ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովում քննարկվել է Հանրապետության նախագահի առաջիկա ընտրության թեման
06 հուլիսի 2017

 

Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հուլիսի 6-ին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են առաջիկայում Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությանների նախապատրաստության հարցերը:

Սահմանադրության 168-րդ հոդվածի և Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուներին առաջադրելու են Ազգային ժողովի խմբակցությունները: Խորհրդարանի կողմից ընտրված Նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

Ներկայացնելով առաջիկա ընտրական գործընթացի ժամանակացույցը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է:

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև թեկնածուների առաջադրման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը: Առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին:

ԼՈՒՐԵՐ