ԼՈՒՐԵՐ
Ստեփանակերտում մեկնարկել է հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը
16 հունիսի 2017

 

Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել hայկական կուսակցությունների երրորդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված դաշինքների և վերջիններիս մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խոշոր արտախորհրդարանական քաղաքական ուժերը և Արցախի Հանրապետության խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը:

Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Բացելով համաժողովը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հայկական կուսակցությունների հերթական համաժողովի անցկացումը փաստում է, որ հաջողվել է պարբերաբար Արցախում քաղաքական ուժերի հանդիպում հրավիրելու հինգ տարի առաջ հայտարարված նպատակը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը համաժողովի  մասնակիցներին է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Անհրաժեշտ է մեր քաղաքական մշակույթի մեջ խարսխվել հետևյալ սկզբունքով. քաղաքական դաշտում տիրող բազմակարծությունը բնավ խոչընդոտ չէ մեր առջև  ծառացող բարդ խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու և լուծումներ գտնելու համար: Կարևորում եմ այն հանգամանքը, որ այս անգամ որպես միջոցառման համակազմակերպիչ հանդես է գալիս նաև ԱՀ Ազգային ժողովը: Վստահ եմ, որ այս ձևաչափը կարող է կարևոր դեր կատարել հայկական քաղաքական մշակույթի զարգացման գործում»:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է նման քաղաքական համաժողովների դերը երկու հայկական պետությունների քաղաքական շրջանակների միջև:

«Քաղաքական նման համաժողովները լավ հարթակ են հայոց պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու և դրանց մասին ավելի խոր պատկերացում կազմելու տեսանկյունից»,-նշել է Բակո Սահակյանը:

Ֆորումի մասնակիցներին արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Միջկուսակցական կառուցողական  համագործակցությունն ավելի է մեծացնում այն ներուժը և հնարավորությունները, որ ունեն Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերն առանձին-առանձին: Միայն համատեղ ջանքերի միջոցով կարելի է առկա մարտահրավերները վերածել նոր հնարավորությունների` անվտանգություն ու զարգացում ապահովելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար»,-կարևորել է Արա Բաբլոյանը:

Այնուհետև մասնակիցներին օրհնանքի խոսք է հղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Համաժողովի աշխատանքներին ՀՀ-ից մասնակցում են 14 կուսակցության, իսկ Արցախից՝ 6 կուսակցության ներկայացուցիչներ:

Միջկուսակցական համաժողովի կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության  Ազգային ժողովը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: 

Համաժողովը կշարունակվի հունիսի 17-ին և կեզրափակվի հունիսի 18-ին:

 

ԼՈՒՐԵՐ