Ընդունված է 2017թ. հոկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի 51-րդ հոդվածում «ե» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» կետեր.
«զ) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին: Սույն կետով սահմանված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը, որը վերադարձվել է պարտապանին:»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների նկատմամբ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. նոյեմբերի 3
Ստեփանակերտ
ՀՕ-32-Ն