ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակության հետ հանդիպմանը
16 դեկտեմբերի 2017

Հարգելի գործընկերներ,
Պատվարժան հյուրեր,
Տիկնայք և պարոնայք

Օտարերկրյա խորհրդարանականների ու տարբեր ձևաչափով պատվիրակությունների հյուրընկալումը մեր խորհրդարանում վաղուց արդեն բարի ավանդույթ է դարձել և այս հանդիպումը դրա վառ օրինակներից է։

Ինձ համար պատիվ է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այսօր ողջունել աշխարհի տարբեր երկրների պահպանողական և ռեֆորմիստական գաղափարախոսությամբ կուսակցությունների ներկայացուցիչների պատվիրակությանը, որը Ստեփանակերտ է ժամանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ։

Տեղեկության կարգով նշեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2014 թվականից անդամակցում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքին, որը Եվրախորհրդարանում երրորդ քաղաքական ուժն է։

Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի անունից ողջունելով մեր հյուրերին՝ ասում եմ բարի՛ գալուստ Արցախ, բարեկամներ։

Ջերմորեն ողջունում եմ նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության մեր գործընկերներին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ պարոն Միքայել Մելքումյանին և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանին։ 

Հարգելի գործընկերներ

Քանի որ մեր հյուրերը ճանաչողական այցով առաջին անգամ են Արցախում, տեղին չեմ համարում նրանց ծանրաբեռնել մեր երկրի ու ժողովրդի անցած ճանապարհի մասին պատմություններով։ Միայն կնշեմ, որ Արցախը բաց է բոլոր այն մարդկանց համար, ովքեր արժևորում են ազատության իդեալը։

Մենք կարևորում ու բարձր ենք գնահատում տարբեր երկրների խորհրդարանականների, քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետաքրքրությունն Արցախի հանդեպ, նրանց կողմից մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ընկալումն ու ցուցաբերված մարդասիրական և բարոյական աջակցությունը։

Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ եվրոպական հարթության քաղաքական կուսակցությունների, Եվրախորհրդարանի ու ազգային օրենսդիր մարմիններ ներկայացնող պատգամավորների հետ ունենք ջերմ բարեկամական, որոշ դեպքերում՝ նաև ինստիտուցիոնալ կապեր։ Մասնավորապես, 2014 թվականից Արցախի հետ բարեկամության խումբ ունենք Եվրախորհրդարանում, բարեկամության շրջանակներ՝ Ֆրանսիայում, Լիտվայում, իսկ բոլորովին վերջերս երկու այդպիսի կառույցներ են ստեղծվել Բելգիայում, բարեկամության խումբ՝ Ֆլամանդական խորհրդարանում և բարեկամության շրջանակ Բելգիայի ֆրանսախոս քաղաքական ու հասարակական գործիչների հետ։

Նման կապերն ու շփումները մեծապես օգնում են հաղթահարելու միջազգային գործընթացներից մեզ արհեստականորեն մեկուսացնելու փորձերը և արդյունավետ հարթակ են օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից։

Բարեկամներ

Ուրախ եմ տեղեկացնելու, որ երկու ամիս հետո՝ 2018թ. փետրվարին, նշելու ենք մեր ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը։ Պայքար, որի հիմքում ազատության, մարդու իրավունքների ու ազգային արժանապատվության պաշտպանության գաղափարներն են։ Այս արժեքներն ամենուր նույնն են. դրանք չունեն ո՛չ կուսակցական պատկանելիություն, ո՛չ ազգություն և ո՛չ էլ աշխարհագրական սահմաններ։

Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք դժվարին, բայց պատվական  ճանապարհ ենք անցել: Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ այդ ուղին մենք անցել ենք արցախցու պահպանողական էությունը և բարեփոխիչ-ազատական ոգին բարձր պահելով, ծանր զոհաբերություններով, բայց արժանապատվությամբ հաղթահարելով մեզ պարտադրված պատերազմի մարտահրավերը, զրոյից՝ պետություն ստեղծելով՝ իշխանության երեք թևերով, մրցունակ տնտեսությամբ ու տարածաշրջանի խաղաղությունը պահող բանակով:

Անկախության տարիներին, նույնիսկ պատերազմական իրավիճակում, Արցախում իշխանությունները ձևավորվել են միայն ու միայն ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Այսօր էլ, Ադրբեջանի հետ չլուծված հակամարտություն ունենալով, մենք տրամադրված ենք կառուցել մեր երազանքների երկիրը՝ իրականացնելով սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր ժողովրդի բնական ցանկությունը:

Արցախի դեպքում ազատության համար պայքարը՝ պայքար է մարդու իրավունքների ցանկում ամենագլխավորի՝ կյանքի իրավունքի համար և անհնարին է, որ Արցախը լավ իմացող ու նրա ժողովրդին ծանոթ անհատը, քաղաքական ուժը կամ պետությունը չհարգի արցախցու այդ իրավունքը:

Շնորհակալ ենք, որ դուք, այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ, այսօր այստեղ եք՝ քանդելով այն կարծրատիպերը, որոնք խանգարում են աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանը:

ԼՈՒՐԵՐ