ԼՈՒՐԵՐ
Աժ նախագահ Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը ՀՀ – ԱՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում
10 նոյեմբերի 2017

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմի և այստեղ ներկա պատվիրակության անունից ուզում եմ ողջունել բոլորիդ և գոհունակություն հայտնել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ:

Տևական մի ժամանակահատված մենք չենք հանդիպել այս ձևաչափով, բայց կարիք կա պարզաբանելու, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը չեն գումարվել միայն ֆորմալ առումով, ինչն էլ պայմանավորված էր նախ Արցախում, ապա Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրություններով:

Միաժամանակ, ուզում եմ այս մասին հատուկ ընդգծել, որ ՀՀ ԱԺ մեր գործընկերների հետ նախորդ երկու տարիներին տարբեր ձևաչափերով մի քանի տասնյակ այլ հանդիպումներ ենք ունեցել և, կարելի է ասել, այդ հաճախականությունը հուսալիորեն ապահովվել է երկու խորհրդարանների միջև լիարժեք փոխգործակցությունը:

Միայն 2016թ. ապրիլ-հուլիս ամիսներին (ապրիլյան պատերազմին հաջորդած ամիսներին) Արցախ են այցելել Հայաստանի խորհրդարանի գրեթե բոլոր պատգամավորները և, առանց բացառության, բոլոր պատգամավորական խմբակցությունները, շատ հաճախ իրենց հետ բերելով օտարերկրյա խորհրդարանականների մեր տասնյակ գործընկերներին:

Որպես առավել հաճախ կիրառված ձևաչափ, մասնավորապես, կցանկանայի ընդգծել մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի ու թեմատիկ քննարկումների արդյունավետությունը: Հենց նման հանդիպումների ընթացքում է ուրվագծվում հարցերի այն շրջանակը, որը ներառվում է միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգում: Իսկ այդ հարցերը, որպես կանոն, վերաբերում են տվյալ ժամանակահատվածում առավել հրատապ թեմաներին:

Այս անգամ էլ բացառություն չէ, և մենք այսօրվա համատեղ նիստի օրակարգում առանձնացրել ենք հարցեր, որոնք, մեր կարծիքով, ուշադրության ու առավել մանրազնին դիտարկման կարիք ունեն:

Առաջինը վերաբերում է միջազգային խորհրդարանական հարթակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկումներին և այդ համատեքստում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների կողմից տարվող աշխատանքներին:

Այս առումով հարկ է նշել, որ մենք գնահատում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերների ջանքերը միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող ու կողմնակալ ձևակերպումներով նախաձեռնություններին դիմագրավելու ուղղությամբ:

Ակնհայտ է, որ վերջին մեկ տարվա քննարկումների բովանդակությունը միջազգային խորհրդարանական հարթակներում և դրանից արվող եզրակացությունները ցույց են տալիս  որոշակի նոր տրամադրությունների հայտնվելու մասին: Այսօրվա համատեղ քննարկումները, վստահ եմ, մեզ կհուշեն, թե որ ուղղությամբ պետք է ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ դրանք առավել արդյունավետ ու ժամանակի պահանջներին համահունչ մեխանիզմների փոխակերպելու նպատակով:

Օրակարգային մյուս հարցը վերաբերում է Հայաստանում ու Արցախում հետսահմանադրական գործընթացների ընդհանրություններին ու առանձնահատկություններին և այս թեման նույնպես հրատապների շարքից է: Չնայած պետական կառավարման ընտրված մոդելների տարբերություններին, համոզված եմ, որ այս ոլորտում համատեղ քննարկումների և խորհրդատվությունների անհրաժեշտություն կա:

Մենք ոչ միայն հույս ենք պահում, այլև համոզված ենք, որ այս հարցում պարզապես տեղեկություններ փոխանակելու անհրաժեշտություն կա և առաջիկա երկու-երեք տարիներին մեր խորհրդարանների գլխադասային հանձնաժողովները կգործեն  աշխատանքային կարգով հարցերը քննարկելու  ռեժիմով և պարբերաբար միջխորհրդարանական հանձնաժողովին կներկայացնեն իրենց կատարած աշխատանքի արդյունքները:

Հարգելի գործընկերներ,

Հայկական երկու պետականությունների՝ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների փոխհարաբերությունների գործող ձևաչափերի մեջ միջխորհրդարանական համագործակցությունը վաղուց կայացած միավոր է և աչքի է ընկնում իր արդյունավետությամբ:

Նախորդ տարիների մեր համատեղ աշխատանքից իմ գոհունակությունն ուզում եմ հայտնել հետևյալ ձևակերպմամբ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համագործակցությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար ամենակայացածն է, արդյունավետն ու պահանջվածը:

Այս հարթակը ոչ միայն հնարավորություն է օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից, այլև յուրատեսակ խողովակ է մեզ համար՝ ինչպես տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապեր հաստատելու, այնպես էլ միջազգային խորհրդարանական ամբիոններից Արցախի դիրքորոշման մասին բարձրաձայնելու համար:

Ուզում եմ երախտագիտություն հայտնել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անցած գումարումների բոլոր անդամներին, նախագահներին՝ գործնական օգուտ բերելու իրենց ձգտումի համար:

Եզրափակելով՝ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, Հայաստանի խորհրդարանի մեր բոլոր գործընկերներին՝ ջերմ ընդունելության, ստեղծված ավանդույթները ամեն կերպ պահպանելու և զարգացնելու պատրաստակամության համար և բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք: 

ԼՈՒՐԵՐ