Ընդունված է 2017թ. սեպտեմբերի 28-ին
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-6 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին կետից հանել «էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցման,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) «հաղորդման (փոխադրման) ցանց» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություն.
«հավասարակշռում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման ընթացքում էլեկտրական էներգիայի (հզորության) պակասուրդի կամ ավելցուկի տնտեսական կարգավարում.».
2) «շուկայի կանոններ» հասկացության մեկնաբանությունում «էլեկտրաէներգետիկական համակարգում» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում» բառերով, իսկ «համակարգի» բառը՝ «բնագավառի» բառով.
3) «սակագին» հասկացության մեկնաբանությունից հանել «կառուցման կամ վերականգնման և» բառերը.
4) «սպառող» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«վարվեցողության կանոններ՝ կարգավորող մարմնի անդամների և աշխատակազմի, կարգավորող մարմնի անդամների, աշխատակազմի և էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց, ինչպես նաև աշխատակազմի և սպառողների միջև վարվեցողության կանոնները` հաստատված կարգավորող մարմնի կողմից.
վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.
տարանցիկ փոխադրում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում.»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ) լիցենզիայի պայմանների կատարման, վերահսկման, Հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության նպատակով իրականացնում կամ կազմակերպում է լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում)՝ Հանձնաժողովի ընդունած կարգով.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» և «ժէ» կետեր.
«ժզ) սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրման և հավասարակշռման կարգը.
ժէ) սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակների ժամանակ էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման և արտահանման կարգը:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովը սակագինը սահմանում, վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի՝ սահմանման (վերանայման) հայտի փաթեթը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո` 80 աշխատանքային օրվա ընթացքում (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրվա ընթացքում):»:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին կետից հանել «էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցման,» բառերը.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով:
Կարգավորման ենթակա չեն՝
ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները.
բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 մեգավատտը.
գ) մինչև 150 կիլովատտ (ներառյալ) հզորությամբ արևային էլեկտրակայանների արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.
դ) բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության, ինչպես նաև դիզել-գեներատորային կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը.
ե) բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև մինչև 150 կիլովատտ դրվածքային հզորությամբ ինքնավար արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում:»:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 4-րդ կետում «60 օրը» բառերը փոխարինել «80 աշխատանքային օրը (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրը)» բառերով.
2) 5-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի «արտադրող կայանների կառուցման կամ վերականգնման» բառերը փոխարինել «էլեկտրական կամ ջերմային էներգիայի (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) արտադրության» բառերով, և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով. «Էլեկտրական կամ ջերմային էներգիայի (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) արտադրության լիցենզիա տրամադրելու համար Հանձնաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքների ներկայացման պահանջը տարածվում է էլեկտրական կամ ջերմային էներգիայի (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) կայանների կառուցման ժամանակահատվածի վրա:»:
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Փոքր հիդրոէլեկտրակայաններում և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող անձինք սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գործարքներն իրականացնում են առանց Հանձնաժողովի թույլտվության (համաձայնության), եթե այդ անձինք էներգետիկայի բնագավառում չունեն գործունեության այլ տեսակի լիցենզիա կամ այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Փոքր հիդրոէլեկտրակայաններում և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող անձինք սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գործարքների իրականացման օրվանից 15 աշխատանքային օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնում են Հանձնաժողովին:»:
Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձին տրվում է էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և (կամ) իր արտադրած էլեկտրական էներգիան (հզորությունը) շուկայի կանոններին և լիցենզիայի պայմաններին համապատասխան արտահանելու իրավունք:»:
Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. |
Արտադրության լիցենզիաները |
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոններով դա վաճառելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:
2. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիա արտադրող կայան կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), ջերմային էներգիա արտադրելու և Հանձնաժողովի սահմանած կարգով դա վաճառելու իրավունք: Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:
3. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
4. Սույն հոդվածով սահմանված լիցենզիաները տրվում են՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերը, տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը և ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը:»:
Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. |
Հաղորդման (փոխադրման) լիցենզիաները |
1. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայություն իրականացնելու, էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ էլեկտրական էներգիա (հզորություն) տարանցելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել շուկայի կանոններին և պայմանագրերին համապատասխան:
2. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձանց, համակարգի օպերատորի և շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
3. Բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հանձնաժողովի սահմանած կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնական գազի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), բնական գազ փոխադրելու, արտադրողից (արդյունահանողից) կամ ներկրողից բնական գազ գնելու, բաշխման, արտահանման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ բնական գազ տարանցելու իրավունք:
4. Ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հանձնաժողովի սահմանած կարգով լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիայի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), արտադրողից ջերմային էներգիա ստանալու կամ գնելու, բաշխման լիցենզիա ունեցող անձանց առաքելու կամ անմիջապես սպառողին ջերմային էներգիա վաճառելու և կարգավարական ծառայություն իրականացնելու իրավունք: Ջերմային էներգիայի փոխադրման գործունեության իրավունքը, պայմանավորված ջերմային էներգիայի առաքման տեխնոլոգիայով, կարող է տրվել ջերմային էներգիայի արտադրության կամ բաշխման լիցենզիա ունեցող անձին միևնույն լիցենզիայով:»:
Հոդված 13. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. |
Բաշխման լիցենզիաները |
1. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիա (հզորություն) բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), շուկայի կանոններին և լիցենզիայի պայմաններին համապատասխան` էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց, համակարգի օպերատորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:
3. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բնական գազ բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), Հանձնաժողովի սահմանած կարգով բնական գազ գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:
4. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին ջերմային էներգիա բաշխելու իրավունք, ինչպես նաև ջերմային էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), Հանձնաժողովի սահմանած կարգով ջերմային էներգիա գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:»:
Հոդված 14. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 34. |
Պայմանագրերը և դրանց գրանցումը |
1. Լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև արտահանման և ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների և էներգետիկայի բնագավառում լիցենզավորված այլ անձանց միջև կնքվող պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը՝ 5 աշխատանքային օրը:»:
Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածում «հանձնաժողովի» և «հանձնաժողովն» բառերի առաջին տառերը փոխարինել մեծատառերով, 4-րդ կետում «արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման» բառերը փոխարինել «Էլեկտրական (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վրա՝ կայանների կառուցման համար նախատեսված ժամանակահատվածում» բառերով, իսկ «10 ՄՎտ» բառերը փոխարինել «30 մեգավատտ» բառերով:
Հոդված 16. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից 20 տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:»:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիաները գործում են մինչև այդ լիցենզիաների գործողության ժամկետի ավարտը: Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից այդ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ վերաձևակերպման նպատակով Հանձնաժողով դիմելու դեպքում տրամադրվում է «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածին համապատասխան արտադրության լիցենզիա, որը ներառում է նաև կառուցման ժամանակահատվածը:
Սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող կայանների վրա: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող կայանների արտադրած էլեկտրաէներգիան (հզորությունը) 15 տարվա ընթացքում ենթակա է գնման շուկայի կանոններով սահմանված կարգով՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության առաջին լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. հոկտեմբերի 11
Ստեփանակերտ
ՀՕ-28-Ն