ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովում հյուրընկալել են Ավիգդոր Էսկինին
27 հունիսի 2017

Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել են իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրը կարևորել է հայ ժողովրդի հետ ունեցած իր բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Արցախ է ժամանել  այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաև այցից ստացած տպավորությունները իր հայրենակիցների հետ կիսվելու համար:

«Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան պատմելու, այլ հիմնականում սովորելու համար: Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, արժանի է մեծ ուշադրության և հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,- նշել է Ավիգդոր Էսկինը:

Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ քաղաքագետը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումներին, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հրեական հայրենադարձության հաջողված փորձը Հայաստանում և Արցախում կիրառելու անհրաժեշտությանը և մի շարք այլ թեմաների:

Հյուրին ուղեկցել և պատգամավորներին է ներկայացրել Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

ԼՈՒՐԵՐ