21 փետրվարի 2017
21 փետրվարի 2017
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-ին ընդունել է ԱՀ Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած Արգենտինայի Հանրապետության պատգամավոր Բրենդա Օստինին և Արգենտինայի հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլաս Սաբունջյանին:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել այս օրերի ընթացքում նրանց կատարած աշխատանքի համար և նշել, որ դիտորդների կողմից ստացված առաջարկությունները օգնում են Արցախին քայլ առ քայլ բարելավել հանրաքվեների և ընտրությունների անցկացման ընթացակարգերը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բրենդա Օստինը նշել է, որ ժողովրդավարական գործընթացին՝ հանրաքվեին դիտորդներ հրավիրելը խոսում է տվյալ երկրում պետական ինստիտուտների կայացվածության մասին:
«Այցելել եմ 7 ընտրատեղամաս և տպավորված եմ քվեարկության գործընթացի բարձր պատրաստվածությամբ, վերահսկողության մակարդակով, հանձնաժողովների անդամների աշխատանքով, ցուցակների ճշգրտությամբ, քաղաքացիների համախմբվածությամբ և իրազեկվածությամբ: Նույնիսկ մեզ՝ դիտորդներիս ուղղորդում էին, որպեսզի կանոններից դուրս ինչ-որ բան չանենք: Երևում է՝ բարդ ու երկարատև աշխատանք է տարվել»,- նշել է արգենտինացի պատգամավորը:
Շնորհավորելով հանրաքվեի անցկացման նման մակարդակ ապահովելու կապակցությամբ՝ Բրենդա Օստինը հավելել է. «Այս ամենը խոսում է ժողովրդավարության զգացողության բարձր մակարդակի մասին»:
Այնուհետև, դիտորդների խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախապատմությունը և պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմո Ծատրյանը: