ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորների հայտարարությունը
25 փետրվարի 2017

 

Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ վարվող այլատյացության քաղաքականությանն այս օրերին գումարվել է նաև համաշխարհային հանրության, մասնավորապես բարի կամքի տեր մարդկանց նկատմամբ ահաբեկումն ու անհանդուրժողականությունը: «Լապշինի գործում» թվացյալ հաջողություն արձանագրելուց հետո Ադրբեջանի կեցվածքն ավելի լկտի ու սանձարձակ է դարձել՝ այս անգամ թիրախավորելով Եվրախորհրդարանի, տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների, հասարակական ու քաղաքական գործիչների:

 

Արցախ այցելելու և սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այս անգամ էլ հանդես է եկել  Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոխարուսի և Յարոմիր Շտետինայի դեմ քրեական գործ հարուցելու մասին հայտարարությամբ:

 

Մենք մեծապես կարևորում ենք աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար քաղաքական գործիչների կողմից ձեռնարկվող քայլերը և վերահաստատում մեր աջակցությունը նրանց ջանքերին:

 

Մենք արժևորում ենք Ադրբեջանի շանտաժներին չենթարկվելու ԵԽ պատգամավորների վճռականությունը, փաստում, որ նրանց վարքագիծը եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու իրողության լավագույն դրսևորումն է:

 

Մենք՝ ԱԺ «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորներս, կոչ ենք անում միջազգային կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին համարժեք քայլերով զսպել Ադրբեջանի հակաիրավական և հակամարդկային քայլերը, որոնք ամենաթողության տպավորություն են ստեղծում Բաքվի իշխանությունների մոտ և մեծապես վնասում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

 

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի  անդամներ՝

 

Վահրամ Բալայան

Արամ Գրիգորյան

Ռամելա Դադայան

Վարդգես Ուլուբաբյան

Գեորգի Պետրոսյան

Դավիթ Մելքումյան

Վարդգես Բաղրյան

Գագիկ Բաղունց

Հայկ Խանումյան

Ստեփանակերտ

25 փետրվարի, 2017 թ.

 

ԼՈՒՐԵՐ