«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                             Ընդունված է 2016թ. դեկտեմբերի 22-ին

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյան 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-86-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 9.1-ին հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն մասին համապատասխան եկամտային հարկի վերադարձվող գումարը վարձու աշխատողի համար եռամսյակի ընթացքում 700 000 ՀՀ դրամը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար հաշվետու տարվա ընթացքում 2 800 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում` եկամտային հարկը վերադարձվում է համապատասխանաբար 700 000 ՀՀ դրամի և 2 800 000 ՀՀ դրամի չափով:».

2) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված եկամտային հարկի գումար­ները վարձու աշխատողին և անհատ ձեռնարկատիրոջը ենթակա են վերադարձ­ման միայն մեկ բնակարանի ձեռք բերմանը կամ մեկ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների դիմաց:».

3) 2-րդ մասի`

ա. 2-րդ կետում «տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված» բառերը փոխարինել «եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով» բառերով,

բ. 3-րդ կետում «տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված» բառերը փոխա­րի­նել «եկամտային հարկի գծով» բառերով,

գ. 4-րդ կետում «տվյալ հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված` տարեկան եկամուտների մասին հաշվարկով հայտարարագրված» բառերը փոխարինել «եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների)  գծով» բառերով.

4) 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.

«4.1. Սույն հոդվածով նախատեսված վարձու աշխատողին և անհատ ձեռնար­կատիրոջը եկամտային հարկի գումարների վերադարձը դադարեցվում է, եթե բնակարանի ձեռքբերումից կամ բնակելի տան ավարտական ակտը և վկայականը ստանալու ամսաթվից սկսած` յուրաքանչյուր օրացուցային տարում վարկառուն առնվազն 183 օր փաստացի չի բնակվում տվյալ բնակարանում (բնակելի տանը) և (կամ) բնակարանը (բնակելի տունը) հանձնվել է վարձակալության կամ անհատույց օգտագործման, բացառությամբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց:»: 

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերու­թյունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային գործակալները նոր աշխատողին աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ:

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվում են նաև`

1) անհատական տեղեկություններ` հաշվետու ամսում պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ, բացառությամբ սույն պարբերության 2-րդ կետով սահմանված դեպքի.

2) ամփոփ տվյալներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակու­թյան իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին վճարված (հաշվարկված) եկամուտների, այդ եկամուտներից հաշ­վարկված և պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ:»:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն եռամսյակային կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` ընթացիկ տարվա հունիսի 1-ից ոչ ուշ` հարկային մարմիններին ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտային հարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ՝ փաստացի ստացված եկամտային հարկի 18.75 տոկոսի և տվյալ եռամսյակում փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ՝ կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված օրվանից մինչև հարկային մարմնին փաստացի եկամտային հարկի գումարը հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու) օրը: Հարկային մարմին գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն ներկայացված լինելու դեպքում դրա հետևանքով եռամսյակային կանխավճար չհաշվարկված եռամսյակի (եռամսյակների) համար տույժեր չեն հաշվարկվում:»:

 

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետի պահանջները խախտելու համար հարկային գործակալներից գանձվում է տուգանք՝ հարկային մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար հինգ հազար ՀՀ դրամի չափով:».

2) 5-րդ մասում`

ա. «բացակայության)» բառից հետո լրացնել «և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու» բառերը, իսկ «չձևակերպված» բառից հետո` «և (կամ) առանց գրանցման հայտի» բառերը,

բ. առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն մասի կիրառության իմաստով՝ նոր աշխատողի համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող վարձու աշխատող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը:»:

 

Հոդված 5.

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։ Սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի ապրիլի 1-ից:

2. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետի դրույթները կիրառվում են 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կատարվող վճարումների մասով:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ                                                                                                Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2016թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-39-Ն