ԼՈՒՐԵՐ
ՀՀ անդամակցությունը միջազգային կառույցներին անուղղակի ազդեցություն ունի Արցախի վրա. Աշոտ Ղուլյանի հարցազրույցը «Tert.am»-ին
30 նոյեմբերի 2017

- Պարոն Ղուլյան, Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այստեղ անդրադարձ կա նաև Արցախին. նախ, ՀՀ-ի ստորագրած միջազգային փաստաթղթում Արցախին անդրադարձն ի՞նչ մեսիջներ է պարունակում, ի՞նչ է ենթադրում, և երկրորդ՝ այդ անդրադարձն ի՞նչ է նշանակում Արցախի համար, ինչո՞վ է տարբերվում մյուսներից։

Նախքան Արցախի հետ կապված առնչություններին անդրադառնալը ավելորդ չեմ համարում շեշտել, որ ՀՀ-ԵՄ միջև համաձայնագրի ստորագրումը շարքային իրադարձություն չէ. Հայաստանը այդ ստորագրությամբ դարձավ միակ երկիրը, որին հաջողվեց հավասարակշռել աշխարհաքաղաքական ու արժեհամակարգային կողմնորոշումները: Կարելի է երկար քննարկել ու բանավիճել այդ թեմայի շուրջ, բայց նույնիսկ այն հանգամանքը, որ մեր հանրային շահերի մեջ արտահայտված են և՛ եվրոպական և՛ եվրասիական ուղղությունները, արդեն իսկ վկայում է համադրելի նախապատվությունների հնարավորության մասին:

Համաձայնագրի՝ Արցախին անդրադարձող ձևակերպումներում ԵՄ-ի կողմից արձանագրվեց եվրոպական մեկ այլ կառույցի՝ ԵԱՀԿ հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահության կողմից տարվող բանակցային գործընթացի գլխավոր նպատակը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը՝ որպես հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու հանրաճանաչ սկզբունքները:

Խոսքը, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, պետությունների տարածքային ամբողջականության, ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու մասին է: Այդ սկզբունքներն ընկած են հայկական կողմերի պաշտոնական դիրքորոշումների հիմքում և բազմիցս ներկայացվել են միջազգային տարբեր հարթակներում: Գրեթե համոզված եմ, որ Հայաստանի հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի խորքում Հայաստանի Հանրապետության կողմից խնդրին խաղաղ միջոցներով և տևական լուծում տալու հանձնառության գնահատականն է, որի մեջ կարևոր տեղ ունի Արցախի Հանրապետության՝ տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար ստանձնած ոչ միշտ բարձրաձայնվող պատասխանատվությունը:  

- Պարոն Ղուլյան, ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի և արդեն ԵՄ-ի հետ համագործակցությունը նշված կառույցների պահանջով հնարավո՞ր է ինչ-որ բան փոխի երկու հայկական երկրների հարաբերություններում։ Նման մտավախության առիթ կա, թե՞ ոչ։

Եթե վերհիշենք ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու պաշտոնական հիմնավորումները, ապա կարելի է պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը վերազգային կառույցներում ընդգրկվելու կամ նրանց հետ համագործակցելու առումով գլխավորապես առաջնորդվում է անվտանգության ապահովման և ժողովրդի բարեկեցության բարձրացման շահերով: Իսկ այսօրվա հայկական անվտանգային համակարգը չի կարող հաշվի չառնել Արցախի գործոնը։

ՀՀ անդամակցությունը տարբեր միջազգային կառույցներին եթե ոչ անմիջականորեն, ապա հաստատ անուղղակի իր ազդեցությունն է թողում նաև Արցախի վրա: Համեմատության համար հիշենք, որ երբ ՀՀ-ն 2001թ-ին անդամակցեց Եվրոպայի խորհրդին, հաջորդ տարիներին Արցախում մեծածավալ աշխատանք սկսվեց ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Տվյալ դեպքում, Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիրը, որը նոր չափանիշներ է ուղենշում Հայաստանում բիզնես միջավայրի կանխատեսելիության ու կայունության, ծառայությունների և առևտրի ազատականացման, ժողովրդավարական հիմնադրույթների զարգացման համար, կարելի է ասել՝ անուղղակի ձևով իր ազդեցությունը կունենա նաև Արցախում:  

- Անդրադառնանք Արցախի ներքաղաքական կյանքին։ 2017-2020 թթ. Արցախի համար անցումային շրջան է սահմանված։ Այդ երեք տարին բավարա՞ր է օրենսդրական և կառավարման կարգը համապատասխանեցնելու նախագահական կառավարման մոդելին, հնարավոր խոչընդոտներ կարո՞ղ են լինել։

Այս պարագայում մենք կարող ենք հղում անել նախորդ վեց ամիսների աշխատանքի վրա: Բարեբախտաբար մեզ հաջողվել է նախանշված աշխատանքի ծավալը հաղթահարել, իսկ դա թույլ է տալիս չափել մեր հնարավորությունները: Առաջիկա երկուսուկես տարում շարունակվելու են աշխատանքները՝ օրենսդրությունը երկրի հիմնական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու  ուղղությամբ: Սահմանադրության դրույթները կյանքի կոչելու և սահուն կերպով կառավարման նոր համակարգին անցնելու գործընթացի առաջին փուլի արդյունքները հիմք են տալիս վստահություն հայտնել, որ այն կավարտենք սահմանված ժամկետներում: Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ, արդյունավետ աշխատում է համաձայնեցված օրենքների ցանկով և կոնկրետ նշված ժամանակացույցով:

- Սուպերնախագահական մոդելի երկրի թիվ մեկ առավելությունը ո՞րն է Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրի համար։

Ինչքան էլ անվիճելի լինեն Հանրապետության նախագահի լիազորությունները՝ գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակի դեպքում և ազգային անվտանգության բնագավառում, այնուամենայնիվ, շատ մեծ երևակայություն է պետք Արցախի պետական կառավարման մոդելը «սուպերնախագահական» անվանելու համար:

Նոր Սահմանադրությամբ հստակեցված են իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի լիազորություններն ու նրանց միջև հակակշիռների և զսպումների մեխանիզմները: Օրինակ՝ Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովին անվստահություն հայտնելու հնարավոր որոշման պատասխանը նոր ընտրությունների անցկացումն է, այդ թվում և Նախագահի համար: Բացառապես Ազգային ժողովին է վերապահված դատարանների նախագահների և դատավորների նշանակումը: Այս և մյուս օրինակները հենց իշխանությունների բաժանման և նրա թևերի միջև հակակշիռների հստակ մեխանիզմներ ունենալու օգտին են:

Բազմիցս առիթներ եղել են հիմնավորելու տեղական առանձնահատկություններով և հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հաշվառմամբ նախագահական կառավարման համակարգին գերապատվություն տալը: Քանի դեռ մենք ապրում ենք անկանխատեսելի աշխարհաքաղաքական միջավայրում, ռեսուրսների արագ հավաքագրման և օպերատիվ որոշումների կայացման խնդիրը շարունակելու է որոշիչ լինել Արցախի նման կարգավիճակ ունեցող երկրների կառավարման մոդելների ընտրության հարցում:

 

Հարցազրույցը՝ Բեթղեհեմ Արաբյանի

ԼՈՒՐԵՐ