05 ապրիլի 2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 5-ին խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հյուրընկալել է Ստեփանակերտի՝ Վիտալի Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչների:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում են նման հանդիպումներ հանրապետության տարբեր կրթական հաստատությունների աշակերտների և ուսանողների համար և հույս հայտնել, որ դրանք երկուստեք օգտակար կլինեն:
Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի անկախ պետականության առաջին տարիներից սկսած օրենսդիր մարմնի անցած ճանապարհը և ունեցած հաջողությունները, անդրադարձել գործող խորհրդարանի կառուցվածքին և պարզաբանել օրենսդրական գործունեության առանձնահատկությունները:
ԱԺ նախագահը ընդգծել է երիտասարդ սերնդի դերը պետության զարգացման և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առավել մեծ նվաճումներ գրանցելու հարցում: Այս համատեքստում կարևորվել է ընձեռնված հնարավորությունները ճիշտ օգտագործելու կարողությունը և ապագա մասնագիտության ընտրությունը՝ որպես հետագա հաջողությունների երաշխիք:
«Այն ինչ այսօր ձեզ հասու է, մեզ համար եղել է անիրականանալի երազանք: Հնարավորություններն այսօր անսահմանափակ են, պետք է խելամիտ օգտագործել դրանք»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
Այնուհետև, պատասխանելով աշակերտների հարցերին՝ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, կատարված փոփոխություններին, ինչպես նաև Արցախի ներքին ու արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերին:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը մասնակիցներին նվիրել է գրքեր: