Ընդունված է 2016թ. նոյեմբերի 30-ին
Սույն օրենքը կարգավորում է էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, իրավական, կազմակերպական և ֆինանսատնտեսական հիմքերը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարենպաստ էկոլոգիական անվտանգ շրջակա միջավայրում ապրելու՝ մարդու սահմանադրական իրավունքի և կարևորագույն պետական խնդրի՝ էկոլոգիայի ապահովման նպատակով շրջակա բնական միջավայրի պահպանության գործում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունների իրականացումը պահանջում է քաղաքացիների էկոլոգիական բարձր գրագիտություն, որը ձեռք է բերվում էկոլոգիական անընդմեջ կրթության ընթացքում:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) պետական քաղաքականությունն էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում՝ պետական կառավարման լիազորված մարմինների գործունեությունն է՝ նպատակաուղղված էկոլոգիական անընդմեջ կրթության իրականացման պայմանների ստեղծմանը, պետական մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեությանը, անձի և հասարակության էկոլոգիական մշակույթի ձևավորմանը.
2) էկոլոգիական կրթություն՝ անընդմեջ գործընթաց է՝ նպատակաուղղված անձի էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, բնապահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը, ունակությունների դրսևորմանը և վարքագծի ձևավորմանը.
3) էկոլոգիական դաստիարակություն՝ էկոլոգիական մշակույթի հիմքն ու անբաժանելի մասն է, շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերել գիտելիքներ և կարողություններ, ձևավորել հմտություններ և բացահայտել ունակություններ, դրսևորել բարոյական չափանիշներ և վարքագիծ՝ բնության հետ փոխներգործության ընթացքում.
4) էկոլոգիական գիտելիք՝ հասարակական իմացության այն ոլորտն է, որը նպատակաուղղված է շրջահայաց բնօգտագործմանն ու մարդու առողջության համար անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը.
5) էկոլոգիական գիտելիքների նվազագույն՝ հասարակության ամեն մի անձին անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալը, որը ծառայում է անվնաս ու սակավաթափոն արտադրության, բնական պաշարների և էներգիայի խնայողության, տնտեսական և այլ գործունեության, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի վերականգնման և դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորման նպատակին.
6) էկոլոգիական մշակույթ՝ մարդու և բնության ներդաշնակ փոխներգործության զարգացման փուլ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ ու գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը:
Հոդված 2. էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին օրենսդրությունը
1. Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին օրենսդրությունը բաղկացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերից և իրավական այլ ակտերից:
Հոդված 3. Օրենքի նպատակը և խնդիրները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էկոլոգիական անընդմեջ կրթության օրենքի նպատակն է՝
1) ապահովել մարդուն և հասարակությանը անընդմեջ, համալիր, միասնական էկոլոգիական գիտելիքների մատուցումը.
2) նպաստել էկոլոգիական դաստիարակության և մշակույթի ձևավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակմանը, էկոլոգիապես գրագետ անձի և սերնդի ձևավորմանը:
2. Օրենքի խնդիրներն են՝
1) էկոլոգիական գիտելիքների հաղորդման իրավունքի ապահովումը և պաշտպանումը.
2) էկոլոգիական ուսուցման, դաստիարակման և էկոլոգիական մշակույթի ձևավորման ու զարգացման իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, հոգեբանական և այլ երաշխիքների ապահովումը.
3) գոյություն ունեցող տեղեկատվական ու կրթական կառույցների համակարգում առաջադրված խնդիրների կենսագործման մեխանիզմների ապահովումը:
Հոդված 4. Պետական քաղաքականության սկզբունքներն էկոլոգիական անընդմեջ կրթության ոլորտում
1. Էկոլոգիական անընդմեջ կրթության պետական քաղաքականության հիմնա-կան սկզբունքներն են՝
1) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնը ստանալու պետական երաշխիքի ապահովումը.
2) էկոլոգիական կրթության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը և համալիր բնույթը.
3) էկոլոգիական կրթության հարցերի ընդգրկումն էկոլոգիական նպատակային և ճյուղային բոլոր պետական ծրագրերում.
4) էկոլոգիական կրթության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում.
5) պետական քաղաքականության իրականացումն էկոլոգիական կրթության հարցերում.
6) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում նորարա-րական գիտական գործունեության խրախուսումը.
7) սովորողների, մանկավարժների, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խրախուսումը.
8) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական, սոցիալական և մշակութային փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ.
9) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը` միջազգային չափանիշներին համապատասխան:
Հոդված 5. Էկոլոգիական կրթական ու տեղեկատվական դաշտը և օգտագործման ոլորտները
1. Պետության էկոլոգիական կրթական և տեղեկատվական դաշտի մասն են կազմում զանգվածային տեղեկատվական միջոցների համակարգը, մարդկային գործունեության տարբեր ոլորտների (արտադրություն և ծառայություններ), մշակույթի և հանգստի, զբոսաշրջության և սպորտի, բնական (արգելոցներ, արգելավայրեր, բնության հուշարձաններ, ազգային պարկեր) և պատմաճարտարապետական համալիրների, քաղաքային և գյուղական տարածքների օբյեկտները, որոնք կրթական հաստատությունների ցանցի հետ նպատակաուղղված են ստեղծելու համապատասխան պայմաններ հասարակության և անհատի էկոլոգիական մշակույթի ձևավորման համար:
2. Սույն օրենքը տարածվում է պետական մարմինների, պետական և հասարակական կազմակերպությունների և միավորումների վրա, որոնք իրականացնում են կրթական, արտադրական, բնօգտագործման գործունեություն, զանգվածային տեղեկատվական համակարգի, ինչպես նաև անհատների և հասարակության այն շերտերի վրա, որոնք զբաղվում են էկոլոգիական կրթության հարցերով:
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 6. Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը
1. Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական կրթական համակարգի բաղադրիչն է: Այն պետական կրթական չափորոշիչների, կրթական հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, դասընթացների, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է:
Հոդված 7. Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կառուցվածքը
1. Էկոլոգիական անընդմեջ կրթությունը ներառում է հետևյալ մակարդակները`
1) նախադպրոցական էկոլոգիական կրթություն և դաստիարակություն (էկոլոգիական կրթությունն ընտանիքում և նախադպրոցական հաստատություններում).
2) միջնակարգ էկոլոգիական կրթություն.
3) միջին մասնագիտական էկոլոգիական կրթություն.
4) բարձրագույն մասնագիտական էկոլոգիական կրթություն.
5) հետբուհական էկոլոգիական կրթություն.
6) հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն և դաստիարակություն, այդ թվում՝ զինված ուժերում:
Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաև կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան:
Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում (ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով:
Հոդված 8. Էկոլոգիական կրթության պետական ծրագրերը
1. Էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքն էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագիրն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էկոլոգիական կրթությունն իրականացվում է միասնական պետական ծրագրերով: Դրանք մշակում են պետական կառավարման լիազորված մարմինները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները: Հասարակական կազմակերպությունների իրավասությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Ծրագրերը մշակվում են պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան:
Հոդված 9. Էկոլոգիական կրթության ֆինանսավորումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոլոգիական կրթության պետական համալիր, նպատակային, ճյուղային, տարածքային պետական ծրագրերի իրականացման, ֆինանսավորման և արտոնագրման հարցերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Էկոլոգիական կրթության պետական ծրագրերի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 10. Էկոլոգիական կրթության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասությունները
1. Էկոլոգիական կրթության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝
1) պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումն ու դրանց կենսագործման համար պայմանների ստեղծումը, հանրապետական մակարդակով էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կազմակերպումը.
2) էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագրի և էկոլոգիական կրթության հարցեր բովանդակող նպատակային և ճյուղային պետական այլ ծրագրերի մշակումն ու կենսագործումը.
3) միջազգային էկոլոգիական կրթական ծրագրերի մշակմանը մասնակցությունը.
4) էկոլոգիական կրթության կազմակերպման հարցերի վերաբերյալ կրթական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության արտոնագրման և պետական հավատարմագրման կարգի սահմանումը.
5) պետական ծառայողների և շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն ունեցող գործունեության հետ կապված մասնագետների, ինչպես նաև կրթության, առողջապահության, գիտության ու մշակույթի համակարգերի աշխատողների էկոլոգիական-մասնագիտական պատրաստվածության ստուգման և ատեստավորման կարգի սահմանումը.
6) էկոլոգիական կրթության համակարգի համար մասնագետ-էկոլոգների, գիտական, մանկավարժական կադրերի և պետական ծառայողների պատրաստումն ու որակավորման բարձրացումը.
7) էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի տեղեկատվական ու գիտամեթոդական ապահովումը:
Հոդված 11. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում կարգավորվում են «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հոդված 12. Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունն էկոլոգիական կրթությանը
1. Էկոլոգիական կրթության բնագավառում հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիներն իրավունք ունեն՝
1) առաջարկություններ նախապատրաստել էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կատարելագործման ու իրագործման վերաբերյալ.
2) մասնակցել էկոլոգիական կրթության հանրապետական նախագծերի մշակման մրցույթներին.
3) մասնակցել էկոլոգիական կրթության բնագավառի միջազգային համագործակցության ծրագրերի նախապատրաստմանը:
2. Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիներն էկոլոգիական կրթության գործունեություն են իրականացնում պետական արտոնագրով, որն ստանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, էկոլոգիական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան: Էկոլոգիական կրթության գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու քաղաքացիներն իրավունք ունեն հայտ ներկայացնել և ստանալ էկոլոգիական հավաստի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրթական գործընթացն իրականացնելու համար: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ էկոլոգիական կրթություն: Ծնողները և նրանց փոխարինող անձինք պարտավոր են երեխաների մոտ դաստիարակել հոգատար և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ:
Հոդված 13. Միջազգային համագործակցությունն էկոլոգիական կրթության բնագավառում
1. Էկոլոգիական կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Միջազգային համագործակցությունն իրականացվում է պետական կառույցների բոլոր մակարդակներում՝ միջազգային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաև կրթական հաստատությունների և ֆիզիկական անձանց հետ՝ պայմանագրերի միջոցով:
Հոդված 14. Օրենքի կիրարկման վերահսկողությունը
1. Օրենքի կիրարկման վերահսկողությունն իրականացնում են գործադիր իշխանության հանրապետական մարմինները, որոնք զբաղվում են կրթության, շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման հարցերով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում էկոլոգիական կրթության պետական ծրագրի իրականացման ընթացքի մասին:
Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2016թ. դեկտեմբերի 14
Ստեփանակերտ
ՀՕ-28-Ն