ԼՈՒՐԵՐ
2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները խորհրդարանում շարունակվում են
16 մայիսի 2017

Մայիսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը:

ԱՀ 2016թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել գյուղատնտեսության, քաղաքաշինության, էկոնոմիկայի, բնապահպանության բնագավառների, ինչպես նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և գյուղատնտեսության հիմնադրամների պատասխանատուները:

Ներկայացնելով 2016թ.-ին պետական բյուջեից գյուղատնտեսության ոլորտին  հատկացված գումարը՝ նախարար Արամ Մխոյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում ոլորտին հատկացվել  է 4մլրդ 145մլն դրամ, կատարողականը կազմել է 98%:

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի փոխանցմամբ 2016թ.-ի բյուջեից կապիտալ շինարարության համար հատկացվել է 13մլրդ 332մլն 372հազ դրամ, ծախսվել է՝ 13մլրդ 315մլն 235հազ դրամ կամ՝ 99,9%-ը:

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նախարարի հաշվետվության համաձայն՝ 2016թ.-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 2մլրդ 968մլն 400հազ դրամ, կատարողականը՝ 2մլրդ 922մլն 538հազ կամ` նախատեսված միջոցների 97,5%-ը:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանի հաշվետվության համաձայն, 2016թ.-ին պետական բյուջեյից հատկացումները հիմնադրամին եղել են երկու ուղղությաբ. աջակցություն հիմնադրամին՝ 1մլրդ 257մլն դրամ, կատարողականը՝ 100% և  սուբսիդավորում՝ 223մլն, կատարողականը՝ 100%

Կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանի հաղորդմամբ, 2016թ.-ին պետական բյուջեից ոլորտին է հատկացվել  152մլն 740հազ դրամ, կատարողականը կազմել է 146մլն 497հազ դրամ կամ՝ նախատեսվածի 96 %-ը:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանի հաշվետվության համաձայն, հաշվետու տարվա ընթացքում համակարգի պահպանման ծախսերը կազմել են 157մլն դրամ, կատարողականը՝ 146, 4մլն կամ՝ նախատեսվածի 93,3%-ը:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է հիմնադրամի նախագահի Արտակ Միրզոյանը: Հաշվետվության համաձայն՝ 2016թ. պետական բյուջեից հիմնադրամին է ուղղվել  2,5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100%:

Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են հաշվետվություններին վերաբերող հարցեր և ստացել  պարզաբանումներ:

Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվելու են քննարկվել մայիսի 17-ին:

 

ԼՈՒՐԵՐ