ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանի հարցազրույցը ՀՀ լրատվամիջոցներին
10 նոյեմբերի 2017

Հարց. Ուզում եմ անդրադառնաք վերջերս «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ ԼՂ խնդրում «ցավոտ» լուծումներ են սպասվում և նաև փոխզիջումներ։ Ինչպե՞ս եք գնահատում։ Ղարաբաղում ընդհանրապես ինչպե՞ս են վերաբերվում փոխզիջումներին, տարածքներ զիջելուն։ Պատրա՞ստ են զիջել տարածքներ։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ. Նախ, երևի կոռեկտ չի լինի, որ ես մեկնաբանեմ ՀՀ նախագահի խոսքերը, որովհետև, վստահ եմ, որ այդ խոսքերը եղել են շատ երկար խոսքից հետո՝ բացատրելու համար թե ինչ է բանակցային գործընթացը և ինչ զարգացումներ կարող են լինել։

Մենք մի քիչ ժամանակից առաջ ենք ընկնում փոխզիջումների, լուծումների մասով։ Իմ խորին համոզմամբ մենք շատ հեռու ենք այդ փուլից, որովհետև, այն, ինչ նկատում ենք այսօր բանակցային գործընթացում, միանշանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հեռու է, այլև նույնիսկ ցանկություն չկա գնալ կոնկրետ լուծումների։ Այս պարագայում, իհարկե, պետք է շարունակել բանակցային գործընթացը, պետք է փորձել նրանց որոշ բաներ բացատրել և ամենակարևորը, որ նույն բանակցային գործընթացը երկկողմանի ճանապարհ է։ Չի կարող այնպես լինել, որ մենք ինչ-որ բաների պատրաստ ենք, իրենք պատրաստ չեն, և դրա պատասխանը կարող է լինել այն, որ մենք նորից ենք պատրաստ լրացուցիչ քայլերի։

Ես վստահ եմ, որ մենք այսօր, հատկապես 2016թ. ապրիլից հետո, շատ ավելի ճիշտ ենք պատկերացնում մեր անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները։ Եվ այն, որ այդ համակարգի մեջ մտնում են և՛ տարածքները, և՛ մեր տնտեսական կենսունակությունը, և մենք այդ պաշարը չենք կարող թուլացնել։ Կարծում եմ՝ ժամանակից շուտ չպետք է այսպիսի խոսակցություններ անենք, որովհետև այն միայն ու միայն մեր ներքին հասարակական ամրությունն է խախտում։ Եվ մենք սկսում ենք փնտրել, թե ով է ասել, որ կարելի է զիջել, ով է ասել՝ չի կարելի զիջել։ Կարծես թե այդ զիջել-չզիջելը կոնկրետ ասվածից է կախված։ Ես վստահ եմ, որ այդ հարցերի պատասխանն ունի միայն մեկ սուբյեկտ՝ Արցախի Հանրապետության ժողովուրդը, որին Սահմանադրությամբ տրված է այդպիսի լիազորություն։

Հարց.  Պարոն Ղուլյան, հիմա Հայաստանի օրակարգում անորոշ իրավիճակ է 2018թ. վարչապետի պաշտոնի հետ կապված։ 2018թ.–ից հետո բանակցությունները պաշտոնապես վարչապետն է վարելու։ Պաշտոնական Ստեփանակերտում ի՞նչ դիրքորոշում ունեն այս անորոշության հետ կապված։ Ադրբեջանի նախագահի հետ ո՞վ է բանակցություններ վարելու. Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ. Արցախի Հանրապետությունում շատ հարգալից են վերաբերվում այդ դիրքորոշմանը, որ դա Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է։ Մինչև հիմա այնքան է խոսվել այս մասին, թերևս միայն կարելի է ավելացնել, որ այս պահին չեմ կարծում բոլոր հարցերի պատասխաններն ունենք։ Ժամանակը կգա՝ այդ հարցերը կնախապատրաստվեն ու կներկայացվեն հանրությանը։ Վստահ եմ, որ ի դեմս գործող Նախագահի ունենք շատ լավ պատրաստվածություն բանակցային գործընթացում, բայց նաև վստահ եմ, որ պատրաստվածություն ունենք այլ առումով, որովհետև դա մի գործընթաց է, որին և արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով շատ ավելի մեծ շրջանակ է ներգրավված։

Հարց. Հանրապետականներն անփոխարինելի են այդ առումով Սերժ Սարգսյանին համարում։ Պարոն Ղուլյան, ի վերջո, ի՞նչ եք կարծում. Կարապետյա՞ն, թե՞ Սարգսյան։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ. Գիտեք, ես չեմ կարող հանրապետականների փոխարեն պատասխանել։ Դա Հանրապետական կուսակցության որոշելիք հարցն է։

Հարց. Պարոն Ղուլյան, քառօրյա պատերազմից հետո հայկական կողմերը կոշտացրեցին իրենց դիրքորոշումը։ Բայց ժնևյան հանդիպումը ցույց տվեց, որ դեպի ավելի մեղմացում ենք գնացել։ Հիմա սառը գլխով փորձելով վերլուծել ժնևյան հանդիպումը, չե՞ք կարծում, որ ավելի կոշտ դիրքորոշում պետք է դրսևորենք, նամանավանդ, որ այդ պայմանավորվածությունը, թեպետ ջենտլմենական էր, այնուամենայնիվ խախտվեց։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ. Մենք Ժնևի բանակցություններից հետո և առաջ դիրքորոշումը չենք թուլացրել։ Եթե մենք մեկ տարի և ավելի բանակցություններ չունենք և նույնիսկ չունենք դրա նախապատրաստություն, նշանակում է, որ ցանկացած առիթ պետք է օգտագործենք բանակցային գործընթաց գոնե վերսկսելու, այդպիսին պայմաններ ստեղծելու համար։ Իմ կարծիքով հենց դա է տեղի ունեցել Ժնևի այդ խորհրդատվությունների ընթացքում։ Թե ինչ է լինելու հետո, կարծում եմ, որ այդ նույն բանակցային գործընթացը վերականգնելուն զուգընթաց պետք է ընթանա։ Այն, որ 2016թ. ապրիլից հետո մեր դիրքորոշումը կոշտացել է, միանշանակ է։ Եվ առայժմ այդպիսի հիմքեր չկան, որ մեր այդ դիրքորոշումը մեղմանա։

Հարց. Ադրբեջանի կեցվածքը հուշու՞մ է, որ նոր պատերազմ կունենանք։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ. Կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պահվածքը շատ անկանխատեսելի է։ Որևէ բան այսօր չի խոսում նրա մասին, որ նրանք փոխվել են կամ այդ դիրքորոշումը մեղմանալու է, դեպի դրական գործընթացներ կան։ Պարզապես վստահ եմ, որ Ադրբեջանը հետևություններ արել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, և այսօր հաշվի առնելով մեր հակառակորդի պահվածքը, մենք ավելի պատրաստ ենք և ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների։

Հարց. Ձեր կարծիքով ինչպե՞ս է հնարավոր Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղան և ո՞ր փուլում է դա անհրաժեշտ անել։ Ամենավերջի՞ն, երբ արդեն որոշում կայացված կլինի և կասեն համաձա՞յն եք, թե՝ ավելի վաղ։ Եվ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ. Ղարաբաղի մասնակցությանը բանակցություններին բացի Ադրբեջանից որևէ մեկը չի հերքում։ Եվ կախված նրանից, թե Ադրբեջանը կհամաձայնի Ղարաբաղի մասնակցությանը կամ այդ միջավայրը կստեղծվի, որ Ղարաբաղն անմիջականորեն մասնակցի, մենք կարծում ենք, որ դա առաջին հերթին կվկայի, որ կա կոնկրետ ցանկություն հիմնախնդիրը լուծելու։ Այն բոլոր հարցերը, որ կան բանակցային սեղանին, որոնք կարող են ծագել բանակցությունների ընթացքում, դրա մեծ մասի պատասխանատուն, պատասխան տվողն Արցախի Հանրապետությունն է։ Եվ քանի Ադրբեջանը չունի այդ ցանկությունը կամ ցույց չի տալիս, որ այդպիսի կամք ունի, նշանակում է Ադրբեջանը փորձում է հեռու պահել իրական բանակցային գործընթացը։ Մեզ համար միանշանակ է, որ Արցախի Հանրապետության մասնակցությունը պետք է լինի բոլոր փուլերում։

Հարց. Հիմա տարկետման հարցով բողոքի ակցիաներ, դասադուլներ են տեղի ունենում։ Այս հարցն առնչվում է նաև բանակին և ազգ-բանակ կոնցեպտին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս բարեփոխումներին և, արդյո՞ք, Ձեր կարծիքով սա կընդգծի ընդհանուր անվտանգությունը, թե՝ հակառակը, այս իրավիճակն ինչ-որ առումով թուլացնում է այն։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ. Ես, իհարկե, մտածում եմ այդ հարցի մասին և կարծում եմ, որ այստեղ չպետք է գնանք այդ հակադրությանը  գիտությու՞նն է կարևոր, թե՞ անվտանգությունը։ Մենք միառ ժամանակ ստիպված ենք համադրել։ Անվտանգությունը շատ կարևոր է, բայց չպետք է բաց թողնենք նաև գիտությունը։ Բայց տարկետման իրավունքը չի նշանակում, որ մենք գիտությունը բաց ենք թողել։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը և այդ ճանապարհը ճիշտ հիմքերի վրա կդրվի։ Արցախում վաղուց է այդպես։ Որևէ տարկետման իրավունք չկա։ Միայն մի հանգամանք կարող է երիտասարդին ազատել բանակում ծառայելուց. դա առողջության հետ կապված հարցն է։ Բոլոր երիտասարդները, անկախ նրանից պետպատվերով են սովորում, թե՝ մասնավոր հիմունքներով, զորակոչվում են բանակ։

Հարց. Նաև պաշտոնյաների՞ որդիները։

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ. Բոլորը։ Ես հիմա չեմ ուզում անձնական օրինակներ բերել, բայց Հանրապետության նախագահից սկսած, բոլոր պաշտոնյաների որդիները 18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են։ 

ԼՈՒՐԵՐ