ԼՈՒՐԵՐ
Տեղի կունենա ԱԺ հերթական լիագումար նիստը
27 հունիսի 2017

Հունիսի 27-ին Արցախի Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները:

Շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի պատրաստվածության մասին տեղեկություններ են հաղորդել գլխադասային հանձնաժողովների ղեկավարները, ովքեր հաղորդումներ են ներկայացրել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովներում այսօր տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին: Ներկայացված հաղորդումների համաձայն՝ մշտական հանձնաժողովները դրական եզրակացություններ են տվել քննարկման ենթակա օրինագծերին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը տեղի կունենա հունիսի 28-ին ժամը 11:00-ին: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ժամը 13:00-ին կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: 

ԼՈՒՐԵՐ