ԼՈՒՐԵՐ
ԱԺ նախագահի ողջույնի խոսքը ԼՂՀ առաջին խորհրդարանական ընտրությունների 25-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը
28 դեկտեմբերի 2016

Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության,

Գերաշնորհ Սրբազան հայր,

Բոլոր գումարումների խորհրդարանի հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք

25 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի դեկտեմբերի 28-ին, Արցախում անցկացվեցին խորհրդարանական առաջին ընտրությունները: Իշխանության բարձրագույն մարմնի՝ Գերագույն խորհրդի ստեղծումը սեպտեմբերին Հանրապետության հռչակման եւ դեկտեմբերին ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի տրամաբանական շարունակությունն էր: Դրանով Արցախում, փաստորեն, սկիզբ դրվեց համապետական ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման մշակույթին:

Անկախությունից ի վեր հանրապետությունում անց են կացվել վեց խորհրդարանական ընտրություններ, եւ մեր այսօրվա ընդունելությանը ներկա են բոլոր վեց գումարումների օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր գումարման խորհրդարանի կողմից, անկախ նրանից, ինչ անվանում է ունեցել՝ Գերագույն խորհուրդ, Խորհրդարան, Ազգային ժողով, իրականացվել են պատմական տվյալ ժամանակահատվածին բնորոշ ու պահանջվող օրինաստեղծ, քաղաքական ու ներկայացուցչական աշխատանք: Այդ հավաքական ջանքերի շնորհիվ է, որ ունենք երկրի կենսագործունեությունն ապահովող կայացած օրենսդրական դաշտ, ինստիտուցիոնալացված հարաբերություններ այլ երկրների խորհրդարանների հետ: Ի թիվս այլ հաջողությունների, ուրախությամբ պետք է արձանագրել, որ վերջին տարիներին ընդլայնվել է միջխորհրդարանական համագործակցության աշխարհագրությունը:

Հարգելի բարեկամներ,

Քաղաքական ներկայացվածության ու բազմակարծության այն մակարդակը, որին հասել ենք խորհրդարանի գոյության անցած տարիների ընթացքում, թույլ է տալիս վստահորեն հայտարարելու, որ Արցախում ժողովրդավարության զարգացումը ընթանում է ճիշտ ուղով: Անշուշտ, դա անգնահատելի արժեք է Արցախի անկախ, ինքնիշխան պետականության տարեգրության մեջ, մեկը այն ծանրակշիռ ձեռքբերումներից, որին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հասել է պառլամենտարիզմի ավանդույթների ձևավորման, հետագա զարգացման ու խորացման պետականաստեղծ գործընթացում:

Այս ամենի հետ մեկտեղ հպարտորեն կարող ենք նշել, որ լինելով տարբեր քաղաքական գաղափարների կրողներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, բոլոր գումարումների խորհրդարանների պատգամավորները առաջնորդվել են Արցախի անվտանգության ապահովման եւ բնակչության բարեկեցության բարձրացման գերագույն հրամայականով: Համոզմունք, որը գերիշխող է նաև ապագայի մեր տեսլականում:

ԼՈՒՐԵՐ