ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը ԱՀ ԱԺ և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստին
09 դեկտեմբերի 2017

Հարգելի գործընկերներ,
Ներկաներ

Ողջունում եմ ոչ միայն այսօրվա համատեղ նիստը և դրան մասնակցելու նպատակով Երևանից ժամանած մեր գործընկերներին, այլև, առիթն օգտագործելով, ցանկանում եմ կիսվել ձեզ հետ իմ այն տպավորությամբ, որ ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի հետ մեր գործնական կապերն ավելի ինտենսիվ ու նպատակային են դարձել:

Բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 10-ին, մենք համագործակցության հերթական միջխորհրդարանական նիստն ենք անցկացրել Երևանում, որի արդյունքներն արցախցի պատգամավորները գնահատել են օգտակար: Նույնիսկ կարծիք կար, որ ժամանակը փոքր ինչ չհերիքեց արտաքին քաղաքական թեմայի համար:

Մենք հայկական երկու հանրապետությունների միջև համակողմանի հարաբերությունները զարգացնելու պատկառելի ճանապարհ ենք անցել և այդ ամենի մեջ միջխորհրդարանական կապերը լուրջ տեղ են գրավում: Միասնական տնտեսական, ֆինանսական, լեզվական, կրոնական, կրթական ու մշակութային միջավայրը բնական ձևով ենթադրում է նաև արտաքին դժվարություններին ու մարտահրավերներին դիմակայելու միասնական ճակատի անհրաժեշտություն, որի կառուցվածքում երկրորդական հարցեր չկան:

Եթե այս իրողությանն ավելացնենք ադրբեջանա-ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը՝ առավել քան պարզ կդառնա մեր պարբերական հանդիպումների և օպերատիվ ու գլոբալ իրավիճակների հետ կապված մեր պատկերացումները մշտապես թարմացնելու կարևորությունը:

Մեր օրերում արտաքին հարաբերություններն ու դիվանագիտությունը չի կարելի պատկերացնել առանց խորհրդարանական բաղադրիչի: Անհնարին է չնշել, որ միջազգային կապերի ընդլայնման ուղղությամբ խորհրդարանականների ներգրավվածությունը գնալով աճում է:

Այս դիտարկման համատեքստում անպայման պետք է նկատել, որ խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը կարևորվում է ոչ միայն մեր կարգավիճակում գտնվող երկրների համար, որոնց արտաքին քաղաքականության հնարավորությունները սահմանափակ են (թեկուզև ժամանակավոր), այլև կայացած, տարածաշրջանային կամ միջազգային ազդեցիկ ակտորների համար:

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական կապերի ընդլայնման գործում խորհրդարանական դիվանագիտության չափաբաժինը բացահայտ մեծ է: Միայն մեկ համեմատություն կարելի է բերել. գործնական հետաքրքրությամբ մեր երկիր այցելող օտարերկրացիների մեջ պատգամավորները երկրորդ տեղում են (լրագրողներից հետո):

Եվ այդ հետաքրքրությունը միանշանակ իր արտահայտությունն է ստացել 2013 թվականից սկիզբ առած բարեկամության խմբերի ու շրջանակների գործունեության, նահանգային խորհրդարանների կողմից Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևերի միջոցով: Այս ամենը յուրահատուկ վերաբերմունք է, որին նոր սերնդի պետություններից առայժմ միայն Արցախի Հանրապետությունն է արժանացել:

Մեր երկու խորհրդարանների համագործակցության ներկայիս մակարդակը թույլ է տալիս ավելի բարձր նշաձող սահմանել արտաքին քաղաքական հարցերում խորհրդարանական մասնակցության համար: Տարբեր առիթներով բազմիցս շեշտել եմ, որ ՀՀ Ազգային ժողովը յուրատեսակ կապող օղակ է մեզ համար՝ այլ երկրների խորհրդարանականների հետ շփումների առումով: Քիչ առաջ թվարկած հաջողությունների մեջ նույնպես ուզում եմ ընդգծել ՀՀ մեր գործընկերների ջանադիր ու հետևողական աշխատանքը: Խոսքը հավասարապես վերաբերում է իշխանության երկու՝ օրենսդիր ու գործադիր թևերին:

Ասվածից բնավ չի հետևում, որ մենք այլևս անելիք չունենք: Հակառակը, միայն վերջին մեկ տարում մեր անմիջական հարևանությամբ (և ոչ միայն) ընթացող աշխարհաքաղաքական փոփոխությունները բոլորովին այլ բան են հուշում.  իրականում լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում միջազգային հարաբերություններում, որոնք կարող են հիմք ծառայել քաղաքական նոր փոխակերպումների համար:

Նման իրավիճակում չի կարելի թուլացնել զգոնությունը: Ուստի, խորհրդարանական ներուժի ճիշտ ու համակարգված օգտագործումը մեր ընդհանուր արտաքին քաղաքական օրակարգի հարցերի լուծման համար պահանջված է ու հրատապ: Լիահույս եմ, որ մենք այսօր կշարունակենք Երևանում սկսած հետաքրքիր քննարկումները:

Հաջողություն եմ մաղթում բոլորիս և մեր այսօրվա աշխատանքներին:

ԼՈՒՐԵՐ