02 հոկտեմբերի 2017
Կյանքից հեռացել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Գրիգորիի Օհանջանյանը
Ծնվել է 1924թ. մայիսի 12-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում:
1942թ.՝ ավարտել է Խանապատի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ որպես հաշվետար աշխատել հայրենի գյուղի «Նոր կյանք» կոլտնտեսությունում:
1948թ. գերազանցությամբ ավարտել է Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտը, այնուհետև, որպես գյուղատնտես, աշխատանքի նշանակվել մարզգյուղվարչությունում:
1948-1955թթ.՝ Հադրութի շրջանում աշխատել է որպես գյուղատնտես, այնուհետև՝ գյուղբաժնի վարիչ, մեքենատրակտորային կայանի տնօրեն:
1955թ.՝ նշանակվել է ԼՂ մարզգործկոմի գյուղատնտեսության վարչության պետ:
1958թ.՝ ընտրվել է Կոմունիստական կուսակցության Ստեփանակերտի շրջկոմի առաջին քարտուղար:
1963-1974թթ.՝ աշխատավորների պատգամավորների ԼՂ մարզխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ:
1974-1989թթ.՝ Ագրոգյուղքիմիա հանրապետական միավորումների նախագահի տեղակալ, այնուհետև՝ նախագահի առաջին տեղակալ:
Բազմիցս ընտրվել է միութենական, հանրապետական և մարզային խորհուրդների պատգամավոր:
2000թ. հունիսի 18-ին Ասկերանի թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահության անդամ:
2005-2015թթ.՝ աշխատել է որպես ԱԺ նախագահի խորհրդական:
Պարգևատրվել է՝ «Աշխատանքային կարմիր դրոշի» երեք, «Պատվո նշան» երկու շքանշանով և Արցախի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով ու «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վշտակցություն ու զորակցություն է հայտնում Օհանջանյանների ընտանիքին՝ համբերություն և արիություն մաղթելով հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: