ԼՈՒՐԵՐ
Ներկայացվել են հանդիպումների հաշվետվությունները
06 հոկտեմբերի 2017

Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Նիստի օրակարգում ընգրկված էր ԱԺ պատգամավորների՝ Հայաստանի Հանրապետություն և արտերկիր կատարած այցերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը:

Սեպտեմբերի 29-ին Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հետ հանդիպման որոշ մանրամասներ է ներկայացրել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդարանի ղեկավարը գործընկերներին պատմել է եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին:

----

ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում և Գերմանիայում՝ այդ երկրների քաղաքական գործիչների հետ: Պատգամավորը որոշ մանրամասներ է ներկայացրել այդ շփումներից: Նա նաև մասնակցել է Բրյուսելում կազմակերպված գիտաժողովին:

Սեպտեմբերի 21-ին Օ-դը-Սեն նահանգի վարչական շենքում արցախցի խորհրդարանականին ընդունել է նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Պատգամավորը խոսել է Արցախի վիճակի, խորհրդարանական կապերի և Արցախի ու Ֆրանսիայի տարբեր համայնքների միջև առկա ապակենտրոնացված համագործակցության մասին: Նահանգապետը ներկայացրել է Օ-դը-Սենի և այլ երկրների շրջանների միջև առկա համագործակցությունը և տարբեր երկրներում իրականացրած զարգացման հաջողված ծրագրերը:

Սեպտեմբերի 25-ին Հայկ Խանումյանը Վալանսում հանդիպել է Դրոմի նահանգապետ Մարի-Պիեռ Մուտոյին:

Շնորհավորելով տիկին Մուտոյին նահանգի խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝  խորհրդարանականը հույս է հայտնել, որ նախկինում հաստատված հարաբերությունները ապագայում ևս զարգացում կարձանագրեն: Կողմերը մտքեր են փոխանակել Դրոմի և Արցախի միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նահանգապետը կարևորել է փոխգործակցության շուրջ Արցախից եկող գաղափարներն ու առաջարկները:

Սեպտեմբերի 26-ին Լիոնում Հայկ Խանումյանը հանդիպել է Ֆրանսիայի Աժ պատգամավոր, իշխող կուսակցության ներկայացուցիչ Դանիելա Կազարյանի հետ: Պատգամավորները մտքեր են փոխանակել Արցախ-Ֆրանսիա խորհրդարանական համագործակցության մասին, կարևորել Ֆրանսիա-Արցախ և Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակների գործունեությունը և դրանցում նոր պատգամավորների ներգրավումը:

Սեպտեմբերի 28-ին Բունդեսթագում տեղի է ունեցել Հայկ Խանումյանի և Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Գաբրիելա Հենրիխի հանդիպումը, որին ներկա էր նաև Նյուրնբերգի հայ համայնքի ներկայացուցիչ Անդրանիկ Միքայելյանը: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված զարգացումները և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումները:

Այնուհետև հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը հանդես է եկել  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կազմակերպված քրդական հարցին վերաբերող քննարկումների մասին տեղեկատվությամբ: Պատգամավորը խոսել է Իրաքյան Քրդստանում վերջերս կայացած հանրաքվեի և տարածաշրջանում դրա հնարավոր ազդեցության, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներին՝ հղումներ անելով երևանյան քնարկումների ժամանակ մի շարք քաղաքագետների ու փորձագետների ներայացրած տեսակետներին:  

ԼՈՒՐԵՐ