ԼՈՒՐԵՐ
Բաց քննարկում դեսպան Շուգարյանի հետ
16 օգոստոսի 2017

Օգոստոսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանում կազմակերպվել է Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանի դասախոսություն-քննարկումը՝ «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով:

Ներկայացնելով դեսպան Շուգարյանին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ կարեւոր է համարում միջազգային քաղաքական իրադրության վերաբերյալ գնահատականներ ու դիտարկումներ լսել մասնագետից, ով երկար տարիներ զբաղվել է ոչ միայն պրոֆեսիոնալ դիվանագիտությամբ, այլ նաեւ՝ ակադեմիական աշխատանքով:

Խոսելով տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքական հետաքրքրությունների մասին՝ Ռուբեն Շուգարյանն անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկային, ամերիկահայ համայնքի գործունեությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ առաջատար վերլուծական կենտրոնների կանխատեսումներին:

Այնուհետեւ դեսպանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ամերիկյան արտաքին քաղաքականության ուղղությամբ Թրամփի վարչակարգի ունեցած առաջնահերթություններին, աշխարհաքաղաքական կենտրոնների փոխհարաբերություններին եւ դիվանագիտության ոլորտում փոքր երկրների անելիքներին:

Քննարկմանը մասնակցում էին Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Ֆլեթչերի դպրոցի Թավիթյան ծրագրի շրջանավարտներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 

ԼՈՒՐԵՐ