«Հողի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2016թ. նոյեմբերի 30-ին

Հոդված 1. «Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-28 օրենքի (այսուհետ` Օրենք) 61-ին հոդվածի 3-րդ պարբերությունն «առաջանում են» բառերից հետո լրացնել «(նախկին սեփականատիրոջ համար դադարում են)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Հողի հարկից ազատվում են՝

ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի,

բ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն),

գ) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը,

դ) նոր հիմնված և երիտասարդ խաղողի և պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)՝ դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելի լինելու դեպքում.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերաբնակվող ընտանիքներին մշտական օգտագործման իրավունքով տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 5 տարի ժամկետով.

զ) փոստային կապի ազգային օպերատորը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել հողի հարկի գծով արտոնություններ:

 

 

 

 Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար հողի հարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:

Համայնքի ավագանու կողմից հողի հարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:

Օրենքով կարող են սահմանվել հողի հարկի գծով այլ արտոնություններ:»:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը «հաշվարկները» բառից հետո լրացնել ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի`

1) 1-ին պարբերությունում «եռամսյակային» բառը փոխարինել «կիսամյակային» բառով, «եռամսյակ» բառը`  «կիսամյակ», իսկ «եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը» բառերը` «կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը» բառերով.

2) 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը հանել:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենքով սահմանված հողի հարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում հողի հարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

2016թ. դեկտեմբերի 14

Ստեփանակերտ

ՀՕ-30-Ն