օրենսդրական աշխատանքի մի մասը արհեստավարժ հիմքերի վրա է դրված, ինչը ենթադրում է դրանով զբաղվող մասնագետների բարձր պատրաստվածություն՝ պատգամավորական կազմի քաղաքական պատկերացումներն ու գաղափարները կյանքի կոչելու համար: Հաշվի առնելով, որ երկրի հիմնական օրենքը սահմանում է իրավական կարգավորման շրջանակները՝ մնում է միայն ճիշտ ու ժամանակին ուղորդել օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը: Ներկայիս գումարման Ազգային ժողովի պատգամավորների պատրաստակամությունը ու աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս վստահ լինել, որ այդ առաջադրանքը կիրականացվի որակով:
2. Ազգային ժողովը գործում է մշտական հիմունքներով, բայց լիագումար նիստեր հրավիրվում են ամիսը մեկ անգամ: Ամիսը մեկ նիստ գումարելով՝ խորհրդարանը կարողանու՞մ է օրենսդրական լուծումներ տալ հանրապետության պետական կյանքի բոլոր խնդիրներին:
Ամիսը մեկ անգամ նիստը նվազագույնն է, որը սահմանված է «ԱԺ կանոնակարգ» օրենքով: Օրենսդրական նախաձեռնությունների առկայության դեպքում մենք ազատ ենք մեր որոշումներում, և հաճախ է լինում, երբ գումարվում է մեկից ավելի նիստ: Օրինակ, դեկտեմբեր ամսին, երբ մենք քննարկում ենք պետական բյուջեն, գրեթե ամեն շաբաթ նիստ ենք հրավիրում: Հաշվի առնելով առաջիկայում սպասվող ծավալուն աշխատանքի կարևորությունը՝ կարծում եմ, որ Ազգային ժողովը լիագումար նիստեր կգումարի ավելի հաճախ:
3.Կուզենայի, որ անդրադառնայիք նաև այն հարցին, թե ինչպես է Ազգային ժողովը կատարում քաղաքական հարթակի իր դերը: Նոր Սահմանադրությունը տալիս է հարցերի քննարկման մեծ հնարավորություն, առաջիկայում այս ուղղությամբ ի՞նչ է նախատեսվում:
Խորհրդարանի՝ որպես քաղաքական հարթակի դերակատարությունը, կարծում եմ, զգացվել է նաև նախկինում: Նոր Սահմանադրությունը, ըստ իս, ավելի մեծ հնարավորություններ է բացում ԱԺ քաղաքական ուժերի համար: Արցախի Ազգային ժողովում մեկ անգամ չէ, որ եղել են ակտիվ քննարկումներ. նախորդ տարիներին ունեցել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին նվիրված լսումներ, տարբեր ձևաչափերով հանդիպումներ, իսկ հաշվի առնելով ներկա գումարման ԱԺ քաղաքական պատկերը՝ առաջիկայում ևս նախատեսվում է խորհրդարանական ակտիվություն այս ուղղությամբ:
Մերօրյա խորհրդարաններում քաղաքական հարթակի պահանջվածությունն աճում է, բայց չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ քաղաքական գործընթացները միայն պառլամենտի ամբիոններից չեն ուղորդվում: ԱԺ նիստում հայտարարություններ հնչեցնելը բավարար չէ քաղաքական դերակատարությունն ընդգծելու համար: Քաղաքական դիրքորոշումը բազմաթիվ դրսևորման խողովակներ ունի. լսումներ, քննարկումներ, կառավարության հետ հարցուպատասխան, ներկայացուցչական ու վերահսկողական գործառույթների օգտագործում և, որ ամենակարևորն է՝ ամենօրյա կյանքում հայտարարած արժեքներին հավատարմություն:
4.Արցախը թեև չճանաչված պետություն է, բայց մի շարք երկրների հետ միջխորհրդարանական կապեր և խորհրդանական դիվանագիտության ավանդույթներ ունի: Կխնդրեի, որ այդ մասին մի փոքր հանգամանալի պատմեիք, նաև խոսեիք ծրագրերից:
Միջխորհրդարանական հարաբերությունների հաստատումը մեր դեպքում կապված է ֆորմալ դժվարությունների հետ՝ գլխավորապես մեր երկրի չճանաչված լինելու պատճառով:
Արցախի համար միջխորհրդարանական հարաբերությունների գլխավոր հարթակը՝ որպես առաջին և ամենակարևոր փոխգործակցության ինստիտուցիոնալ համակարգ, ՀՀ ԱԺ-ի հետ դեռ 90-ականների սկզբներին ձևավորված միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովն է: Այն գործում է լիարժեք ձևաչափով, որի միջոցով Արցախի ԱԺ-ն կարողանում է օգտվել եղբայրական խորհրդարանի բոլոր հնարավորություններից՝ միջնորդավորված խորհրդարանական շփումների ու օրենսդրական դաշտում միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է այլ երկրների խորհրդարանների հետ մեր համագործակցությանը, ապա կարող ենք նշել 2013 թվականից գործող Լիտվայի և Ֆրանսիայի հետ բարեկամության շրջանակների մասին, որոնց կազմում ներգրավված են տվյալ երկրների նախկին և գործող պատգամավորներ, մտավորականներ:
2014 թվականին նմանատիպ բարեկամական խումբ է ստեղծվել Եվրախորհրդարանում, որին միացել են ԵՄ խորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ:
Իհարկե, կան որոշ ծրագրեր, և կարծում եմ՝ դրանք իրատեսական են՝ մի քանի այլ երկրների հետ համագործակցություն հաստատելու և դրանց գործնական ձևաչափ հաղորդելու մտադրությամբ: Հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների ոչ հրապարակային լինելը՝ առայժմ ավելին չեմ կարող ասել:
5.Արցախում 2020թ.-ին տեղի են ունենալու Ազգային ժողովի եւ Հանրապետության նախագահի միաժամանակյա ընտրություններ: Դա զուտ արցախյան երեւույթ է, հետխորհրդային տարածքի ոչ մի երկրում նման փորձ չկա: Ինչու՞ է նման որոշում ընդունվել, ինչպե՞ս եք պատկերացնում սահմանադրական այդ պահանջի գործնական իրականացումը:
Դեռևս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկելիս դիտարկվել են բազմաթիվ մոդելներ և ընտրվել է հենց այդ տարբերակը, համաձայն որի 2020 թվականին երկրի նախագահի և խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան համաժամանակյա՝ նույն տարում, նույն օրը: Նախ դա որոշակի նորություն և հետաքրքություն կբերի մեր քաղաքական կյանք, և երկրորդ՝ և տեսականորեն և պրակտիկայում փոքր տարածքով և ոչ մեծ բնակչությամբ երկրներում հաճախակի ընտրությունները բնակչությանը պահում են մշտական քաղաքական լարվածության մեջ, ինչը բացասաբար է ազդում հասարակության բնականոն հարաբերությունների և տնտեսական ակտիվության վրա:
Նախապատվությունը տալով այս մոդելին՝ մենք գլխավորապես հաշվի ենք առել Սահմանադրությամբ ամրագրված նախագահական կառավարման առանձնահատկությունները, մասնավորապես, որ պետության ղեկավարի կարգավիճակը չի կարող ամուր լինել առանց խորհրդարանում քաղաքական հենարանի: Հակառակ դեպքում՝ մենք միշտ ունենալու ենք քաղաքական հակադրությունների և հակամարտությունների մի միջավայր, ինչը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական արդի մարտահրավերների պայմաններում Արցախի համար կարող է ունենալ, մեղմ ասած, ոչ ցանկալի հետևանքներ: Նոր կառավարման մոդելի նրբությունները թելադրում են նաև թե ինչպիսի ընտրական համակարգ է մեզ պետք:
6.Տեղեկություններ կան, որ փոփոխության է ենթարկվելու նաև տեղական ինքնակառավարումը: Եթե գաղտնիք չէ, ապա ինչի՞ մասին է խոսքը:
Որևէ գաղտնիք, իհարկե, չկա, առավել ևս այն պարագայում, երբ նախատեսում ենք տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների հայեցակարգը անց կացնել հանրային քննարկումների միջոցով: Կարծում եմ, այդ քննարկումները թույլ կտան հավաքագրել տեղական ինքնակառավարման մարմինների տեսակետներն ու առաջարկությունները։ Չնայած որոշ մոդելների շուրջ քննարկումներ եղել են, բայց վերջնական եզրակացությունները կլինեն, երբ կունենաք բոլոր տարբերակների ամփոփ պատկերը: Մի բան հաստատ է, որ գործող տեղական ինքնակառավարման համակարգը բազմաթիվ թերություններ ունի և այն կարիք ունի փոփոխությունների:
Արցախի Հանրապետությունը առաջինն է Հարավային Կովկասում մունիցիպալ ընտրություններ անցկացրել և անցած տարիներին մենք ունեցել ենք և հաջողություններ և բացթողումներ։ Դրանց հաշվառումով եկել ենք այն համոզմանը, որ այս համակարգում ճիշտ կլինի գնալ որոշ հայեցակարգային փոփոխությունների: Գտնվելով անհանգիստ տարածաշրջանում, պատերազմի մշտական սպառնալիքի տակ՝ մենք կարիք ունենք կառավարման ուժեղ և կենտրոնաձիգ համակարգի, որի գլխավոր գործառույթներից մեկը ռեսուրսների արագ հավաքագրումն ու կենտրոնացումն է: Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով պետք է գտնենք այնպիսի ընդունելի տարբերակ, որը կբավարարի այսօրվա և վաղվա պահանջները:
7. Եւ վերջին՝ զուտ անձնական հարց. Դուք Արցախի ամենաերկարամյա քաղաքական գործիչներից եք, երրորդ անգամ եք գլխավորում Ազգային ժողովը: Ո՞րն է Աշոտ Ղուլյանի հաջողության գրավականը:
Քաղաքական գործունեության ճանապարհին երբեք հաջողության գաղտնիք չեմ փնտրել և երբևէ չեմ խորհել դրա շուրջ, որովհետև առիթ չի եղել դադար վերցնելու և հետ նայելու:
Ես և իմ գործընկերներից շատերը, ինչպես Արցախի քաղաքացիներից յուրաքանչյուրը փորձել է իր կարողությունների չափով օգտակար լինել Արցախի՝ որպես անկախ պետության, կայացմանը: Իմ պարագայում կարող եմ ասել, որ պարզապես չեմ խուսափել ստանձնել պատասխանատվություն, և եթե դա համապատասխանել է իմ ներքին արժեհամակարգին՝ սիրով և մեծագույն նվիրումով եմ կատարել այդ աշխատանքը՝ մշտապես զգալով ժողովրդի վստահությունը, որը ինձ համար մեծագույն արժեք է:
Զրույցը վարեց Տաթև Աթանեսյանը