ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանում մեկնարկել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները
10 մայիսի 2017

 

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը խորհրդարանի պատգամավորներին, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Նիստը վարել է գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։

Օրենսդիր-գործադիր իշխանությունների համատեղ քննարկմանը ներկա էին  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և կառավարության անդամներ:

Ֆինանսների նախարարի ներկայացմամբ հաշվետու տարում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 230 մլրդ դրամ՝ 2015թ.-ի նկատմամբ արձանագրելով 9,2%  աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 59 մլդ դրամ, աճելով է 9,7%-ով:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ նախորդ տարվա էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունը գրեթե հավասար է եղել ծախսվող Էլեկտրաէներգիայի քանակին: Արտադրվել է 296,4մլն կվտ.ժ, ծախսվել՝ 299 մլն կվտ.ժ:

Միջին ամսական աշխատավարձը կազմել է 152, 707  դրամ, որը 1,1%-ով ավել է  2015թ.-ի ցուցանիշից:

2016թ.-ին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 33 մլրդ 711,1մլն դրամ, ինչը 2015թ.-ի համեմատ նվազել է 725,3 մլն-ով: Ֆինանսների նախարարը նվազումը պայմանավորել է 2016թ. ապրիլյան պատերազմով:

 Պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 84 մլդ 670 մլն դրամ: Հաշվետու տարվան նախորդող տարվա համեմատ, ծախսերն ավելացել են 1մլդ 562,7 մլն դրամով: Դեֆիցիտը կազմել է 3 մլդ  692,4մլն դրամ:

Բյուջեի կատարողականի մասին պարզաբանումներ է տվել վարչապետ Արայիկ Հարությունյանը, ընդգծելով, որ չնայած ապրիլյան պատերազմի հասցրած վնասներին՝ այնուամենայնիվ, տնտեսությունը չի հայտնվել ֆորս-մաժորային իրավիճակում:

Արայիկ Հարությունյանը 2016-ի հաջողություններից է համարել տնտեսության դիվերսիֆիկացիան և էներգետիկայի ասպարեզում արտադրության աճը:

2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, համաձայն ժամանակացույցի, կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում:

ԼՈՒՐԵՐ