ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
20 ապրիլի 2017

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 20-ին գումարել է 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովը ձեռնամուխ կլինի գործող օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու աշխատանքներին և, որ շուտով նման նախաձեռնություններ կներառվեն նստաշրջանի օրակարգում:

Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և ընդունել է .

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին»  ԼՂՀ  օրենքում  փոփոխություններ կատարելու  մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, նախատեսվում է 450.0մլն դրամով ավելացնել ԼՂՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակը: Սույն օրենքով 450.0 մլն դրամով ավելացվելու է նաև ԼՂՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը:

Երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը:

Նիստի երկրորդ մասում պատգամավորներին ներկայացվեցին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի տարեկան զեկույցը և «Սեյսմիկ պաշտպանության  արևելյան ծառայություն» ՊՈԱԿ գործադիր տնօրեն Մխիթար Գրիգորյանի՝ կառույցի 2016թ. գործունեության մասին հաղորդումը:

Խոսելով ՄԻՊ գրասենյակի 2016 թվականի գործունեության մասին՝ Ռուբեն Մելիքյանը նշել է, որ  հաշվետու տարվա ընթացքում  115 բնակիչ 114 դիմում է ներկայացրել ՄԻՊ-ին, ինչը, ցուցանիշների առումով, գրեթե անփոփոխ է 2015-ի համեմատ:   

«Սեյսմիկ պաշտպանության  արևելյան ծառայություն»  ՊՈԱԿ գործադիր տնօրեն  Մխիթար Գրիգորյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի կողմից գիտական և պրակտիկ աշխատանքների արդյունքները և մտահոգություն հայտնել կառույցում պահանջված մասնագետների բացակայության առթիվ:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին և կարծիք հայտնել ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել  Հայկ Խանումյանը:

Ընդմիջումից հետո, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, նիստը շարունակվել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով:

Կառավարության անդամները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են Բերձորի հիվանդանոցի շինարարությանը, դպրոցական սննդի անվտանգությանը, գյուղաբնակների դեղորայքային ապահովման եղանակի համակարգմանը, բժշկական ապահովագրության ներդրման նպատակահարմարությանը, զինծառայողների որոշակի կատեգորիայի բնակարանային վարձի տրամադրման կարգին և այլ թեմաների վերաբերյալ պատգամավորների առաջադրած հարցերին:

ԼՈՒՐԵՐ