Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

 

Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին

Հոդված 1.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները Գերագույն դատարանը քննում է կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե հիմնավոր կասկածներ կան տվյալ կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և դատարանը գտնում է, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, ապա դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու Գերագույն դատարան` օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1) «Արդարադատության խորհուրդն» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդն» բառերով.

2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 238. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը

 

Վերաքննիչ դատարանի ընդունած դատական ակտերը վճռաբեկության կարգով վերանայում է Գերագույն դատարանը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման օրը:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                  Բ. ՍԱՀԱԿՅԱՆ 

 

2017թ. հուլիսի 25

Ստեփանակերտ

ՀՕ-14-Ն