ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելությանը
15 հունիսի 2017

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  մեծարգո նախագահ,
Հարգարժան գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմի և աշխատակազմի անունից ուրախ եմ ողջունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Արա Բաբլոյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Մեծ պատիվ է բոլորիս համար հայկական երկրորդ հանրապետության խորհրդարանում հյուրընկալել մեր գործընկերներին և շնորհավորել վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության և 6-րդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

 Արցախում ուշիուշով են հետևում մայր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին և մեծ ոգևորությամբ ընդունում ցանկացած հաղթանակ ու հաջողություն: Համոզված եմ, որ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները, որ առանձնացել են կազմակերպվածության բարձր մակարդակով և թափանցիկությամբ, թարմ շունչ և նոր որակ են հաղորդելու  պետական շինարարության առաջնահերթություններին և հիմք են հանդիսանալու հայոց բնօրրանում ժողովրդավարության հետագա զարգացման և ամրապնդման համար:

Անշուշտ հարկ է նշել, որ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին զուգընթաց Արցախում ևս տեղի են ունեցել մի շարք կարևոր իրադարձություններ, որոնցից մասնավորապես պետք է առանձնացնել 2017թ-ի փետրվարի 20-ի հանրաքվեով Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունումը: Նոր Սահմանադրությունը կոչված է ընդլայնելու մարդու և քաղաքացու իրավունքները, ապահովելու արդյունավետ պետական կառավարման համակարգ և երաշխավորելու սահմանադրական կարգավորումների առավելագույն ճկունություն՝ սրանով իսկ ամրապնդելով Արցախի՝ որպես անկախ պետության կենսունակությունն ու կայուն զարգացումը:

Ի դեպ, չեմ կարող չնշել, որ քաղաքական այդ կարևոր զարգացումները տևական ժամանակով ընդմիջել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերը, թեկուզև, հանուն ճշմարտության, պետք է անպայման նշել, որ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ, խմբակցություններ ու հանձնաժողովներ այցելել են Արցախ, եղել են առաջնագծում, ղարաբաղյան կարգավորման թեմայով մի շարք քննարկումներ են ունեցել տարբեր միջազգային ու խորհրդարանական հարթակներում: Կարծում եմ՝ ավելորդ է հիշեցնել, որ այդ այցերն ու հանդիպումները մեծամասամբ տեղի են ունեցել 2016թ. ապրիլյան օրերին ու դրանից անմիջապես հետո:

Հարգելի՛ գործընկերներ,

Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել այն փաստը, որ անկախության առաջին իսկ տարիներից հայկական երկու հանրապետությունների միջև ձևավորվել են խորհրդարանական ամուր և գործնական կապեր, որոնք հետագայում հասցվել են ինստիտուցիոնալ հարաբերությունների մակարդակի և ամրագրվել երկու եղբայրական խորհրդարանների միջև համագործակցության  համաձայնագրով: Այդ տարիներից շատ ժամանակ է անցել, պառլամենտական տարեգրության մեջ հաշվարկվում է վեցերորդ գումարումը, փոխվել են խորհրդարանական քաղաքական ուժերի դասավորությունները, Ազգային ժողովի նախագահները, կատարելագործվել են փոխգործակցության ձևաչափերը, բայց մի բան մնացել է անփոփոխ. Արցախի ու Հայաստանի խորհրդարանական հարաբերությունները անխզելի են, գերակա և առանձնաշնորհյալ:

Արժանին մատուցելով բոլոր գումարումների հայկական խորհրդարանների պատգամավորների և աշխատակազմերի նվիրական ջանքերին՝ տեղին եմ համարում ընդգծել, որ միասնաբար մեզ հաջողվել է պատշաճ մակարդակ ապահովել ժողովրդի ընտրյալների կարգավիճակից բխող՝ օրենսդրական, քաղաքական ու ներկայացուցչական գործառույթների իրականացման համար: Ասվածի վկայությունն է երկու հանրապետությունների օրենսդիր մարմիններում համագործակցության հանձնաժողովների գործունեությունը, փոխադարձ այցելությունները և մշտական հանձնաժողովների՝ հրատապ թեմաների շուրջ, նախապես համաձայնեցված օրակարգով նիստերն ու քննարկումները, տարբեր ձևաչափով հանդիպումները:

Համատեղ աշխատանքի տարիները բարի և մնայուն ավանդույթներ են ձևավորել, որոնք հանդիպումից հանդիպում ավելի են հարստանում: Վստահ եմ, որ գործունեության այս փուլում մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այդ ավանդույթներին և կատարելագործել հարաբերությունների արդեն գործող կառուցակարգերը՝ հանուն հայոց պետականության ամրապնդման և մեր ազգային երազանքների իրագործման:

Այս նախապատմությունը ամենևին էլ արդյունքների ամփոփում չի նշանակում. գուցե հակառակը՝ հիշեցում առաջիկա անելիքների մասին: Ներկա հանգրվանում, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հերթական ընտրություններից հետո վերսկսել է իր բնականոն աշխատանքները, կարծում եմ պատեհ առիթ է թարմացնելու մեր երկխոսության օրակարգը՝ համագործակցությունը խորացնելու նպատակով:

Վստահ եմ, որ հենց այս մտադրությունն է եղել Արցախի վաղեմի բարեկամ Արա Սաենի Բաբլոյանի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելուց հետո առաջին այցելությունը Արցախի Հանրապետություն կատարելու որոշման հիմքում: Համոզված եմ ասում այդ մասին, տեղյակ լինելով, որ մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանում բարեկամության խմբերի, միջխորհրդարանական հանձնաժողովների կազմավորման ընթացքում պարոն Բաբլոյանը ստանձնել է նաև Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայաստանյան համանախագահությունը՝ հաստատելով լավագույն ավանդույթները շարունակելու իր անթաքույց ցանկությունն ու պատրաստակամությունը:

Բարի գալուստ մաղթելով մայր հայրենիքից ժամանած պատվիրակության բոլոր անդամներին՝ խոսքը սիրով փոխանցում եմ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Սաենի Բաբլոյանին:

ԼՈՒՐԵՐ