Ազգային ժողովի կանոնակարգ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             ՆԱԽԱԳԻԾ

  

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԲԱԺԻՆ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հոդված 1. Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակը եւ գործառույթները

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում Սահմանադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

Հոդված 2. Ազգային ժողովի գործունեությունը եւ մարմինները

1. Ազգային ժողովն իր լիազորությունները եւ գործառույթներն իրականացնելիս գործում է սույն օրենքին (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխան՝ նստաշրջանների, նիստերի, ինչպես նաեւ իր մարմինների աշխատանքի միջոցով:

2. Ազգային ժողովի մարմիններն են պատգամավորները, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալը, խմբակցությունները, հանձնաժողովները:

 

ԳԼՈՒԽ 2

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 3. Պատգամավորի իրավունքները

1. Պատգամավորն իրավունք ունի՝

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ.

3) ելույթներ ունենալու, հարցեր տալու եւ առաջարկներ ներկայացնելու Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներում.

4) գրավոր հարցեր ուղղելու Հանրապետության նախագահին և Կառավարությանը.

5) բանավոր հարցերով դիմելու Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին.

6) զբաղեցնելու իր կարգավիճակով պայմանավորված պաշտոններ.

7) ընդգրկվելու մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խմբիկազմում.

8) դուրս գալու խմբակցության կազմից.

9) ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու.

10) հարցումներով եւ առաջարկներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց.

11) ունենալու երկու օգնական` հասարակական հիմունքներով:

2. Պատգամավորի իրավունքների իրականացման կարգը սահմանվում է Կանոնակարգով, օրենքով եւ Ազգային ժողովի աշխատակարգով (այսուհետ՝ Աշխատակարգ):

3. Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով :

Հոդված 4. Պատգամավորի պարտականությունները

1. Պատգամավորը պարտավոր է՝

1) ընդգրկվել մեկ մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի.

2) մասնակցել Ազգային ժողովի, ինչպես նաեւ իր անդամակցած հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի նիստերին.

3) մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին.

4) պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները.

5) ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը.

6) կազմակերպել  քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաեւ իր լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիների գրավոր առաջարկներին.

7) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները:

   

ԳԼՈՒԽ 3

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ

Հոդված 5. Ազգային ժողովի նախագահը

1. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը:

2. Ազգային ժողովի նախագահը՝

1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.

2) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստեր եւ նստաշրջաններ.

3) շրջանառության մեջ է դնում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված հարցերը եւ նշանակում է գլխադասային հանձնաժողով.

4)Հանրապետության նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները և օրենքները.

5) ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները եւ ուղերձները.

6) հրավիրում եւ նախագահում է աշխատանքային խորհրդակցությունները .

7) հաստատում է Ազգային ժողովի հանձնաժողովների կազմերը եւ դրանցում փոփոխությունները.

8) կարող է Ազգային ժողովի նախագահի տեղակալին տալ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված հանձնարարություններ.

9) ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական խորհրդակցություններ.

10) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.

11) նշանակում է Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարինև տեղակալին, ինչպես նաեւ Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններում, նրանց ազատում այդ պաշտոններից.

12) հաստատում է Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, անձնագրերը, ինչպես նաեւ Աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

13) իրավասու մշտական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ) փորձագետներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ նրանց պաշտոնների նկարագրերը.

14) հաստատում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը.

15) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.

16) կարող է ձեւավորել հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմիններ.

17) նշանակում է Գերագույն դատարանում  սահմանադրական արդարադատության հարցերով Ազգային ժողովի ներկայացուցիչ.

18) Ազգային ժողովի  հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի եւ նիստերի օրակարգերի նախագծերը.

19) սահմանում է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.

20) կարող է ընդունել Ազգային ժողովի հերթական նիստում հարցի քննարկման տեւողությունը մեկից մինչեւ վեց ժամ սահմանելու մասին որոշում.

21) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը.

22) իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Բյուջետային գրասենյակի աշխատակարգը, փորձագետների պաշտոնավարման պայմանների, ընտրության (նշանակման), ինչպես նաեւ Բյուջետային գրասենյակի փորձագետներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգերը.

23) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաեւ Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը.

24) հաստատում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերի նկարագրությունը եւ պարգեւատրման կարգը.

25) հաստատում է «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշանի նկարագրությունը.            

26) հաստատում է մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը.

27) հաստատում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը.

28) հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման եւ գործունեության կարգերը.

29) ստեղծում եւ լուծարում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր, ինչպես նաեւ հաստատում է դրանց կազմերը եւ գործունեության կարգերը.

30) կարող է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա հասարակական կազմակերպություններին.

31) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.

32) պարգեւատրում է Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաեւ խրախուսում է դրամական պարգեւատրմամբ.

33) իր լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ եւ կարգադրություններ, որոնք երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում :

3. Սույն հոդվածի  2-րդ  մասի 18-29-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացվում են Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցություններում քննարկվելուց հետո` հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:

Հոդված 6. Ազգային ժողովի նախագահի տեղակալը

1. Ազգային ժողովի նախագահն ունի մեկ տեղակալ:

2. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը՝

1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.

2) նախագահում է աշխատանքային խորհրդակցությունները.

3) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին կամ իրականացնում է Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ:

3. Ազգային ժողովի նախագահի տեղակալը մասնակցում է աշխատանքային խորհրդակցություններին:

4.  Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն  իրականացնում  է Ազգային ժողովի նախագահի տեղակալը:

 

ԳԼՈՒԽ 4

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Խմբակցությունների ստեղծումը

1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը՝ Ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թվին եւ անվանումներին համապատասխան:

2. Խմբակցությունում ընդգրկվում են միեւնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները:

3. Խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

4. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման և վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

Հոդված 8. Խմբակցության լիազորությունները

1. Խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով՝

1) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ.

2) մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում առաջադրելու թեկնածու.

3) Ազգային ժողովի հանձնաժողովում իրեն վերապահված տեղում նշանակելու խմբակցության անդամի, ինչպես նաեւ նրան փոխելու.

4) իրավասու մշտական հանձնաժողովին առաջադրելու թեկնածուներ Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում.

5) առաջադրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու.

6) գրավոր հարցապնդումներով դիմելու Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին.

7) ներկայացնելու առաջարկներ Սահմանադրության փոփոխությունների, օրենքի, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագծի վերաբերյալ.

8) իր անդամին առաջարկելու միջազգային խորհրդարանական կազմակերպության, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում.

9) իր անդամին առաջարկելու Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.

10) հրավիրելու խորհրդարանական լսումներ.

11) իր անդամին խմբակցությունից հեռացնելու:

2. Իր լիազորություններն իրականացնելիս խմբակցությունն ընդունում է որոշումներ:

3. Խմբակցության որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խմբակցության անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված 9. Խմբակցության գործունեությունը

1. Խմբակցությունը գործում է Կանոնակարգին եւ իր որոշմամբ հաստատված կանոնադրությանը համապատասխան:

2. Խմբակցության կանոնադրությամբ սահմանվում են՝

1) խմբակցության անվանումը,

2) խմբակցության անդամների իրավունքները եւ պարտականությունները,

3) խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի ընտրության կարգը, ինչպես նաեւ նրանց լիազորությունները,

4) խմբակցության նիստերի գումարման եւ անցկացման կարգը,

5) խմբակցության որոշումների ընդունման կարգը,

6)  խմբակցության կողմից Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագծի  ներկայացման ընթացակարգը,

7) իրավասու մշտական հանձնաժողովին Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում  խմբակցության կողմից թեկնածուների առաջադրման ընթացակարգը,

8)   խմբակցության կողմից Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու ընթացակարգը,

9) հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով խմբակցության կողմից Գերագույն դատարան դիմելու ընթացակարգը,

10) Ազգային ժողովի որոշման նախագծերի վերաբերյալ խմբակցության առաջարկների ներկայացման ընթացակարգը,

11) խմբակցության անդամին հեռացնելու կարգը,

12) խմբակցության որոշումների ընդունման ընթացակարգը,

13) խմբակցության գործունեության կարգին վերաբերող այլ դրույթներ:

3.  Պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի նիստում՝ այդ մասին հայտարարությամբ հանդես գալով:

4.  Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, եւ վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող առնվազն մեկ պատգամավոր:

 

ԳԼՈՒԽ 5

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 10. Մշտական հանձնաժողովների ստեղծումը

1.  Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար:

2.  Մշտական հանձնաժողովները ստեղծվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի որոշմամբ: Որոշման նախագիծը ներկայացվում եւ քննարկվում է Կանոնակարգի 101-րդ հոդվածով սահմանված կարգով:

3.  Մշտական հանձնաժողովների ստեղծումից հետո դրանց թիվը չի կարող փոփոխվել:

Հոդված  11. Մշտական հանձնաժողովների կազմավորումը

1. Մշտական հանձնաժողովի կազմը եւ դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածով սահմանված սկզբունքները:

2. Մշտական հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

3. Խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի տեղում նշանակվում, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմից դուրս է գալիս խմբակցության որոշմամբ:

4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համամասնությունը չի խախտվում, ապա խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորը կարող է՝

1) մնալ նույն հանձնաժողովում, եթե այդ խմբակցությունը նրա տեղում խմբակցության անդամի չի նշանակում, կամ հանձնաժողովում առկա է այլ թափուր տեղ, կամ

2) Ազգային ժողովի նախագահին ուղղված իր գրավոր դիմումով ընդգրկվել այլ հանձնաժողովում առկա թափուր տեղում:

5. Խմբակցությունն իրավունք ունի թափուր թողնելու հանձնաժողովում իրեն վերապահված տեղը, ինչպես նաեւ փոխելու հանձնաժողովի կազմում ընդգրկված իր անդամին:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են.

2) նա դուրս է գալիս հանձնաժողովից.

3) նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե այդ խմբակցությունը նրա տեղում նշանակում է խմբակցության անդամի:

7. Ազգային ժողովի նախագահը եւ  տեղակալը կարող են չընդգրկվել հանձնաժողովի կազմում:

Հոդված  12. Մշտական հանձնաժողովի լիազորությունները

1. Մշտական հանձնաժողովն իր իրավասության շրջանակում՝

1) իրականացնում է գլխադասային հանձնաժողովի լիազորությունները.

2)իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն.

3) պաշտոններում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին առաջարկում է թեկնածուներ.

4) կարող է հարցումներով դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց.

5) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ.

6) կարող է ստեղծել  աշխատանքային խմբեր:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են երեքշաբաթյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան:

3. Մշտական հանձնաժողովը կարող է իր իրավասությանը վերապահված հարցերի նախնական քննարկման եւ դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու նպատակով իր որոշմամբ, Աշխատակարգով սահմանված կարգով ստեղծել աշխատանքային խմբեր: Աշխատանքային խումբը կարող է լուծարվել հանձնաժողովի որոշմամբ:

4. Մշտական հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

5. Մշտական հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում:

 

 

 

Հոդված 13. Մշտական հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը

1. Մշտական հանձնաժողովի նախագահը՝

1) նախապատրաստում եւ նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

3) մասնակցում է աշխատանքային խորհրդակցություններին .

4) համակարգում է աշխատանքային խմբերի աշխատանքը.

5) համակարգում է Ազգային ժողովի մարմինների եւ Աշխատակազմի հետ հանձնաժողովի գործունեությունը.

6) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

7) ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված գրություններին.

8)  կարող է հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով այն ուղարկել գիտական, ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերին հրավիրել մասնագետներ.

9) հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքի մասին.

10) Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է հանձնաժողովի նիստերից եւ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայությունները:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։

Հոդված 14. Մշտական հանձնաժողովների նիստերը

1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստին նախորդող շաբաթվա ընթացքում:

2. Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը՝ իր կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

3. Մշտական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

4. Մշտական հանձնաժողովի նիստերը հրապարակային են: Մշտական հանձնաժողովի փակ նիստն անցկացվում է Կանոնակարգի 82-րդ հոդվածի 6-րդ, 87-րդ հոդվածի 2-րդ եւ 106-րդ հոդվածի 6-րդ մասերով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ՝ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի ապահովման նպատակով: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է:

5. Մշտական հանձնաժողովի հրապարակային նիստում, հանձնաժողովի անդամներից, պատգամավորներից եւ հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանցից բացի, կարող են ներկա լինել նաեւ՝

1) Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը,

2) Աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալը.

3) Ազգային ժողովի նախագահի մեկ խորհրդական.

4) Բյուջետային գրասենյակի մեկ փորձագետ.

5) քննարկվող հարցի մասնագիտական փորձաքննություն իրականացրած՝ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

6) հանձնաժողովի անդամների մեկական օգնականները.

7) նիստի լուսաբանումն ապահովող՝ Աշխատակազմի ծառայողները.

8) հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:

6. Մշտական հանձնաժողովի փակ նիստում, հանձնաժողովի անդամներից եւ հարցը զեկուցողից բացի, կարող են ներկա լինել սույն հոդվածի 5-րդմասի 1-2-րդ եւ 8-րդ կետերում նշված անձինք:

7. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում:

Հոդված 15. Մշտական հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը

1. Մշտական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը:

2. Մշտական հանձնաժողովի հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Մշտական հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ Կանոնակարգով եւ հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, բացառությամբ Կանոնակարգի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերի:

5. Մշտական հանձնաժողովի նիստում զեկուցողներին հարցեր տալու, ինչպես նաեւ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն պատգամավորները, բացառությամբ Կանոնակարգի 72-րդ հոդվածի 2-րդ մասի     3-րդեւ 6-րդկետերովնախատեսվածդեպքերի: Հանձնաժողովի նիստում ներկա լինելո իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ հանձնաժողովի որոշմամբ:

6. Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի անդամը կարող է քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

 

ԳԼՈՒԽ 6

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 16. Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը

1. Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:

2. Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը:

3. Ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը եւ դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի  11-րդհոդվածի 2-6-րդ մասերով սահմանվածսկզբունքներինհամապատասխան:

4.Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաեւ նրա իրավասությանը վերապահված նախագծի կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները:

5. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումից հետո նրան են անցնում գլխադասային հանձնաժողովի իրավասությունները եւ գործառույթները:

6. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, երկարաձգվել հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի քննարկման համար անհրաժեշտ ժամանակահատվածով:

7. Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ երկու ամիս է, որը կարող է հարցի քննարկումն ավարտելու նպատակով մինչեւ մեկ ամսով երկարաձգվել հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:

Հոդված 17. Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը

1. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովն իր իրավասության շրջանակում իրականացնում է գլխադասային հանձնաժողովի, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովին վերապահված մյուս լիազորությունները:

2. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն իր իրավասության շրջանակում`

1) քննարկում եւ Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում իր իրավասությանը վերապահված հարցի վերաբերյալ.

2) կարող է հարցմամբ դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց.

3) հարցմամբ կարող է պահանջել եւ օրենքով սահմանված կարգով ստանալ հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

4) կարող է հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար պատվիրել փորձաքննություններ եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները:

3. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի պահանջած տեղեկությունները եւ եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն հարցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Հանձնաժողովի անդամները հարցմամբ պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում:

4. Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով` նաև նրանց գտնվելու վայրում:

5. Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում չի քննարկվում եւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Ժամանակավոր հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգի 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան:

7. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաեւ այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Ժամանակավոր հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը  հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 18. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը

1. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալն ընտրվում են հանձնաժողովի որոշմամբ:

2. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահն ունի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-10-րդ կետերով սահմանված լիազորությունները, ինչպես նաեւ ղեկավարում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնող անձանց աշխատանքը:

3. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

Հոդված  19. Ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների ավարտը

1. Ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում:

2. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները դադարում են նաեւ նրա իրավասությանը վերապահված նախագիծն ընդունվելու կամ շրջանառությունից դուրս գալու այլ դեպքում:

3. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները դադարում են նաեւ հետեւյալ դեպքերում.

1) պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողով ներկայացվելու պահից.

2) այն պատգամավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է:

4. Ժամանակավոր հանձնաժողովը կարող է լուծարվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

 

ԳԼՈՒԽ 7

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 20. Քննիչ հանձնաժողովի ստեղծումը

1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

2. Պաշտպանության եւ   անվտանգության  բնագավառներում  քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային  ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

3. Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի, իսկ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են հանձնաժողովի՝

1) քննության առարկան եւ իրավասության ոլորտը.

2) նախագահի անունը, ազգանունը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի.

3) լիազորությունների ժամկետը:

4. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի, դիմումին կցվում է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

5. Եթե դիմումն անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն ստորագրել կամ այն սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերի պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է դիմումը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:

6. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի, քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը եւ դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան:

7. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեց ամսով:

Հոդված 21. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը

1. Քննիչ հանձնաժողովը կարող է իր`

1)անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ առանց որոշման, գրավոր դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ.

2) որոշմամբ դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով փորձաքննություններ, եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

3) որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

2. Քննիչ հանձնաժողովի պահանջած տեղեկությունները եւ եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները  հանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով` նաև նրանց գտնվելու վայրում:

3. Քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգի 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան: Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Քննիչ հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը  հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 22. Քննիչ հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքները եւ պարտականությունները

1. Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու եւ բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաեւ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, ինչպես նաեւ ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ.

2) պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ:

Հոդված 23. Քննիչ հանձնաժողովի գործունեության սահմանափակումները

1. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող դուրս գալ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից:

2. Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

Հոդված  24. Քննիչ հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը

1. Քննիչ հանձնաժողովում նախագահում է Կանոնակարգի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված պատգամավորը, իսկ նախագահի տեղակալն ընտրվում է հանձնաժողովի որոշմամբ՝ իրավասու խմբակցության առաջադրմամբ:

2. Պաշտպանության եւ անվտանգության բնագավառների քննիչ հանձնաժողովի նախագահի գործառույթներն իրականացնում է իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի տեղակալինը՝ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:

3. Քննիչ հանձնաժողովի նախագահն ունի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-7-րդ եւ 10-րդ կետերով սահմանված լիազորությունները, ինչպես նաեւ ղեկավարում է հանձնաժողովի մասնագիտական սպասարկումն իրականացնող անձանց աշխատանքը:

4. Եթե Կանոնակարգի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված քննիչ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, ապա հանձնաժողովի նոր նախագահի անունը եւ ազգանունը Ազգային ժողովի նախագահին են ներկայացվում քննիչ հանձնաժողովի ստեղծման պահանջը ներկայացրած պատգամավորների գրավոր դիմումով: Եթե դիմումը ստորագրում են պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդից պակաս թվով պատգամավորներ, ապա քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մնում է թափուր:

5. Քննիչ հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։

Հոդված 25. Քննիչ հանձնաժողովի զեկույցը

1. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

2. Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելովհատուկկարծիքը:

3. Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր:

4. Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվում է հետեւյալ կարգով.

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

3) մտքերի փոխանակություն.

4) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը.

5) հարցի քննարկման տեւողությունը կարող է սահմանվել  90 րոպեից մինչեւ երեք ժամ:

5. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն Աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում: Պատասխանները տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Հոդված 26. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտը

1. Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝

1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.

2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:

 

ԳԼՈՒԽ 8

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 27. Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը

1.  Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 18- 29-րդ կետերով նախատեսված հարցերը նախապես քննարկվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալը, մշտական հանձնաժողովների նախագահները կամ ներկայացուցիչները, խմբակցությունների ղեկավարները, քննարկող հարցերի հեղինակ պատգամավորները, Հանրապետության նախագահի  լիազորած ներկայացուցիչները, Ազգային ժողովի նախագահի հրավիրած անձինք:

2. Աշխատանքային խորհրդակցության արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը:

 

ԲԱԺԻՆ 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

ԳԼՈՒԽ 9

ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Հոդված 28. Առաջին նստաշրջանի հրավիրումը

1.            Ազգային ժողովի հերթական  ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

2.            Գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտման օրը նորընտիր Ազգային ժողով կազմավորված չլինելու, ինչպես նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` 2-րդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

 

Հոդված 29. Առաջին նստաշրջանի անցկացումը

1. Առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:

2. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունի  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Առաջնորդը:

3. Ողջույնի ելույթից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Արցախի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:

4. Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:

5. Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողը  ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:

6. Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

3) Ազգային ժողովի նախագահի և տեղակալի ընտրություններ.

4) մշտական հանձնաժողովների ստեղծում.

5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

7. Առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար՝ Կանոնակարգի 33-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչեւ օրակարգի հարցերի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:

8. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:

9. Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

 

 

Հոդված 30. Հաշվիչ հանձնախմբի ստեղծումը եւ նրա լիազորությունները

1. Հաշվիչ հանձնախումբը ստեղծվում է նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում եւ քվեարկության է դրվում առանց քննարկման:

2. Հաշվիչ հանձնախմբի լիազորությունները պահպանվում են մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

3. Հաշվիչ հանձնախմբի կազմը, ինչպես նաեւ դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան:

4. Հաշվիչ հանձնախումբն իր կազմից ընտրում է հանձնախմբի նախագահ եւ քարտուղար:

5. Պաշտոնում ընտրվող կամ նշանակվող թեկնածուն, ինչպես նաեւ քվեարկության դրված հարցի հեղինակը մինչեւ համապատասխան քվեարկության արդյունքներն Ազգային ժողով ներկայացնելը չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին:

6. Հաշվիչ հանձնախումբը՝

1) կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը եւ Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները.

2)  Ազգային ժողովի նիստերի էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում գրանցում է պատգամավորներին, հաշվում է բաց քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայները, ինչպես նաեւ կազմակերպում է անվանական քվեարկությունների անցկացումը եւ Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները:

7. Հաշվիչ հանձնախմբի նիստերը հրավիրում է հանձնախմբի ղեկավարը: Հանձնախմբի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնախմբի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ նիստը նախագահում է հանձնախմբի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ հանձնախմբի քարտուղարը կամ հանձնախմբի կողմից որոշված անդամը:

8. Գաղտնի կամ անվանական քվեարկության կազմակերպման, ինչպես նաեւ գաղտնի քվեարկության քվեաթերթիկն անվավեր ճանաչելու վերաբերյալ հաշվիչ հանձնախմբի որոշումներն ընդունվում են հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

9. Գաղտնի կամ անվանական քվեարկության արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնախմբի նախագահը եւ մյուս անդամները:

 

 

 

 

ԳԼՈՒԽ 10

ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ

Հոդված 31. Հերթական նստաշրջանների գումարման կարգը

1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբեր-դեկտեմբեր և փետրվար-հունիս ամիսներին:

Հոդված 32. Հերթական նիստերի գումարման կարգը

1. Հերթական նստաշրջանի ընթացքում  ամիսն առնվազն մեկ անգամ գումարվում են  Ազգային ժողովի հերթական նիստեր:

2. Հերթական նստաշրջանի ընթացքում  կարող են գումարվել արտահերթ նիստեր:

Հոդված 33. Հերթական նիստերի անցկացման կարգը

1. Ազգային ժողովի հերթական նիստերը տեղի են ունենում չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերին, ժամը 11-ից մինչև 18-ը: Անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է այն երկարաձգել 30 րոպե: Յուրաքանչյուր մեկուկես ժամ աշխատանքից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:

Հոդված 34. Հերթական նստաշրջանի օրակարգը

1. Հերթական նստաշրջանի օրակարգում կարող են ընդգրկվել միայն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված, այդ թվում՝ նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:

2. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվում են հերթական նիստի անցկացման դրությամբ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու ենթակա հետեւյալ հարցերը.

1) պարտադիր քննարկման ենթակա հարցերը,

2) այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է:

3. Պարտադիր քննարկման ենթակա հարցերն են՝

1) թափուր պաշտոնում ընտրության կամ նշանակման մասին հարցը.

2) Հանրապետության նախագահի  լիազորությունների դադարեցման մասին հարցը.

3) Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին հարցը.

4) Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին հարցը.

5) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձի լիազորությունները դադարեցնելու մասին հարցերը.

6) պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը.

7) Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը.

8) խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը.

9) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը.

10) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը.

11) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը.

12) Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը.

13) Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ ներկայացված հայտարարության կամ ուղերձի նախագիծը.

14) պետական մարմինների, պաշտոնատար անձանց զեկույցները, հաղորդումները եւ հաշվետվությունները.

15) օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը:

4. Պարտադիր քննարկման ենթակա հարցերը հերթական նստաշրջանի եւ նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվում են միաժամանակ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդմասի 13-րդ կետում նշված հարցերի, որոնք հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝երկամսյա ժամկետում:

5. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագիծը կազմված է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժին, որտեղ ներառվում են նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված, ինչպես նաեւ պարտադիր քննարկման ենթակա հարցերը.

2) երկրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն, ինչպես նաեւ Կանոնակարգի 72-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ի կետով սահմանված կարգով այլընտրանքային համարված նախագծերը.

3) երրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել կամ Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չի ներկայացրել:

6. Հերթական նստաշրջանի օրակարգի եւ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը մշակում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը, որից հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը ներկայացնում է աշխատանքային խորհրդակցության քննարկմանը:

7. Հերթական նստաշրջանի օրակարգի և դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը աշխատանքային խորհրդակցությունում քննարկելուց հետո ներկայացվում են Ազգային Ժողովի հաստատմանը:

8. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետեւյալ կարգով.

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) հեղինակների պահանջով անցկացվում են նախագծի երրորդ բաժնում ներառված այն հարցերի կարճատեւ քննարկումները, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն: Այդ դեպքում մինչեւ երեքական րոպե տեւողությամբ ելույթի իրավունք  ունեն հեղինակը, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, որից անմիջապես հետո նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցը դրվում է քվեարկության.

4) մինչեւ երեքական րոպե տեւողությամբ ելույթի իրավունք ունեն նախագծի երրորդ բաժնում ներառված այն հարցերի հեղինակները, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չի ներկայացրել: Հեղինակի ելույթից անմիջապես հետո նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցը դրվում է քվեարկության.

5) մտքերի փոխանակություն.

6) Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթից հետո նախագծի երրորդ բաժնի՝ սույն մասի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված հարցերից բացի, օրակարգում ընդգրկելու մասին մնացած հարցերն առանձին-առանձին դրվում են քվեարկության:

9. Քվեարկության արդյունքում հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկված հարցը շրջանառությունից հանվում է:

10. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին եւ երկրորդ բաժիններում ներառված հարցերը հերթական նստաշրջանի օրակարգում հաստատվում են քվեարկությամբ:

Հոդված 35. Հերթական նիստերի օրակարգը

1. Հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, այդ թվում՝ պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաեւ նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը:

2.Հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է հետեւյալ բաժիններից.

1) առաջին բաժին, որտեղ ներառվում են պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաեւ նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը.

2) երկրորդ բաժին, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Հանրապետության նախագահի, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների  գրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստում քննարկման ենթակա հարցերի ծավալը:

3. Աշխատակազմը մշակում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նիստի օրակարգի նախագիծը:

4.  Հերթական նիստի օրակարգի նախագիծը, ինչպես նաեւ դրա առնչությամբ ընդունվելիք մյուս նախագծերն Ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ աշխատանքային խորհրդակցությունում քննարկվում են ոչ ուշ, քան առաջիկա հերթական նիստին նախորդող օրը:

5.Հերթական նիստի օրակարգի նախագիծը աշխատանքային խորհրդակցությունում քննարկելուց հետո ներկայացնում է Ազգային Ժողովի հաստատմանը:

6. Հերթական նիստի օրակարգի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետեւյալ կարգով.

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակություն.

4) Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթից հետո քվեարկության է դրվում նախագծի երկրորդ բաժնի հարցերը հերթական նիստի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի չընդունվելու դեպքում այդ բաժնի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին.

7. Քվեարկության արդյունքով հերթական նիստերի օրակարգում չընդգրկված հարցը մնում է հերթական նստաշրջանի օրակարգում:

8.  Հերթական նիստի օրակարգի նախագծի առաջին բաժնի հարցերը հերթական նիստի օրակարգում հաստատվում են քվեարկությամբ:

Հոդված  36. Հերթական նիստերի ընթացքը

1. Հերթական նիստերը սկսվում են հերթական նստաշրջանի եւ նիստերի օրակարգերի նախագծերի քննարկմամբ, որոնց հաստատումից հետո սահմանված հաջորդականությամբ քննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել Ազգային ժողովի նախագահի հայտարարությամբ, որին խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առարկության դեպքում առարկությունն առանց քննարկման դրվում է քվեարկության: Որոշման ընդունման դեպքում օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը չի փոխվում:

3. Օրակարգային հարցերի քննարկումն ընդհատվում է  Կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշման նախագծերի, ինչպես նաեւ այդպիսի որոշումների ընդունման վերաբերյալ առաջարկների քննարկման կամ քվեարկության համար անհրաժեշտ ժամանակահատվածով:

4. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման, հարցապնդման պատասխանի կամ արտահերթ համարված հարցի բացակայության, դրանց քննարկումն ավարտվելու, Հանրապետության նախագահին եւ Կառավարության անդամներին, պատգամավորների հարցերը, ինչպես նաեւ պատգամավորների հայտարարություններն ավարտվելուց հետո օրակարգային հարցերի քննարկումը շարունակվում է:

Հոդված 37. Արտահերթ նիստի գումարման կարգը

1. Արտահերթ նիստ գումարում է,Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ:

2. Ոչ աշխատանքային օրերին արտահերթ նիստ կարող է գումարվել կամ անցկացվել միայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում:

3. Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Հանրապետության նախագահի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների և Հանրապետության նախագահի գրությունում նշվում են՝

1) արտահերթ նիստի օրակարգը, ներառյալ՝ օրակարգային հարցերի անվանումները եւ քննարկման հաջորդականությունը,

2) արտահերթ նիստը սկսելու օրը եւ ժամը,

3) արտահերթ նիստը նախաձեռնողի ներկայացուցչի անունը եւ ազգանունը,

4) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

4. Գրությանը կից կարող են ներկայացվել օրակարգային հարցերի քննարկման տեւողության սահմանման կամ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծեր, ինչպես նաեւ Կանոնակարգով եւ Աշխատակարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

5. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միեւնույն օրենքի նախագիծը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ:

6. Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային  օրվա ընթացքում:

7. Եթե գրությունը կամ օրակարգային որեւէ հարց սույն հոդվածի պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստ:

8. Եթե Կառավարությունը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։

Հոդված  38.Արտահերթ նիստի անցկացման կարգը

1. Հերթական նիստերից ազատ օրերին արտահերթ նիստերը կարող են տեղի ունենալ ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն:

2. Հերթական նիստերի օրը՝ ժամը 18:30-ից մինչեւ 24:00-ն կարող է տեղի ունենալ մինչեւ երեք արտահերթ նիստ:

3. Արտահերթ նիստերից յուրաքանչյուրի տեւողությունը 90 րոպե է, որը կարող է նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել՝ հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:

4. Արտահերթ նիստի յուրաքանչյուր նիստից հետո նախատեսվում է 30 րոպե ընդմիջում: Հերթական նիստերից ազատ օրը գումարվելու դեպքում արտահերթ նիստի յուրաքանչյուր օրվա առաջին նիստից հետո կարող է նախատեսվել մեկ ժամ ընդմիջում:

Հոդված  39. Արտահերթ նիստերի ընթացքը

1. Արտահերթ նիստը սկսվում է նախաձեռնողի, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի ներկայացրած՝ օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգերի մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ, իսկ դրանց քննարկումն ավարտվելու կամ բացակայության դեպքում նախաձեռնողի սահմանած հաջորդականությամբ քննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել, ինչպես նաեւ օրակարգից հարցը կարող է հանվել նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով՝ առանց քվեարկության:

3. Արտահերթ նիստն ավարտվում է օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո:

 

ԳԼՈՒԽ 11

ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ

Հոդված  40. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը

1. Արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ:

2. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում:

3. Ոչ աշխատանքային օրերին արտահերթ նստաշրջան կարող է գումարվել կամ անցկացվել միայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում:

4. Արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Հանրապետության նախագահի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների և Հանրապետության նախագահի գրություններում նշվում են՝

1) արտահերթ նստաշրջանի օրակարգը, որը ներառում է օրակարգային հարցերի անվանումները եւ քննարկման հաջորդականությունը,

2) արտահերթ նստաշրջանը սկսելու օրը եւ ժամը,

3) արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի ներկայացուցչի անունը, ազգանունը,

4) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

5. Գրությանը կից ներկայացվում են օրակարգային հարցերի քննարկման տեւողության սահմանման կամ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծեր, ինչպես նաեւ Կանոնակարգով եւ Աշխատակարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

6. Եթե արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են միեւնույն օրենքի նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ:

7. Արտահերթ նստաշրջանը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

8. Եթե գրությունը կամ օրակարգային որեւէ հարց սույն հոդվածի պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.

2)  համապատասխանում է, ապա Ազգային ժողով նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

9. Եթե Կառավարությունը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։

Հոդված 41. Արտահերթ նստաշրջանի անցկացման կարգը

1. Արտահերթ նստաշրջանն անցկացվում է հետեւյալ կարգով.

1) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում 90 րոպե տեւողությամբ նիստեր.

2) յուրաքանչյուր նիստից հետո նախատեսվում է 30 րոպե ընդմիջում.

3) երկրորդ ընդմիջման տեւողությունը կարող է նախատեսվել մեկ ժամ։

2. Արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր նիստի տեւողությունը կարող է նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 15 րոպեով: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:

Հոդված 42. Արտահերթ նստաշրջանի ընթացքը

1. Արտահերթ նստաշրջանը սկսվում է նախաձեռնողի, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի ներկայացրած օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգերի մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ, իսկ դրանց քննարկումն ավարտվելու կամ բացակայության դեպքում նախաձեռնողի սահմանած հաջորդականությամբ քննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել, ինչպես նաեւ օրակարգից հարցը կարող է հանվել նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով՝ առանց քվեարկության:

3. Արտահերթ նստաշրջանն ավարտվում է օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելու կամ հերթական նստաշրջանը սկսվելու դեպքում:

 

 

 

ԳԼՈՒԽ 12

ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 43. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստի գումարման եւ անցկացման կարգը

1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2. Եթե ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի  հրապարակումից հետո՝ երկու ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

3. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ եւ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

4. Եթե մինչեւ հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել ռազմական դրությունը կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված որեւէ միջոցառումվերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում եւ հրապարակվում է Կանոնակարգի 96-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

 

Հոդված  44. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու եւ անցկացնելու կարգը

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո՝ երկու ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

3. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

4. Եթե մինչեւ հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը ՝

1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որեւէ  միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում եւ հրապարակվում է Կանոնակարգի 97-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողն հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

Հոդված  45. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստի գումարման եւ անցկացման կարգը

1. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հրավիրվում է Ազգային Ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:

 2. Նիստի գումարման վայրը, օրը եւ ժամը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը,առաջին նստաշրջանի բացման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

Հոդված  46. Սահմանադրության սահմանված ժամկետների ապահովման նպատակով գումարվող հատուկ նիստերը

1. Սահմանադրության 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստ չանցկացվելու դեպքում Հանրապետության նախագահի անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

 2.Սահմանադրության 131-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստ չանցկացվելու դեպքում ռազմական դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չանցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրը վերացնելու մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

3. Սույն հոդվածում նշված հատուկ նիստի գումարման օրվա եւ ժամի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:

4. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետը չի խախտվում, ապա հատուկ նիստում ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

5. Եթե Կանոնակարգի 47-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած:

 

ԳԼՈՒԽ 13

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված  47. Ազգային ժողովի նիստի իրավազորությունը

1. Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Պատգամավորների գրանցումն իրականացվում է Աշխատակարգով սահմանված կարգով, էլեկտրոնային համակարգով՝ Ազգային ժողովի հերթական նիստերի, արտահերթ նիստերի կամ արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օրվա առաջին նիստի, ինչպես նաեւ հատուկ նիստի սկզբում: Գրանցումից ուշացած պատգամավորի պահանջով նրան սահմանված կարգով գրանցում է Աշխատակազմի ծառայողը:

3. Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը եւ գրանցմանը պատգամավորի մասնակցությունը հաշվառվում է քվեարկությունների թվում:

4. Եթե գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

1) ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում հերթական նիստերի, արտահերթ նիստերի կամ արտահերթ նստաշրջանի տվյալ օրվա նիստերը համարվում են չկայացած:

Հոդված 48. Ազգային ժողովի նիստը նախագահողի լիազորությունները

1. Նիստը նախագահողը՝

1) հայտարարում է նիստը կամ նստաշրջանը բացված, ինչպես նաեւ ավարտված.

2) հայտարարում է նիստի ընդմիջումները.

3) ապահովում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ յուրաքանչյուր հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող երեք հարցի մասին.

4) հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հարցի քննարկման կարգի եւ տեւողության մասին.

5) ձայն է տալիս ելույթի, ինչպես նաեւ հարցի կամ դրան պատասխանելու համար.

6) հայտարարում է պատգամավորների գրանցումը, ելույթների եւ հարցերի համար հերթագրումը, քվեարկության անցկացումը, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները.

7) համակարգում է նիստն սպասարկող ծառայողների աշխատանքը.

8) նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով կարող է ընդմիջել ելույթները:

2. Նիստը նախագահողի օրինական պահանջը չկատարելու, քննարկվող հարցից ելույթում շեղվելու, վիրավորական արտահայտություն անելու, բացակա պատգամավորի փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու, պատգամավորի քվեարկությանը խոչընդոտելու, Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում նախագահողն իրավունք ունի պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ, իսկ նիստին ներկա գտնվող այլ անձին՝ նախազգուշացնելու կամ հեռացնելու նիստերի դահլիճից:

3. Պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական միջոցները.

1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.

2) խոսափողի անջատում.

3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

4) հեռացում մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից.

5) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ յոթ օրով զրկում:

4. Կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, համաչափ լինի արարքի ծանրությանը եւ նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոն ընթացքը: Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը, եւ պատգամավորն ինքնակամ դա չի կատարել:

5. Նիստերի դահլիճից հիմնական զեկուցողի հեռացման դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է կարգապահական միջոցի կիրառման ժամկետով: Եթե նիստից հեռացված զեկուցողը պատգամավոր է, ապա հարցի քննարկումը վերսկսվում է նրա մասնակցությունն Ազգային ժողովի նիստին ժամկետից շուտ վերականգնվելու դեպքում:

6. Խմբակցության հիմնավորված միջնորդությամբ Ազգային Ժողովի նախագահը իրավունք ունի մինչեւ կարգապահական միջոցի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված պատգամավորի մասնակցությունն Ազգային ժողովի նիստին:

7. Նիստից հեռացման պահանջին չենթարկվելու դեպքում նախագահողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայությանը իրականացնել պահանջը:

8. Եթե նիստում անկարգություն է առաջանում, եւ նախագահողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը:

9. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նախագահողը նիստը հայտարարում է ավարտված:

Հոդված 49. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը

1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

2. Ազգային ժողովի փակ նիստ կարող է անցկացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է։

3. Փակ նիստ անցկացնելու մասին առաջարկն Ազգայինժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ  Հանրապետության նախագահի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների և Հանրապետության նախագահի գրություններում  նշվում են Ազգային ժողովի փակ նիստի անցկացման օրը, ժամը եւ քննարկվող հարցի անվանումը:

4. Եթե գրությունը սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է եւ ներկայացվել է Ազգային ժողովի նիստի ընթացքում, ապա փակ նիստ անցկացնելու մասին առաջարկն առանց քննարկման քվեարկության է դրվում այդ նիստում, իսկ գրությունն Ազգային ժողովի նիստերից ազատ օրը ներկայացվելու դեպքում առաջարկն առանց քննարկման քվեարկության է դրվում Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման սկզբում:

Հոդված  50. Ազգային ժողովի նիստում ներկա լինելու իրավունք ունեցող անձինք

1. Ազգային ժողովի հրապարակային նիստում պատգամավորներից եւ հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող անձանցից բացի, կարող են ներկա լինել՝

1) Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը.

2) Կառավարության անդամները.

3) Հաշվեքննիչ պալատի նախագահը.

4) գլխավոր դատախազը.

5) Մարդու իրավունքների պաշտպանը.

6) Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալը եւ նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Աշխատակազմի ծառայողները.

7) Ազգային ժողովի նախագահի կամ նիստը նախագահողի հրավիրած անձինք.

8) Աշխատակազմի ղեկավարի թույլատրած անձինք:

2. Ազգային ժողովի փակ նիստում, պատգամավորներից եւ հարցը զեկուցողից բացի, կարող են ներկա լինել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերում նշված անձինք:

3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալի խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների փորձագետները (մասնագետները) Ազգային ժողովի նիստում կարող են ներկա լինել Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

4. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղում, իսկ նիստերի դահլիճում կարող են ներկալինել Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

5. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ, իսկ Հանրապետության նախագահին, Կառավարության անդամներին, Աշխատակազմին եւ հրավիրված անձանց՝ հատուկ տեղեր:

 

ԳԼՈՒԽ 14

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈԻՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 51. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ ընթացակարգով՝

1) հիմնական զեկուցում.

2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ զեկուցողի արձագանքները.

3) հարակից զեկուցումներ.

4) հարցեր յուրաքանչյուր հարակից զեկուցողին, նրանց պատասխանները, հարց տվողի եւ զեկուցողի արձագանքները.

5) մտքերի փոխանակություն.

6) քվեարկություն:

2. Հարցի քննարկման ընթացքում պատգամավորն իրավունք ունի Կանոնակարգի 55-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկությունից առաջ եւ հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով:

3. Հարցերի քվեարկություններն անցկացվում են բաց՝ անվանական: Գաղտնի քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում:

Հոդված 52. Հիմնական եւ հարակից զեկուցումը

1. Հիմնական կամ հարակից զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունի Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող անձը:

2. Հիմնական եւ հարակից զեկուցմամբ հանդես գալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 53. Հարցեր տալը

1.Հիմնական եւ յուրաքանչյուր հարակից զեկուցողին մեկական անգամ հարցեր տալու իրավունք ունեն պատգամավորները:

2.Պատասխանից հետո հարցեր տվողը եւ զեկուցողն արձագանքելու իրավունք ունեն:

3. Եթե հարցերի ընդհանուր տեւողությունը սահմանված չէ ապա՝

1) հարցերի համար հատկացվում է երկուական րոպե,

2) հարցերին պատասխանելու համար հատկացվում է երեքական րոպե,

3) արձագանքելու համար հատկացվում է մեկական րոպե:

4. Հիմնական եւ յուրաքանչյուր հարակից զեկուցողի արտահերթ հարցեր տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը:

5. Հերթագրված՝ դահլիճից բացակայող, ինչպես նաեւ հարցեր տալու համար սահմանված ժամանակն ավարտվելուց հետո պատգամավորը զրկվում է տվյալ հարցի քննարկման ընթացքում հարց տալու իրավունքից:

6. Հարցերի համար հերթագրման, ինչպես նաեւ հարցեր տալու, դրանց պատասխանելու, պատասխաններին արձագանքելու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 54. Մտքերի փոխանակությունը

1. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով.

1) պատգամավորների եւ հրավիրված անձանց ելույթներ.

2) խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ.

3) եզրափակիչ ելույթներ:

2.  Եթե մտքերի փոխանակության տեւողությունը սահմանված չէ, կամ Կանոնակարգով ելույթների համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ելույթների համար հատկացվում է տասական րոպե:

3.  Մինչեւ եզրափակիչ ելույթները արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը, իսկ մինչեւ քվեարկությունը՝ միայն Հանրապետության նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ պետական նախարարը:

4.  Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի կամ նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:

5.  Խմբակցության անունից ելույթի գրավոր հայտը, որը ներառում է նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը նախագահողին ներկայացնել՝

1) նախապես՝մինչեւ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի հաստատումը կամ

2) Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում՝մինչեւ պատգամավորների եւ հրավիրված անձանց ելույթների ավարտը:

7. Եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն հարակից եւ հիմնական զեկուցողը, ինչպես նաեւ Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող այլ անձինք:

8. Հարցի քննարկման ընթացքում ելույթի իրավունքից զրկվում են՝

1) հերթագրված՝ դահլիճից բացակայող պատգամավորները, խմբակցությունների ներկայացուցիչները եւ հրավիրված անձինք.

2) հերթագրված պատգամավորները՝ ելույթների համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:

9. Հերթագրված, սակայն ելույթների համար սահմանված ժամկետն ավարտվելու կամ այլ պատճառով ելույթ չունեցած պատգամավորները կարող են հարցի քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմ ուղարկել իրենց գրավոր ելույթի տեքստը, որն Աշխատակազմը ներառում է Ազգային ժողովի նիստի սղագրությունում:

10. Ելույթների համար հերթագրման, ինչպես նաեւ ելույթ ունենալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 55. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները

1. Պատգամավորը կարող է մեկ անգամ անմիջապես քվեարկությունից առաջ՝

1) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը.

2) հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.

3) հանդես գալ հարցի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.

4) Կանոնակարգով նախատեսված դեպքերում հանդես գալ ընդմիջման մասին առաջարկով.

5) Կանոնակարգով նախատեսված դեպքերում առաջարկել ընդունել Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշում:

2. Պատգամավորը կարող է մեկ անգամ քվեարկությունից հետո՝ մինչեւ հերթական հարցի քննարկումը սկսելը՝

1) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.

2) առաջարկել լուսատախտակի վրա վերականգնել բաց քվեարկության արդյունքները եւ կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.

3) Կանոնակարգով նախատեսված դեպքերում եւ կարգով առաջարկել ընդունել Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի կամ 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաեւ իր ելույթում:

4. Եթե հարցի քննարկման տեւողությունը սահմանված չէ, ապա նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթների համար հատկացվում է մեկական րոպե:

5. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթների համար հերթագրման, ինչպես նաեւ ելույթ ունենալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 56. Բաց քվեարկությունը

1. Բաց քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային համակարգով՝ Աշխատակարգով սահմանված կարգով: Մինչեւ քվեարկության ավարտը նիստը նախագահողին դիմելն արգելվում է:

2. Բաց քվեարկությունն անվանական է: Էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում Սահմանադրությամբ եւ Կանոնակարգով նախատեսված անվանական քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Նիստը նախագահողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր հարցերը կամ առաջարկները, ճշտում դրանց ձեւակերպումները, իսկ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում նաեւ, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։

4. Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց, իսկ Ազգային ժողովի նիստից բացակայող պատգամավորը կարող է քվեարկել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

5.  Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչեւ գործուղման մեկնելը: Ծրարի վրա, ինչպես նաեւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ նաեւ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում եւ գրությունն Ազգային  ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:

6. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում առաջարկում է որեւէ պատգամավոր: Եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման, հարցի քվեարկությունը կրկնվում է:

7. Քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը էլեկտրոնային համակարգով իրականացված քվեարկության արդյունքների, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացված գրությունների հիման վրա հայտարարումէորոշմանընդունմանկամչընդունման մասին, որից հետո պատգամավորի քվեարկությունը՝ կողմ, դեմ, ձեռնպահ կամ չքվեարկելը, չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:

Հոդված 57. Գաղտնի, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկության անցկացման կարգը

1. Գաղտնի, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնախումբը՝դրա անցկացման ժամի, տեղի եւ կարգի մասին Ազգային ժողովի նիստում տեղյակ պահելով պատգամավորներին:

2. Հաշվիչ հանձնախումբն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը նախագահողը հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման, իսկ ընտրության դեպքում՝ թեկնածուի ընտրության կամ չընտրվելու մասին:

3. Գաղտնի, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանական քվեարկության կազմակերպման, անցկացման եւ արդյունքների ամփոփման կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված  58. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման տեւողությունը

1. Ազգային ժողովի նիստում Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի քննարկման տեւողությունը, որպես կանոն, չի կարող գերազանցել մեկ ժամը, բացառությամբ Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դեպքերի:

2. Եթե հարցի քննարկման տեւողությունը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված չէ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերի քննարկման տեւողությունը կարող է մեկից մինչեւ վեց ժամ, ինչպես նաեւ վեց ժամից ավել սահմանվել պատգամավորի, խմբակցության, գլխադասային հանձնաժողովի, իսկ Հանրապետության նախագահի կամ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված նախագծերի դեպքում՝ նաեւ հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Հիմնական զեկուցողը կարող է հարցի քննարկման տեւողությունը սահմանելու վերաբերյալ առաջարկը նիստը նախագահողին ներկայացնել Ազգային ժողովի նիստում այդ հարցի քննարկման սկզբում, իսկ մյուսները՝ նաեւ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի քննարկման ընթացքում: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

3. Եթե հարցի քննարկման տեւողությունը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերի քննարկման տեւողությունը կարող է մեկից մինչեւ վեց ժամ սահմանվել Ազգային Ժոզովի նախագահի որոշմամբ: Որոշումը կարող է ընդունվել մինչեւ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի հաստատումը:

4. Հարցի քննարկման տեւողության մեկ ժամվա կամ 90 րոպեի դեպքում հարցերի եւ մտքերի փոխանակության ընդհանուր տեւողությունը, ինչպես նաեւ զեկուցումների, հարցերի, պատասխանների եւ ելույթների համար հատկացվող ժամանակի բաշխումը սահմանվում է Աշխատակարգով, իսկ քննարկման այլ տեւողության դեպքում՝ մեկ ժամվա ժամկետների համամասնությամբ, Ազգային ժողովի որոշմամբ:

5. Քվեարկությունների կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ ժամանակը հարցի քննարկման տեւողության մեջ չի հաշվարկվում:

Հոդված  59. Հարցի քննարկման հետաձգումը եւ ընդմիջումները

1. Եթե հարցի քննարկման սկզբում հիմնական զեկուցողը բացակայում է, ապա քննարկումը մեկ անգամ առանց քվեարկության հետաձգվում է: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողը Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա հարցը շրջանառությունից հանվում է:

2. Հարցի քննարկումը կարող է մինչեւ մեկ ժամով ընդմիջվել եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:

3. Խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տեւողությամբ:

4. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

5. Եթե հարցի քննարկման տեւողությունն ուղղակիորեն նախատեսված է Կանոնակարգով, ապա այդ հարցի քննարկման ընթացքում ընդմիջում չի կարող հայտարարվել:

Հոդված  60. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը

1. Առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ, որով չի կարող սահմանափակվել զեկուցողների, նրանց հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաեւ կրճատվել ելույթի կամ հարց տալու համար Կանոնակարգով ուղղակիորեն սահմանված ժամանակը:

2. Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն ՝

1) արտահերթ նստաշրջանը կամ նիստը նախաձեռնողը՝ օրակարգում ընդգրկված հարցի քննարկման մասին.

2) գլխադասային հանձնաժողովը՝ իր իրավասությանը վերապահված հարցի քննարկման մասին.

3) հիմնական զեկուցողը՝ իր ներկայացրած հարցի քննարկման մասին.

4) քննիչ հանձնաժողովը՝ իր զեկույցի քննարկման մասին:

3. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել մինչեւ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը սկսվելը եւ քվեարկության է դրվում առանց քննարկման:  

 

ԲԱԺԻՆ 3

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 15

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված  61. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը

1.Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն Հանրապետության նախագահը և պատգամավորը:

2. Օրենսդրական նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ: Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաեւ օրենքների նախագծերի փաթեթի վրա:

3. Հանրապետության նախագահը օրենսդրական նախաձեռնությունն ներկանացնում է պաշտոնական գրությամբ:

4. Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն երկուսուկես տոկոսը ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք: Քաղաքացիական նախաձեռնությունն իրականացվում է «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ Կանոնակարգով օրենսդրական նախաձեռնության համար սահմանված պահանջներին համապատասխան:

5. Պատգամավորի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ քաղաքացիական նախաձեռնության կարգով չեն կարող ներկայացվել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով, 128-րդ հոդվածի 2-րդ մասով, 129-րդ հոդվածով, 134-րդ հոդվածով, Հանրապետության նախագահի բացառիկ իրավասությանը վերապահված օրենքների նախագծեր:

6. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնություններն իրականացվում են Կանոնակարգի 19-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 62. Օրենսդրական նախաձեռնության հեղինակը

1. Օրենքի նախագծի քննարկման ընթացքում որպես օրենսդրական նախաձեռնության հեղինակ կամ հիմնական զեկուցող հանդես գալու իրավունք ունի՝

1) պատգամավորը՝ իր նախաձեռնության դեպքում.

2) օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունում նշված պատգամավորը՝ երկու կամ ավելի թվով պատգամավորի նախաձեռնության դեպքում.

3) Հանրապետության նախագահի ներկայացուցիչը՝ Հանրապետության նախագահի նախաձեռնության դեպքում.

4) քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնության դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում Հանրապետության նախագահի ներկայացուցիչը կարող է նշանակվել Կառավարության անդամը կամ այլ պետական մարմնի ղեկավարը, ինչպես նաեւ նրանց տեղակալները:

3. Հեղինակն իրավասու է Կանոնակարգով սահմանված կարգով՝

1) օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես գալու հիմնական զեկուցմամբ, ելույթ ունենալու, պատասխանելու հարցերին.

2) ընդունելու կամ մերժելու օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկները.

3) լրամշակելու օրենքի նախագիծը.

4) ցանկացած ժամանակ հետ կանչելու օրենքի նախագիծը.

5) դուրս գալու նախաձեռնության հեղինակների կազմից:

4. Նախագիծը հետ կանչելու, ինչպես նաեւ նախաձեռնության հեղինակների կազմից դուրս գալու ընթացակարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված  63. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը եւ շրջանառության մեջ դնելը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրության ձեւը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են Աշխատակարգով:

2. Եթե օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը Կանոնակարգով եւ Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով եւ օրենքի նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ:

Հոդված 64. Օրենքի նախագիծը շրջանառությունից հանելը

1. Օրենքի նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում նաեւ մյուս նախագծերը շրջանառությունից հանվում են, եթե՝

1) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում իր հեղինակած նախագծի քննարկման սկզբում հիմնական զեկուցողը բացակայում է եւ սահմանված կարգով հարցի քննարկմանը չի ներկայանում.

2) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո հեղինակը սահմանված կարգով լրամշակված նախագիծ չի ներկայացնում.

3) քվեարկության արդյունքով նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվում.

4) Ազգային ժողովի նիստում քվեարկության արդյունքով նախագիծը չի ընդունվում, եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ.

5) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չի տեղեկացնում օրենսդրական նախաձեռնությանը միանալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.

6) նորընտիր Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո` երկու ամսվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ չի տեղեկացնում Հանրապետության նարագահի օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ մնալու մասին՝ նշելով ներկայացուցչի անունը, ազգանունը եւ պաշտոնը.

7) հեղինակը նախագիծը հետ է կանչում:

2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթական նստաշրջանի կամ նիստերի օրակարգերից, ինչպես նաեւ դրանց նախագծերից:

 

 

 

 

ԳԼՈՒԽ 16

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 65. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

2.Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է մեկ ընթերցմամբ:

3. Օրենքի նախագիծը, որպես կանոն, քննարկվում է հետեւյալ ընթացակարգով.

1) շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.

2) առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.

3) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ.

4) առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.

5) երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկումը.

6) Ազգայինժողովի նիստում նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ:

4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվում է Կանոնակարգի 20-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 66. Օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու ընդհանուր կարգը

1. Շրջանառության մեջ դրված, ինչպես նաեւ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացվում են Աշխատակազմ դրա իրավասությունն ունեցող անձի պաշտոնական գրությամբ: Գրության ձեւը, դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ գրությանը ընթացք տալու կարգը սահմանվում են Աշխատակարգով:

2. Հանրապետության նախագահը իր առաջարկների հետ ներկայացնում է պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

3. Եթե Հանրապետության նախագահը պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը։

3. Եթե պաշտոնական գրությունը կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերը Կանոնակարգով կամ Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չեն համապատասխանում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չեն համապատասխանեցվում, ապա առաջարկներին ընթացք չի տրվում.

2) համապատասխանում են, ապա Կանոնակարգով եւ Աշխատակարգով սահմանված կարգով առաջարկներին ընթացք է տրվում:

Հոդված  67. Օրենքի նախագծի նախնական քննարկման ընդհանուր կարգը

1. Օրենքի նախագծի նախնական քննարկումը Կանոնակարգով սահմանված կարգով իրականացնում է գլխադասային հանձնաժողովը, ինչպես նաև այլ մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կարող են իրականացնել նաև մյուս մշտական հանձնաժողովները:

2. Գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված կարգով՝

1) նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցումից առաջ Ազգային ժողով ներկայացնում է եզրակացություն, որի հիման վրա նախագիծն ընդգրկվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում.

2) կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

3. Եթե հարցի քննարկման սկզբում հիմնական զեկուցողը բացակայում է, ապա քննարկումը մեկ անգամ առանց քվեարկության հետաձգվում է: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողը հանձնաժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա այն շրջանառությունից հանվում է:

4. Եթե գլխադասային հանձնաժողովի անդամը հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովները կարող են մինչեւ հարցի քննարկումն սկսվելը իրենց գրավոր եզրակացությունները ներկայացնել Ազգային ժողով: Այդ դեպքում մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովում, ինչպես նաեւ Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ:

6. Բացառությամբ Կանոնակարգի 72-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված դեպքերի, օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Կանոնակարգով եւ Աշխատակարգով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացվում եզրակացության վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերին նախորդող ուրբաթ օրը: Ազգային Ժողովի մյուս մշտական հանձնաժողովների եզրակացությունները ներկայացնելու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

7. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահը Կանոնակարգի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարցն ընդգրկում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի համապատասխան բաժնում:

Հոդված 68. Օրենքի լրամշակված նախագիծն Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու ընդհանուր կարգը

1. Օրենքի լրամշակված նախագիծն Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվում Կանոնակարգով սահմանված կարգով նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկների ամփոփաթերթի, ինչպես նաեւ նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի հետ: Լրամշակված նախագիծը ներկայացվում է Աշխատակազմ դրա իրավասությունն ունեցող անձի պաշտոնական գրությամբ: Գրության ձեւը, դրան կից ներկայացվող այլ փաստաթղթերը, ինչպես նաեւ գրությանն ընթացք տալու կարգը սահմանվում են Աշխատակարգով:

2. Եթե պաշտոնական գրությունը կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերը Կանոնակարգով կամ Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չեն համապատասխանում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չեն համապատասխանեցվում, ապա նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելու դեպքում՝ Ազգային ժողովի նախագահը, իսկ գլխադասային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելու դեպքում այդ հանձնաժողովի նախագահը դրանք վերադարձնում են ներկայացնողին՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում են, ապա դրանց սահմանված կարգով ընթացք է տրվում:

Հոդված 69. Հանրապետության նախագահի կողմից անհետաձգելի համարվող օրենքի նախագծի քննարկման ժամկետները

1.Հանրապետության նախագահի կողմից  անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում:

2. Հանրապետության նախագահի կողմից անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովի հերթական նիստերում առաջին ընթերցմամբ քննարկվում եւ քվեարկության է դրվում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

3. Ազգային ժողովի հերթական նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածը սույն հոդվածի  1-ինեւ 2-րդ մասերով սահմանված ժամկետներում չի հաշվարկվում:

4. Նախագիծը դադարում է համարվել անհետաձգելի, եթե Հանրապետության նախագահի ներկայացուցչի առաջարկությամբ նախագծի քննարկումը Կանոնակարգով սահմանված կարգով հետաձգվում կամ երկարաձգվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը գերազանցող ժամկետով:

 

Հոդված 70. Օրենքների ընդունումը

1. Օրենքները ընդունվում են, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի,  քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2.  Հանրապետության նախագահի առարկությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

ԳԼՈՒԽ 17

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված  71. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը

1. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Հանրապետության նախագահը, պատգամավորը եւ խմբակցությունը:

2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ նախագիծն  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝ 24 ժամվա ընթացքում:

3. Հանրապետության նախագահի կողմից անհետաձգելի համարվող նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Հոդված  72. Առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկումը

1. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկվում է առանց փոփոխության՝ գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս նախագծի հեղինակը.

2) հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաեւ հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը.

3) Հանրապետության նախագահի ներկայացուցիչն իրավունք ունի հարցեր տալու զեկուցողին.

4) հանձնաժողովի անդամները, իսկ պատգամավորի կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ նաեւ Հանրապետության նախագահի ներկայացուցիչը, կարող են իրենց ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել.

5) սահմանված կարգով ներկայացված գրավոր առաջարկների հեղինակներն իրավունք ունեն ելույթ ունենալու եւ պատասխանելու հարցերին.

6) հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ հիմնական զեկուցողն իրավունք ունեն ելույթից հետո հարցեր տալու առաջարկների հեղինակներին:

3. Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթից հետո՝

1) նախագիծն առանց փոփոխության դրվում է քվեարկության, եթե սահմանված կարգով դրա վերաբերյալ առաջարկ չի ներկայացվել.

2) Աշխատակարգով սահմանված կարգով քվեարկության են դրվում Կանոնակարգի 71-րդ հոդվածով, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկները:

4. Առաջարկների քվեարկությունից հետո հիմնական զեկուցողը կարող է՝

1) նախագիծը քվեարկության դնել առանց փոփոխության, եթե նախագիծը վերապահված է Հանրապետության նախագահի բացառիկ իրավասությանը.

2) նախագիծը քվեարկության դնել իր համար ընդունելի ուղղումներով, եթե նախագիծը վերապահված է Հանրապետության նախագահի բացառիկ իրավասությանը.

3) նախագիծը քվեարկության դնել հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա կատարված ուղղումներով.

4) նախագիծը քվեարկության դնել հանձնաժողովի ընդունած առաջարկների մի մասի հիման վրա կատարված ուղղումներով.

5) նախագիծը լրամշակելու նպատակով հարցի քվեարկությունը հետաձգել, որը համարվում է ընդունված առանց քվեարկության: Լրամշակված նախագիծը հանձնաժողովի առաջիկա նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ներկայացվելու դեպքում այն սույն մասի 2-4-րդ կետերով սահմանված կարգով քվեարկության է դրվում այդ նիստում: Եթե հարցի քվեարկությունը հետաձգվելուց հետո՝երկամսյաժամկետում, լրամշակված նախագիծ չի ներկայացվում, կամ հեղինակի գրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետը չի երկարաձգվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

5. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 4-րդ մասով կամ 6-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում քվեարկության դրված նախագիծն ընդունվում է, ապա համարվում է հանձնաժողովի կողմից դրական, իսկ չընդունվելու դեպքում՝ բացասական եզրակացություն ստացած:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում բացասական եզրակացություն ստացած նախագծի հեղինակի համաձայնությամբ հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծը ներկայացնելու համար հատկացվում է հինգից մինչեւ տասն աշխատանքային օր: Եթե սահմանված ժամկետում՝

1) որեւէ խմբակցություն կամ պատգամավոր ներկայացնում է հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծ, ապա այն երեք աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա հերթական նիստերին նախորդող ուրբաթ օրը, առանց քննարկման քվեարկության է դրվում հանձնաժողովի նիստում: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ նախագիծը, ինչպես նաեւ բացասական եզրակացություն ստացած մյուս նախագիծը համարվում են այլընտրանքային եւ Ազգային ժողովի նիստում քննարկվում են Կանոնակարգի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե լրամշակված նախագիծը ստանում է բացասական եզրակացություն, ապա այդ, ինչպես նաեւ մյուս նախագծի վերաբերյալ բացասական եզրակացությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Ազգային ժողով.

2) հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծ չի ներկայացվում, ապա սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում նշված նախագծի վերաբերյալ բացասական եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Ազգային ժողով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգը Հանրապետության նախագահի բացառիկ իրավասությանը վերապահված նախագծերի վրա չի տարածվում:

8. Սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաեւ 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում լրամշակված նախագծերը ներկայացվում են գլխադասային հանձնաժողով, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողով:

Հոդված  73. Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ կարող է (են) հանդես գալ նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ՝

1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.

2) գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած՝ հանձնաժողովի անդամը.

3) Հանրապետության նախագահի ներկայացուցիչը, եթե նախագիծը ներկայացվել է պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով.

4) նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություն ներկայացրած մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները:

2.  Եթե նախագիծը ներկայացվել է պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով, ապա մտքերի փոխանակության ընթացքում, մինչեւ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները, արտահերթ ելույթի իրավունք ունի Հանրապետության նախագահի լիազորած ներկայացուցիչը:

3.  Մինչեւ հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը եզրափակիչ ելույթի իրավունք ունի հարակից զեկուցմամբ հանդես եկած Հանրապետության նախագահի ներկայացուցիչը:

4.  Կանոնակարգի 72-րդ հոդվածի  3-րդմասի 1-ինկետում, 4-րդմասի 3-րդեւ 4-րդ կետերում նշված դեպքերում գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն ստացած նախագիծը քվեարկության է դրվում առանց փոփոխության, իսկ Հանրապետության նախագահի բացառիկ իրավասությանը վերապահված նախագիծը կարող է քվեարկության դրվել Հանրապետության նախագահի համար ընդունելի ուղղումներով:

5.  Եթե նախագիծը վերապահված է Հանրապետության նախագահի բացառիկ իրավասությանը, կամ նախագծի վերաբերյալ ստացվել է գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը, կամ գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված ժամկետում նախագծի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացրել, ապա նախագծի հեղինակը կարող է առաջարկել նախագիծը լրամշակելու նպատակով Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որն ընդունվում է առանց քվեարկության:

6.  Հարցի քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հերթական նիստի նախորդող ուրբաթ օրը լրամշակված նախագիծ ներկայացվելու դեպքում հարցի քննարկումը վերսկսվում է այդ հերթական նիստերում, իսկ սահմանված ժամկետում լրամշակված նախագիծ չներկայացվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է: Հարցի քննարկումը վերսկսվելու դեպքում՝

1) մինչեւ հինգ րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը, որը կարող է առանց փոփոխության քվեարկության դնել լրամշակված նախագիծը.

2) մինչեւ երեք րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.

3) մինչեւ երկուական րոպե տեւողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները:

7. Եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:

Հոդված 74. Այլընտրանքային համարված օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Կանոնակարգի 72-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ այլընտրանքային համարված նախագծերը քննարկվում եւ քվեարկվում են Կանոնակարգի 73-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ.

1) հիմնական զեկուցման իրավունք ունեն այլընտրանքային համարված օրենքի նախագծերի հեղինակները: Առաջինը հանդես է գալիս այն նախագծի հեղինակը, որն առաջինն է քննարկվել գլխադասային հանձնաժողովում.

2) հարցի քննարկումը կարող է հետաձգվել հիմնական զեկուցողների համաձայնությամբ.

3) նախագծերը քվեարկության են դրվում ըստ քննարկման հաջորդականության:

2. Եթե երկու նախագծերն էլ ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը:

3. Եթե երկու նախագծերն էլ ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով եւ հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:

 

ԳԼՈՒԽ 18

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 75. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Հանրապետության նախագահը,  պատգամավորը և խմբակցությունը՝  շրջանառության մեջ դրված նախագծի փոփոխված դրույթների վերաբերյալ:

2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միեւնույն օրենքի նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 37-րդ հոդվածի 5-րդ կամ 40-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները կարող են փոխվել հեղինակի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Ժամկետը փոխելու վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո:

Հոդված  76. Երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկումը

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն առանց փոփոխության գլխադասային հանձնաժողովում քննարկվում է գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միեւնույն օրենքի նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 37-րդ հոդվածի 5-րդ կամ 40-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:

2. Հարցը հանձնաժողովում քննարկվում է Կանոնակարգի 72-րդ հոդվածի 2-5-րդ եւ 8-րդ մասերով սահմանված կարգով:

Հոդված  77. Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Կանոնակարգի 73-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ Կանոնակարգով սահմանված կարգով ներկայացված առաջարկների հեղինակները:

3. Եթե նախագիծը չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձնել Կանոնակարգի 75-րդ հոդվածով նախատեսված՝ գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումը չընդունվելու կամ առաջարկը չներկայացվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:

4. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն:  Այդ ժամկետում Հանրապետության նախագահը կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հանրապետության նախագահի առարկությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը:

 

ԳԼՈՒԽ 19

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸԵՎՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 78. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնությունը

1. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասում նշված գլուխները և հոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Հանրապետության նախագահը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսը:

2. Բացառությամբ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասում նշված գլուխների և հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Հանրապետության նախագահը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների հինգ տոկոսը:

3. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ այդ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացմամբ:

4. Բացառությամբ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացմամբ:

5. Սահմանադրության փոփոխությունների՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությունն իրականացվում է Հանրապետության նախագահի հրամանագրով, իսկ քաղաքացիական նախաձեռնությունը՝քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով օրենքի նախագիծ ներկայացնելու համար՝ «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգին համապատասխան:

6. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնության հեղինակը Կանոնակարգի 62-րդ հոդվածով նախատեսված համապատասխան անձն է, որն ունի օրենսդրական նախաձեռնության հեղինակի իրավասություններ:

Հոդված  79. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու եւ նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը

1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրությանը ձեւը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են Աշխատակարգով:

2. Եթե նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը Կանոնակարգով եւ Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով եւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ:

3. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանվում է օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 64-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաեւ Կանոնակարգի 80-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

Հոդված  80. Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման եւ ընդունման կարգը

1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-18-րդ գլուխներով սահմանված կարգով:

2. Մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ  ընդունելը ք վեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում եւ ուղարկում է Գերագույն դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչեւ Գերագույն դատարանի որոշումը ստանալը:

3. Եթե Գերագույն դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

4. Եթե Գերագույն դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում հետեւյալ կարգով.

1) Կանոնակարգի 78-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.

2) Կանոնակարգի 78-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

6. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը   հրապարակում է 24 ժամվա ընթացքում:

7. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն:  

 

 

 

ԳԼՈՒԽ 20

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հոդված  81. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացնելու, քննարկելու եւ ընդունելու ժամկետները

1. Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է Հանրապետության նախագահի ներկայացմամբ: Պետական բյուջեն ներառում է օրենքով սահմանված բյուջետային մուտքերը եւ ելքերը:

2. Հանրապետության նախագահը պետական բյուջեի նախագիծը Կանոնակարգով եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 45 օր առաջ:

3. Նախագիծն առաջադրելու մասին պաշտոնական գրության ձեւը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Աշխատակարգով:

4. Նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող դեկտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում:

Հոդված  82. Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումը

1. Ազգային ժողովի նախագահը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդակցելով Հանրապետության նախագահի հետ, կազմում է գլխադասային եւ մյուս մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման ժամկետացանկը :

2. Նախագծի նախնական քննարկման գլխադասային հանձնաժողովը իրավասու մշտական հանձնաժողովն է:

3. Նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաեւ Կառավարության անդամները եւ Հանրապետության նախագահի լիազորած անձինք, ինչպես նաեւ ժամկետացանկում նշված այլ անձինք:

4. Գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկման արդյունքներն Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ ներկայացնում է հանձնաժողովի ներկայացուցիչը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներն իրավունք ունեն Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ, եթե նախագիծը նախապես քննարկվել է այդ հանձնաժողովներում, եւ դրա մասին առկա է հանձնաժողովի եզրակացությունը:

6. Նախագծի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ Հանրապետության նախագահի լիազորած անձինք:

Հոդված  83. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը

1. Պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների արդյունքով գրավոր առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորները եւ խմբակցությունները:

2. Գրավոր առաջարկները ներկայացնելու համար ժամկետացանկով սահմանված ժամկետը լրանալուց հետո Հանրապետության նախագահը կարող է նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել առանց փոփոխության կամ իր նախաձեռնությամբ կամ գրավոր առաջարկների հիման վրա լրամշակելով:

3. Հանրապետության նախագահը լրամշակված նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում՝ կցելով Աշխատակարգով սահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկ:

4. Առաջարկները, որոնց վերաբերյալ Հանրապետության նախագահն ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են բյուջեի նախագծում:

Հոդված 84. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման կարգը

1. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվում է ընդհանուր կարգով՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան:

2. Մինչեւ երեսնական րոպե տեւողությամբ ելույթով կարող են հանդես գալ Հանրապետության նախագահի մինչեւ երեք ներկայացուցիչ:

3. Մինչեւ երեսնական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝

1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով նախագիծը, ինչպեսնաեւ դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

2) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով նախագծի` պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

3) նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած  մյուս մշտական հանձնաժողովների մեկական երկայացուցիչները՝ներկայացնելով համապատասխան եզրակացությունը:

4. Մինչեւ խմբակցությունների ելույթները Հանրապետության նախագահի ներկայացմամբ Կառավարության անդամներին , Ստեփանակերտի քաղաքապետին և շրջանների վարչակազմերի ղեկավարներին տրվում է  արտահերթ ելույթի իրավունք:

5. Մտքերի փոխանակությունն ավարտվում է Հանրապետության նախագահի կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի՝ մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով:

6. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը նախագահողը հայտարարում է նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն չորս օրով:

7. Նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո պատգամավորները եւ խմբակցությունները իրենց առաջարկները ներկայացնում են Աշխատակարգով սահմանված կարգով:

Հոդված 85. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը

1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո հարցը քննարկվում է ընդհանուր կարգով՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան:

2. Հանրապետության նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը մինչեւ մեկ ժամ տեւողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկում ներառված առաջարկները, որից հետո նրան կարող են տրվել հարցեր:

3. Հայտ ներկայացնելու դեպքում տասական րոպե տեւողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն՝

1) նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները.

2) խմբակցությունների մեկական ներկայացուցիչները.

3) մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.

4) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալը:

4. Ելույթներից հետո մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս Հանրապետության նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հանրապետության նախագահի լիազորած  պետական կառավարման մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:

5. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի չընդունման դեպքում Հանրապետության նախագահն Ազգային ժողով պետական բյուջեի նախագիծ է ներկայացնում քվեարկությունից հետո` երկշաբաթյա ժամկետում, որը քննարկվում եւ քվեարկվում է Կանոնակարգի սույն գլխով սահմանված կարգով՝ մեկ ամսվա ընթացքում:

6.Պետական բյուջեի մասին օրենքում լրացում կամ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգով: 

 

ԳԼՈՒԽ 21

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐ

Հոդված  86. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծ ներկայացնելու եւ քննարկելու կարգը

1. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին:

2. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները Գերագույն դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

3. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է մեկ ընթերցմամբ:

4. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում եւ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Հանրապետության նախագահի համար ընդունելի ուղղումներով:

5.Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն ներկայացված տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Հանրապետության նախագահը «Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր:

7. Սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաեւ միջազգային պայմանագրերին Արցախի Հանրապետության միանալու մասին օրենքի նախագծերի ընդունման վրա:

Հոդված  87. Համաներման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու եւ քննարկելու կարգը

1. Համաներման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին:

2. Համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի փակ նիստում:

3. Իրավասու մշտական հանձնաժողովի եզրակացության ներկայացման ժամկետի լրանալուց հետո համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում:

4. Համաներման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Հանրապետության նախագահի համար ընդունելի ուղղումներով:

5. Համաներման մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված  88. Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու եւ քննարկելու կարգը

1. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին:

2. Համայնքների միավորման կամ բաժանման դեպքում այդ համայնքների ղեկավարներն իրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու միավորման կամ բաժանման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը, իսկ Ազգային ժողովում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում՝ հանդես գալու հարակից զեկուցմամբ:

3. Համայնքների ղեկավարները հարցի քննարկմանը մասնակցելու վերաբերյալ իրենց գրավոր դիմումներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում համապատասխան օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Հանրապետության նախագահի համար ընդունելի ուղղումներով:

 

ԲԱԺԻՆ 4

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 22

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 89. Ազգային ժողովի որոշումները

1. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

2. Աշխատակարգը, ինչպես նաեւ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով այլ որոշումներն ընդունվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում եւ կարգով:

3. Ազգային ժողովի որոշման նախագիծ կամ Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով նախատեսված անձինք:

4. Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է Կանոնակարգով սահմանված կարգով դրվել շրջանառության մեջ կամ ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում:

5. Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված դեպքերում ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում:

6. Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է մեկ ընթերցմամբ:

 Հոդված 90. Ազգային ժողովի հայտարարությունները եւ ուղերձները

1. Ազգային ժողովի հայտարարությունը կամ ուղերձը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի քաղաքական դիրքորոշման արտահայտումն է:

2. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը եւ խմբակցությունը:

3. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում Ազգային ժողովի որոշման նախագծերի համար Կանոնակարգով սահմանված կարգով:

4. Ազգային ժողովի նախագահի առաջարկած հայտարարության կամ ուղերձի նախագիծը կարող է ներկայացվել նաեւ Ազգային ժողովի նիստի ընթացքում եւ քննարկվել արտահերթ կարգով:

5. Ազգային ժողովի հայտարարությունները եւ ուղերձներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված  91. Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելը եւ շրջանառության մեջ դնելը

1. Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրության ձեւը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Աշխատակարգով:

2. Եթե պաշտոնական գրությունը Կանոնակարգով եւ Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է հեղինակին՝նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով եւ Ազգային ժողովի որոշման նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում շրջանառության մեջ:

Հոդված 92. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումը

1. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումն իրականացվում է Կանոնակարգի 67-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան:

2. Ազգային ժողովի որոշման նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկվում է շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

3.Հեղինակն իրավունք ունի մինչեւ հարցի քննարկման ավարտը ներկայացնելու լրամշակված նախագիծ կամ իր եզրափակիչ ելույթում առաջարկելու նախագիծը լրամշակելու նպատակով հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որը համարվում է ընդունված՝ առանց քվեարկության: Հարցի քննարկումը չհետաձգվելու դեպքում նախագիծը դրվում է քվեարկության:

4. Եթե նախագծի լրամշակման համար հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվում է, եւ դրանից հետո՝ երկամսյա ժամկետում, հեղինակը լրամշակված նախագիծ չի ներկայացնում կամ նրա գրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետը չի երկարաձգվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

5. Լրամշակված նախագիծը հանձնաժողովի առաջիկա նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ներկայացվելու դեպքում այն քվեարկության է դրվում այդ նիստում:

6. Նախագծի ընդունման դեպքում համարվում է, որ հանձնաժողովը դրա վերաբերյալ Ազգային ժողով ներկայացրել է դրական, իսկ չընդունվելու դեպքում՝բացասական եզրակացություն:

Հոդված  93. Ազգային ժողովի նիստում Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկումը եւ ընդունումը

1. Ազգային ժողովի նիստում Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ կարող է (են) հանդես գալ նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ՝

1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.

2) նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամները.

3) գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած՝ հանձնաժողովի անդամները:

2. Մինչեւ հեղինակի եզրափակիչ ելույթը քվեարկության են դրվում նախագծի վերաբերյալ խմբակցությունների ներկայացրած բոլոր առաջարկները: Ընդունված առաջարկները ներառվում են վերջնական տեսքով քվեարկության դրվող նախագծում:

3.Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է ՝

1) նախագիծը քվեարկության դնել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ուղղումներով.

2) նախագիծը լրամշակելու նպատակով առաջարկել Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որն ընդունվում է առանց քվեարկության:

4. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հերթական նիստի օրվան նախորդող ուրբաթ օրը լրամշակված նախագիծ ներկայացվելու դեպքում հարցի քննարկումը վերսկսվում է այդ հերթական նիստում: Սահմանված ժամկետում լրամշակված նախագիծ չներկայաց վելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:

5. Հարցի քննարկումը վերսկսվելու դեպքում՝

1) մինչեւ հինգ րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը, որը կարող է քվեարկության դնել նախագիծը.

2) մինչեւ երեք րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հարակից զեկուցողը.

3) մինչեւ երկուական րոպե տեւողությամբ ելույթով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները:

6. Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսվածդեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Կանոնակարգով սահմանված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի կամ անվանական քվեարկությամբ:

8. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները եւ ուղերձները Կանոնակարգով սահմանված կարգով ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

9. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումները, ինչպես նաեւ հայտարարությունները եւ ուղերձներն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման, իսկ Ազգային ժողովի մյուս որոշումները՝ դրանց հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ։

10. Ազգային ժողովի որոշումները, ինչպես նաեւ  հայտարարությունները եւ ուղերձները պաշտոնապես հրապարկվում են «Իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 94. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանելը

1. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանվում է հետեւյալ դեպքերում.

1) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում իր հեղինակած նախագծի քննարկման սկզբում հիմնական զեկուցողը բացակայում է եւ սահմանված կարգով հարցի քննարկմանը չի ներկայանում.

2) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո հեղինակը սահմանված կարգով լրամշակված նախագիծ չի ներկայացնում.

3) քվեարկության արդյունքով նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվում.

4) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը կամ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չի տեղեկացնում նախաձեռնությանը միանալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.

5) հեղինակը նախագիծը հետ է կանչում:

2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթական նստաշրջանի կամ  նիստերի օրակարգերից կամ դրանց նախագծերից:

  

ԳԼՈՒԽ 23

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐԸ

Հոդված 95. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկության ներկայացման եւ քննարկման կարգը

1. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկությունն Ազգային ժողով է ներկայացնում Հանրապետության նախագահը:

2. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության նախագահը:

3. Ազգային ժողովի նիստում պատերազմ հայտարարելու հարցով Ազգային ժողովի նիստի գումարման դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաեւ խաղաղություն հաստատելու մասին Հանրապետության նախագահը առաջարկության քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության նախագահի ներկայացուցիչը, որին կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

4. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

6. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

Հոդված  96. Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու եւ քննարկելու կարգը

1. Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով, իսկ Կանոնակարգի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նշված դեպքում կարող է ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում:

3. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Հանրապետության նախագահի ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալու հարակից զեկուցմամբ:

4. Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Հոդված  97. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու եւ քննարկելու կարգը

1. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու՝ Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով, իսկ Կանոնակարգի 44-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նշված դեպքում կարող է ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում:

3. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Հանրապետության նախագահի ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալու հարակից զեկուցմամբ:

4. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Հոդված  98. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը

1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի նիստում հետեւյալ կարգով.

1) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցերտրվել.

2) մտքերի փոխանակություն.

3) միջնորդագրում նշված պատգամավորին եւ գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ 20 րոպե:

3. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

4. Պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Հոդված 99. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը

1. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեականհետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի նիստում: Հարցի քննարկման ընթացքում՝

1) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը եւ Մարդու իրավունքների պաշտպանը, որոնց կարող են հարցերտրվել.

2) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.

3) Մարդու իրավունքների պաշտպանին եւ գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ քսանական րոպե:

3. Եթե հարցի քննարկման սկզբում Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

4. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

5. Ազգային ժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Հոդված  100. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ հարցով Գերագույն դատարան դիմելու կարգը

1. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի  որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Ազգային ժողովի նախագահը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Հոդված  101. Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու եւ քննարկելու կարգը

1. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունները: Նախագծով սահմանվում են՝

1) հանձնաժողովների անվանումները եւ գործունեության ոլորտները.

2) յուրաքանչյուր հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը.

3) հանձնաժողովների նախնական քննարկմանը վերապահված առանձին օրենքների անվանումները.

4) պաշտոնում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու իրավասություն ունեցող հանձնաժողովները.

5) հանձնաժողովների խորհրդարանական վերահսկոխության շրջանակը:

2. Եթե Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ներկայացվել է մեկից ավելի նախագիծ, ապա դրանց քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցման իրավունք ունեն նախագծերի հեղինակները: Զեկույցների հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների անդամների թվի՝ մեծից փոքր.

2) հարցի քննարկումը կարող է հետաձգվել հիմնական զեկուցողների համաձայնությամբ.

3) նախագծերը քվեարկության են դրվում ըստ ներկայացման հաջորդականության.

4) եթե քվեարկության է դրվել երկու նախագիծ, եւ դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծը նորից է դրվում քվեարկության.

5) եթե քվեարկության է դրվել երկուսից ավելի նախագիծ, եւ դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկության են դրվում առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը.

6) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը.

7) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով եւ հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:

3. Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվելուց հետո դրանում փոփոխություններ կատարելու նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

4. Ազգային ժողովի նախագահը մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

5. Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:

Հոդված 102. Աշխատակարգի ընդունումը եւ փոփոխությունը

1. Աշխատակարգի ընդունման կամ փոփոխության վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը եւ խմբակցությունը:

 

ԲԱԺԻՆ 5

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 24

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 103. Պետական բյուջեի կատարման ընթացքի մասին տեղեկանքները

1. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, պետական ֆինանսների կառավարման բնագավառում պետական կառավարման մարմնի ղեկավարը Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում պետական բյուջեի, այդ թվում՝ նպատակային վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ:

2. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ։

3. Իրավասու մշտական հանձնաժողովն իր նիստում քննարկում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ պետական ֆինանսների կառավարման բնագավառում պետական կառավարման մարմնի ղեկավարի ներկայացրած տեղեկանքը:

Հոդված 104. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունների ներկայացումը եւ քննարկումը

1. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություններն Ազգային ժողով են ներկայացվում օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում:

2. Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները, իսկ առկայության դեպքում՝ նաեւ հաշվեքննության օբյեկտի ղեկավարի կողմից ընթացիկ եզրակացության վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը: Ուսումնասիրության արդյունքով հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել հրավիրելու հանձնաժողովի նիստ կամ ոլորտային հանձնաժողովների հետ համատեղ նիստ:

Հոդված 105.Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելու եւ քննարկելու ժամկետները

1. Հանրապետության նախագահը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` պաշտոնապես եւ էլեկտրոնային տարբերակով Ազգային ժողով է ներկայացնում մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը:

2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ, Ազգային ժողովում քննարկվում եւ քվեարկության է դրվում մինչեւ հերթական նստաշրջանի ավարտը:

3. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը Ազգային ժողով ներկայացնելուց հետո՝մեկամսվա ընթացքում:

Հոդված 106. Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

1. Ազգային ժողովի նախագահը, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝երկու աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդակցելով Հանրապետության նախագահի հետ՝կազմում է գլխադասային եւ մյուս մշտական հանձնաժողովներում, ինչպես նաեւ դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

2. Հաշվետվության նախնական քննարկման գլխադասային հանձնաժողովը իրավասու մշտական հանձնաժողովն է:

3. Հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նաեւ Կառավարության անդամները եւ Հանրապետության նախագահի լիազորած անձինք, ինչպես նաեւ ժամկետացանկում նշված այլ անձինք:

4. Գլխադասային հանձնաժողովում հաշվետվության նախնական քննարկման արդյունքներն  Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ ներկայացնում է հանձաժողովի ներկայացուցիչը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներն իրավունք ունեն Ազգային ժողովում հաշվետվության քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ, եթե հաշվետվությունը նախապես քննարկվել է այդ հանձնաժողովներում, եւ դրա մասին առկա է հանձնաժողովի որոշում:

6. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ Հանրապետության նախագահի լիազորած անձինք:

Հոդված  107. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը

1. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում մինչեւ երեսնական րոպե տեւողությամբ հիմնական զեկուցմամբ կարող են հանդես գալ Հանրապետության նախագահի մինչեւ երեք ներկայացուցիչ, իսկ նույն տեւողությամբ հարակից զեկուցումներով՝

1) Հաշվեքննիչ պալատի նախագահը` ներկայացնելով պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը.

2) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվությունը եւ դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

3) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

4) հաշվետվության վերաբերյալ եզրակացություն ներկայացրած մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

2. Մինչեւ խմբակցությունների ելույթները Հանրապետության նախագահի ներկայացմամբ Կառավարության անդամներին , Ստեփանակերտի քաղաքապետին և շրջանների վարչակազմերի ղեկավարներին տրվում է  արտահերթ ելույթի իրավունք:

3. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս Հանրապետության նախագահը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հանրապետության նախագահի լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որից հետո քվեարկության է դրվում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

4. Որոշման ընդունման դեպքում հաշվետվությունը համարվում է հաստատված, իսկ չընդունման դեպքում՝ մերժված:

 

ԳԼՈՒԽ 25

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐ

Հոդված  108. Հանրապետության  նախագահին ևԿառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելը

1. Պատգամավորներն ունեն Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք:

2. Հարցն ստանալուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, Հանրապետության նախագահը  կամ նրա հանձնարարությամբ Կառավարության համապատասխան անդամը գրավոր պատասխանում է հարցին:

3. Գրավոր հարցերն ուղարկելու, ինչպես նաեւ դրանց պատասխանները պատգամավորին տրամադրելու կարգերը սահմանվում են Աշխատակարգով:

Հոդված  109. Հանրապետության  նախագահին  ևԿառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելը

1.  Սեպտեմբեր, նոյեմբեր, փետրվար, ապրիլ և հունիս ամիսներին գումարվող հերթական նիստերում, իսկ մյուս ամիսներին գումարվող նիստերում, ըստ անհրաժեշտության, Հանրապետության նախագահը և Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին:

2. Հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:

3. Հարցերը տրվում են Կանոնակարգի 53-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված կարգով՝ ըստ հերթագրման հաջորդականության:

4. Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

Հոդված  110. Խմբակցությունների գրավոր հարցապնդումները

1. Խմբակցություններն ունեն Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք:

2. Խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ:

3. Խմբակցությունը Հանրապետության նախագահին և Կառավարությանը գրավոր հարցապնդումով դիմելու իրավունքն իրականացնում է իր որոշմամբ:

4. Հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում Հանրապետության նախագահի  հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

5. Գրավոր հարցապնդումը Հանրապետության նախագահին և Կառավարություն է ուղարկվում, ինչպես նաեւ հարցապնդման պատասխանը խմբակցությանն է հանձնվում Աշխատակարգով սահմանված կարգով:

6. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում եւ խմբակցության առաջարկությամբ քննարկվում են Ազգային Ժողովի նիստում:

7. Հերթական նիստի գումարումից առնվազն մեկ շաբաթ առաջ ստացված հարցապնդման պատասխանը ներկայացվում է, ինչպես նաեւ կարող է խմբակցության առաջարկությամբ   քննարկվել այդ նիստի, իսկ նշված ժամկետից ուշ ստացվածները՝ հաջորդ հերթական նիստի ընթացքում: Խմբակցության առաջարկը կարող է Ազգային ժողովի նախագահին ներկայացվել մինչեւ հարցապնդումն Ազգային ժողովի նիստում ներկայացվելը:

8. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման սկզբում մինչեւ հինգ րոպե տեւողությամբ ելույթով հարցապնդման պատասխանը ներկայացնում է Կառավարության անդամը: Եթե խմբակցությունը չի առաջարկել հարցապնդումը քննարկել, ապա Կառավարության անդամի ելույթից հետո հարցի քննարկումը համարվում է ավարտված:

9. Խմբակցության առաջարկությամբ՝ հարցապնդման պատասխանն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետեւյալ կարգով.

1) հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամին կարող են հարցեր տրվել.

2) ելույթով հանդես է գալիս հարցապնդումը ներկայացնող խմբակցության ներկայացուցիչը, որին կարող են հարցեր տրվել.

3) մտքերի փոխանակություն.

4) եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամը, այնուհետեւ՝խմբակցության ներկայացուցիչը:

Հոդված 111. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ անցկացնելու կարգը

1. Հերթական նստաշրջանի ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:

2. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման անցկացման մասին պատգամավորների պահանջը ներկայացվում է գրավոր դիմումով, որտեղ նշվում են՝

1) քննարկման թեման եւ ժամկետը.

2) պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցչի անունը, ազգանունը:

3. Եթե դիմումը սույն հոդվածի պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է դիմումը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա հարցը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկվում է Ազգային ժողովի նիստում:

4.  Քննարկումը կարող է առաջիկա հերթական նիսում անցկացվել, եթե դիմումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել այդ նիստերից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե այդ ժամկետում ներկայացվել է մեկից ավելի դիմում, ապա առաջիկա հերթական նիստերում անցկացվում է այն քննարկումը, որի դիմումն ավելի շուտ է ներկայացվել:

5. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցիչը:

6. Հիմնական զեկուցողը կարող է իր եզրափակիչ ելույթում առաջարկել ընդունել Ազգային ժողովի ուղերձ կամ հայտարարություն, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե ուղերձ կամ հայտարարություն չի ընդունվում, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա հարցի քննարկումը համարվում է ավարտված:

Հոդված 112. Պատգամավորների հայտարարությունները

1. Յուրաքանչյուր հերթական նիստում պատգամավորները կարող են հանդես գալ մինչեւ երեքական րոպե հայտարարությամբ:

2. Հերթագրված, սակայն դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է տվյալ նիստում հայտարարությամբ հանդես գալու իրավունքից:

3.Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունից հետո:

4.Հայտարարությունների համար հերթագրումն իրականացվում է հարցերի համար սահմանված կարգին համապատասխան:

5.Հայտարարությամբ հանդես գալու կարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 113. Խորհրդարանական լսումները

1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝

1) Ազգային ժողովի նախագահը.

2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.

3) խմբակցությունը իր կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:

2. Լսումները հրավիրվում են Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաեւ մշտական, ժամանակավոր հանձնաժողովի կամ խմբակցության որոշմամբ:

3. Խմբակցությունը  յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:

4. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:

5. Լսումների արդյունքում կազմված արձանագրությունը հաստատվում է լսումները հրավիրած սույն հոդվածի 1-ին մասում նշված Ազգային ժողովի մարմինների  որոշմամբ եւ տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

6.Լսումների հրավիրման, ինչպես նաեւ արդյունքների ամփոփման ընթացակարգերը սահմանվում են Աշխատակարգով:

 

ԳԼՈՒԽ 26

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված   114. Հանրապետության նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի  և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը

1. Հանրապետության նախագահը  յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդում:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը  քննարկվում է Կանոնակարգի 115-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ.

1) հաղորդումը ներկայացնելու համար Հանրապետության նախագահին  հատկացվում է մինչեւ մեկ ժամ.

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ բոլոր մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հանրապետության նախագահի  ներկայացմամբ՝ Կառավարության մինչեւ երեք անդամ, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել.

3) եզրափակիչ ելույթի համար Հանրապետության նախագահին  հատկացվում է մինչեւ 30 րոպե:

Հոդված  115. Պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվությունները ներկայացնելու, շրջանառության մեջ դնելու եւ քննարկելու ընդհանուր կարգը

1. Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվություններն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ են դրվում Կանոնակարգով եւ Աշխատակարգով սահմանված կարգով:

2.Հարցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում, քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում՝ առանց որեւէ փաստաթղթի ընդունման.

2) երկամսյա ժամկետում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետեւյալ ընդհանուր կարգով՝

1) մինչեւ 30 րոպե տեւողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հարցն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

3) մտքերի փոխանակություն.

4) մինչեւ տասնհինգական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս հարակից եւ հիմնական զեկուցողները:

Հոդված 116. Գլխավոր դատախազի հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը

1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Արցախի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 115-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Հոդված   117. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը

1. Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 115-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացմամբ:

Հոդված  118. Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը

1. Հաշվեքննիչ պալատը  յուրաքանչյուր տարի` մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 115-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի ներկայացմամբ:

Հոդված 119. Տեղեկատվության ազատության վիճակի մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի տարեկան հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը

1. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության, հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը Կանոնակարգի 115-րդհոդվածի   3-րդ մասով սահմանված կարգով քննարկվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի նախագահի ներկայացմամբ:

 

ԲԱԺԻՆ 6

ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

ԳԼՈՒԽ 27

ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 120. Պաշտոնում թեկնածու առաջադրելը

1. Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնում թեկնածուներն առաջադրվում են Սահմանադրությամբ, Կանոնակարգով եւ այլ օրենքով սահմանված կարգով:

2. Թեկնածուն վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 1826 օրերի ընթացքում նա առնվազն 913 օր բացակայել է Արցախի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Արցախի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

3. Եթե թեկնածուն զբաղեցնում է ընտրվող կամ նշանակվող պաշտոնի համար Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող պաշտոն, ապա այդ պահանջներին վերաբերող փաստաթղթերը կարող են չներկայացվել:

4. Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ցանկը սահմանվում է Աշխատակարգով:

5. Պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերը գրանցում, նրանց անձնական գործերը նախապատրաստում եւ Կանոնակարգով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահին կամ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը, որը՝

1) իրավասու անձի պահանջով տրամադրում է թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

2) մինչեւ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալը իրավասու անձին տեղեկացնում է Կանոնակարգի պահանջներին թեկնածուի առաջադրման փաստաթղթերի անհամապատասխանության  մասին՝ առաջարկելով  ուղղել դրանցում առկա ձեւական սխալները, իսկ փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում ՝համալրել այդ ցանկը.

3) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է տրամադրում թեկնածուի անձնական գործը:

Հոդված  121.Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետեւյալ ընդհանուր կարգով.

1) մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով՝ ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականության հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք.

2) մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները.

3) թեկնածուին ներկայացնող անձը եւ թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար.

4) ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին եւ թեկնածուին կարող են հարցեր տրվել.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչեւ տասական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները:

2. Թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչեւ եզրափակիչ ելույթների ավարտը:

3. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը կարող են Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում քննարկվել թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո:

Հոդված 122. Ազգային ժողովի նախագահի ընտրությունը

1. Ազգային ժողովի նախագահի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովի կազմից՝ Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:

3. Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման սկզբում.

2) Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում:

5. Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչեւ տասական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչեւ 30 րոպե.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ տասնհինգական րոպե:

6. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ելույթի համար հատկացվում է մինչեւ տասնհինգական րոպե.

2) մտքերի փոխանակության ընթացքում մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները:

8. Եթե Ազգային ժողովի նախագահ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի նոր ընտրություն:

Հոդված 123. Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրությունը

1. Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:

4. Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներն առաջադրվում են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման սկզբում.

2) Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

5. Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ առաջիկա հերթական նիստում:

6. Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Ազգային ժողովի նախագահի տեղակալն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ելույթի համար հատկացվում է մինչեւ տասնհինգական րոպե.

2) մտքերի փոխանակության ընթացքում մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները:

9. Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալի նոր ընտրություն:

Հոդված 124. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների ընտրությունները

1. Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաեւ նրանց պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2.Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

3. Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:

4. Մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման սկզբում.

2) մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

5. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում:

6. Մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

8. Եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա խմբակցությունները քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում են նոր թեկնածու:

9. Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 125. Դատավորների նշանակման կարգը

1. Դատարանի նախագահները և դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ:

2. Դատարանների նախագահների և դատավորների նշանակման հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Թեկնածուին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

3. Դատավորների նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:

Հոդված 126. Գլխավոր դատախազի ընտրության կարգը

1.Գլխավոր դատախազը ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ Հանրապետության նախագահի առաջարկությամբ, Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով։

  Հոդված 127. Բարձրագույն դատական խորհրդի անդամի նշանակումը

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամը նշանակվում է Ազգային ժողովի կողմից`

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում  մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:

3.  Թեկնածուները կարող են առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան 80 օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո` տասնօրյա ժամկետում:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից առնվազն 100 օր առաջ, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին եւ խմբակցություններին:

5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի, ինչպես նաեւ նշանակման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:

6. Բարձրագույն դատական խորհրդի անդամի նշանակման հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում:

7. Բարձրագույն դատական խորհրդի անդամը նշանակվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամը իր պաշտոնը ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտման օրը:

8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ելույթի համար հատկացվում է մինչեւ տասնհինգական րոպե.

2) մտքերի փոխանակության ընթացքում մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները:

9. Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար խմբակցությունները կարող են ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածու:

Հոդված  128. Իրավասու մշտական հանձնաժողովների առաջադրմամբ պաշտոնատար անձանց ընտրության կարգը

1. Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների,   ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնում թեկնածու է առաջարկվում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան 80 օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի լիազորությունների ավարտից առնվազն 100 օր առաջ, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին եւ խմբակցություններին:

5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս խմբակցությունների առաջադրած թեկնածուների, ինչպես նաեւ Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:

6. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

7. Ազգային ժողովին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի նիստում: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:

8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստում:

9. Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամները, ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

11. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նորընտիր Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամները, իրենց պաշտոնը ստանձնում են համապատասխան պաշտոնատար անձի լիազորությունների ավարտման օրը:

12. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

   

ԳԼՈՒԽ 28

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված  129. Պաշտոնատար անձանց լիազորությունները դադարելու ընդհանուր կարգը

1. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

3. Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահն՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:

4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու եւ այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից:

Հոդված  130. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունների դադարումը

1. Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

1) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.

2) նա հրաժարական է տվել.

3) նա դուրս է եկել կամ հեռացվել է խմբակցությունից, եթե պաշտոնում ընտրվել է միայն այդ խմբակցության առաջադրմամբ:

 

Հոդված  131. Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալի փոփոխման կարգը

1. Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալի փոփոխման  մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր թեկնածու:

2. Ազգային ժողովի նախագահի փոփոխման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետեւյալ կարգով՝

1) մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով Ազգային Ժողովի նախագահի փոփոխման մասին  նախագիծը եւ Ազգային Ժողովի նոր նախագահի թեկնածուին.

2) մինչեւ 30 րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս Ազգային Ժողովի նախագահը.

3) մինչեւ 30 րոպե տեւողությամբ ելույթով հանդես է գալիս Ազգային Ժողովի նոր նախագահի թեկնածուն.

4) ելույթից հետո հիմնական զեկուցողին, Ազգային Ժողովի նախագահին եւ Ազգային Ժողովի նախագահի նոր թեկնածուին կարող են տրվել հարցեր.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչեւ 15 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը.

7) Ազգային Ժողովի նախագահի եւ Ազգային Ժողովի նախագահի նոր թեկնածուին եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ քսանական րոպե:

3.Ազգային ժողովի նախագահի  տեղակալի փոփոխման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

4. Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի փոփոխման մասին Ազգային ժողովի որոշումն

ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Եթե Ազգային Ժողովի նախագահի կամ Ազգային Ժողովի նախագահի տեղակալի փոփոխման մասին որոշումը ՝

1) ընդունվում է, ապա Ազգային Ժողովի նախագահի կամ Ազգային Ժողովի նախագահի տեղակալի լիազորությունները համարվում են դադարած եւ նոր Ազգային Ժողովի նախագահ կամ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ ընտրված.

2) չի ընդունվում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է:

Հոդված  132. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝

1) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.

2) նա հրաժարական է տվել.

3)  նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

3.Մշտական հանձնաժողովի նախագահիլիազորություններիդադարեցմանհարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 131-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, բացառությամբ նոր թեկնածուին վերաբերվող դրույթների, հետեւյալ տարբերությամբ՝ հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ, հարցերին պատասխանել, ինչպես նաեւ եզրափակիչ ելույթ մշտական հանձնաժողովի նախագահը:

4.Մշտական հանձնաժողովի   նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

5.Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են դադարեցվել հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված  133. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու կարգը

1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, կամ այլ ծանր հանցագործության համար:

2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:

3. Հարցն Ազգային ժողովում քննարկվում է Կանոնակարգի 131-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, բացառությամբ նոր թեկնածուին վերաբերվող դրույթների, հետեւյալ տարբերությամբ՝

1) հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ եւ հարցերին պատասխանել, ինչպես նաեւ եզրափակիչ ելույթ ունենալ Հանրապետության նախագահը.

2) եզրափակիչ ելույթում, հիմնական զեկուցողի առաջարկով, Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, դիմում է Գերագույն դատարան, եւ հարցի քննարկումն ընդմիջվում է մինչեւ Գերագույն դատարանի եզրակացության ստանալը: Եթե Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը հանվում է շրջանառությունից:

4. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին հարցի քննարկումը համարվում է ավարտված, Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից, եւ այն փաստերը, որոնք հերքվել են Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի նախագծի հիմքում չեն կարող դրվել:

5. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերն առկա են, ապա եզրակացությունը ստանալուց հետո հարցի քննարկումը՝

1) վերսկսվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, կամ

2) կարող է վերսկսվել այդ հարցով նախաձեռնված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում:

6. Քննարկումը վերսկսվելու դեպքում մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները եւ Հանրապետության նախագահը, որից հետո անցկացվում է քվեարկություն:

7. Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

8. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Հոդված 134. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու կարգը

1. Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

2. Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել նաև այն դեպքում, երբ Հանրապետության նախագահը ռազմական դրության ժամանակ հրամանագիր է ընդունել ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ:

 3. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով:

4. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, եւ ոչ ուշ, քան 50 ժամհետո Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստ չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

5. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետեւյալ կարգով՝

1) մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին նախագիծը .

2) մինչեւ մեկ ժամ տեւողությամբ ելույթով հանդես է գալիս Հանրապետության նախագահը.

3) ելույթից հետո հիմնական զեկուցողին, Հանրապետության նախագահին կարող են տրվել հարցեր.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչեւ 15 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը.

7) Հանրապետության նախագահին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչեւ 30 րոպե:

7. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, եւ ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Եթե Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը

 չի ընդունվում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է, եւ նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

9. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

Հոդված 135.   Հանրապետության նախագահի լիազորությունների դադարեցման կարգը

 1.  Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 88-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները խախտելու, նրա ծանր հիվանդության կամ լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ  որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին:

2. Հարցն Ազգային ժողովում քննարկվում է Կանոնակարգի 131-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, բացառությամբ նոր թեկնածուին վերաբերվող դրույթների, հետեւյալ տարբերությամբ՝

1) հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ եւ հարցերին պատասխանել, ինչպես նաեւ եզրափակիչ ելույթ ունենալ Հանրապետության նախագահը.

2) եզրափակիչ ելույթում, հիմնական զեկուցողի առաջարկով, Հանրապետության նախագահի լիազորությունների  դադարեցման  հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, դիմում է Գերագույն դատարան, եւ հարցի քննարկումն ընդմիջվում է մինչեւ Գերագույն դատարանի եզրակացության ստանալը: Եթե Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը հանվում է շրջանառությունից:

3. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահի լիազորությունների  դադարեցման   հիմքերը բացակայում են, ապա Հանրապետության նախագահի լիազորությունների  դադարեցման  մասին հարցի քննարկումը համարվում է ավարտված, Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից, եւ այն փաստերը, որոնք հերքվել են Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահի լիազորությունների  դադարեցման  մասին Ազգային ժողովի նախագծի հիմքում չեն կարող դրվել:

4. Եթե Գերագույն դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահի լիազորությունների  դադարեցման   հիմքերն առկա են, ապա եզրակացությունը ստանալուց հետո հարցի քննարկումը՝

1) վերսկսվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, կամ

2) կարող է վերսկսվել այդ հարցով նախաձեռնված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում:

5. Քննարկումը վերսկսվելու դեպքում մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները եւ Հանրապետության նախագահը, որից հետո անցկացվում է քվեարկություն:

6. Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահի լիազորությունների  դադարեցման  մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի լիազորությունների  դադարեցման  մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:

 

 

Հոդված  136. Սահմանադրությամբ սահմանված պայմանները խախտելու դեպքում Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման կարգը

1. Սահմանադրության 111-րդ հոդվածով պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջներից որեւէ մեկը խախտելու դեպքում, Հաշվեքննիչ պալատի անդամների լիազորությունները կարող են դադարեցվել  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Օրենքով սահմանված դեպքերում գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ինմասում նշված դեպքերից բացի, Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված որեւէ այլ պայման խախտելու դեպքում, Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունների դադարեցման վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 131-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, բացառությամբ նոր թեկնածուին վերաբերվող դրույթների, հետեւյալ տարբերությամբ՝ հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ եւ հարցերին պատասխանել, ինչպես նաեւ եզրափակիչ ելույթ ունենալ նախագծում նշված պաշտոնատար անձը:

3.Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Սահմանադրության պայմաններից  որեւէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Եզրակացությունը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում:

5. Եզրակացությունում նշված պաշտոնատար անձն առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին: Նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ հերթական նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 131-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, բացառությամբ նոր թեկնածուին վերաբերվող դրույթների, հետեւյալ տարբերությամբ՝ որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, որից հետո ելույթ կարող է ունենալ եւ հարցերին պատասխանել եզրակացությունում նշված պաշտոնատար անձը:

7.Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցը:

8. Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու մասին, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

 

ԲԱԺԻՆ 7

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 29

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 137. Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝

1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

2) արձակվել է Ազգային  ժողովը.

3) նա կորցրել է Արցախի Հանրապետության քաղաքացիությունը.

4) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

5) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել.

6) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել.

7) նա մահացել է.

8) նա տվել է հրաժարական:

2.Պատգամավորն իր հրաժարականը ներկայացնում է Կանոնակարգի 138-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-ից 7-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 138. Պատգամավորի հրաժարական տալու կարգը

1.Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

 

ԳԼՈՒԽ 30

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված  139. Մեկ  օրացուցային  կիսամյակի  ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Գերագույն դատարան դիմելը

1. Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Գերագույն դատարան կարող  են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

2. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է Աշխատակազմը:

3. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե՝

1) նրա գործունակությունը վերականգնվելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ.

2) Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ.

3) նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.

4) նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, եւ նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու  մասին որոշում.

5) նա զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, եւ բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ.

6) շահերի բախում առաջանալու դեպքում նա օրենքով սահմանված կարգով հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.

7) խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը   մասնակցելուց՝ խմբակցության հրաժարվելու մասին հայտարարությամբ: Խմբակցությունը կարող է քվեարկություններին մասնակցելուց հրաժարվել Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում.

8) նա զրկվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից:

Հոդված  140. Սահմանադրության 111-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Գերագույն դատարան դիմելը

1. Սահմանադրության 111-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում  Գերագույն դատարան կարող  են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, եթե՝

1) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն Ազգային ժողով է ներկայացրել պատգամավորի կողմից Սահմանադրության111-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն.

2) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորի նկատմամբ նշանակվել է տուգանք.

3) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար պատգամավորը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատասխան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու դատարանը դատավճռի պատճենն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու մարմինը որոշման պատճենն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

 

 

ԲԱԺԻՆ 8

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 31

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Հոդված 141. Միջխորհրդարանական համաձայնագրերը եւ բարեկամական խմբերը

1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության եւ համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, խորհրդարանական բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության եւ այլ հարաբերություններ:

2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձեւակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով:

3. Միջխորհրդարանական համաձայնագիրը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:

4. Միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու կամ խորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալը, խմբակցությունները, մշտական հանձնաժողովները: Նախաձեռնությունը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում եւ տասնօրյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:

 

ԳԼՈՒԽ 32

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված  142. Ազգային ժողովի ծախսերը

1. Ազգային ժողովի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի մասը եւ պետք է ապահովեն Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

2. Ազգային ժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի (ծախսերի նախահաշվի նախագծի) կազմման աշխատանքները համակարգում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում ու Կառավարություն է ներկայացնում Ազգային ժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (այսուհետ` բյուջետային հայտը) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

4. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը բյուջետային հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով, նաեւ բյուջետային հայտի նկատմամբ իր փոփոխությունների հիմնավորումը:

5. Ազգային ժողովի բյուջետային միջոցներն օրենքով սահմանված կարգով տնօրինում է Ազգային ժողովի նախագահը: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը Կառավարության սահմանած կարգով կարող է կատարել Ազգային ժողովի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջեւ:

Հոդված  143. Աշխատակազմը

1. Ազգային ժողովի եւ նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացմանն ուղղված մասնագիտական սպասարկումը, այդ թվում՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձեւակերպմանն ուղղված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Աշխատակազմը, որն ստեղծվում է օրենքով սահմանված կարգով եւ գործում է օրենքների եւ իր կանոնադրության հիման վրա:

2. Աշխատակազմում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են Կանոնակարգով եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

Հոդված 144. Խմբակցությունների գործունեության ապահովումը

1. Աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում խմբակցություններին ապահովում է նրանց աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:

2. Խմբակցության գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում են խմբակցության գործավարը, որը աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում է նրա հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում է խմբակցության աշխատանքին:

Հոդված 145. Հանձնաժողովների գործունեության ապահովումը

1. Աշխատակազմը Ազգային ժողովի հանձնաժողովներին ապահովում է նրանց գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:

2. Մշտական հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնում է Աշխատակազմը:

3. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ փորձագետ (մասնագետ):

4. Վերակազմակերպված կամ անվանափոխված մշտական հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) իրավական վիճակը որոշվում է  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաեւ քննիչ հանձնաժողովի գործունեության  մասնագիտական սպասարկումն իրականացնում են Աշխատակազմի համապատասխան մասնագետները:

6. Մինչեւ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում եւ երկշաբաթյա ժամկետում խմբակցություններին եզրակացություն է ներկայացնումԱշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձնաժողով ստեղծվելուց հետո իրականացնում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը) աշխատանքի է ընդունվում եւ ազատվում աշխատանքից Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 146. Բյուջետային գրասենյակը

1. Սահմանադրության 124-րդ հոդվածի 1-ին մասով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաեւ Կանոնակարգի 20-րդ գլխով, 103-107-րդ հոդվածներով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելու եւ պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար կազմավորվում է Բյուջետային գրասենյակ, որն օժտված է գործառութային անկախությամբ:

2. Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը եւ մշտադիտարկումը իրականացնում է իրավասու մշտական հանձնաժողովը:

3. Բյուջետային գրասենյակը գործում է Կանոնակարգին, Աշխատակարգին եւ իր աշխատակարգին համապատասխան:

Հոդված 147. Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործավարությունը

1. Կանոնակարգով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված նախագծերը եւ այլ փաստաթղթերը ենթակա են պարտադիր գրանցման:

2. Շրջանառության մեջ դրված Սահմանադրության փոփոխությունների, այլ օրենքների, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերը գրանցվում են Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում:

3. Նախագծերի եւ այլ փաստաթղթերի գրանցման, ինչպես նաեւ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրի եւ Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքի վարումն Աշխատակարգով սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմը:

Հոդված 148. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

1. Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը կազմակերպում է Ազգային ժողովի Աշխատակազմը, որը`

1) անցկացնում է ճեպազրույցներ, մամլո ասուլիսներ, հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, թողարկում տեղեկատվական բնույթի նյութեր.

2) կազմակերպում է Ազգային ժողովի լիագումար նիստերի, աշխատանքային խորհրդակցությունների, խորհրդարանական այլ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական տեսանյութերի հեռարձակումն Արցախի հանրային հեռուստատեսության միջոցով:

2. Ազգային ժողովի ամենամսյա գործունեության ամփոփ լուսաբանումն իրականացվում է «Խորհրդարանական ժամ» հեռուստածրագրի միջոցով, որը մինչև 30 րոպե ընդհանուր տևողությամբ պատրաստում և ամսական մեկ անգամ պարբերականությամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստից հետո 10-օրյա ժամկետում հեռարձակում է Արցախի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերությունը:

 

ԲԱԺԻՆ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 33

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 149. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1.Սույն օրենքն ուժի մեջ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4–րդ կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 11-րդ կետերի, 17-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ մասերի, 19-րդ հոդվածի 3-րդ մասի , 7-րդ , 10- 21-րդ  գլուխների, 95-100-րդ հոդվածների, 24-րդ , 25-րդ, 26-րդ գլուխների, 125- 130-րդ հոդվածների, 133, 135 ,136-րդ հոդվածների, 29-րդ և 30-րդ գլուխների դրույթները` որոնք ուժի մեջ են մտնում Սահմանադրության 168-րդ հոդվածի համպատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձման օրը:Մինչ այդ շարունակում են գործել «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007թվականի ապրիլի  4-ի ՀՕ-23 օրենքով սահմանված համապատասխան դրույթները:

2.Կանոնակարգի 5-րդ հոդվածի 2-րդ մասի  22-րդ կետը, 9-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ և 11-րդ հոդվածները, 14-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը,  45-րդ հոդվածը, 101-րդ հոդվածը, 131-րդ հոդվածը, 134-րդ հոդվածը և 146-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում Ազգային Ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2007 թվականի ապրիլի  4-ի ՀՕ-23 օրենքը, բացառությամբ՝ 14-րդ,  21-րդ, 24-րդ,  25-րդ  հոդվածների, որոնք ուժը կորցրած են ճանաչվում Ազգային Ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:

4. Աշխատակարգը ենթակա է ընդունման մինչև 2017 թվականի  հուլիսի 1ը: Աշխատակարգի նախագիծը ենթակա է քննարկման շահագրգիռ մարմինների հետ:

 

ԳԼՈՒԽ 34

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 152. Անցումային դրույթներ

1. Գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգայի ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո Ազգային  ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

2. Խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրում են գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64, ոչ ուշ, քան 57 օր առաջ, իսկ մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 16, ոչ ուշ, քան 23 օր հետո:

2. Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրվում է խմբակցությունների գրավոր դիմումով, որտեղ նշվում են Հանրապետության նախագահի թեկնածուի, ինչպես նաեւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցությունների ներկայացուցչի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են  Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաեւ ընտրության անցկացման օրվա եւ ժամի մասին հայտարարությամբ, իսկՍահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությունների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

3. Հանրապետության նախագահի ընտրության հարցը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ապահովման դեպքում քննարկվում է թեկնածուներ առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, իսկ այդ ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստ չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով  գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

4. Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչեւ տասնհինգական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչեւ մեկ ժամ.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչեւ երեսնական րոպե:

5. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:

6. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ելույթի համար հատկացվում է մինչեւ տասնհինգական րոպե.

2) մտքերի փոխանակության ընթացքում մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները:

7. Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը:

8. Եթե Սահմանադրության 168-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի նոր թեկնածուներ, իսկ տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

9.  Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի, իսկ Հանրապետության նախագահի արտահերթ ընտրության դեպքում` ընտրվելու օրվան հաջորդող տասներորդ օրը Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ: Նիստի գումարման վայրը , օրը եւ ժամը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                     Բ. ՍԱՀԱԿՅԱՆ