ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնամուտի արարողությանը
07 սեպտեմբերի 2017

Մեծարգո Նախագահ
Արցախի Հանրապետության,
Գերաշնորհ Սրբազան հայր,
Հարգելի պատգամավորներ, հյուրեր,
Տիկնայք եւ պարոնայք

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ այսօր` 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ` նվիրված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը:

Հատուկ նիստին մասնակցում է 31 պատգամավոր: Նիստն իրավասու է սկսել իր աշխատանքները:

Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի եւ Կառավարության անդամները, Գերագույն դատարանի նախագահն ու վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների նախագահները, հանրապետական անկախ կառավարման մարմինների ու հանձնաժողովների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջանային վարչակազմերի ղեկավարները, Արցախի քաղաքական կուսակցությունների պատասխանատուներ, ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ ու հանրային գործիչներ:

Հարգելի պատգամավորներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 19-ին Ազգային ժողովի կողմից ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի օրը՝ օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ: Ուստիեւ, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով,

 Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարում եմ բացված:

Եվ այժմ, Նախագահի երդման արարողության համար խնդրում եմ դահլիճ բերել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը եւ 17-րդ դարի Ավետարանը:

Տիկնայք եւ պարոնայք,

Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ երդման համար հրավիրվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Խնդրեմ, պարոն նախագահ։

Հատուկ նիստի հարգարժան մասնակիցներ,

Թույլ տվեք ձեր բոլորի անունից Բակո Սահակյանին շնորհավորել Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել նոր հաջողություններ՝ ի փառս մեր երկրի ու մեր ժողովրդի:

Հարգելի ներկաներ,

Արցախի Հանրապետության նախագահին օրհնանքի խոսք ունի Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հարգելի պատգամավորներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Արցախի Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը յուրատեսակ ամփոփումն է այն քաղաքական գործընթացների, որոնք սկիզբ են առել Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունմամբ:

Այսօրվա հանդիսավոր միջոցառմամբ, միաժամանակ, քաղաքական նոր փուլի մեկնարկ է դրվում մեր երկրում, որի գլխավոր նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է՝ առկա իրողությունների հաշվառմամբ:

Խորապես համոզված եմ, որ նախագահ Բակո Սահակյանի փորձառությունը, ժողովրդավարական գործընթացները զարգացնելու վճռականությունը, երկրի տնտեսական, սոցիալական ու հանրային-քաղաքական կյանքում սկսած բարեփոխումները շարունակելու կամքը, անվտանգության ու պաշտպանական համակարգերի հանդեպ նրա ընդգծված ուշադրությունը, Զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման ուղղությամբ հետեւողական ջանքերը, զինծառայողների սոցիալական խնդիրների հանդեպ հոգատարությունը բավարար հիմքեր են՝ քաղաքական ուղեգիծն անշեղ պահելու եւ մեր ժողովրդին հուզող խնդիրներին համարժեք լուծումներ գտնելու դժվարին ու պատասխանատու գործում:

Կրկին շնորհավորելով մեր ժողովրդին այս նշանակալի իրադարձության՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնամուտի կապակցությամբ՝ Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարում եմ փակված:  

Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում:

ԼՈՒՐԵՐ