ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահի ողջույնի խոսքը ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը
20 սեպտեմբերի 2017

Հարգարժան կոնգրեսականներ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք

Ինձ համար պատիվ է այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում հանրապետության օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հանրային-քաղաքական եւ գիտակրթական ոլորտների պատասխանատուների ներկայությամբ ողջունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին, ովքեր քիչ առաջ ժամանել են Ստեփանակերտ:  

-        Կոնգրեսական Ֆրենկ Փալոուն, դեմոկրատ, Նյու Ջերսի նահանգից: Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ,

-        Կոնգրեսական Թուլսի Գեբըրդ, դեմոկրատ, Հավայի նահանգից, Արտաքին հարաբերությունների և ռազմական հարցերով հանձնաժողովների անդամ:

Ուրախ եմ տեղեկացնել, որ ամերիկացի մեր գործընկերներին ուղեկցում են ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնտոնի Բարսամյանը և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանը: Վստահ եմ, որ Մարիային շատ լավ են հիշում մեր հանրապետությունում՝ նախկինում նույնպես համահայկական հիմնադրամում ակտիվ ու արդյունավետ գործունեության համար:

Երեկ, մեր կոնգրեսական բարեկամներին Երևանում ընդունել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ պետական պարգևների արժանացնելով մեր վաղեմի բարեկամներին:

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ որպես հյուրընկալող կողմ ուզում եմ նրանց ասել.

Բարի՛ գալուստ Արցախ, բարեկամներ:

ԱՄՆ կոնգրեսականների հետ մեր բարեկամությունը խոր արմատներ ունի: Չնայած նրանք հաճախակի չեն այցելում Արցախ, բայց մենք միշտ զգացել ու շարունակում ենք զգալ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի մշտական աջակցությունը, որը ցուցաբերվում է ինչպես ամերիկահայ համայնքի, այնպես էլ՝ Արցախի ու Հայաստանի հանդեպ:

Հարգարժան կոնգրեսականներ,

          Արցախի պայքարի ու անկախ պետականության անցած ճանապարհի մասին դուք քաջատեղյակ եք, եւ նոր չէ, որ պետք է ծանոթանաք: Ես ուրախ եմ, որ այսօր Արցախ այցելելու հնարավորություն է ստեղծվել, եւ դուք սեփական աչքերով եք տեսնում այն ամենը, ինչի մասին մենք փորձում էինք ձեզ ներկայացնել տարբեր ձեւաչափի հանդիպումների ժամանակ, հատկապես 2006 թվականից Կոնգրեսում կազմակերպվող Արցախի անկախությանը նվիրված ամենամյա միջոցառումներին:

Հարգելի բարեկամներ,

Մեր անցյալը նաեւ մեր ապագայի բանալին է: Այս առումով Արցախի ու Միացյալ Նահանգների անցած ճանապարհների ընդհանրությունները շատ են: Միացյալ Նահանգները՝ ազատների երկիրն ու խիզախների տունը, երկուսուկես հարյուրամյակ առաջ հիմնադրվել է ազատության, իրավունքի, ժողովրդավարության ու հավասարության արժեքների վրա: Նույն գաղափարներն են համարյա երեք տասնամյակ առաջ ոգեւորել մեր ժողովրդին՝ պարզելու ազատության դրոշը:

Այս համատեքստում պատահական չեմ համարում այն իրողությունը, որ հենց ամերիկյան նահանգներից են գալիս Արցախի ազատությունն ու անկախությունը սատարող առաջին ազդակները, որոնք արտահայտվում են նահանգային մակարդակի օրենսդիր մարմինների կողմից ընդունված բանաձեւերի տեսքով։ Նման բանաձեւերը ոչ միայն քաջալերում են Արցախի ժողովրդին ազատության համար անհավասար պայքարում, այլ մեկ անգամ եւս փաստում ԱՄՆ-ի հավատարմությունն ազատության բացարձակ գաղափարին։ 

Չնայած Արցախը տարածաշրջանային ու միջազգային գործընթացներից արհեստականորեն մեկուսացնելու փորձերին՝ մեր երկիրը բաց է ամբողջ աշխարհի համար։ Մեզ համար անչափ կարեւոր են Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ հետաքրքրություն ունեցող քաղաքական ու հասարակական գործիչների, օրենսդիրների կողմից ազատ ու անկախ ապրելու իրավունքի ընկալումն ու ցուցաբերած բարոյական աջակցությունը, որի վառ դրսեւորումներից է նաեւ ԱՄՆ կոնգրեսականների հետ մեր այսօրվա հանդիպումը։

Մենք կարեւորում ենք նաեւ այն փաստը, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամները, առանց կուսակցության պատկանելիության տարբերությունների, միմյանց աջակցում են հայկական նշանակության օրենսդրական նախաձեռնություններում։ Երկու օր առաջ մենք Ազգային ժողովում հյուրընկալել էինք կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյին, ում նախաձեռնությամբ ու այսօրվա մեր հանդիպմանը ներկա հարգարժան կոնգրեսական Փալոունի, ինչպես նաև մեր մյուս բարեկամ կոնգրեսականներ՝ Սփիերի ու Էշուի աջակցությամբ Կոնգրեսի հավանությանն է արժանացել հաջորդ բյուջետային տարում Արցախում ականազերծման աշխատանքները ֆինանսավորելու առաջարկը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն օրենսդիրներին, ում աջակցությամբ կյանքեր են փրկվելու։

Ուզում եմ հավաստիացնել մեր ամերիկացի գործընկերներին, որ հենց այսպիսի ընդառաջ քայլերով է պայմանավորված տարածաշրջանում կայունության եւ վերջնական խաղաղության հաստատման իրական հնարավորությունը, ինչում շահագրգռված ենք բոլորս։

Արցախի Հանրապետության իշխանություններն ու ժողովուրդը բարձր են գնահատում նաեւ ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, միջնորդական առաքելությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում։ Չնայած խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մեր դիրքորոշմանն ու միջնորդների ջանքերին՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են զարգացնել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու թեման, որի ապացույցն անցյալ տարվա Ապրիլյան պատերազմի նախաձեռնումն էր։

Ափսոսանքով պետք է նշեմ, որ պատերազմի վերսկսման վտանգը չի վերացել։ Այս համատեքստում գտնում ենք, որ Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունները զսպելու միջազգային իրական մեխանիզմներ են անհրաժեշտ, քանի որ հաջորդ արկածախնդրությունը լրջորեն խաթարելու է առկա անվտանգային համակարգի հավասարակշռությունը եւ հակամարտությունը դուրս է բերելու տարածաշրջանի սահմաններից։ Հաշվի առնելով այս ամենը եւ, հատկապես 2016թ. ապրիլյան դեպքերի դասերը՝ մենք ավելի ենք համոզվում այն տեսակետի իրավացիության մեջ, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ապահովման ամենից արդյունավետ լուծումն է։ 

Տիկնայք եւ պարոնայք,

Վերստին ողջունելով մեր բարձրաստիճան հյուրերին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին, սիրով ամբիոնի մոտ եմ հրավիրում կոնգրեսական Ֆրենկ Փալոունին։

Խնդրեմ, կոնգրեսմեն Փալոուն։

Հարգելի կոնգրեսականներ,
Գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք

Մարդկության փորձը բազմիցս ապացուցել է, որ հաջողություն կարելի է գրանցել միայն այնտեղ, որտեղ դրական էներգիա է կուտակվում՝ առաջացող մարտահրավերները հաղթահարելու նպատակով: Ազատության ու համամարդկային արդարության համար բարձրացված ձայները ի վերջո սպասված արդյունք են տալիս: Կարևորը ճանապարհից չհոգնելն է և խիզախությունը՝ ամեն օր նպատակին քայլ առաջ գնալու: Այս առումով, ամերիկացի մեր հարգարժան գործընկերների այցը միասնական նպատակին՝ Արցախի միջազգային ներգրավվածությանը և ճանաչմանն ընդառաջ մի քայլ է, որն արժանի է գոհունակության և բարձր գնահատանքի:

Դահլիճում ներկաների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հյուրերին, ովքեր շարունակում են հավատարիմ մնալ համամարդկային այս գաղափարներին, որոնք ամենուր նույնն են՝ անկախ ժամանակից ու տարածությունից:

Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում:

ԼՈՒՐԵՐ