Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2016թ. դեկտեմբերի 22-ին

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և սահմանում դրանց մասնակիցների իրա­վունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաև` գյուղատնտեսական կոոպերատիվների պետական աջակցության ուղղություն­ները:

 

Հոդված 2. Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենսդրությունը

 

1. Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենսդրությունը բաղկացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից (այսուհետ` Օրենսգիրք), սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրե­րով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

3. Սույն օրենքը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծվող և ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվների վրա:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) գյուղատնտեսական կոոպերացիա՝  գյուղատնտեսական կոոպերատիվների, կոոպերատիվների միությունների և դրանց անդամների համագործակցություն, որն իրականացվում է ագրոպարենային համակարգում գործող տնտեսավարող­ների նյութական, սոցիալական և այլ կարիքների առավել արդյունավետ բավա­րարման նպատակով.

2) գյուղատնտեսական կոոպերատիվ (այսուհետ՝ կոոպերատիվ)` ագրոպա­րենա­յին համակարգում գործունեություն իրականացնող քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների կամավոր միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված իրավաբա­նական անձ.

3) ագրոպարենային համակարգ՝ գյուղատնտեսության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության արտա­դրա­տե­խ­նի­կական սպասարկումների ու մատակարարումների ոլորտների ամբողջություն.

4) գյուղատնտեսական գործունեություն`  գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, փաթեթավորում, տարայավորում, պահեստավորում, տեղափո­խում, շուկայահանում և դրանց առնչվող ծառայությունների մատուցում.

5) գյուղատնտեսական արտադրանք`  գյուղատնտեսական գործունեության արդյունքում ստացված արտադրանք.

6) փայ`  կոոպերատիվի սեփական գույքի բաղադրիչ, որն արտահայտում է կոոպերատիվի անդամի մասնակցության չափը կոոպերատիվում` դրամական արտահայտությամբ.

7) պարտադիր փայավճար՝  տվյալ կոոպերատիվին անդամակցելու նպատա­կով, կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված չափով և ժամկետներում, կոոպերատիվի անդամի կողմից կոոպերատիվի փայատիրական կապիտալում կատարվող դրամական վճար.

8) լրացուցիչ փայավճար՝  կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված դեպ­քերում կոոպերատիվի անդամի կողմից` պարտադիր փայավճարից բացի կոոպերատիվի փայատիրական կապիտալում կատարվող լրացուցիչ դրամական վճար.

9) կամավոր փայավճար՝  կոոպերատիվի անդամի հայեցողությամբ կոոպերա­տիվի փայատիրական կապիտալում կատարվող դրամական վճար.

10) կոոպերատիվի պահուստային ֆոնդ՝  դրամական արտահայտությամբ կոոպերատիվի սեփական գույքի բաղադրիչ, որը ձևավորվում է կոոպերատիվի տնտեսական գործունեության միջոցով և նվիրատվություններից.

11) կոոպերատիվ ներքին գործարքներ՝  կոոպերատիվի և իր անդամների միջև կատարվող գործարքներ, որոնց միջոցով կոոպերատիվն ապրանքներ է մատա­կա­րարում և ծառայություններ մատուցում իր անդամներին.

12) կոոպերատիվ արտաքին գործարքներ`  կոոպերատիվի և կոոպերատիվի անդամ չհանդիսացող անձանց միջև կատարվող գործարքներ, որոնց միջոցով կոոպերատիվի անդամ չհանդիսացող անձանց մատակարարվում և մատուցվում են այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք տրամադրվում են կոոպերա­տի­վի անդամներին.

13) կոոպերատիվ շահույթ`  կոոպերատիվ արտաքին գործարքների հասույթի և ծախսերի դրական տարբերություն.

14) կոոպերատիվ ավելցուկ`  կոոպերատիվ ներքին գործարքների հասույթի և ծախսերի դրական տարբերություն.

15) կոոպերատիվ փոխհատուցում՝  կոոպերատիվ ավելցուկից համամասնու­թյամբ կոոպերատիվի անդամին տրվող փոխհատուցում.

16) խոշոր գործարք`  մեկ կամ մի քանի փոխկապված գործարքներ, որոնք, բացա­ռությամբ կոոպերատիվի բնականոն տնտեսական գործունեության շրջա­նակ­ներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են կոոպերատիվի կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է կոոպերատիվի ակտիվների քսանհինգ և ավելի տոկոսը.

17) կոոպերատիվի աշխատակից`  ֆիզիկական անձ, որի հետ կոոպերատիվը կնքում է աշխատանքային պայմանագիր.

18) հիմնադիր ժողով`  կոոպերատիվի հիմնադրման նպատակով գումարվող ժողով:

 

Հոդված 4. Գյուղատնտեսական կոոպերատիվի նպատակները

 

1. Կոոպերատիվի նպատակներն են համագործակցությամբ հասնել առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը, անդամների նյութական և այլ կարիքների բավարարմանը, նոր նախաձեռնությունների իրագործմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 

Հոդված 5. Կոոպերատիվի գործունեության ուղղությունները

 

1. Կոոպերատիվներն ստեղծվում են ըստ գործունեության հետևյալ ուղղությունների`

1) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և իրաց­ման` գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում, ծառայու­թյունների մատուցում, գյուղատնտեսական արտադրանքի պահպանում, փոխա­դրում, փաթեթավորում, գովազդ և արտադրությունից մինչև սպառում արժեքային շղթայի փուլերի այլ գործառույթներ.

2) գյուղատնտեսական մատակարարման` անդամների համար պարարտա­նյու­թի, վառելիքի, քսանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, սերմերի, տնկանյութի, կերի, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի, գյուղա­տն­տեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրության համար այլ ներդրանքների մատակարարում.

3) գյուղատնտեսության ոլորտում սպասարկման (ծառայություններ մատու­ցող)` գյուղատնտեսական մեքենայացված աշխատանքներով սպասարկում, բույ­սերի պաշտպանության, տոհմային գործի, անասնաբուծության, հողերի մելիորա­տիվ վիճակի բարելավման, անասնաբուժական, գյուղական շինարարության, գյուղական բնակչությանը գիտախորհրդատվական, տեղեկատվական, կենցաղա­յին սպասարկման բնույթի ծառայությունների մատուցում.

4) գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման արդյունքում սննդամթերքի (մսամթերք, կաթնամ­թերք, հացամթերք, պտղահատապտղային և բանջարեղենային պահածոներ, խմիչքներ և այլն), ինչպես նաև սննդամթերք չհանդիսացող (համակցված կեր, դեղաբույսեր, եթերայուղեր և այլն) արտադրատեսակների արտադրություն:

2. Կոոպերատիվն իր կանոնադրությանը համապատասխան կարող է համատեղել գործունեության առանձին ուղղություններ` հանդես գալով որպես տարբեր գործառույթներ ունեցող կոոպերատիվ և իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով չարգելված այլ գործունեություն:

3. Կոոպերատիվն իրավունք ունի ստեղծել առանձնացված ստորաբաժանում­ներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

 

Հոդված 6. Կոոպերատիվների միությունները

 

1. Կոոպերատիվներն իրենց գործունեության համակարգման, ընդհանուր շահերի ներկայացման և պաշտպանության, տեղեկատվական, խորհրդատվական ծառայությունների մատուցման, կոոպերատիվի անդամների և աշխատողների որակավորման բարձրացման, շուկայական վերլուծությունների իրականացման, անդամ կոոպերատիվների տեխնիկական աջակցության, կարողությունների հզորացման, մշտադիտարկման և ագրոպարենային համակարգում այլ գործու­նե­ություն արդյունավետ իրագործելու նպատակով կարող են ստեղծել միություն:

2. Միությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

3. Կոոպերատիվների միություններն (այսուհետ` միություն) աշխատում են հանուն կոոպերատիվների զարգացման:

4. Միության կանոնադրությամբ սահմանվում են`

1) միության գույքի ձևավորման աղբյուրները.

2) ֆոնդեր, որոնք ձևավորվում են անդամ կոոպերատիվների կողմից կատարվող տարեկան անդամավճարների, իսկ անդամ կոոպերատիվների լուծարման դեպքում՝ միություններին փոխանցվող անբաժանելի ֆոնդերում առկա ռեսուրսների միջոցով:

5. Միության ֆոնդերն օգտագործվում են ճգնաժամերի ժամանակ գործող կոոպերատիվներին օգնության, անդամ կոոպերատիվներում ներդրումների, կրթության և վերապատրաստման, կոոպերատիվների առավելությունների մասին հանրությանն իրազեկելու նպատակներով:

6. Միության անդամները պահպանում են տնտեսական ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:

7. Միության ստեղծման իրավաբանական հիմքերը միության հիմնադիրների ժողովի որոշմամբ հաստատված կանոնադրությունն է:

8. Միությունում նոր անդամի ընդունելությունն իրականացվում է միության կանոնադրությամբ սահմանված կարգով:

9. Միության անդամն իրավասու է իր հայեցողությամբ ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ միությունից: Դուրս գալու օրվանից անդամ կոոպերատիվը մեկ տարվա ընթացքում իր ներդրման չափով պատասխա­նատվություն է կրում միության պարտավորությունների համար:

10. Միության անդամը հեռացվում է միությունից` տվյալ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

11. Միությունը սահմանված կարգով վարում է իր անդամների ռեեստր:

12. Միությունն իրավասու է իրականացնել իր անդամ կոոպերատիվների գործունեության մշտադիտարկում:

13. Միությունն իրավունք ունի ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. Կոոպերատիվի ստեղծումը

 

1. Կոոպերատիվը կարող է ստեղծվել նոր կոոպերատիվի հիմնադրման կամ իրավաբանական անձանց վերակազմակերպման միջոցով:

2. Կոոպերատիվն ստեղծվում է առնվազն երեք անդամով:

3. Կոոպերատիվն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

 

Հոդված 8. Կոոպերատիվի հիմնադրումը և հիմնադիր ժողովը

 

1. Հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ունեն կոոպերատիվ հիմնադրողները:

2. Կոոպերատիվի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիր ժողովի որոշմամբ:

3. Կոոպերատիվի անդամների հիմնադիր ժողովը`

1) լսում է հիմնադիրների և (կամ) նրանց կողմից լիազորված անձի տեղե­կատվությունը կատարված նախապատրաստական աշխատանքների մասին.

2) ընդունում է որոշում կոոպերատիվի ստեղծման մասին.

3) հաստատում է կոոպերատիվի կանոնադրությունը.

4) նշանակում է կոոպերատիվի նախագահի ժամանակավոր պաշտոնա­կատար:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված հարցերով որոշումներն ընդունվում են միաձայն:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված հարցով որոշումն ընդունվում է հիմնադիր ժողովի մասնակիցների ձայների առնվազն երկու երրորդի համաձայնությամբ:

6. Հիմնադիր ժողովի այլ հարցերով որոշումներն ընդունվում են մասնակից­ների ձայների պարզ մեծամասնությամբ:

 

Հոդված 9. Կոոպերատիվի կանոնադրությունը

 

1. Կոոպերատիվի հիմնադիր փաստաթուղթը կոոպերատիվի կանոնադրու­թյունն է:

2. Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանվում են.

1) կոոպերատիվի անվանումը` լրիվ, կրճատ.

2) կոոպերատիվի գտնվելու վայրը.

3) կոոպերատիվի գործունեության հիմնական նպատակը (առարկան).

4) կոոպերատիվի սեփական գույքի ձևավորման կարգը.

5) անդամների մասնակցությունը կոոպերատիվ գործարքներին` սահմանելով պահանջվող մասնակցության նվազագույն շրջանակը.

6) կոոպերատիվի պարտադիր և կամավոր պահուստային ֆոնդերի ձևավոր­ման ու օգտագործման կարգը.

7) կոոպերատիվի ավելցուկի, շահույթի և վնասների բաշխման կարգը.

8) կոոպերատիվի գործունեության մշտադիտարկման կարգը.

9) կոոպերատիվի կառավարման մարմինների կազմավորման կարգը, կազմը և իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

10) ժողովի իրավասությանը չվերապահված գործարքների կնքման կարգը.

11) ընդհանուր ժողովի նախապատրաստման և գումարման կարգը.

12) կոոպերատիվի անդամների իրավունքներն ու պարտականությունները.

13) կոոպերատիվի նոր անդամ ընդունելու կարգը և պայմանները, անդամու­թյան պահանջները (պայմանները), կոոպերատիվին անդամագրվելու ընթացա­կարգը.

14) կոոպերատիվի անդամակցության դիմումը մերժելու դեպքում կոոպերա­տիվի մարմնին բողոքարկման կարգը.

15) կոոպերատիվի անդամի` կոոպերատիվից դուրս գալու կարգը և պայման­ները.

16) կոոպերատիվի անդամի հեռացման վերաբերյալ որոշման կոոպերատիվի մարմնին բողոքարկման կարգը.

17) կոոպերատիվ ներքին և կոոպերատիվ արտաքին գործարքների իրակա­նաց­ման կարգը.

18) Օրենսգրքով և սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

3. Կոոպերատիվի լրիվ անվանումը պետք է ներառի «գյուղատնտեսական կոոպերատիվ» բառերը, իսկ կրճատ անվանումը` «ԳԿ» տառերը:

 

Հոդված 10. Կոոպերատիվի պետական գրանցումը

 

1. Կոոպերատիվը ենթակա է պետական գրանցման իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբա­նական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման» օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 11. Կոոպերատիվի անդամը

 

1. Կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական և տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչև տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համա­ձայ­նությամբ կամ դատարանի որոշմամբ:

2. Կոոպերատիվի անդամն ունի սույն օրենքով և կոոպերատիվի կանոնա­դրությամբ նախատեսված իրավունքներ և պարտականություններ.

1) կոոպերատիվի անդամի իրավունքներն են`

ա. մասնակցել կոոպերատիվի կառավարմանը, հանդես գալ առաջարկություն­ներով, քվեարկել, ընտրել և ընտրվել կոոպերատիվի կառավարման մարմին­ներում,

բ. տեղեկություններ ստանալ կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունե­ության վերաբերյալ,

գ. պահանջել ընդհանուր ժողովի որոշումների, արձանագրությունների պատ­ճեն­ներ կամ որոշումներից, արձանագրություններից քաղվածքներ,

դ. օգտվել կոոպերատիվի համար կազմակերպվող ուսուցումներից և խորհր­դատվություններից,

ե. ստանալ կոոպերատիվի գործունեությունից օրենքով և կանոնադրությամբ սահմանված կոոպերատիվ ավելցուկը` կոոպերատիվ փոխհատուցման, ինչպես նաև՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդհանուր ժողովի կողմից սահմանվող մասնաբաժնի տեսքով,

զ. արտոնյալ պայմաններով ձեռք բերել կոոպերատիվի կողմից տրամադրվող ապրանքներ և օգտվել վերջինիս կողմից մատուցվող ծառայություններից,

է. կամավոր դուրս գալ կոոպերատիվից՝ կանոնադրությամբ սահմանված կարգով,

ը. կոոպերատիվից դուրս գալու դեպքում ստանալ ներդրված փայի արժեքը կամ փոխադարձ համաձայնության դեպքում` դրան համապատասխան գույքը, հաշվարկված, բայց դեռ չվճարված կոոպերատիվ փոխհատուցումը և սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդհանուր ժողովի կողմից սահմանված մասնաբաժինը,

թ. կոոպերատիվի լուծարման դեպքում ստանալ իր փայի արժեքը, հաշվարկ­ված, բայց դեռ չվճարված կոոպերատիվ փոխհատուցումը, մասնաբաժինը և կոոպերատիվի բաժանելի ֆոնդերի իր բաժինը` կոոպերատիվի պարտատերերի հանդեպ պարտավորությունները ողջ ծավալով կատարելուց հետո,

ժ. պահանջել արտաքին աուդիտ, որի դեպքում արտաքին աուդիտ իրակա­նացնող անձին վճարում է պահանջողը,

ժա. օգտվել սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից.

2) կոոպերատիվի անդամի պարտականություններն են`

ա. մասնակցել կոոպերատիվ ներքին գործարքներին` սույն օրենքի և կանո­նադրությամբ սահմանված դրույթների համաձայն,

բ. կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել փայավ­ճարներ և այլ վճարումներ,

գ. կատարել կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները,

դ. չհրապարակել կոոպերատիվի գործունեության վերաբերյալ գաղտնի տեղե­կություններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

ե. կրել օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված այլ պար­տա­կանություններ:

3. Կոոպերատիվի կորուստների համար կոոպերատիվի անդամները պատաս­խանատու են միայն իրենց փայով:

 

Հոդված 12. Կոոպերատիվում անդամագրվելը

 

1. Կոոպերատիվի պետական գրանցումից հետո կոոպերատիվում անդամագր­վելու (լիիրավ անդամ դառնալու) ցանկություն ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք կոոպերատիվի գործադիր մարմնին ներկայացնում են գրավոր դիմում:

2. Կոոպերատիվի գործադիր մարմինը գրավոր դիմումը ներկայացնում է առաջիկա ընդհանուր ժողովի քննարկմանը:

3. Անդամագրվելու դրական կամ բացասական որոշման մասին դիմողը պատշաճ ծանուցվում է ոչ ուշ, քան որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ընդհանուր ժողովի կողմից դիմումի մերժման և վերադարձման պատճառներն (հիմքերը) են.

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելը.

2) իրավաբանական անձի գործունեության դադարեցումը.

3) կանոնադրության պահանջներին անհամապատասխանությունը:

5. Դիմողը հանդիսանում է կոոպերատիվի անդամ` ընդհանուր ժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու կամ դրանում նշված օրվանից:

6. Կոոպերատիվը կարող է ունենալ ներդրող անդամ: Ներդրող անդամն ունի խորհրդատվական ձայնի իրավունք: Ներդրող անդամը չի օգտվում կոոպերատիվ գործարքներից: Ներդրող անդամը որպես փոխհատուցում իր ներդրած կապիտա­լի համամասնությամբ կարող է ստանալ մասնաբաժին` սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված առավելագույն տարեկան մասնաբաժնի կրկնապատիկից ոչ ավելի:

 

Հոդված 13. Կոոպերատիվի անդամության դադարումը

 

1. Կոոպերատիվի անդամի անդամության դադարման հիմքերն են`

1) անդամությունից կամավոր դուրս գալը.

2) կոոպերատիվից հեռացումը.

3) կոոպերատիվի անդամ ֆիզիկական անձի մահը.

4) կոոպերատիվի անդամ իրավաբանական անձի գործունեության դադարեցումը:

2. Կոոպերատիվի անդամը կոոպերատիվի անդամությունից կարող է կամա­վոր դուրս գալ ցանկացած ժամանակ` գրավոր դիմում ներկայացնելով կոոպե­րատիվի գործադիր մարմնին` վարչությանը կամ նախագահին: Կոոպերատիվի անդամի դուրս գալու դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի համապատասխան գույք, ինչպես նաև կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ: Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում է կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց և կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո` կանոնադրությամբ սահմանված ժամկետում:

3. Կոոպերատիվի անդամը կոոպերատիվի կանոնադրությամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում կարող է ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել կոոպերատիվից: Կոոպերատիվից հեռացված անդամին վերադարձվում են իր փայը և սույն օրենքով ու կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված բոլոր վճարում­ները` սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետներում:

4. Կոոպերատիվի անդամի մահվան դեպքում օրենքով ժառանգ ճանաչված անձը կարող է դառնալ կոոպերատիվի անդամ, մնացած բոլոր դեպքերում նրան է վերադարձվում կոոպերատիվի մահացած անդամի փայը և կատարվում են սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված բոլոր վճարում­ները` սույն հոդվածի  2-րդ մասում սահմանված ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 14. Կոոպերատիվի կառավարման մարմինները

 

1. Կոոպերատիվի կառավարման մարմիններն են`

1) բարձրագույն մարմինը` կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովը (այսուհետ` ընդհանուր ժողով).

2) գործադիր մարմինը` վարչությունը կամ կոոպերատիվի նախագահը.

3) դիտորդ խորհուրդը:

 

Հոդված 15. Ընդհանուր ժողովը և նրա իրավասությունները

 

1. Ընդհանուր ժողովը կարող է լինել հերթական և արտահերթ.

1) հերթական ընդհանուր ժողովը գումարվում է կոոպերատիվի կանոնա­դրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ.

2) հերթական ընդհանուր ժողովից բացի գումարվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Արտահերթ ընդհանուր ժողովը գումարվում է անհետաձգելի հարցերի քննարկման համար:

2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`

1) կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, կանոնադրության հաստատումը`  նոր խմբագրությամբ.

2) վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) և դիտորդ խորհրդի քանակա­կան կազմի հաստատումը, անդամների ընտրությունը և նրանց լիազորություն­ների վաղաժամկետ դադարեցումը.

3) կոոպերատիվի տարեկան հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի հաստատումը.

4) կոոպերատիվի հաջորդ տարվա բյուջեի հաստատումը.

5) կոոպերատիվ ավելցուկը և վնասը կոոպերատիվի անդամների միջև բաշխելու մասին որոշման ընդունումը` սույն օրենքով սահմանված կարգով.

6) կոոպերատիվի զարգացման ծրագրերի և կոոպերատիվի ներքին գործունե­ու­թյունը կարգավորող փաստաթղթերի հաստատումը.

7) կոոպերատիվի անդամների փայերի և այլ վճարների չափերի, ժամկետների և կարգի փոփոխության հաստատումը.

8) պահուստային ֆոնդերի չափերի, ձևավորման պայմանների և օգտագործ­ման կարգի մասին որոշման ընդունումը.

9) կոոպերատիվին անդամների անդամագրումը և հեռացումը.

10) մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը և լուծարումը.

11) գործադիր մարմնի աշխատանքի փոխհատուցման պայմանների, վերստու­գողի (վերստուգիչ հանձնաժողովի) և դիտորդ խորհրդի ծախսերի փոխհատուց­ման մասին որոշման ընդունումը.

12) կոոպերատիվի` կոոպերատիվների միություն կամ այլ կոոպերատիվ ընդգրկվելու կամ դուրս գալու մասին որոշման ընդունումը.

13) կոոպերատիվի գույքի օտարմանն ու ձեռք բերմանն առնչվող խոշոր գործարքներ կնքելու մասին որոշման ընդունումը` սույն օրենքով սահմանված դեպքերում.

14) կոոպերատիվի արտաքին աուդիտի իրականացման մասին որոշման ընդունումը.

15) կոոպերատիվի վերակազմակերպման և լուծարման մասին որոշման ընդունումը.

16) լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը` Օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն.

17) կոոպերատիվի անդամներին փոխառությունների տրամադրման պայման­ների և կարգի մասին որոշման ընդունումը.

18) կոոպերատիվից կոոպերատիվի անդամների դուրս գալու դեպքում վերադարձվող փայի և այլ վճարումների չափի և կարգի մասին որոշման ընդունումը:

3. Ժողովի բացառիկ իրավասությունները չեն կարող փոխանցվել կոոպերա­տիվի կառավարման այլ մարմիններին:

4. Ժողովի իրավասությանն են պատկանում սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ վերապահված այլ որոշումների ընդունումը:

 

Հոդված 16. Ընդհանուր ժողովի գումարման կարգը

 

1. Առաջին ընդհանուր ժողովը գումարվում է կոոպերատիվի պետական գրանցմանը հաջորդող երկու ամսվա ընթացքում:

2. Հերթական և արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են կոոպերատիվի գործադիր մարմնի կողմից:

3. Սույն օրենքով սահմանված ընդհանուր ժողով գումարող մարմինները ընդհանուր ժողովի գումարման օրվանից ոչ ուշ, քան քսան օր առաջ ընդհանուր ժողովի գումարման մասին պատշաճ ծանուցում են կոոպերատիվի անդամներին և ընդհանուր ժողովի այլ մասնակիցներին` կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`

1) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.

2) ժողովի օրակարգը.

3) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը:

5. Կոոպերատիվի անդամը ֆինանսական տարվա ավարտից հետո` երեսուն օրվա, կամ կանոնադրությամբ սահմանված այլ, ավելի երկար ժամկետի ընթացքում իրավունք ունի հերթական ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկելու համար ներկայացնել հիմնավորված առաջարկություններ` կանոնադրությամբ սահմանված կարգով: Գործադիր մարմինը պարտավոր է սույն օրենքով ու կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացված առաջարկները ներառել օրակարգում:

6. Ընդհանուր ժողովի նիստերն արձանագրվում են: Ընդհանուր ժողովի արձանագրությունը, առնվազն երկու օրինակով, ստորագրվում է ընդհանուր ժողովի նախագահի և քարտուղարի կողմից` ընդհանուր ժողովի ավարտից հինգ օրվա ընթացքում: Ընդհանուր ժողովների արձանագրությունները կարվում են արձանագրությունների գրքում, որին կոոպերատիվի ցանկացած անդամ իրավասու է ծանոթանալ:

7. Արտահերթ ընդհանուր ժողովը գումարվում է կոոպերատիվի անդամների առնվազն մեկ երրորդի կամ գործադիր մարմնի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին գրավոր ներկայացրած պահանջի առկայության դեպքում գործադիր մարմինը պարտավոր է արտահերթ ընդհանուր ժողով գումարել` պահանջը ներկայացնելու պահից` երեսուն օրվա ընթացքում: Արտահերթ ընդհանուր ժողովի գումարման կամ արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին գործադիր մարմնի որոշումը պետք է ընդունվի պահանջը ներկայացնելու պահից` յոթ օրվա ընթացքում: Եթե գործադիր մարմինը չի կատարում իր պարտականությունները սույն մասում նշված պահանջով արտահերթ ժողով հրավիրելու ուղղությամբ, այդ պարտականություններն ստանձնում է դիտորդ խորհուրդը, իսկ վերջինիս բացակայության կամ այդ պարտականությունն իրականացնելու անհնարինության դեպքում՝ կոոպերատի­վի անդամները ձևավորում են արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրման նախաձեռնող խումբ:

8. Ժողովի որոշումը կարող է ընդունվել հեռակա քվեարկությամբ (հարցման միջոցով)՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կանոնադրու­թյամբ նախատեսված դեպքերում:

 

Հոդված 17. Ընդհանուր ժողովի որոշումների ընդունման կարգը

 

1. Ընդհանուր ժողովն իրավասու է որոշումներ ընդունել, եթե դրան մասնակ­ցում է կոոպերատիվի անդամների (նրանց ներկայացուցիչների) ընդհանուր թվի կեսից ավելին: Մասնակցության ոչ բավարար լինելու դեպքում հայտարարվում է նոր ընդհանուր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Չկայացած ընդհանուր ժողովի փոխարեն նոր ընդհանուր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:

2. Կոոպերատիվի անդամն ընդհանուր ժողովին անձամբ մասնակցելու իր իրավունքը լիազորագրի տրման միջոցով կարող է փոխանցել իր ներկայացուցչին, այդ թվում` կոոպերատիվի որևէ այլ անդամի: Մինչև քսան անդամ ընդգրկող կոոպերատիվում մեկ ներկայացուցիչը չի կարող լիազորագրվել ավելի քան երկու անդամի շահերը ներկայացնելու, իսկ քսան անդամից ավելի ընդգրկվածություն ունեցող կոոպերատիվում` ավելի քան երեք անդամի շահերը ներկայացնելու համար:

3. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամ ընդհանուր ժողովում ունի մեկ ձայնի իրավունք:

4. Ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե կոոպերա­տիվի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. Քվեարկությանն իրավասու է մասնակցել միայն ընդհանուր ժողովի գրանց­ված մասնակիցը (լիազորված ներկայացուցիչը):

6. Կոոպերատիվի անդամը, որն ամբողջությամբ չի վճարել սահմանված լրացուցիչ փայավճարները, զրկվում է քվեարկության իրավունքից:

7. Կոոպերատիվի միության լիազորագրված ներկայացուցիչներն իրավասու են ներկա գտնվել իրենց կազմում ընդգրկված կոոպերատիվների ընդհանուր ժողովին:

8. Ժողովի որոշումները վավեր են՝ ընդհանուր ժողովի անցկացման մասին կոոպերատիվի բոլոր անդամների ծանուցման դեպքում:

9. Ժողովի բացառիկ իրավասությանը պատկանող հարցերի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառու­թյամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են միաձայն և 6-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ կետերով նախատեսված որոշումների, որոնք ընդունվում են մասնակից­ների ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

10. Ժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հոդված 18. Կոոպերատիվի գործադիր մարմինը

 

1. Կոոպերատիվի գործադիր մարմիններն են կոոպերատիվի վարչությունը (կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում) և (կամ) նախագահը: Մինչև քսան անդամ ունեցող կոոպերատիվում նախատեսվում է միայն կոոպերատիվի նախագահի ընտրություն: Քսանից ավել անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել վարչություն:

2. Կոոպերատիվի գործադիր մարմինն ընտրվում է ընդհանուր ժողովի որոշմամբ: Կոոպերատիվի գործադիր մարմինը ղեկավարում է կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը:

3. Կոոպերատիվի նախագահը և վարչության անդամներն ընտրվում են մինչև երեք տարի ժամկետով` վերընտրվելու իրավունքով:

4. Կոոպերատիվի նախագահ և վարչության անդամ կարող է ընտրվել տասնութ տարին լրացած կոոպերատիվի անդամ հանդիսացող, դիտորդ խորհրդի անդամ չհանդիսացող ֆիզիկական անձը:

5. Կոոպերատիվի և կոոպերատիվի նախագահի գործառույթներն իրականաց­նող անձի միջև աշխատանքային պայմանագիրը կոոպերատիվի անունից ստորագրում է ընդհանուր ժողովի լիազորած անձը:

6. Կոոպերատիվի գործադիր մարմինը հաշվետու է ընդհանուր ժողովին և դիտորդ խորհրդին` վերջինիս առկայության պայմաններում:

7. Կոոպերատիվի գործադիր մարմնի իրավասություններն են.

1) ժողովի և դիտորդ խորհրդի որոշումների կայացման ապահովումը.

2) ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման ապահովումը.

3) կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման ապահովումը, որի կարգը և պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա­րությունը.

4) կոոպերատիվի գործունեության հիմնական ուղղությունների (գերակայու­թյուն­ների) առաջադրումը.

5) ընդհանուր ժողովի գումարումը և օրակարգի հաստատումը.

6) առանց լիազորագրի կոոպերատիվի անունից գործելը, այդ թվում` նրա շահերը ներկայացնելը և գործարքներ կնքելը.

7) լիազորագրի (այդ թվում` վերալիազորագրման իրավունքով) տրամադրու­մը` կոոպերատիվի անունից ներկայացուցչության իրավունք ստանալու համար.

8) հրաման արձակելը՝ կոոպերատիվի աշխատակցի պաշտոնի նշանակման, նրա տեղափոխման և ազատման վերաբերյալ, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժ կիրառելը.

9) կոոպերատիվին անդամագրվելու կամ կոոպերատիվից դուրս գալու մասին ստացված դիմումի, կոոպերատիվի անդամին կոոպերատիվից հեռացնելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

10) դիտորդ խորհրդի կամ վերստուգողի հետ համատեղ լրացուցիչ փայավ­ճարի, սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մասնաբաժնի և այլ վճարումների չափերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

11) դիտորդ խորհրդի կամ վերստուգողի հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, համապատաս­խան մարմինների կողմից իրականացված ստուգումների, ուսումնասիրություն­ների, մշտադիտարկումների արդյունքների քննարկումը և ընդհանուր ժողով ներկայացնելը.

12) սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ վերապահված այլ իրավասությունների իրականացումը:

 

Հոդված 19. Վերստուգողը և վերստուգիչ հանձնաժողովը

 

1. Մինչև քսան անդամ ունեցող կոոպերատիվում ընտրվում է վերստուգող, իսկ քսանից մինչև հիսուն անդամ ունեցող կոոպերատիվներում` վերստուգիչ հանձնաժողով:

2. Դիտորդ խորհրդի ձևավորման դեպքում վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) գործառույթներն իրականացնում է (են) դիտորդ խորհրդի անդամը (անդամները): Դիտորդ խորհուրդը ընդհանուր ժողովին է ներկայացնում առաջարկություն` իր կազմում վերստուգիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Վերստուգիչ հանձնաժողովը կազմված է ոչ պակաս երեք անձից:

3. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) ընտրվում է ընդհանուր ժողովի որոշմամբ` մեկ տարի ժամկետով, եթե կանոնադրությամբ այլ` ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

4. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) իրականացնում է պարտադիր (տարեկան) և լրացուցիչ դիտարկում՝

1) կոոպերատիվի ֆինանսական գործունեության նկատմամբ.

2) կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության տարեկան ար­դյունք­ների նկատմամբ` մինչև դրանց հաստատումն ընդհանուր ժողովի կողմից: Կոոպերատիվի վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) եզրակացությունը պարտադիր կցվում է կոոպերատիվի տարեկան հաշվետվություններին և հաշվապահական հաշվեկշիռներին` ընդհանուր ժողով ներկայացնելիս:

5. Վերստուգողն (վերստուգիչ հանձնաժողովը) իրականացնում է իր իրավա­սու­թյանը վերապահված այլ գործառույթներ` սույն օրենքին համապատասխան և կոոպերատիվի կանոնադրությամբ:

6. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովը) լրացուցիչ դիտարկում է իրականացնում ընդհանուր ժողովի կամ կոոպերատիվի անդամների ընդհանուր թվի առնվազն տասը տոկոսի պահանջով, ինչպես նաև` իր նախաձեռնությամբ:

7. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովը) կոոպերատիվի ֆինանսական վիճակի ուսումնասիրությունների (վերլուծությունների), կոոպերատիվի ֆինան­սա­կան դրության առողջացման, սնանկացման կանխարգելման, կոոպերատիվի և կոոպերատիվի առանձին անդամների ֆինանսական շահերի պաշտպանության և կոոպերատիվի կանոնադրության այլ գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով իրավասու է աշխատանքներում ներգրավել այդ բնագավառի համապատասխան մասնագետների:

8. Վերստուգողը (վերստուգիչ հանձնաժողովի անդամները) պարտավոր է ապահովել կոոպերատիվի ֆինանսական գործունեության ստուգման կամ սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ այլ գործառույթների իրականաց­ման գործընթացում իրենց հայտնի դարձած կոոպերատիվի (կոոպերատիվի առանձին անդամների) առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության գաղտնիությունը:

9. Վերստուգողի (վերստուգիչ հանձնաժողովի) պահանջով տրամադրվում են ստուգման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև՝ բացատրու­թյուններ:

 

Հոդված 20. Դիտորդ խորհուրդը

 

1. Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում ստեղծվում է դիտորդ խորհուրդ: Մինչև հիսուն անդամ ունեցող կոոպերատիվում դիտորդ խորհրդի ստեղծումը կամավոր է:

2. Դիտորդ խորհուրդն ստեղծվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:

3. Դիտորդ խորհրդի ստեղծումը, նրա իրավասությունները, գործունեության կարգը, դիտորդ խորհրդի անդամի լիազորությունների դադարման կարգը և դիտորդ խորհրդի նախագահի իրավասությունները սահմանվում են սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ:

4. Կոոպերատիվի դիտորդ խորհրդի անդամ կարող են ընտրվել տասնութ տարին լրացած կոոպերատիվի անդամ հանդիսացող ֆիզիկական անձինք:

5. Մինչև հիսուն անդամ ունեցող կոոպերատիվում դիտորդ խորհուրդը կազմվում է առնվազն հինգ, հիսունից ավելի անդամ ունենալու դեպքում` առնվազն յոթ և ավելի անձից: Դիտորդ խորհրդի անդամներն ընտրվում են մինչև երեք տարի ժամկետով` վերընտրվելու իրավունքով:

6. Դիտորդ խորհուրդը՝

1) իրականացնում է հսկողություն կոոպերատիվի ընթացիկ գործունեության նկատմամբ, իրավասու է ստուգել կոոպերատիվի դրամարկղը, արժեթղթերի և առևտրային փաստաթղթերի առկայությունը, անցկացնել գույքագրում և իրականացնել կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության և հաշվապահական հաշվեկշռի նկատմամբ հսկողությանն առնչվող այլ գործառույթներ.

2) նախաձեռնում է ընդհանուր ժողովի գումարումը` սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում.

3) իրավասու է կասեցնել գործադիր մարմնի գործունեությունը` հրավիրելով արտահերթ ընդհանուր ժողով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում.

4) իրականացնում է սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

7. Դիտորդ խորհրդի անդամների լիազորությունները չեն կարող վերապահվել այլ անձանց:

8. Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԳՈՒՅՔԸ

 

Հոդված 21. Կոոպերատիվի գույքի ձևավորման աղբյուրները

 

1. Կոոպերատիվի գույքի ձևավորման աղբյուր են հանդիսանում ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցները: Փոխառու միջոցների մասնաբաժինը կոոպերատիվի գույքի կազմում սահմանվում է կոոպերատիվի կանոնադրությամբ և չի կարող գերազանցել կոոպերատիվի գույքի արժեքի հիսուն տոկոսը:

2. Կոոպերատիվի սեփական միջոցները ձևավորվում են պարտադիր, լրա­ցուցիչ և կամավոր փայավճարներից, կոոպերատիվի գործունեությունից ստաց­ված միջոցներից, նվիրաբերություններից և քաղաքացիների նվիրատվություն­ներից, արժեթղթերից, բանկերում ներդրված ավանդներից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

3. Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանվում են պարտադիր և կամավոր պահուստային ֆոնդեր:

4. Պարտադիր պահուստային ֆոնդը կոոպերատիվի անբաժանելի ֆոնդն է:

5. Անբաժանելի ֆոնդը ձևավորվում է տարեկան կոոպերատիվ ավելցուկի փոխանցումներից, ինչպես նաև սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրու­թյամբ չարգելված այլ աղբյուրներից և կազմում է կոոպերատիվի փայատիրական կապիտալի կեսից ոչ պակաս: Անբաժանելի ֆոնդն օգտագործվում է առաջացած վնասները փակելու և վնասների ապահովագրության նպատակով: Անբաժանելի ֆոնդը չի բաժանվում անդամների միջև և տնօրինվում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով: Կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված անբաժանելի ֆոնդի մակարդակն ապահովելու դեպքում կարող է ժամանակավորապես դադարեցվել տարեկան կոոպերատիվ ավելցուկի հատկացումը կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին:

 

Հոդված 22. Փայը

 

1. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամ ունի մեկ փայի իրավունք:

2. Փայի արժեքը ձևավորվում է`

1) փայավճարներից` պարտադիր, լրացուցիչ և կամավոր.

2) կոոպերատիվ փոխհատուցումներից` ուղղված փայատիրական կապիտալի համալրմանը.

3) կամավոր պահուստային ֆոնդերի հատկացումներից` ընդհանուր ժողովի որոշմամբ:

3. Պարտադիր փայավճարի չափը և վճարման կարգը սահմանվում է սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ: Պարտադիր փայը հավասար է կոոպերատիվի բոլոր անդամների համար: Կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչև կոոպերատիվի պետական գրանցումն ամբողջությամբ վճարել պարտադիր փայը:

4. Պարտադիր փայավճարը նոր անդամների համար սահմանվում է կանոնադրությամբ տվյալ պահին նվազագույն փայ ունեցող կոոպերատիվի անդամի փայի արժեքից ոչ պակաս չափով:

5. Կոոպերատիվի զարգացման կամ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով կոոպերատիվի անդամները, ընդհանուր ժողովի որոշմամբ, կատարում են լրացուցիչ փայավճարներ: Լրացուցիչ փայավճարը հավասար է կոոպերատիվի բոլոր անդամների համար, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:

6. Կոոպերատիվի անդամը կարող է կատարել կամավոր փայավճարներ:

7. Փայի արժեքը նվազում է փայատիրական կապիտալի օգտագործման դեպքում՝ անբաժանելի ֆոնդի անբավարարության պայմաններում կոոպերատի­վի վնասները ծածկելու նպատակով:

8. Կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի փայի արժեքը չպետք է գերազանցի կոոպերատիվի փայատիրական կապիտալի քսան տոկոսը:

9. Փայը համարվում է անբաժանելի: Կոոպերատիվի անդամի փայը կարող է օտարվել միայն կոոպերատիվի այլ անդամին, ներառյալ ներդրող անդամին` արդյունքում ավելացնելով վերջինիս փայի արժեքը: Փայի փոխանցումը հաստա­տում է կոոպերատիվի գործադիր մարմինը:

 

Հոդված 23. Կոոպերատիվի ավելցուկի և շահույթի բաշխումը

 

1. Հաշվապահական հաշվեկշռով հաշվարկված տարեկան կոոպերատիվ ավելցուկը բաշխվում է հետևյալ ուղղություններով՝ ըստ հաջորդականության.

1) անբաժանելի ֆոնդի վերականգնում.

2) անբաժանելի ֆոնդին՝ քսան տոկոսի հատկացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված հաջորդականությամբ տարեկան կոոպերատիվ ավելցուկի բաշխումից մնացորդը կարող է բաշխվել որպես կոոպերատիվ փոխհատուցում կամ լրացուցիչ մասհանում կոոպերատիվի պահուստային ֆոնդերին, կամ փայատիրական կապիտալի մասնաբաժնին` ըստ անդամների փայի համամասնության՝ տարեկան փայատիրական կապիտալի առավելագույնը հինգ տոկոսի չափով:

3. Կոոպերատիվ շահույթը համապատասխան հարկումից հետո ուղղվում է կոոպերատիվի անբաժանելի ֆոնդ:

4. Ավելցուկի և շահույթի վերաբերյալ վարվում է առանձնացված հաշվապահական հաշվառում:

 

Հոդված 24. Կոոպերատիվի և կոոպերատիվի անդամների գույքային պատաս­խա­­նա­տվությունը                                  

                    

1. Կոոպերատիվը պատասխանատվություն է կրում իր պարտավորություն­ների համար` կոոպերատիվի սեփականություն հանդիսացող ամբողջ գույքով և պատասխանատվություն չի կրում կոոպերատիվի անդամների պարտավո­րու­թյունների համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:

2. Կոոպերատիվի անդամները ֆինանսական պատասխանատվություն են կրում կոոպերատիվի պարտավորությունների համար միայն իրենց ներդրած փայերի մասնաբաժնով:

3. Կոոպերատիվի անդամի անձնական պարտքերի համար նրա փայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն այդ պարտքերը մարելու համար` նրա այլ գույքի անբավարարության դեպքում:

4. Կոոպերատիվի գույքում կոոպերատիվի անդամի ամբողջ փայի վրա բռնագանձում տարածելը կամ դատական ակտի հիման վրա փայն ամբողջությամբ բռնագրավելը կամ բռնագանձելը դադարեցնում է նրա մասնակցությունը կոոպերատիվում:

5. Կոոպերատիվի գույքում կոոպերատիվի անդամի փայի մասնակի բռնա­գանձման կամ բռնագրավման դեպքում կոոպերատիվի անդամը պարտավորվում է մեկ տարի ժամկետում համալրել կոոպերատիվի անդամների տվյալ պահին փայի նվազագույն արժեքը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հոդված 25. Կոոպերատիվի վերակազմակերպումը

 

1. Կոոպերատիվի վերակազմակերպումը կատարվում է ընդհանուր ժողովի որոշմամբ:

2. Կոոպերատիվի` այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորման (կազմակերպական-իրավական ձևի փոփոխման) դեպքում կոոպերատիվի անբաժանելի ֆոնդն ընդհանուր ժողովի որոշմամբ հատկացվում է`

1) կոոպերատիվների այն միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին, որին անդամակցում է տվյալ կոոպերատիվը.

2) կոոպերատիվների ցանկացած միության կողմից կառավարվող միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին` որևէ միության չանդամակցելու դեպքում.

3) այլ կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին` որևէ միության չանդամակցելու դեպքում.

4) համայնքի զարգացմանը:

3. Կոոպերատիվը կարող է վերակազմակերպվել միայն կոոպերատիվի՝ այլ կոոպերատիվի միացման կամ միաձուլման ձևով Օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 26. Կոոպերատիվի լուծարումը

 

1. Լուծարումը կոոպերատիվի գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցելու:

2. Կոոպերատիվը կարող է լուծարվել`

1) ժողովի որոշմամբ.

2) դատարանի կողմից կոոպերատիվի գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտումների հետ.

3) կոոպերատիվի անդամների օրենքով սահմանված նվազագույն թվից պակասելու և մեկ տարվա ընթացքում չվերականգնվելու դեպքում.

4) կոոպերատիվի սնանկության հետևանքով` օրենքով սահմանված կարգով.

5) օրենքով սահմանված այլ հիմքերով:

3. Կոոպերատիվի ընդհանուր ժողովը լուծարման գործընթացն իրակա­նացնե­լու նպատակով կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան հաստա­տում է ամփոփիչ հաշվեկշիռը, ընդունում որոշումներ` լուծարման հանձնաժո­ղո­վի ստեղծման, լուծարման կարգի և ժամկետների, ինչպես նաև` պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը կոոպերատիվի անդամների միջև բաշխելու վերաբերյալ: Կոոպերատիվի անբաժանելի ֆոնդն ընդհանուր ժողովի որոշմամբ հատկացվում է`

1) կոոպերատիվների այն միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին, որին անդամակցում է տվյալ կոոպերատիվը.

2) կոոպերատիվների ցանկացած միության կողմից կառավարվող միության «կոոպերատիվների զարգացման» ֆոնդին` որևէ միության  չանդամակցելու դեպքում.

3) այլ կոոպերատիվի անբաժանելի ֆոնդին` որևէ միության չանդամակցելու դեպքում.

4) համայնքի զարգացմանը:

4. Լուծարման հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընդհանուր ժողովի որոշմամբ սահմանված կարգով:

5. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 27. Լուծարման  կարգը

 

1. Լուծարման հանձնաժողովի ձևավորման պահից նրան են անցնում կոոպե­րատիվի գործադիր մարմնի լիազորությունները: Լուծարվող կոոպերատիվի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

2. Լուծարման հանձնաժողովը մամուլում հայտարարություն է զետեղում կոոպերատիվի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից, որը համարվում է կոոպերատիվի լուծարման գործընթացի սկիզբը:

3. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է կոոպերատիվի գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև պատշաճ ծանուցում է պարտատերերին կոոպերատիվի լուծարման մասին:

4. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող կոոպերատիվի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

5. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է կոոպերատիվի ընդհանուր ժողովը:

6. Եթե լուծարվող կոոպերատիվի դրամական միջոցները բավարար չեն պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով իրականացնում է կոոպերատիվի սեփականություն հանդիսացող գույքի վաճառքը:

7. Լուծարվող կոոպերատիվի պարտականությունների վերաբերյալ պարտա­տիրոջ հայցով դատարան դիմելու դեպքում կոոպերատիվի գույքը ենթակա չէ բաժանման կոոպերատիվի անդամների միջև` մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

8. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է կոոպերատիվի ընդհանուր ժողովը:

9. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է իրավաբա­նական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին` կոոպերատիվի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

10. Լուծարման հանձնաժողովը իրավունք ունի լուծարային հաշվեկշիռը կազմելուց հետո պահանջները չբավարարվելու դեպքում պահանջ ներկայացնել կոոպերատիվի անդամների դեմ իրենց լրացուցիչ վճարի չմուծված մասի սահման­ներում կոոպերատիվի առաջացած պարտավորությունները կատարելու մասին:

11. Կոոպերատիվի լուծարումը համարվում է ավարտված և նրա գոյությունը դադարեցված՝  այդ մասին պետական գրանցման պահից:

12. Լուծարման գործընթացի ավարտից հետո կոոպերատիվի մնացորդային ակտիվները փոխանցվում են կոոպերատիվի անդամներին` իրենց փայերին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

               

Հոդված 28. Կոոպերատիվի և կոոպերատիվների միությունների ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերու­թյուն­ները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է կոոպերատիվների և դրանց միությունների իրավունքները և պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է կոոպերատիվի ստեղծմանը և զարգացմանը և տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:

2. Կոոպերատիվը և կոոպերատիվների միություններն իրենց գործունեության մեջ անկախ են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական, քաղաքական և այլ կազմակերպություններից:

 

Հոդված 29. Գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառում պետական աջակ­ցության  ուղղությունները

 

1. Պետությունը սուբսիդավորման, նպատակային ծրագրերի իրագործման, բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորման միջոցով խթանում է գյուղատն­տեսական կոոպերացիայի զարգացումը, ագրոպարենային համակարգում կոոպե­րատիվների ստեղծումը, վերջիններիս գիտական, կադրային, տեղեկատվական և խորհրդատվական ապահովումը:

2. Գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցությունն իրականացվում է պետական ծրագրով, որի մշակման և հաստատման կարգը սահմանում է Լեռ­նային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Ծրագիր):

3. Ծրագիրը հիմնական ուղղություններով մշակում և իրականացնում է ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

4. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից, դրամաշնորհներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից և ներառվում է լիազորված պետական կառավարման մարմնի բյուջեում` առանձին տողով:

5. Ծրագրի իրականացման բոլոր փուլերում և մակարդակներում կիրառվում են վերահսկողության գործուն մեխանիզմներ: Ընթացիկ և ավարտական հաշ­վետվությունները լսվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա­վարությունում:

6. Գյուղատնտեսական կոոպերատիվներին պետական աջակցության հիմնա­կան ուղղություններն են`

1) արդիական տեխնոլոգիաների ներդրման և տեխնիկական հագեցվածության աջակցությունը.

2) գյուղատնտեսական հումք վերամշակող, գյուղատնտեսությունում օգտա­գործվող ռեսուրսներ մատակարարող և արտադրանքն իրացնող ընկերություն­ների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատման աջակցությունը.

3) արտահանման ներուժ ունեցող կոոպերատիվների արտադրանքի մրցունա­կությունն արտերկրում բարձրացնելու նպատակով գործարար համաժողովների, ցուցահանդեսների, տոնավաճառների մասնակցության աջակցությունը.

4) խորհրդատվության, ուսուցման և արժանահավատ տեղեկատվության տրա­մադր­ման աջակցությունը.

5) գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրմանն աջակ­ցությունը.

6) գյուղատնտեսական վարկերի մատչելիության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացումը.

7) սննդամթերքի անվտանգության ապահովման և օրգանական գյուղատն­տեսության զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը.

8) հողերի բարելավման, ոռոգման, առաջնային սերմնաբուծության, բույսերի պաշտպանության, տոհմաբուծության և անասնաբուժության բնագավառներում միջոցառումների ֆինանսավորումը.

9) կոոպերատիվների կարևորության հասարակական ընկալմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

10) կրթության, վիճակագրության, հետազոտությունների գործընթացում կոոպե­րատիվների առաջնահերթ ներառումը.

11) սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված ուղղու­թյուն­ներով աջակցությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-14 օրենքը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     

ՆԱԽԱԳԱՀ                                                                                                     Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2016թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-47-Ն