ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության տարեկան հաղորդում
30 հունիսի 2017

Հարգելի՛ գործընկերներ,

Այս նիստով մենք եզրափակում ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի աշխատանքները:

ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն ձեր ուշադրությանն եմ ներկայացնում խորհրդարանի 2016-2017թթ. տարեկան հաղորդումը: Ամփոփելով մեր համատեղ աշխատանքի արդյունքները` արձանագրենք, որ հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովում գումարվել է 14 լիագումար նիստ, շրջանառության մեջ է դրվել 58 օրինագիծ (որից 1-ը՝ Հանրապետության նախագահի, 50-ը՝ Կառավարության կողմից, 7-ը՝ պատգամավորական նախաձեռնությամբ):  Շրջանառությունից հանվել է 1 պատգամավորական նախաձեռնություն, հաջորդ նստաշրջան է տեղափոխվել 20 նախագիծ: Ընդունվել է 37 օրենք, որից 10-ը մայր օրենք:

Ըստ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունների՝  հաշվետու ժամանակահատվածում ընդունված օրենքների քանակական պատկերն այսպիսին է.

  • ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողով՝ 16 օրենք, որից 3-ը՝ մայր օրենք.
  • պետական-իրավական հարցերի հանձնաժողով ՝ 7 օրենք, որից 4-ը՝ մայր օրենք.
  • արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողով՝ 5 օրենք, որից 3-ը՝ մայր օրենք.
  • սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողով ՝ 5 օրենք,
  • պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողով ` 4 օրենք,
  • գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում օրենքի նախագծեր չեն ներկայացվել:

Ոչ օրենսդրական հարցերի մասով երկու նստաշրջանների ընթացքում ի գիտություն ընդունվել կամ հաստատվել են մի շարք ամենամյա ծրագրեր, հաշվետվություններ և հաղորդումներ։ Այս պահի դրությամբ ԱԺ ընդունած ոչ մի օրենք հետ չի վերադարձվել։

Հունիսի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ «Քրդական հիմնախնդիրը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով:

Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել են 252 ելից նամակ և գրություն, Աժ մուտք է գործել 554 պաշտոնական նամակ և գրություն, ստացվել են քաղաքացիների 138 դիմում, որից 81-ը բավարարվել է: Արձակվել են ԱԺ նախագահի 53 հրաման և 70 կարգադրություն (ընդհանուր՝ 123), ԱԺ աշխատակազմի ղեկավարի 115 հրաման: Գործուղումների թիվը կազմել է 102, այդ թվում Հայաստանի Հանրապետություն՝ 92, արտերկիր՝ 10:

Տարվա կտրվածքով Ազգային ժողովում հավատարմագրվել են 18 լրագրող, 2 հեռուստաօպերատոր, 1 լուսանկարիչ՝ 8 լրատվամիջոցներից: Իրականացվել է խորհրդարանի աշխատանքների պատշաճ լուսաբանում պաշտոնական կայքի, սոցիալական ցանցերի և հանրային հեռուստատեսության միջոցով.

Սույն թվականի հունիսի 28-ի դրությամբ հեռարձակվել են խորհրդարանկան ժամի 9 և հարցուպատասխանի 5 հաղորդումներ:

Նշված ժամանակահատվածում ԱԺ մամուլի ծառայության գործունեության մասին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ:

2016-2017թթ. ընթացքում խորհրդարանը շարունակել է ընդլայնել արտաքին կապերն ու շփումները՝ հյուրընկալելով տարբեր երկրների քաղաքական գործիչների ու խորհրդարանականների: Քանի որ 4-րդ նստաշրջանի ամփոփման ժամանակ ներկայացվել է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին միջխորհրդարանական հարաբերությունների մասին տեղեկատվությունը, այժմ ներկայացնենք միայն 5-րդ նստաշրջանի ընթացքում այս ուղղությամբ կատարված աշխատանքները:

Մասնավորապես նշենք՝

  • Սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելությամբ Արգենտինայից, ԱՄՆ-ից, Բոլիվիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Բրազիլիայից, Բասկերի երկրից, Իսպանիայից, Կանադայից, Հայաստանի Հանրապետությունից, Մեքսիկայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուրուգվայից, Ֆրանսիայից, Աբխազիայից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից Արցախ ժամանած միջազգային պատվիրակությունների և Եվրախորհրդարանի պատգամավորների այցը խորհրդարան:
  • Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆի, Էմանուել դե Բոկի և Պիեռ Կոմպանիի ընդունելությունը Ազգային ժողովում:
  • Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր  Յորիս Պոշետի այցը Ազգային ժողով և հանդիպումը «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի հետ:
  • ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և նրա գլխավորած պատվիրակության այցը Արցախ և ընդլայնված կազմով հանդիպումը խորհրդարանականների հետ:
  • Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների, Հայաստանի Հանրապետության Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամների, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և Առաջնորդության դպրոց հիմնադրամի մասնակիցների ընդունելությունը խորհրդարանում:
  • ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումները Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ:

         Հարկ է նշել նաև, որ Արցախի խորհրդարանական պատվիրակությունները դիտորդական առաքելություն են իրականացրել մարտի 12-ին Աբխազիայի Հանրապետությունում, ապրիլի 2-ին՝ Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններին և ապրիլի 9-ին՝ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին:

         Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որպես համակազմակերպիչ է հանդես եկել հունիսի 16-18 Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին:

Այս նստաշրջանում, Հայաստանում խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ չի անցկացվել, սակայն ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն ունենք՝ նիստը սույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կազմակերպելու մասին:

Ընդհանուր առմամբ, այսպիսին է անցած ժամանակահատվածում Ազգային ժողովի գործունեության  համառոտ պատկերը։

Նստաշրջանի ավարտը դեռ չի նշանակում ամառային արձակուրդների սկիզբ. ուզում եմ հիշեցնել, որ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության դրույթների կատարմամբ պայմանավորված՝ հուլիսի երկրորդ կեսին, տեղի կունենա Խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրության ընթացակարգը, որի նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն արդեն հուլիսի 5-ից:

Հավանաբար, նույն ժամկետներում մենք կարիք կունենանք արտահերթ նստաշրջան հրավիրելու, որպեսզի քննարկենք հետսահմանադրական գործընթացների շրջանակներում ներկայացված երկու օրինագծերը՝ այսօր առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգիրքն ու Հաշվեքննիչ պալատի մասին նախագծերի փաթեթը՝ հաշվի առնելով, որ այս երկու օրենքները պետք է ընդունվեն մինչև սեպտեմբերի 1-ը:

Հարգելի գործընկերներ,

Հինգերորդ նստաշրջանի ընթացքում լրացավ 6-րդ գումարման Արցախի Հանրապետության խորհրդարանի գործունեության երկու տարին: Եվ այս ժամանակահատվածում կատարված աշխատանքի վերլուծությունն ընդհանրական պատկերի մեջ կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ գործող Ազգային ժողովը մտել է բնականոն գործունեության հուն, որն անպայման պետք է ունենա իր շարունակությունը: Վստահ եմ, որ մեր կամքն ու նպատակադրությունը բավարար է առկա և ծագող մարտահրավերներին պատվով դիմակայելու համար:

ԼՈՒՐԵՐ