19 փետրվարի 2017
19 փետրվարի 2017
Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ այսօր՝ փետրվարի 19-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հարավային Օսիայի խորհրդարանական պատվիրակության անդամներին՝ Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Դմիտրի Տասոևին և խորհրդարանի պատգամավոր Յուրի Գաբարաևին, ովքեր Արցախ են ժամանել Սահմանադրության հանրաքվեի դիտորդական առաքելությամբ:
Խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նման առիթներով երկու երկրների միջև շարունակական կապերը առավել համակողմանի համագործակցության վստահելի հիմքեր են ստեղծում:
Հարավային Օսիայի խորհրդարանի փոխխոսնակ Դմիտրի Տասոևը փոխանցել է Հարավային Օսիայի ղեկավարության և ժողովրդի ողջույնները և նշել. «Դուք կանգնած եք շատ կարևոր քաղաքական իրադարձության նախաշեմին, և մենք վստահ ենք, որ այն փոփոխությունները, որոնք դուք պատրաստվում եք կատարել օրենսդրության մեջ, ուղղված են ժողովրդի բարեկեցության բարձրացմանը»:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծին՝ ԼՂՀ խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ առաջարկվող նախագիծը բխում է Արցախում առկա իրողություններից և ուղղված է բարձրացնելու Արցախի կենսունակությունը բոլոր ոլորտներում:
Հանդիպմանը մասնակցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը: