ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորներին
03 ապրիլի 2017

Արցախի Հանրապետության (ԱՀ) խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին, Թևան Պողոսյանին և Վահե Հովհաննիսյանին:

Ողջունելով գործընկերներին՝ խորհրդարանի նախագահը արժևորել է նրանց նախաձեռնությունը ապրիլի 2-ին՝ Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիայից ուղիղ 1 տարի անց, լինել առաջնագծում, Թալիշ, Մատաղիս բնակավայրերում և հանդիպել զինվորականների և բնակիչների հետ:

«Տարիներ շարունակ Ադրբեջանի վարած հայատյաց ու ռազմատենչ քաղաքականությունը չէր կարող չբերել նման ագրեսիվ գործողությունների: Իրավիճակն այսօր շատ չի փոխվել. այդ երկրի իշխանությունները շարունակում են վարել նույն քաղաքականությունը, իսկ դա նշանակում է, որ մենք, այսուհետ ևս, պետք է զգոն և աչալուրջ լինենք»,-ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար՝ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Կարինե Աճեմյանը ընդգծել է, որ չնայած Հայաստանում այս օրերին համապետական կարևոր իրադարձություն է, բայցևայնպես իրենք մեծ ցանկություն են ունեցել քվեարկելուց հետո անպայման Արցախ այցելել ու շփվել սահմանը պահող զինվորի հետ:

«Մենք պետք է և հիշենք, և մեծարենք մեր այն հերոսներին, ովքեր անցյալ տարի պաշտպանեցին մեր հայրենիքը՝ շարունակելով ավագ սերնդի սխրանքները», -նշել է Կարինե Աճեմյանը:

Հանդիպման ընթացքում պատգամավորներն անդրադարձել են նախորդ տարիներին իրականացրած համագործակցության ծրագրերին և ընդգծել դրանց շարունակականության անհրաժեշտությունը:

Աշոտ Ղուլյաննը շնորհավորել է գործընկերներին՝ նախորդ օրվա հաջողված ընտրությունների առթիվ և համոզմունք հայտնել, որ երկու հայկական հանրապետությունների խորհրդարանական համագործակցությունը շարունակելու է զարգանալ՝ հիմքում ունենալով պետական նշանակության կարևորագույն հարցերը:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:

ԼՈՒՐԵՐ