ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
30 մարտի 2017

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մարտի 30-ին գումարել է 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը բացման խոսքում հակիրճ ներկայացրել է մարտ ամսվա ընթացքում հանձնաժողովներում կազմակերպված քննարկումների արդյունքները, այնուհետև, առաջնորդվելով կանոնակարգային պահանջներով՝ հրապարակել խմբակցությունների ներկայացրած տեղեկանքները, որոնց համաձայն «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխության արդյունքում խմբակցության ղեկավար է նշանակվել Արմեն Սարգսյանը՝ փոխարինելով Դավիթ Իշխանյանին, քարտուղար է նշանակվել Ալյոշա Գաբրիելյանը՝ փոխարինելով Ռիտա Մնացականյանին: «Շարժում-88» խմբակցության կազմը համալրել է նախորդ նիստին պատգամավորական լիազորություններն ստանձնած Վիլեն Սաֆարյանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանը քվեարկել և ընդունել է.

«ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին»  ԼՂՀ օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» և «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որի ընդունումը, ըստ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Ս.Պետրոսյանի, նպատակ ունի առավել բարձրացնել  քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ուժերի գործունեությունը և դրանք համապատասխանեցնել արդի պահանջերին:

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի և տեղակալ Արարատ Օհանջանյանի համահեղինակությամբ նիստի օրակարգում ներառված «Մարդու  վերարտադրողական  առողջության  և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի բարձրացնել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերի բժշկական օգնությունը և սպասարկման հասանելիությունը, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերի կանխարգելումը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև պատգամավորներ Ռուսլան Իսրայելյանի, Լեռնիկ Հովհաննիսյանի, Էդուարդ Աղաբեկյանի, Վիլեն Սաֆարյանի և Արսեն Առստամյանի համահեղինակությամբ ներկայացված «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի կանոնակարգել սահմանված պարբերականությամբ պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար վարժական հավաքների անցկացումը և զինված ուժերի կազմում պահանջվող պատրաստվածություն ստացած պահեստազորի  տեղի ու դերի հստակեցման հարցերը:

Լիագումար նիստը շարունակվել է ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2016թ. գործունեության մասին հաղորդմամբ, որը ներկայացրել է հանրային հեռուստառադիո­ընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը: Պատգամավորները զեկուցողին են առաջադրել մասնագետների պատրաստմանը, Արցախի հեռուստատեսության՝ առանձին հաճախականության ձեռք բերմանը, առկա թերություններին վերաբերող հարցեր:

Նիստի եզրափակմանը պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Արմեն Սարգսյանը և Հայկ Խանումյանը:

 

 

ԼՈՒՐԵՐ