Դատական օրենսգիրք

Բ Ա Ժ Ի Ն 1

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Դատական իշխանությունը

 

1. Դատական իշխանությունը Արցախի Հանրապետությունում իրա­կանաց­վում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ նաև՝ Սահմանադրություն) սահմանված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա՝ օրենքով ստեղծված անկախ և անաչառ դատարանների կողմից:

 

Հոդված 2. Դատական իշխանության կազմակերպումը և գործունե­ու­թյունը կարգավորող օրենսդրությունը

 

1. Դատական իշխանության և դրա գործունեության կազմակերպումը կարգավորվում են Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և սույն օրենսգրքով:

 

Հոդված 3. Սույն օրենսգրքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության և դրա գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերություններն այնքանով, որքանով դրանք չեն վերաբերում սահմանադրական արդարադա­տության իրականացմանը:

 

Հոդված 4. Արցախի Հանրապետության դատական համակարգը

 

1. Արցախի Հանրապետությունում, Սահմանադրության 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գործում են Գերագույն դատարանը, վերա­քննիչ դատարանը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի (այսուհետ նաև՝ առաջին ատյանի) դատարանը:

2. Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

3. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

 

Հոդված 5. Դատարանի խնդիրները

 

1. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատարանն ապահովում է անձի` Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և օրենքով նախատեսված իրավունքների և ազատությունների, պետության և հասարակության շահերի պաշտպանությունը:

 

Հոդված 6. Դատավորը

 

1. Դատավոր է Գերագույն, վերաքննիչ, առաջին ատյանի դատարան­ների նախագահների և դատավորների պաշտոնում Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

2. Յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականա­ցնելու իրավասությամբ:

 

Հոդված 7. Դատարանի իրավասության սահմանները

 

1. Ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ

 ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 8. Դատական իշխանության իրականացումը օրենքին համապատասխան

 

1. Դատարանները դատական իշխանությունն իրականացնում են Սահմանա­­դրությանը, Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան:

 

Հոդված 9. Դատական իշխանության անկախությունը և ինքնավա­րությունը

 

1. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատարաններն անկախ են պետական իշխանության այլ մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և գործում են միայն Սահմանա­դրությանը և օրենքին համապատասխան:

2. Դատավորը գործը կամ հարցը (այսուհետ նաև՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության վավերացրած միջազ­գային պայմանագրերին և օրենքին համապատասխան, գործի հանգա­մանքների անաչառ վերլուծության վրա հիմնված իր ներքին համոզ­մամբ՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

3. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս և դրանից հետո դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են հարգել դատական իշխանության անկախությունը և ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վնասել կամ վտանգել դատական իշխանության անկախությունը կամ հեղինակությունը:

5. Արգելվում է արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատարանի գործունեությանը որևէ միջամտություն կամ դրա նկատմամբ որևէ ազդեցություն:

6. Դատարանի գործունեությանը միջամտությունը, ինչպես նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

7. Արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորու­թյունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջա­մտության կամ դրա նկատմամբ ազդեցության վերաբերյալ դատավորի հայտարարության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը եթե գտնում է, որ առերևույթ առկա է իրավախախտում պարունակող արարք, պարտավոր է մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել համապատասխան մարմիններին։

8. Դատավորների մասնագիտական շահերի պաշտպանության և դատարանների ներքին գործունեության հետ կապված հարցերի լուծումը վերապահված են դատական իշխանության ինքնակառավարման մարմին­ներին: Ինքնակառավարման մարմիններն են Արցախի Հանրապե­տության դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ նաև` Ընդհանուր ժողով), Բարձրագույն դատական խորհուրդը և Դատարանների նախագահների խորհուրդը։

 

Հոդված 10. Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը

 

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու անձամբ, ինչպես նաև իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 11. Հավասարությունը օրենքի և դատարանի առջև

 

1. Բոլորը հավասար են օրենքի ու դատարանի առջև և հավասարապես պաշտպանվում են օրենքով:

2. Դատարանի կողմից արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

 

Հոդված 12. Դատական քննության հրապարակայնությունը

 

1. Արցախի Հանրապետության դատարաններում դատական նիստերը դռնբաց են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Դատական նիստի ընթացքն օրենքով սահմանված կարգով արձանագրվում է:

3. Դատարանի վերջնական (եզրափակիչ), իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են հրապարակման։ Դատական նիստի ընթացքում հրապարակելու դեպքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը։

4. Դատական քննությունը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպա­տակով:

5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու ավարտված դատական գործին, որով վերջնական (եզրափակիչ) ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական քննության դռնփակ մասին անձը կարող է ծանոթանալ միայն դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ:

6. Գործը քննող դատարանի, կողմերի, գործի էության, նիստերի ժամանակացույցի, գործի շարժի մասին տեղեկությունները, վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Արցախի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, ինչպես նաև երեխայի անձնական տվյալներ պարունակող դատական ակտերը հրապարակվում են այդ անձնական տվյալներն ապանձնավորված։

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված և հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

8. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Գերագույն դատարանի կայացրած որոշումները ենթակա են պարտադիր հրապարակման նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտո­նա­կան տեղեկագրում»:

 

Հոդված 13. Դատավարության լեզուն

 

1. Արցախի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերենով:

2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

3. Քրեական գործով գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձանց դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով:

4. Վարչական և քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին և ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

5. Պետական միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում դատարանի որոշման հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով նշանակվում է թարգմանիչ: Թարգմանիչների վարձատրության չափը և կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավա­րություն):

 

Հոդված 14. Դատական ակտերի պարտադիրությունը

 

1. Դատարանները վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը կայացնում են հանուն Արցախի Հանրապետության:

2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են, իսկ կատարում ենթադրող լինելու դեպքում ենթակա են պարտադիր կատարման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

3. Դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

4. Եթե դատարանը գործը քննելիս և լուծելիս շեղվում է Գերագույն դատարանի դատական ակտի հիմնավորումներից (այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանություններից), ապա պետք է ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորի իր դիրքորոշումը:

5. Օտարերկրյա պետությունների դատարանների դատական ակտերը, օտարերկրյա պետությունների արբիտրաժի որոշումները, միջազգային արբիտրաժի որոշումները, միջազգային դատարանների որոշումները ենթակա են կատարման Արցախի Հանրապետության տարածքում՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Հոդված 15. Դատական ակտերի բողոքարկումը և վերանայումը

 

1. Դատավարության մասնակիցներն ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերաքննության, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտերը` վճռաբեկության կարգով վերանայման իրավունք օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

2. Նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով, ինչպես նաև նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով դատական ակտերը վերանայվում են օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։

3. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատական ակտը կարող է բողոքարկել գործին մասնակից չդարձված այն անձը, ում իրավունքներն ու օրինական շահերն այն շոշափում է, կամ այն մարմինը կամ պաշտոնատար անձը, ում լիազորություններին առնչվում է կայացված դատական ակտը:

 

Հոդված 16. Դատարանի կազմը

 

1. Առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են միանձնյա՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան:

2. Վերաքննիչ դատարանում դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

4. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները Գերագույն դատարանը քննում է կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով:

 

Հոդված 17. Դատական իշխանության խորհրդանիշները

 

1. Դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձևի պատմուճանով, որը նրան տրամադրվում է պետական միջոցների հաշվին:

2. Դատավորը՝ բացառությամբ Գերագույն դատարանի դատավորի, ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվան­մամբ և դատավորի անվամբ կնիք, Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված դրոշմակնիքներ:

3. Գերագույն դատարանն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և «Արցախի Հանրապետության Գերագույն դատարան» գրառմամբ կնիք:

4. Յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կիրառելու էլեկտրոնային թվային ստորագրություն:

5. Դատարանների բոլոր նստավայրերի շենքերի վրա կամ շքամուտքի մոտ բարձրացվում է Արցախի Հանրապետության դրոշը:

6. Դատարանի նիստերի դահլիճում և դատավորի առանձին ծառայողական աշխատասենյակում տեղադրվում է Արցախի Հանրապե­տու­թյան զինանշանը և Արցախի Հանրապետության դրոշը:

7. Պատմուճանի, դատավորների և Գերագույն դատարանի կնիքների, դրոշմակնիքների նկարագրությունը և տրամադրման կարգը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

 

Հոդված 18. Դատական իշխանության պաշտոնական կայքը

 

1. Դատական իշխանությունն ունի պաշտոնական ինտերնետային կայք: Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատ­վությունը կայքում զետեղվում է հանրության համար հասանելի ձևով: Կայքի կառուցվածքը, վարման կարգը, ինչպես նաև կայքում զետեղվող այլ տեղեկատվությունը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

 

Հոդված 19. Դատական վիճակագրության վարումը

 

1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցի­կությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով Դատական դեպարտամենտը հավաքում և վարում է դատական վիճակագրություն Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:

2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`

1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչա­ռությունը.

2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի և տարածության մեջ.

3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունու­թյունը և ամբողջականությունը.

4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.

5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարա­կայնությունը:

3. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակա­գրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտա­դիր հրապարակվող վիճակագրական տվյալները (տեղեկությունները) պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 9-11-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները):

4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաև, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:

5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատար­վելու դեպքում դրանք կիրառվում են միայն փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվանից:

6. Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների գործունեության կիսամյակային և տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները:

7. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար՝ բացառությամբ օրենքով նախատես­ված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը տրամադրում է Բարձրագույն դատական խորհրդին, և այդ տվյալները հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:

8. Առաջին ատյանի դատարանի և դատավորի վերաբերյալ՝ ըստ քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության և մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի, հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները՝

1) դատավորների քանակը.

2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը.

4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը (այդ թվում՝ գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու և այլ հիմքերով ավարտված).

5) հաշվետու ժամանակահատվածում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը.

6) մինչդատական վարույթի գործերը՝ ըստ տեսակների.

7) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր քանակը.

8) բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների.

9) բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների։

9. Վերաքննիչ դատարանի և դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները՝

1) սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-9-րդ կետերով նախատեսված տվյալները.

2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում վերադարձված բողոքների ընդհանուր քանակը.

4) գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների և ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:

10. Գերագույն դատարանի վերաբերյալ հրապարակվում են սույն հոդվածի 8-րդ մասով, բացառությամբ 8-րդ մասի 3-7-րդ կետերով նախատեսված տվյալների, ինչպես նաև սույն հոդվածի 9-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տվյալները:

11. Դատական դեպարտամենտի կողմից տարեկան՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակվում են նաև հետևյալ տվյալները`

1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը և դրա համեմատա­կանը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.

2) վճարված և վճարման ենթակա պետական տուրքի ընդհանուր չափը.

3) դատավորների կարգապահական պատասխանատվության մասով՝ հարուցված կարգապահական վարույթների քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, կարճված վարույթներով գործերի քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, նշանակված կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխա­նատվության կրկնակիության դեպքերի ընդհանուր քանակը.

4) սույն հոդվածի 8-10-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 20. Առաջին ատյանի դատարանի իրավասությունը

 

1. Առաջին ատյանի դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր հարցերը:

 

Հոդված 21. Առաջին ատյանի դատարանի դատական տարածքը

 

1. Առաջին ատյանի դատարանի դատական տարածքը Արցախի Հանրա­պե­տության տարածքն է:

 

Հոդված 22. Առաջին ատյանի դատարանի դատավորների թվակազմը և նստավայրը

 

1. Առաջին ատյանի դատարանը գործում է դատարանի նախագահի և 11 դատավորի կազմով:

2. Առաջին ատյանի դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում: Առաջին ատյանի դատարանը Արցախի Հանրապետության տարածքում կարող է ունենալ այլ նստավայրեր:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 23. Վերաքննիչ դատարանի իրավասությունը

 

1. Վերաքննիչ դատարանն իր լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի` վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը:

2. Այլ դատական ակտերը վերանայվում են օրենքով նախատեսված դեպքերում:

3. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

 

Հոդված 24. Վերաքննիչ դատարանի դատական տարածքը

 

1. Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Արցախի Հանրապետության տարածքն է:

 

Հոդված 25. Վերաքննիչ դատարանի դատավորների թվակազմը և նստավայրը

 

1. Վերաքննիչ դատարանը գործում է դատարանի նախագահի և վեց դատավորի կազմով:

2. Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 26. Գերագույն դատարանի իրավասությունը

 

1. Գերագույն դատարանը՝ որպես բարձրագույն դատական ատյան, դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ­ներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

 2. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Գերագույն դատարանն ապահովում է վերանայվող դատական ակտով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի այն դրույթը մեկնաբանելով, որը վերանայվող և առնվազն մեկ այլ դատական ակտում կիրառվել է հակասական մեկնաբանությամբ կամ որի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

3. Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում­ները վերացնելու նպատակով Գերագույն դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել արդար դատաքննության իրավունքը կամ Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված` մարդու հիմնական իրավունքները խաթարող նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

 

Հոդված 27. Գերագույն դատարանի դատական տարածքը

                                                                                     

1. Գերագույն դատարանի դատական տարածքը Արցախի Հանրապե­տու­թյան տարածքն է:

 

Հոդված 28. Գերագույն դատարանի դատավորների թվակազմը և նստավայրը

 

1. Գերագույն դատարանը գործում է դատարանի նախագահի և վեց դատավորի կազմով:

2. Գերագույն դատարանի նստավայրը գտնվում է Ստեփանակերտ քաղաքում:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

 

Հոդված 29. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախա­գահները

 

1. Առաջին ատյանի դատարանի նախագահը՝

1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.

2) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով բաշխում, իսկ դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է գործերը.

3) դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով).

4) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

5) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.

6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերու­թյուն­ներում.

7) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Ընդհանուր ժողով,

8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Վերաքննիչ դատարանի նախագահն օժտված է առաջին ատյանի դատարանի նախագահի, ինչպես նաև սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Գերագույն դատարանի նախագահին վերապահված լիազորություններով:

3. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներն արձակուրդի կամ գործուղման մեկնելիս համապատասխան դատարանի դատավորներից նշանակում են իրենց փոխարինող:

4. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրանց փոխարինում է համապատասխան դատարանի տարիքով ավագ դատավորը:

 

Հոդված 30. Գերագույն դատարանի նախագահը

 

1.Գերագույն դատարանի նախագահը՝

1) ապահովում է Գերագույն դատարանի բնականոն գործունեությունը.

2) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով ձևավորում է դատական կազմը և նշանակում նախագահող դատավորին.

3) Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով բաշխում, իսկ դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է գործերը.

4) դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում հայտնաբե­րելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.

5) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկա­գրում» հրապարակման է ուղարկում Գերագույն դատարանի որոշումները.

6) Գերագույն դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

7) վերահսկում է Գերագույն դատարանի աշխատակազմի գործունեությունը.

8) ներկայացնում է Գերագույն դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,

9) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Ընդհանուր ժողով.

10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

2. Գերագույն դատարանի նախագահն արձակուրդի կամ գործուղման մեկնելիս Գերագույն դատարանի դատավորներից մեկին նշանակում է իրեն փոխարինող:

3. Գերագույն դատարանի նախագահի ժամանակավոր անաշխատու­նակության,  լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Գերագույն դատարանի տարիքով ավագ դատավորը:

Գ Լ ՈՒ Խ 7

ԴԱՏԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 31. Դատարանների ֆինանսավորումը

 

1. Դատարանների ֆինանսավորումն իրականացվում է Դատական դեպարտամենտի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և ստորա­բա­ժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում առանձին տողով` որպես Արցախի Հանրապետության դատարաններ:

2. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնաց­ված ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերի հիման վրա նախապատրաստվում են դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտը, այնուհետև Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից դրանք ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանը: Հաստատված բյուջետային հայտը և միջնաժամկետ ծախսերի ծրագիրը առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվում են Կառավարություն` պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

3. Դատարանների բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Դատարանների բյուջետային հայտը և դրա վերաբերյալ Կառավարության կողմից կատարված փոփոխությունների հիմնավորումը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողով (այսուհետ՝ Ազգային ժողով): Կառավարությունը բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ:

4. Սահմանված ժամկետում բյուջետային հայտը չընդունվելու կամ պետական բյուջեն չհաստատելու դեպքերում, մինչև դրա ընդունումը կամ հաստատումը, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

5. Բյուջետային հայտը պետք է պարունակի դատարանների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

6. Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը:

7. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատարանների պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին oրենքով դատարանների համար նախատեսված ծախսերի 2 տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ:

8. Դատարանների նախագահների խորհուրդը դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում դիմում է Կառավարությանը:

9. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդից:

 

Հոդված 32. Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը

 

1. Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:

2. Դատական դեպարտամենտի կողմից նյութատեխնիկական ապահովման աջակցման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Բ Ա Ժ Ի Ն 2

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Գ Լ ՈՒ Խ 8

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 33. Դատավորի ապաքաղաքականացվածությունը

 

1. Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրու­թյուններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:

3. Դատավորների մասնագիտական միավորման կամ դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից դատական իշխանության գործունեությունը կարգավորող կամ դրանց առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակա­ցությունները, դատական իշխանության բնականոն գործունեության վերաբեր­յալ քննարկումները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն:

 

Հոդված 34. Դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները

 

1. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Դատավորը կարող է զբաղեցնել ոչ առևտրային կազմակերպու­թյունում պաշտոն, եթե՝

1) իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացվում է անհատույց.

2) համապատասխան դատարանում կամ ստորադաս դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ.

3) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության գույքային շահերի ներկայացուցչության իրականացում:

3. Դատավորը չի կարող գործել որպես գույքի հավատարմագրային կառավարիչ կամ կտակակատար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նա անհատույց գործում է իր մերձավոր ազգականների կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ, եթե հավատարմագրային կառավարիչ լինելը չի ենթադրում ձեռնարկատիրական գործունեության իրականացում։

4. Դատավորը չպետք է հանդես գա որպես ներկայացուցիչ կամ տրամադրի խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում:

5. Սույն օրենսգրքի իմաստով մերձավոր ազգական են հանդիսանում՝ դատավորի ամուսինը, դատավորի կամ նրա ամուսնու ծնողը, զավակը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը, եղբոր կամ քրոջ ամուսինը, զավակի ամուսինը, ինչպես նաև որդեգրողը կամ որդեգրվածը:

 

Հոդված 35. Դատավորի զինվորական ամրագրումը

 

1. Դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակա­հատվածում ազատվում է զորահավաքներից, վարժական հավաքներից, զինվորական վարժանքներից և զորավարժություններից:

 

Հոդված 36. Դատավորի անձեռնմխելիությունը

 

1. Դատավորը Սահմանադրության 137-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադա­տություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար՝ բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։

2. Սահմանադրության 137-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ:

3. Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ գլխավոր դատախազ):

5. Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի և Բարձրագույն դատական խորհրդի իրազեկմամբ:

6. Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց կամ դադարելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերա­ցնում սույն հոդվածում ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները:

 

Հոդված 37. Դատավորի անփոփոխելիությունը

 

1. Դատավորը պաշտոնավարում է մինչև  65 տարին լրանալը:

 

Հոդված 38. Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահման­վող հավելավճարները

 

1. Դատավորի համար Սահմանադրության 137-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխա­նա­տվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձա­տրու­թյան, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարա­բաղի Հանրապետության օրենքով:

2. Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները չեն կարող պակասեցվել նրա պաշտոնավարման ընթացքում:

3. Դատավորն օգտվում է այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված սոցիալական երաշխիքներից:

 

Հոդված 39. Դատավորի արձակուրդը

 

1. Դատավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրա­վունք` 30 աշխատանքային oր տևողությամբ:

2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունե­ության իրականացումը: Դատավորներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

3. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանք­ներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 30 օր տևողությամբ: Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:

4. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը լուծվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

 

Հոդված 40. Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը

 

1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, դատավորն իրավունք ունի մասնակցելու այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:

2. Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է դատարանի նախագահը:

3. Այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի թույլտվությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:

4. Թույլտվություն չտրամադրելու հետ կապված վեճերը լուծվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

 

Հոդված 41. Դատավորի անձնական գործը

 

1. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմում և վարում է անձնական գործ:

2. Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության և օտար լեզուների իմացության մասին.

2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը.

3) տեղեկություններ` համապատասխան կազմակերպությունում ուսանելու ընթացքում դատավորի առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ.

4) տեղեկություններ` դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատրաստման դասընթացների և ժամաքանակի վերաբերյալ.

5) դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական գործի վարույթը կարճելու կամ դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ դադարելու վերաբերյալ որոշումների պատճենները.

6) դատավորի և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտ­ների տարեկան հայտարարագիրը.

7) Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված այլ տեղեկություններ:

3. Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարող են սահմանվել անձնական գործում ներառվող այլ տեղեկություններ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-7-րդ կետերում նշված տեղեկությունները հրապարակման ենթակա չեն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորից բացի, իրենց լիազորություններն իրականացնելիս նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը, Բարձրագույն դատական խորհուրդը և Դատարանների նախագահների խորհուրդը:

 

Հոդված 42. Դատավորի աշխատակազմը

 

1. Առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի մեկ օգնական և մեկ գործավար: Վերաքննիչ և Գերագույն դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի մեկ օգնական: Գերագույն դատարանի նախագահն ունի նաև մեկ խորհրդական:

2. Դատավորի խորհրդականը, օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ:

 

Հոդված 43. Դատավորի ծառայողական վկայականը

 

1. Դատավորին իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար Ազգային ժողովի նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:

 

Հոդված 44. Դատավորի անվտանգությունը և անձնական պաշտպա­նության միջոցները

 

1. Դատավորներն ունեն հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:

2. Դատավորը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների, մեքենաների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում դատավորն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու դիմում է ներկայացնում իրավասու պետական մարմիններին, որոնք պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների, մեքենաների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

 

Հոդված 45. Դատավորի գործուղման և արտագնա նիստերի հետ կապված ծախսերը

 

1. Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին վճարվում է Կառավարության կողմից սահմանված չափով գործուղման, իսկ իր մշտական բնակության վայրից դուրս այլ նստավայր (շրջանից շրջան, շրջանից Ստեփանակերտ և հակառակը) տեղափոխվելու դեպքում` նաև իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման և բնակության հետ կապված ծախսերը:

2. Օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցվում են Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ՝ Կառավարության կողմից սահմանված չափով։

 

Հոդված 46. Դատավորի անհապաղ ընդունելության իրավունքը

 

1. Դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Դատարանների նախագահների խորհրդի նախագահի մոտ: 

 

Գ Լ ՈՒ Խ 9

ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 47. Դատավորի վարքագծի կանոնները

 

1. Դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով։

2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատավորների համար: Դատավորը պարտավոր է պահանջել, որ ապահովվի սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ հոդվածի 1-ին մասի 9-10-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների պահպանումը դատարանի աշխատակազմի կամ այն անձանց կողմից, ովքեր դատավորի ղեկավա­րության կամ վերահսկողության ներքո են: Դատարանի աշխատակազմի կամ դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո գտնվող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտում թույլ տալու դեպքում դատավորը դրա մասին հայտնում է դատական ծառայողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառող իրավասու մարմնին:

3. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց համար սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:

4. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի գրավոր պահանջով տալիս է խորհրդատվական բնույթի մեկնաբանություններ դատավորի վարքագծի կանոնների վերաբերյալ:

 

Հոդված 48. Վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը

 

1. Դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անաչառությունը, ինչպես նաև նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:

2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչ­ների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:

 

Հոդված 49. Դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի ընդհանուր կանոնները

 

1. Դատավորը պարտավոր է՝

1) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս զերծ մնալ դատական իշխանության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, այդ թվում՝ հօգուտ որևէ անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալուց, ինչպես նաև խուսափել դատավորի կոչմանն անհարիր այնպիսի կապերից կամ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որոնք կարող են արատավորել դատավորի հեղինակությունը, պատիվը և արժանապատվությունը.

2) զերծ մնալ օրենսդիր և գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից և անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ, զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ կարծիք հայտնելուց: Սույն կետը չի կիրառվում այն դեպքում, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ վերջինիս օրինական ներկայացուցիչ.

3) զերծ մնալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը և իր գործընկերների գործողությունները, մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց.

4) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, ձեռնպահ մնալ որևէ վարքագիծ դրսևորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել.

5) իր համար ընդունել այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն իր հավասարակշռվածության ու արդարամտության հասարակական ընկալումը.

6) չնախաձեռնել, թույլ չտալ առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա ներկայացուցչի, փաստաբանի մասնակցության («ex parte» (ընդ­դի­մա­զերծ)) դատավարության մյուս կողմի կամ նրա ներկայացուցչի, փաստաբանի հետ շփումները, դատավորի կամքից անկախ «ex parte» (ընդդիմազերծ) շփումներ տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնել դրանց բովանդակությունը այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին, և հաշվի չառնել դրանք:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետևյալ դեպքերում՝

1) երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրա­ժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես, օրինակ, նիստի ամսաթիվը և ժամը համաձայնեցնելու կամ նմանատիպ այլ անհետաձգելի դեպքերում, և այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, և դատավորն անհապաղ հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու,

2) երբ դատավորի կողմից ընդդիմազերծ շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

 

Հոդված 50. Դատավորի վարքագծի կանոնները ի պաշտոնե գործելիս

 

1. Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝

1) գործել Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան.

2) լինել անկախ և անաչառ.

3) դատական ակտերը կայացնել ինքնուրույն, ինչը չի բացառում բարդ գործերով իրավաբանական հարցերի շուրջ դատավոր գործընկերներից խորհուրդ ստանալը` պայմանով, որ վերջնական որոշումը դատավորի կողմից կայացվի ինքնուրույն.

4) բարեխղճորեն կատարել իր պաշտոնեական պարտականու­թյուն­ները, առաջնահերթության կարգով կատարել արդարադատության իրականացմանն ուղղված իր պարտականությունները՝ օրենքով դատավորին թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ.

5) ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը, միջոցներ ձեռնարկել ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ իր գիտելիքների հարստացման, հմտությունների և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ.

6) առանց արդարադատության շահերին վնասելու, ողջամիտ ժամկե­տում և նվազագույն ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը,

7) նիստերը վարել օրենքով սահմանված հանդերձանքով, չմիջամտել ձայնագրման համակարգի անխափան աշխատանքին.

8) իր պարտականություններն իրականացնելիս դրսևորել անաչառու­թյուն, զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբե­րելուց, խտրականություն դրսևորելուց, նման տպավորություն ստեղծելուց.

9) ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի ինքնաբացարկի անհրաժեշտություն առաջացնող դեպքերը.

10) արդարադատության իրականացումից զատ այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկատվությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

11) համբերատար, արժանապատիվ, հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե:

 

Հոդված 51. Դատավորի վարքագծի կանոնները ոչ դատական գործու­նեություն իրականացնելիս

 

1. Ոչ դատական գործունեություն իրականացնելիս դատավորը պարտավոր է՝

1) չօգտագործել դատավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի.

2) թույլ չտալ շահերի բախում, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունները որևէ կերպ ազդեն ի պաշտոնե իր լիազորությունների իրականացման վրա.

3) զերծ մնալ գործի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հետ անհարկի շփումներից:

 

Հոդված 52. Դատավորի ինքնաբացարկը

 

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով կամ հարցով նրա անաչառության մեջ:

2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.

2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.

3) դատավորը կամ նրա մերձավոր ազգականը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորադաս դատարանում՝ որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ.

4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.

5) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակեր­պությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:

3. Սույն հոդվածի իմաստով տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`

1) ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր կառավարելը, եթե դատավորը չգիտի այդ մասին.

2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպու­թյունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության մասնակից հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանն էական վտանգ չի սպառնա.

3) Արցախի Հանրապետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:

4. Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզում ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

 

Հոդված 53. Դատավորի ոչ դատական գործունեությունից ստացվող հատուցումները

 

1. Դատավորին գիտական, կրթական և ստեղծագործական աշխատան­քի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատավոր չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կանոններին համապատասխան իրակա­նացվող ոչ դատական գործունեության համար դատավորը կարող է ստանալ ծախսերի հատուցում, եթե նման հատուցումների աղբյուրը ողջամտորեն չի կարող ընկալվել որպես դատական պարտականությունների կատարման հարցում դատավորի վրա ներգործություն, և ծախսերի հատուցումը սահմանափակվում է դատավորի (իրադարձությանը համապատասխան դեպքերում՝ նաև նրա ամուսնու) ճանապարհածախսի, սննդի և բնակության ողջամիտ ծախսերի իրական արժեքով:

 

Հոդված 54. Դատավորի` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը

 

1. Դատավորն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկատեր:

2. Դատավորն իրավունք չունի լինելու տնտեսական ընկերությունների մասնակից (բաժնետեր) կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե`

1) բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատավորը ներգրավվում է նաև այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը, կամ

2) ողջամտորեն ենթադրվում է, որ առևտրային կազմակերպությունը համապատասխան դատարանում հաճախ հանդես է գալու որպես գործին մասնակցող անձ,

3) դատավորը կամ նրա ընտանիքի անդամները (ամուսին, ծնող, զավակ, պապ, տատ, թոռ, որդեգրող, որդեգրված) կամ վերջիններս միասին տիրապետում են ընկերության կանոնադրական կապիտալի կամ ընկերակցության բաժնեհավաք կապիտալի 10 տոկոսից ավելիին:

3. Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի:

 

Հոդված 55. Դատավորի կողմից նվերներ ընդունելու արգելքը

 

1. Դատավորը չպետք է որևէ մեկից նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր հետ բնակվող ընտանիքի անդամներին այդպիսի գործողություններից:

2. Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց և ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլ գործողություններ, որոնց արդյունքում անձը ստանում է օգուտ (առավելություն):

3. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝

1) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների և պարգևների վրա.

2) դատավորի հետ բնակվող ընտանիքի այլ անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության հետ կապված ստացված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է համատեղ օգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում` դատավորի կողմից, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված.

3) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների վրա.

4) հատուկ իրադարձությունների, մասնավորապես՝ ամուսնության, հոբելյանի կամ ծննդյան կապակցությամբ ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերն իր էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է իրադարձությանը և միմյանց միջև հարաբերությունների բնույթին.

5) ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերն իր էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին.

6) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.

7) ֆինանսական կազմակերպություններից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացած փոխառության վրա:

4. Եթե սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները, որոնք օրացուցային տարվա ընթացքում ստացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են 250 000 ՀՀ դրամը, կամ օրացուցային տարում ստացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 1 000 000 ՀՀ դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին տասնօրյա ժամկետում հայտնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով:

5. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր մերձավոր ազգականին տրվել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված, ապա նա պարտավոր է դրա մասին տեղեկություն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայտնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով:

6. Եթե դատավորին տրվել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, որը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը նվերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերը ստանալուց հետո երկամսյա ժամկետում այն հանձնել Արցախի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 56. Դատավորի կողմից ֆինանսական հայտարարագիր ներկայացնելը

 

1. Դատավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայաց­վող հայտարարագրի պատճենն ուղարկել Դատական դեպարտամենտ:

 

Գ Լ ՈՒ Խ 10

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 57. Դատավորների գործունեության գնահատումը

 

1. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ դիմում ներկայացրած դատավորների գործունեությունը ենթակա է գնահատման:

2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը:

3. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է Դատարանների նախագահների խորհուրդը՝ քանակական և որակական չափանիշների հիման վրա:

4. Քանակական գնահատում իրականացվում է դիմում ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատավորի գործունեությունը Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սահմանված կարգով հավաքագրված տվյալների հիման վրա գնահատելու միջոցով, իսկ  որակական  գնահատումն իրականացվում է սույն օրենսգրքի  58-րդ  հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափանիշների հիման վրա:

5. Նախկին դատավորների գործունեության գնահատումն իրականաց­վում է նրանց պաշտոնավարման վերջին երեք տարիների կտրվածքով:

 

Հոդված 58. Դատավորների գործունեության գնահատման չափանիշ­ները

 

1. Դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշներն են՝

1) դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականը.

2) ըստ գործերի առանձին տեսակների՝ գործերի քննության միջին տևողությունը (հաշվարկի միավոր` օր).

3) դատավորի կողմից դատավարական առանձին գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը:

2. Դատավորների գործունեության գնահատման որակական չափանիշներն են՝

1) դատական ակտերի պատճառաբանման կարողությունը, մասնավորապես՝

ա. դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները պահպանելը,

բ. դատական ակտի հստակությունը,

գ. գրավոր խոսքի մատչելիությունը,

դ. վերլուծական հմտությունները,

ե. դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունը.

2) մասնագիտական կարողությունները՝

ա. դատավարության մասնակիցների նկատմամբ անաչառ վերաբեր­մունքը,

բ. ինքնատիրապետումը պահպանելու կարողությունը,

գ. դատական նիստը վարելու հմտությունները:

3. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, մեթոդաբանությունը և դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասները:

4. Որակական չափանիշներով գնահատման համար Դատարանների նախագահների խորհուրդը պետք է ուսումնասիրի դատավորի քննած գործերի արձանագրություններ և այդ գործերով կայացված դատական ակտեր, որոնց քանակը, ընտրության կարգը և այլ մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

 

Հոդված 59. Դատավորների գործունեության գնահատման արդյունք­ների ամփոփումը

 

1. Քանակական և որակական չափանիշներով իրականացված գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա, ըստ յուրաքանչյուր չափանիշի և ըստ գնահատումների հանրագումարի, դատավորների գործունեությունը գնահատվում է՝

1) բարձր.

2) լավ.

3) միջին.

4) ցածր:

2. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում դատավորի համար բարենպաստ որոշումը:

3. Դատարանների նախագահների խորհուրդը դատավորին և Բարձրագույն դատական խորհրդին եռօրյա ժամկետում ուղարկում է գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումը:

4. Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ Դատարանների նախագահների խորհրդի որոշման դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշմանը:

5. Գնահատման արդյունքների վերաբերյալ Դատարանների նախագահ­ների խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել Բարձրագույն դատական խորհրդին՝ որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

6. Դատարանների նախագահների խորհրդի որոշումը Բարձրագույն դատական խորհրդի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

7. Գնահատման արդյունքները՝ դրանց համար հիմք հանդիսացող նյութերով, ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդին:

 

Հոդված 60. Դատավորների գործունեության գնահատման հետևանք­ները

 

1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեու­թյունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը գնահատմանը հաջորդող տարվանից սկսած երեք տարվա ընթացքում չի կարող Բարձրագույն դատական խորհրդին առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնել:

2. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեու­թյունը ցածր գնահատվելու դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացնում դատավորին իր համաձայնությամբ լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն: Դատարանների նախագահների խորհրդի որոշումը տրամադրվում է Բարձրագույն դատական խորհրդին` վերա­պատ­րաստ­ման ուղղությունները որոշելու նպատակով:

 

Հոդված 61. Դատարանների նախագահների խորհրդի և Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորների գործունեության գնահատումը

 

1. Դատարանների նախագահների խորհրդի և Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորների գնահատումն իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:

<