Հաշվեքննիչ պալատի մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատը

 

1. Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատը (այսուհետ՝ Հաշվեքննիչ պալատ) արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող անկախ պետական մարմինն է:

2. Հաշվեքննիչ պալատն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնակարգով:

3. Հաշվեքննիչ պալատը գործում է իր հաստատած գործունեության ծրագրի հիման վրա:

4. Հաշվեքննիչ պալատի նստավայրը Ստեփանակերտ քաղաքն է:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները սույն օրենքի իմաստով ունեն հետևյալ նշանակությունը.

1) արտաքին պետական հաշվեքննություն (այսուհետ նաև՝ հաշվեքն­նություն)՝ հաշվեքննության առարկան կարգավորող իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված չափանիշների և պահանջների պահպանման գնահատում: Գնահատումն իրականացվում է հաշվեքննության առարկայի  իրա­կա­նացման համար իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո.

2) հաշվեքննության առարկա՝ հաշվեքննության օբյեկտի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեություն.

3) հաշվեքննության օբյեկտ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված մարմիններ և հիմնարկներ.

4) ֆինանսատնտեսական գործունեություն` հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական և համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործում.

5) ծրագրային կետ` Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի (այսուհետ նաև` գործունեության ծրագիր) առաջին և երկրորդ մասերի միավորն է, որում նշվում են հաշվեքննության օբյեկտը, առարկան.

6) hաշվեքննության առաջադրանք` Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող փաստաթուղթ, որում նշվում է ծրագրային կետում ներառված հաշվեքննության օբյեկտը, առարկան, կատարման ժամկետը, հաշվեքննությունը ընդգրկող ժամանակաշրջանը, հաշվեքննության տեսակը, ընթացա­կար­գը,  հաշ­վեքննություն իրականացնող պաշտոնատար անձինք, այդ թվում`  հաշվեքննող­ներն ու փորձագետները և մասնագետները.

7) հաշվեքննության տեսակներ` ֆինանսական, համապատաս­խա­նու­թյան,  կատարողականի.

8) hաշվեքննության ընթացակարգեր՝ զննում, դիտարկում, հարցում, արտաքին հաստատում, վերլուծական ընթացակարգ, վերահաշվարկ և վերա­կա­տարում.

9) ստուգում՝ ստուգման առարկան կարգավորող իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանականերում կնքված գործարքներով սահմանված չափանիշների և պահանջների պահպանման գնահատում: Գնահատումն իրականացվում է ստուգման առարկայի  իրակա­նացման համար իրավական ակտերով կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կնքված գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո: Ստուգումն կատարվում է հաշվեքննության օբյեկտին առնչվող իրավաբանական անձանց մոտ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված  դեպքերում, հաշվեքննության տեսակներով ու զննման, դիտարկման, հարցման, արտաքին հաստատման, վերահաշվարկի և վերակատարման  ընթացակարգերով.

10) ստուգման առարկա՝ ստուգման օբյեկտի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեություն.

11) ստուգման օբյեկտ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավաբանական անձ.

12) ստուգման առաջադրանք` Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող փաստաթուղթ, որում նշվում է ծրագրային կետում ներառված հաշվե­քննու­թյան  օբյեկտին առնչվող ստուգման օբյեկտը,  առարկան, կատարման ժամկետը, ստուգումն ընդգրկող ժամանակաշրջանը, հաշվեքննության տեսակը, ընթացա­կար­գը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք, այդ թվում` հաշվեքննողներն ու փորձագետները և մասնագետները.

13) հաշվեքննող՝ հաշվեքննություն, ստուգում իրականացնող Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայող.

14) մասնագետ՝ պայմանագրային կարգով հաշվեքննության, ստուգման գործընթացին ներգրավվող համապատասխան բնագավառի հատուկ մասնա­գի­տական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ.

15) փորձագետ՝ պայմանագրային կարգով հաշվեքննության, ստուգման գործընթացին ներգրավվող հաշվեքննության և ստուգման վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ:

 

Հոդված 3. Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը

 

1. Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է:

 

Հոդված 4. Հաշվեքննիչ պալատի գործառույթները

 

1. Սույն օրենքով սահմանված Հաշվեքննիչ պալատի գործունեու­թյան նպատակի ապահովման համար Հաշվեքննիչ պալատը իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննության իրականացում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ.

2) սույն մասի 1-ին կետում նշված հաշվեքննության շրջանակներում սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում` ստուգման կատարում:

 

Հոդված 5. Հաշվեքննիչ պալատի լիազորությունները

 

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և հիմնարկներում:

2. Հաշվեքննիչ պալատը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվեքննության շրջանակում ստուգում է իրականացնում իրավաբանական անձի մոտ, եթե՝

1) ոչ առևտրային իրավաբանական անձը հիմնադրվել է Արցախի Հանրապետության կամ համայնքի կողմից.

2) առևտրային իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի 50-ից ավելի տոկոսը պետական կամ համայնքային մասնակցությամբ է.

3) իրավաբանական անձին իրավական ակտով և պայմանագրով վերապահվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների իրականացում` պետական կամ համայնքային բյուջեների միջոցների հաշվին` միայն սույն կետով նախատեսված իրավական ակտի և պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար.

4) իրավաբանական անձը պայմանագրով ստացել է պետական բյուջեից վարկեր, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական երաշխիքով ապահովված վարկեր կամ այլ ֆինանսական միջոցներ, միայն այդ միջոցների օգտագործման հետ կապված՝ սույն կետով նախատեսված պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար.

5) իրավաբանական անձը պայմանագրով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների կողմից ստացել է դրամաշնորհներ և սուբսիդիաներ, միայն այդ միջոցների օգտագործման հետ կապված՝ սույն կետով նախատեսված պայմանագրի պահանջների կատարումը ստուգելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով  սահմանված դեպքերում Հաշվեքննիչ պալատը իրավասու է համապատասխանաբար հաշվեքննություն, ստուգում (այսուհետ՝ հաշվեքննություն) իրականացնել ինչպես հաշվեքննության օբյեկտում, այնպես էլ Հաշվեքննիչ պալատի աշխատավայրում: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունն իրականացնում է իր աշխատավայրում՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված իրավաբանական անձանցից Հաշվեքննիչ պալատը իրավասու է փաստաթղթեր կամ տեղեկատվություն պահանջել միայն այն դեպքում, երբ դրանք հասանելի չեն դառնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

4. Եթե հաշվեքննության ընթացքում Հաշվեքննիչ պալատը գալիս է այն հետևության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա համապատասխան նյութերը, Հաշվե­քննիչ պալատի որոշմամբ, անհապաղ, բայց ոչ ուշ, քան որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն: Այդ մասով Հաշվեքննիչ պալատը կարող է դադարեցնել հաշվեքննությունը: Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը տրամադրված նյութերի հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ  գրավոր տեղեկացնում է Հաշվեքննիչ պալատին:

5. Հաշվեքննիչ պալատը ՝

1) Ազգային ժողով է ներկայացնում՝

ա. տարեկան հաղորդում իր գործունեության վերաբերյալ,

բ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն,

գ. սույն օրենքով սահմանված դեպքերում ընթացիկ եզրակացություններ.

2) իրավասու է ուսումնասիրել իր կողմից հաշվեքննվող մարմինների ներքին աուդիտի  համակարգի արդյունավետությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 6. Հաշվեքննիչ պալատի գործառութային անկախության սկզբունքը

 

1. Հաշվեքննիչ պալատն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է հաշվեքննության ենթակա մարմիններից և կազմակերպություններից:

 

Հոդված 7. Հաշվեքննիչ պալատի ֆինանսական անկախության սկզբունքը

 

1. Հաշվեքննիչ պալատի ծախսերը հանդիսանում են պետական բյուջեի ծախսերի բաղկացուցիչ մաս:

2. Հաշվեքննիչ պալատի ֆինանսավորումը պետք է ապահովի Հաշվեքննիչ պալատին վերապահված գործառույթների իրականացումը:

 

Հոդված 8. Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպու­թյան ստանդարտները

 

1. Հաշվեքննիչ պալատը կարող է մշակել ուղեցույցներ, մեթոդաբանություն` առաջնորդվելով Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմա­կեր­պու­­թյան (INTOSAI) ստանդարտներով:

 

Հոդված 9. Մասնագիտական կարողությունների ապահովման և շարունա­կա­կան զարգացման սկզբունքը

 

1. Հաշվեքննիչ պալատը սահմանում է չափորոշիչներ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում աշխատանքի ընդունվողների համար, ինչպես նաև ապահովում է Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների մասնա­գի­տական կարողություն­ների շարունակական զարգացումը:

 

Հոդված 10. Կոլեգիալության սկզբունքը

 

1. Հաշվեքննիչ պալատը կոլեգիալ մարմին է:

 

Հոդված 11. Օբյեկտիվության սկզբունքը

 

1. Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության ողջ գործըն­թացն իրականացվում է օբյեկտիվ` փաստերի հետազոտման, վերլուծության ու եզրահանգման միջոցով:

 

Հոդված 12. Քաղաքական չեզոքության սկզբունքը

 

1. Հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

2. Հաշվեքննիչ պալատը քաղաքական իրադարձություններին և նպատա­կներին որակում չի տալիս: Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերա­բերյալ իրա­վական գնահատական չի տալիս և դրանց հետևանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում:

3. Հաշվեքննիչ պալատի անդամը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:

 

Հոդված 13. Հաշվեքննիչ պալատի գործունեության հրապարակայնության և թափանցիկության սկզբունքը

 

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի 1-13-րդ կետերով սահմանված որոշումները՝ բացառությամբ անհատական իրավական ակտերի, Հաշվեքննիչ պալատի ֆինանսական հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտորական կազմակեր­պության եզրակացությունները ենթակա են հրապարակման՝ բացառությամբ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվության:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հրապարակվում են ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱԶՄԸ, ՆԻՍՏԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄԸ ԵՎ ՆՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ,

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Հոդված 14. Հաշվեքննիչ պալատի կազմը

 

1. Հաշվեքննիչ պալատը կազմված է հինգ անդամից` Հաշվեքննիչ պալատի նախագահից և չորս անդամից:

 

Հոդված 15. Հաշվեքննիչ պալատի նիստերը

 

1. Հաշվեքննիչ պալատն իր գործունեությունը կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի (այսուհետ՝ նիստ) միջոցով: Հերթական նիստերը հրա­վիրվում են ամիսը մեկ անգամ՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից: Արտահերթ նիստ հրավիրվում է Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամի նախաձեռնությամբ:

2. Նիստերի օրակարգը հրապարակվում է նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ Հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում։

3. Նիստերը նախագահում է Հաշվեքննիչ պալատի նախագահը:

4. Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Հաշվեքննիչ պալատի առնվազն երեք անդամ:

5. Նիստում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` առնվազն երեք կողմ ձայնի առկայության դեպքում:

6.  Հաշվեքննիչ պալատի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ, ունի մեկ ձայն և քվեարկում է կողմ կամ դեմ:

7. Հաշվեքննիչ պալատի որոշումները ստորագրում է նիստը նախագահողը: Որոշման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի անդամի կողմից հատուկ կարծիքի առկայության դեպքում կարծիքը կցվում է որոշմանը:

8. Նիստերն արձանագրվում են Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով։ Արձանագրությունները ստորագրում է նիստը նախագահողը։ Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հաշվեքննիչ պալատն իր պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկատվություն` նիստում քննարկված հարցերի և ընդունված որոշումների վերաբերյալ:

9. Հաշվեքննիչ պալատն իր նիստում քննարկում և հաստատում է՝

1) գործունեության ծրագիրը.

2) գործունեության ծրագրում փոփոխությունը և (կամ) լրացումը.

3) պետական բյուջեի  կատարման վերաբերյալ եզրակացությունը.

4) ընթացիկ եզրակացությունները.

5) Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը.

6) Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը, ծախսերի նախահաշիվը և վերջինիս կատարողականը, սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նշված պահուստային ֆոնդից ծախսերի կատարման վերաբերյալ որոշումները.

7)  հաշվեքննության առաջադրանքը.

8) Հաշվեքննիչ պալատի ներքին իրավական ակտերը և դրանցում փոփոխությունները և լրացումները.

9) Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը.

10) Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կանոնադրությունը.

11) հաշվեքննության իրականացման մեթոդաբանությունը և ուղեցույցները, Հաշվեքննիչ պալատի անդամների և հաշվեքննողների էթիկայի կանոնները.

12) Հաշվեքննիչ պալատի աշխատանքներում մասնագետների և փորձագետների ներգրավման կարգը.

13) օրենքով սահմանված այլ հարցեր:

10. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության ընթացքում կամ արդյունքում կարող է հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, ինչպես նաև վերադաս ունենալու դեպքում վերադասին առաջարկել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց, եթե վերջիններս չեն կատարում սույն օրենքի և հաշվեքննություն իրականացնող անձանց՝ սույն օրենքից բխող օրինական պահանջները:

11. Հաշվեքննիչ պալատը լսում է հաշվեքննողների գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները և բավարար հիմքերի առկայության դեպքում ձեռնարկում միջոցներ պատասխանատվություն կիրառելու համար:

 

Հոդված 16.  Հաշվեքննիչ պալատի անդամը

 

1. Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին  համապատասխանող, բարձրագույն կրթություն ունեցող այն քաղաքացին, ով ունի աուդիտորի նվազագույնը  հինգ տարվա աշխատանքային ստաժ, կամ Հաշվեքննիչ պալատի անդամի  նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում  բարձրագույն պաշտոնների կամ գլխավոր պաշտոնների առաջին խմբի նվազագույնը չորս տարվա աշխատանքային ստաժ, կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին՝ ղեկավարի պաշտոնում:

2. Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ Հաշվեքննիչ պալատի նախագահը այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողով: Հաշվեքննիչ պալատի անդամի  վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից ավել ժամանակահատված, Հաշվեքննիչ պալատի նախագահը այդ մասին  հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողով: Այս դեպքում Հաշվեքննիչ պալատի նոր անդամն ընտրվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այն չի համալրվում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից պակաս ժամանակահատված:

3. Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամները ընտրվում են Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

4. Հաշվեքննիչ պալատի անդամ չի կարող ընտրվել այն անձը, ով`

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) ենթարկվել է քրեական պատասխանատվության, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

3) օրենքով սահմանված կարգով զրկված է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

4) ունի հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանված ցանկում նշված ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

5) չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում՝ օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:

5. Հաշվեքննիչ պալատի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնա­կա­ռավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպու­թյունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

6. Հաշվեքննիչ պալատի անդամի  լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված անհամատեղելիության պահանջի խախտման կամ Հաշվեքննիչ պալատի անդամի որևէ կուսակցության անդամ լինելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հրապարակային ելույթներում քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքում:

7. Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարում են՝

1) պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.

2) Հաշվեքննիչ պալատի անդամի հանցագործության կատարման համար դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա.

3) եթե ի հայտ է եկել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որոնց ցանկը համապատասխանում է Կառավարության որոշմամբ հաստատված դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդու­թյունների ցանկին.

4) Հաշվեքննիչ պալատի անդամի հրաժարականի դեպքում.

5) Հաշվեքննիչ պալատի անդամի`Արցախի Հանրապետության քաղաքա­ցիու­թյունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

6) նրա մահվան դեպքում:

8. Հաշվեքննիչ պալատի անդամի հրաժարականի մասին դիմումը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, ինչի մասին տեղեկացվում է Հաշվեքննիչ պալատ. այդ տեղեկությունը տեղադրվում է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունների դադարման այլ հիմքերի ի հայտ գալու պարագայում Հաշվեքննիչ պալատի նախագահն այդ հիմքերն ի հայտ գալու վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Ազգային ժողով։

9. Հաշվեքննիչ պալատի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 17. Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները

 

1. Հաշվեքննիչ պալատի անդամը՝

1) համակարգում է հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի կամ մի քանիսի աշխատանքները.

2) ապահովում է իր համակարգման ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով հաշվեքննության իրականացումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան.

3) սույն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում որոշում է իր համակարգման ներքո գտնվող հաշվեքննություն իրականացնող կառուցված­քային ստորաբաժանումների աշխատանքի կազմակերպման հարցերը և այդ կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության արդյունքների համար Հաշվեքննիչ պալատի առջև կրում է պատասխանատվություն.

4) իր համակարգման ներքո գտնվող կառուցվածքային ստորաբաժա­նումներում ձևավորում է հաշվեքննություն իրականացնող հաշվեքննողների աշխատանքային խմբեր.

5) ստորագրում և Հաշվեքննիչ պալատի հաստատմանն է ներկայացնում իր համակարգման ներքո հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորա­բա­ժանումների հաշվեքննության առաջադրանքների և ընթացիկ եզրակա­ցու­­թյունների նախագծերը.

6) կատարում է Հաշվեքննիչ պալատի որոշմամբ սահմանված հանձնարարություններ.

7) ներկայացնում է Հաշվեքննիչ պալատն իր  լիազորությունների շրջանակում:

 

Հոդված 18. Հաշվեքննիչ պալատի նախագահը

 

1. Հաշվեքննիչ պալատի նախագահը՝

1) ապահովում է Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունը.

2) օրենքով սահմանված կարգով  իր լիազորությունների շրջանակներում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին.

3) իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ.

4) ներկայացնում է Հաշվեքննիչ պալատը Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

5) որոշում է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների համակարգման բաշխվածությունը Հաշվեքննիչ պալատի անդամների միջև.

6) hաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը թափուր լինելու, լիազորու­թյունների իրականացման անհնարինության, ինչպես նաև բացակայության դեպքում Հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունների կատարումը դնում է Հաշվեքննիչ պալատի մեկ այլ անդամի վրա.

7) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Հաշվեքննիչ պալատի նախագահը Հաշվեքննիչ պալատի անդամներից մեկի վրա նախապես դնում է իր բացակայության ժամանակ իրեն փոխարինելու պարտականությունը: Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինողի բացակայության դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինում է Հաշվեքննիչ պալատի անդամի առավել երկար ստաժ ունեցող անդամը:

 

Հոդված 19. Հաշվեքննիչ պալատի գործունեության երաշխիքները

 

1. Հաշվեքննիչ պալատը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսվելու մասին որոշմամբ սահմանված ժամկետում, Հաշվեքննիչ պալատի կանոնակարգին համապատասխան յուրաքանչյուր տարի կազմում ու Կառավարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսա­վորման հայտը (Հաշվեքննիչ պալատի ծախսերի նախահաշվի նախագիծը)` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

2. Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը և դրա վերաբերյալ Կառավարության կողմից կատարված փոփոխությունների հիմնավորումը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:

3. Կառավարությունը բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխություն­ների հիմնավորումը ներկայացնում է Հաշվեքննիչ պալատ:

4. Հաշվեքննիչ պալատի անդամների և աշխատակազմի աշխատողների խրախուսման և համակարգի զարգացման ու չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է պետական բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Հաշվեքննիչ պալատի համար նախատեսված ծախ­սե­րի ընդհանուր գումարի երկու տոկոսին:

5. Հաշվեքննիչ պալատի անդամները և աշխատակազմի աշխատողները սույն հոդվածի 4-րդ մասում նշված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կարող են ստանալ դրամական պարգևներ՝ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 20. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը

 

1. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը օրենքով սահմանված կարգով ստեղծված պետական կառավարչական հիմնարկ է, որը գործում է սույն օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով: Հիմնարկի հիմնադրի լիազորությունները Արցախի Հանրապե­տության անունից իրականացնում է Հաշվեքննիչ պալատը:

2. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում գործում են հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներ, հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:

3.  Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը:

 

Հոդված 21. Հաշվեքննիչ պալատի գործունեության աուդիտը

 

1. Հաշվեքննիչ պալատն իր գործունեությունն իրականացնում է օրինականության և տնտեսման, նպատակային ու ծախսային արդյունա­վե­տության սկզբունքների համաձայն:

2. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունները  ենթակա են ամենամյա աուդիտի` մրցութային հիմունքներով ընտրված արտա­քին աուդիտորական կազմակերպության կողմից:

3. Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող արտաքին աուդիտորական կազմակերպության մրցույթը կազմակերպում է Ազգային ժողովի աշխատակազմը՝ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Հոդված 22. Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը

 

1. Հաշվեքննիչ պալատի գործունեության ներքին ընթացակարգը, հաշվե­քննության կազմակերպման և իրականացման ներքին ընթացակարգերը, աշխատա­կազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջև պարտականու­թյունների բաշխումը, այդ հարցերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև գործունեության ծրագրի, գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության և ընթացիկ եզրակացության ձևանմուշները սահմանվում են Հաշվեքննիչ պալատի կանոնակարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԸՆԹԱՑԻԿ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 23. Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագիրը

 

1. Յուրաքանչյուր տարի Հաշվեքննիչ պալատը հաստատում է գործունեության ծրագիրը մեկ տարվա համար՝ Հաշվեքննիչ պալատի նախորդ գործունեության ծրագրի ավարտման ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ։

2. Գործունեության ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից՝

1) պետական բյուջեի երեք, վեց, ինը ամիսների և տարեկան կատարման հաշվեքննություն.

2) հաշվեքննություն՝ ըստ հաշվեքննության առարկայի, հաշվեքննվող օբյեկտի.

3) սույն օրենքով Հաշվեքննիչ պալատին վերապահված այլ հարցեր՝ ըստ անհրաժեշտության:

3. Հաշվեքննիչ պալատն իրավասու է գործունեության ծրագրի երկրորդ մասում իրականացնել հիմնավորված փոփոխություն և (կամ) լրացում: Դրա վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

4. Գործունեության ծրագրի առաջին և երկրորդ մասերով նախատեսված ծրագրային կետի կատարումը տվյալ տարում չավարտվելու դեպքում տեղա­փոխվում է հաջորդ տարի:

 

Հոդված 24. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը

 

1. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվեքննության ավարտից հետո ընթացիկ եզրակացության նախագիծը ներկայացնում է տվյալ կառուցված­քա­յին  ստորա­բաժանման գործունեությունը համակարգող Հաշվեքննիչ  պալատի անդամին՝ ստորագրման:

2. Ընթացիկ եզրակացության նախագիծը Հաշվեքննիչ պալատի անդամի կողմից ստորագրվելուց հետո ներկայացվում է Հաշվեքննիչ պալատի հաստատմանը: Ընթացիկ եզրակացության նախագծի հետ միասին պալատ են ներկայացվում նաև վերջինիս կազմման համար հիմք հանդիսացող հաշվեքննության արձանագրությունները և դրանց վերաբերյալ հաշվեքննության օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի  առարկություններն ու բացատրությունները:

3. Ընթացիկ եզրակացության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատը որոշում է կայացնում դրա նախագիծը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի երեք, վեց և ինը ամիսների կատարման վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները, համապատասխանաբար այդ ժամանակահատվածների ավարտման օրվանից հետո՝ չորս ամսվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով:

5. Գործունեության ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետի կատարման արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունն ըստ անհրա­ժեշտության ներառում է՝

1) գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնա­բերելու մասին.

2) գրառում` անհամապատասխանության կամ խեղաթյուրման վերաբերյալ.

3) առաջարկություններ` հաշվեքննության օբյեկտի ղեկավարությանը և այլ շահագրգիռ կողմերին.

4) հաշվեքննության արձանագրությունների վերաբերյալ հաշվեքննության օբյեկտների ղեկավարների ներկայացրած առարկությունները և բացատրու­թյուն­ները.

5) եզրակացություններ.

6) այլ տեղեկատվություն:

6. Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետի հաշվեքննության արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունը հաստատվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է ծրագրային կետում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարին, որը ընթացիկ եզրակացությունը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հաշվեքննիչ պալատին տրամադրում է ընթացիկ եզրակացությունում ամրագրված անհամապատասխանության, խեղաթյուրման վերացման, առա­ջարկու­թյունների իրականացման և ընթացիկ եզրակացությանը վերաբերող այլ գրավոր տեղեկատվություն:

7. Հաշվեքննիչ պալատը սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվու­թյունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այն ներկայացնում է Ազգային ժողով և Հանրապետության նախագահին:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված տեղեկատվության տրամադրման պահանջի խախտման դեպքում Հաշվեքննիչ պալատը՝ նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դրա վերաբերյալ տեղեկացնում է Ազգային ժողովին և Հանրապետության նախագահին:

 

Հոդված 25. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը

 

1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը կազմվում է հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության միջոցով` օգտագործելով նույն տարվա պետական բյուջեի երեք, վեց և ինը  ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատաս­խանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները:

2. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը, ինչպես նաև պետական բյուջեի երեք, վեց և ինը ամիսների կատարման վերա­բերյալ ընթացիկ եզրակացությունները բաղկացած են հետևյալ մասերից՝

1) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաև առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք, որն, ըստ անհրաժեշտության, ներառում է՝

ա. դրական եզրահանգում, եթե ստացվել է  բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար և էական խեղաթյուրումներ չեն հայտնաբերվել,

բ. ոչ լիարժեք եզրահանգում, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած չեն և հաշվետվություն­ներն էականորեն խեղաթյուրված են կամ հայտնաբերվել են էական խեղաթյուրում­ներ, դրանց հետևանքները համատարած չեն և անհնար է ստանալ բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար,

գ. բացասական եզրահանգում, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած են և հաշվետվություն­ներն էականորեն խեղաթյուրված են,

դ. հրաժարում եզրահանգում ներկայացնելուց, եթե հայտնաբերվել են էական խեղաթյուրումներ, դրանց հետևանքները համատարած են և անհնար է ստանալ բավարար տեղեկատվություն հաշվեքննություն իրականացնելու համար:

3. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվեքննության ավարտից հետո պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության նախագիծը ներկայացնում է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին՝ ստորագրման: Եզրակացության նախագիծը Հաշվեքննիչ պալատի անդամի կողմից ստորագրվելուց հետո ներկայացվում է Հաշվեքննիչ պալատի հաստատմանը:

Պետական բյուջեի կատարման վերաբերյալ  եզրակացության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատը որոշում է կայացնում դրա նախագիծը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում:

4. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը Ազգային ժողով ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում։

5. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը Ազգային ժողովում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի տարեկան կատարողականի քննարկման ընթացքում:

 

Հոդված 26. Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

 

1. Տարեկան հաղորդումը ներառում է՝

1) պետական բյուջեի կատարողականի հաշվեքննության հետ կապված նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն.

2) ամփոփ տեղեկատվություն գործունեության ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետերի կատարման վերաբերյալ.

3) արտաքին աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացությունը և այլ տեղեկություններ, որոնք Հաշվեքննիչ պալատը անհրաժեշտ է համարում:

2. Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

3. Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովում՝ առանց որոշում ընդունելու:

 

Հոդված 27. Հաշվեքննությունների վերլուծությունների արդյունքների հրա­պա­րա­կայ­նացումը

 

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության արդյունքների վերլուծության հիման վրա քննարկում է անհամապատասխանությունների և խեղաթյուրումների պատճառները, որի արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին կարող է ներկայացնել առաջարկություններ, այդ թվում` Արցախի Հանրապետության իրավական ակտերի փոփոխման և (կամ) լրացման վերաբերյալ:

2. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության արդյունքների վերլուծության հիման վրա կարող է առաջարկություններ ներկայացնել նաև բյուջետային ծրագրերում նկարագրված ոչ ֆինանսական չափորոշիչների բարելավման վերաբերյալ:

3. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունների վերլուծության արդյունքում պարզում է օրինական և արդյունավետ կառավարման դրսևորումները, հաճախ հանդիպող անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում Հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Հոդված 28. Հաշվեքննիչ պալատի կողմից տեղեկատվության տրամադրման կարգը

 

1. Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագիրը, ընթացիկ եզրակա­ցությունները,  պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը և իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Ազգային ժողով և Հանրապետության նախագահին, միաժա­մանակ դրանք տեղադրում է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնե­տային կայքում:

2. Մինչև Հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, Հաշվեքննիչ պալատի անդամներին, հաշվեքննողներին, Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին, ներգրավված մասնագետներին ու փորձագետներին և հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է հաշվեքննության վերաբերյալ որևէ ձևով նախնական գնահատականների և եզրակացությունների հրապարակումը։

 

Գ Լ ՈՒ Խ 5 
ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ՀԱՇՎԵՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 29. Հաշվեքննության նպատակը

 

1. Հաշվեքննության նպատակն է պարզել հաշվեքննության առարկայի օրինականության ու տնտեսման, նպատակային և ծախսային  արդյունա­վե­տության սկզբունքների պահպանումը։

2. Հաշվեքննության իրականացմամբ Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրում է հաշվեքննության օբյեկտի ներքին աուդիտի համակարգի արդյունա­վետությունը: Ներքին աուդիտի համակարգը արդյունավետ գնահատելու դեպքում Հաշվեքննիչ պալատը կարող է հիմնվել վերջինիս արձանագրած արդյունքների վրա:

 

Հոդված 30. Հաշվեքննության իրականացման համար անհրաժեշտ տեղեկա­տվության մատչելիությունը

 

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվեքննության օբյեկտներին պատկանող պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներին, ստացված փոխառություններին ու վարկերին, պետական և համայնքային սեփականության օգտագործմանն առնչվող տեղեկատվությունը Հաշվեքննիչ պալատին տրամադրվում է Հաշվեքննիչ պալատի հարցման հիման վրա էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ՝ հարցումը ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել ևս 15 օրով՝ էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով։

 

Հոդված 31. Հաշվեքննության տեսակները և ընթացակարգերը

 

1. Հաշվեքննության տեսակներն են`

1) ֆինանսական հաշվեքննություն՝ Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության տեսակ, որի միջոցով որոշվում է պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման ընթացքում ֆինանսական փաստաթղթերի վարման պահանջների կատարումը և դրա արդյունքում ձևավորված հաշվետվությունների արժանահավատությունը.

2) համապատաuխանության հաշվեքննություն՝ Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության տեսակ, որի միջոցով որոշվում է պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման համապատաuխանությունն իրավական ակտերին, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանականերում կնքված այլ գործարքներով սահմանված չափանիշներին և պահանջներին.

3) կատարողականի հաշվեքննություն` Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող  հաշվեքննության տեսակ, որի միջոցով որոշվում է պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման տնտեսող, նպատակային և ծախսային արդյունավետ լինելը:

2. Կատարողականի հաշվեքննության սկզբունքները՝

1) տնտեսում՝ կատարողականի հաշվեքննության սկզբունք, որով գնահատ­վում է, թե ինչքանով են նվազագույնի հասցվել նախատեսված (ձեռքբերվող) ռեսուրսներին ուղղված ծախսերը` սահմանված ժամկետի, որակի, քանակի, ծավալի պահպանմամբ և համարժեք հատուցմամբ.

2) նպատակային արդյունավետություն (արդյունավետություն)՝ կատարո­ղա­կանի հաշվեքննության սկզբունք, որով գնահատվում է սահմանված նպա­տակների իրականա­ցումը և պլանավորված արդյունքների ստացումը.

3) ծախսային արդյունավետություն (օգտավետություն)՝ կատարողականի հաշվեքննության սկզբունք, որով գնահատվում է նախատեսված ռեսուրսների օգտագործմամբ համապատասխան որակով, քանակով և ժամկետում առավելա­գույն արդյունքների ստացումը:

3. Հաշվեքննության ընթացակարգերը՝

 1) զննում՝ հաշվեքննության  իրականացման ընթացակարգ, որը նախա­տեսում է հաշվեքննության առարկայի վերաբերյալ էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացված փաստաթղթերի և գրանցումների, ինչպես նաև ակտիվների, կատարված աշխատանքի, մատուցված ծառայության և մատակարարված ապրանքի փաստացի վիճակի ուսումնասիրություն.

2) դիտարկում` հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որը նախատեսում է հաշվեքննության օբյեկտում ականատես լինել հաշվեքննության օբյեկտի պատասխանատու անձանց կողմից հաշվեքննության առարկային վերաբերող գործընթացի կամ ընթացակարգի կատարմանը.

3) հարցում՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որով հաշվե­քննու­թյան  օբյեկտի պատասխանատու անձանց գրավոր և բանավոր կարգով ներկայացվում է տեղեկատվության ստացման պահանջ.

4) արտաքին հաստատում` հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որը նախատեսում  է սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացում` որպես Հաշվեքննիչ պալատի  հարցման պատասխան.

5) վերլուծական ընթացակարգ՝ հաշվեքննության իրականացման ընթացա­կարգ, որով ֆինանսական և  ոչ ֆինանսական  ցուցանիշները գնահատվում են իրենց հետ փոխկապակցված  այլ տվյալների համեմատման և համադրման միջոցով.

6) վերահաշվարկ՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որը նախատեսում է ելակետային տվյալների հիման վրա հաշվարկի ճշտության պարզում,

7) վերակատարում՝ հաշվեքննության իրականացման ընթացակարգ, որով հաշվեքննողները վերարտադրում են հաշվեքննության օբյեկտի հսկողության գործընթացները:

4. Հաշվեքննիչ պալատն իր գործունեության ընթացքում ազատ է հաշվեքն­նության տեսակի և ընթացակարգի ընտրության հարցում, բացառությամբ, եթե սույն օրենքով սահմանված է տվյալ հաշվեքննության առարկայի համար հաշվեքննության որոշակի տեսակ կամ ընթացակարգ:

 

Հոդված 32. Հաշվեքննության իրականացման կարգը

 

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունը կազմակերպում և իրակա­նացնում է սույն օրենքի պահանջներին համապատասխան: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու հիմնարկ­ներում  իրա­կանացվող հաշվեքննության արդյունքում կազմվում է եզրակացություն կամ ընթացիկ եզրակացություն։ Իրավաբանական անձանց մոտ իրականացվող հաշվեքննության արդյունքում կազմվում է հաշվեքննության արձանագրություն։

2. Հաշվեքննությունն իրականացվում է Հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաստատված հաշվեքննության առաջադրանքի հիման վրա:

3. Հաշվեքննության առաջադրանքի նախագիծը կազմում է համապատաս­խան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին` ստորագրության: Կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամը հաշվեքննության առաջադրանքի նախագիծը ներկայացնում է Հաշվեքննիչ պալատի հաստատմանը:

4. Հաշվեքննիչ պալատը գործունեության ծրագրի երկրորդ մասի ծրագրային կետի կատարումը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ, իսկ գործունեության ծրագրում ավելացված նոր ծրագրային կետի դեպքում` ծրագրային կետի ավելացման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հաշվեքննությունը սկսելուց յոթ աշխատանքային օր առաջ հաշվեքննության օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին պատշաճ ձևով տեղեկացնում է հաշվեքննության անցկացման մասին:

5. Հաշվեքննության խմբի աշխատանքները ղեկավարում է հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը: Հաշվեքննության առաջադրանքի մեջ չնշված անձինք չեն կարող մասնակցել հաշվեքննությանը:

6. Հաշվեքննության առաջադրանքում նշված օբյեկտում զննման և դիտարկման ընթացակարգի իրականացման ժամկետը սահմանվում է մինչև 24 աշխատանքային օր, որը հաշվեքննության ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 12 աշխատանքային օրով` Հաշվեքննիչ պալատի  որոշմամբ:

7. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների կատարման անհնարինության, ինչպես նաև հաշվե­քննության ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանի որոշման հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի դեպքում Հաշվեքննիչ պալատի որոշմամբ հաշվեքննությունը կասեցվում է: Կասեցման հիմքերի վերացումից հետո, Հաշվեքննիչ պալատի որոշմամբ, հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով:

 

Հոդված 33. Հաշվեքննության արձանագրությունը

 

1. Հաշվեքննողն արձանագրում է հաշվեքննության արդյունքները, դրա վերաբերյալ կազմում և իր ստորագրությամբ հաստատում է հաշվեքննության արձանագրությունը: Հաշվեքննության արձանագրությունը ստորագրած հաշվե­քննողը պատասխա­նատվություն է կրում դրանում արձանագրված տեղե­կա­տվության արժանահավատության և ամբողջականության համար:

2. Հաշվեքննության արձանագրությունն ըստ անհրաժշտության ներառում է՝

1) գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնա­բե­րելու մասին.

2) գրառում` անհամապատասխանության կամ խեղաթյուրման վերաբերյալ.

3) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

3. Ծանոթացման և ստորագրման նպատակով հաշվեքննության արձա­նագրու­­թյունը ներկայացվում է հաշվեքննության կամ ստուգման առաջա­դրանքում նշված հա­մապա­տասխան հաշվեքննության օբյեկտի ղեկավա­րին, որը հաշվեքննության արձանագրությունը ստանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում, համաձայնության դեպքում, ստորագրում է այն կամ գրավոր ներկայացնում է առարկություններ և բացատրություններ` կազմված հաշվեքննու­թյան արձանագրությունում նշված անհամապատասխանությունների կամ խեղաթյուրումների, ինչպես նաև այլ տեղեկատվության վերաբերյալ, որոնք կցվում են հաշվեքննության արձանագրությանը:

4. Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվեքննության արդյունքում կազմված հաշվեքննության արձանագրությունը և դրա վերաբերյալ առարկությունները և բացատրությունները ներկայացնում է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին:

5. Հաշվեքննության ընթացքում կազմվող հաշվեքննության արձանա­գրություն­ները հանդիսանում են ընթացիկ եզրակացության հիմք:

 

Հոդված 34.  Հաշվեքննողի լիազորությունները

 

1. Հաշվեքննողը իրավասու է տվյալ ծրագրային կետի շրջանակներում՝

1) իրականացնել հաշվեքննություն.

2) հաշվեքննության օբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջել հաշվեքննության առարկային առնչվող առկա էլեկտրոնային շտեմարանների հասանելիություն, փաստաթղթեր, անհրաժեշտ տեղեկանքներ, տեղեկատվություն, հաշվապահական հաշվետվություններ,  դրանցից դուրս գրել տեղեկություններ և ստանալ պարզաբանումներ: Օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությանը հաշվեքննողը  կարող է ծանոթանալ տվյալ գաղտնիքի համար օրենքով սահմանված դեպքում և կարգով.

3) հաշվեքննության ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ հաշվեքննվող օբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից ստանալ գրավոր, բանավոր բացատրություններ.

4) մուտք գործել հաշվեքննության օբյեկտի տարածքներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

5) անհրաժեշտւթյան դեպքում հաշվեքննության գործընթացին ներգրավել հաշվեքննության օբյեկտի մասնագետներին՝ հաշվեքննության օբյեկտի ղեկա­վա­րի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ:

2. Հաշվեքննողը պարտավոր չէ բացատրություններ տալ հաշվեքննության ընթացքի վերաբերյալ՝ բացառությամբ հաշվեքննության վերաբերյալ հանձնա­րարու­թյուններ տալու իրավասություն ունեցող անձանց պահանջի դեպքում:

3. Հաշվեքննիչ պալատը իրավասու է հաշվեքննվող օբյեկտից պահանջել և ստանալ հաշվեքննության առարկայի շրջանակներում կնքված պայմանագիրը, ինչպես նաև դրանցից բխող այն փաստաթղթերը, որոնք պայմանագրի կամ գործարքի մյուս կողմը պարտավոր է տրամադրել հաշվեքննվող օբյեկտին:

4. Հաշվեքննողը պարտավոր է՝

1) հաշվեքննությունը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ հաշվեքննության  օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին ներկայացնել հաշվեքննության առաջադրանքը.

2) անաչառ և համակողմանի հավաքագրել և արձանագրել հաշվեքննության առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը.

3) իրականացնել հաշվեքննության գործընթացի փաստաթղթավորում.

4) չխոչընդոտել հաշվեքննության օբյեկտի բնականոն աշխատանքին.

5) հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել հաշվեքննու­թյանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին.

6) հաշվեքննության օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին ծանոթացնել հաշվեքննության արդյունքներին.

7) հաշվեքննության ընթացքում հանցագործության ակնհայտ հատկանիշ­ների կասկածի ի հայտ գալու պարագայում անհապաղ տեղեկացնել Հաշվեքննիչ պալատ։

 

Հոդված 35. Մասնագետը և փորձագետը

 

1. Հաշվեքննիչ պալատն իրավասու է սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրային հիմունքներով հաշվեքննության գործընթացում ներգրավել համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետ կամ հաշվեքննության վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետ:

2. Մասնագետը կամ փորձագետը իրավասու է հաշվեքննության ընթացքում իրականացնել սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված իրավունքները և պետք է կրի 34-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պարտականությունները:

 

Հոդված 36. Հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց իրավունք­ները, պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Հաշվեքննության կամ ստուգման առաջադրանքում նշված համապատաս­խան հաշվեքննության օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնա­տար անձը, իսկ իրավաբանական անձանց մոտ հաշվեքննության իրականացման դեպքում` նաև համապատասխան ծրագրային կետում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձն  իրավասու է՝

1) ծանոթանալու հաշվեքննության արձանագրությանը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հաշվեքննողների գործողությունները:

2. Հաշվեքննության օբյեկտի ղեկավարը իրավասու է հաշվեքննության արձանագրության վերաբերյալ սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով ներկայացնել առարկություններ և բացատրություններ:

3. Հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

1) անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ստեղծել հաշվեքննող­ների  գործունեության համար.

2) հաշվեքննության ընթացքում հաշվեքննողի պահանջով երեք աշխատանքային օրվա ընթացքում  տրամադրել հաշվեքննության առարկայի վերաբերյալ առկա և հասանելի ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն, փաստաթղթեր և գրանցումներ.

3) հաշվեքննության ընթացքում անհապաղ տեղեկացնել հաշվեքննողին տրամադրված տեղեկատվության, փաստաթղթերի և գրանցումների ցանկացած փոփոխության և լրացումների մասին.

4) չխոչընդոտել հաշվեքննության ընթացքին, կատարել հաշվեքննողների օրինական պահանջները:

4. Ծրագրային կետում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարը պարտավոր է երեսնօրյա ժամկետում Հաշվեքննիչ պալատին տրամադրել ընթացիկ եզրակացությունում արձանագրված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների վերացման, առաջարկությունների իրականացման և ընթացիկ եզրակացությանը վերաբերող այլ գրավոր տեղեկատվություն:

5. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների` հաշվեքննությանը վերաբերող օրինական պահանջները պարտադիր են հաշվեքննության օբյեկտի ղեկավար և այլ պաշտոնատար անձանց համար:

 

Գ Լ ՈԻ Խ 6

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 37. Հաշվեքննիչ պալատի համագործակցությունը այլ մարմինների հետ

 

1. Հաշվեքննության իրականացման համար Հաշվեքննիչ պալատը կարող է օգտագործել հաշվեքննվող օբյեկտի ներքին աուդիտի արդյունքները: Այդ նպատակով Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրում է հաշվեքննվող օբյեկտի ներքին աուդիտի համակարգի արդյունավետությունը և ներկայացնում է առաջարկություններ դրա բարելավման համար:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց կառուց­վածքում գործող ներքին աուդիտի ստորաբաժանումների կարողությունների զարգացման և գործնական խնդիրների լուծման հարցում կարող են համագոր­ծակցել Հաշվեքննիչ պալատի հետ:

3. Հաշվեքննիչ պալատի հարցման դեպքում Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները տրամադրում են տեղեկատվություն իրենց կողմից հաշվեքննության օբյեկտի կամ հաշվեքննության առարկայի՝ հաշվեքննությունը ընդգրկող ժամանակաշրջանի վերաբերյալ իրականացրած վերահսկո­ղության, հսկողության, ստուգումների, ներքին աուդիտի արդյունքների մասին կամ Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննությանը վերաբերվող պահանջված այլ տեղեկատվություն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

 

Հոդված 38. Միջազգային համագործակցությունը

 

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության և դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցում է արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդի­տո­րական մարմինների և նրանց միջազգային կազմակերպությունների հետ:

 

Գ Լ ՈՒ Խ 7

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 39. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում պետական ծառայու­թյունը

 

1. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական ծառայողներ: Հաշվեքննիչ պալատում քաղաքացիական ծառայու­թյունը Հաշվեքննիչ պալատում քաղաքացիական ծառայողի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահ­մաններում Հաշվեքննիչ պալատի գործառույթներն իրականացնելու նպատա­կով Հաշվեքննիչ պալատում կազմակերպվող մասնագիտական  գործունեություն է:

2. Հաշվեքննիչ պալատում քաղաքացիական ծառայությանը վերաբերող սույն օրենքով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ:

 

Հոդված 40. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների վարձա­տրու­թյունը

 

1. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ 8

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 41. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապե­տության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ  սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «երեք, վեց, ինը ամիսների և» բառերի, 24-րդ հոդվածի 4-րդ մասի և 25-րդ հոդվածի 1-ին մասի «՝ օգտագործելով նույն տարվա պետական բյուջեի երեք, վեց և ինը  ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները» բառերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագրի  վրա: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հաշվեքննիչ պալատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը շարունակելու է իրականացնել «Վերահսկիչ պալատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթներով սահմանված կարգով:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Վերահսկիչ պալատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-87 օրենքը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների, որոնք ուժը կորցնում են 2018 թվականի հունվարի 1-ից:

3. Հաշվեքննիչ պալատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը տրամադրելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների համաձայն:

4. Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը, աշխատակազմի կանոնա­դրու­թյունը, հաստիքացուցակը, պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

 

Հոդված 42. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի և խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան վերահսկիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ ու անդամներ մինչև իրենց լիազորությունների՝ 2006 թվականի Սահմանադրությամբ և օրենքով սահմանված ժամկետի ավարտը:

 

Հոդված 43. Հաշվեքննիչ պալատի իրավահաջորդությունը

 

1. Հաշվեքննիչ պալատը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավահաջորդը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի աշխատողները համարվում են Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի աշխատողներ:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հաշվեքննիչ պալատը շարունակում է իրագործել Ազգային ժողովի կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը,  իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացնում Հաշվեքննիչ պալատը:

4. Հաշվեքննիչ պալատի տարեկան առաջին հաղորդումն իր մեջ պարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի վերջին տարեկան գործունեության ծրագրով նախատեսված ծրագրային հարցերով սահմանված վերահսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկա­տվություն:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ      

 

 

 

2017թ. հուլիսի 25

Ստեփանակերտ

ՀՕ-12-Ն