ԼՈՒՐԵՐ
«Բյուջե-2017»-ի նախնական քննարկումների ամփոփումն Ազգային ժողովում
09 դեկտեմբերի 2016

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

Ամփոփիչ նիստի ընթացքում քննության  են առնվել «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի փաթեթում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: Մասնավորապես, հարկային դաշտը կարգավորող օրենքների փաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքը: Մշտական հանձնաժողովը քննարկել է նաև ԼՂՀ վերահսկիչ պալատի 2017թ.-ի գործունեության տարեկան ծրագիրը:  

Օրինագծերի և ծրագրերի մասին զեկույցներով ու հաղորդումներով հանդես են եկել  ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Գրիգորի Մարտիրոսյանը, Արթուր Հարությունյանը և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը:

Զեկուցողները պատասխանել և պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին:

Ներկայացված բոլոր նախագծերը գլխադասային հանձնաժողովը  դրական եզրակացությամբ երաշխավորել է չորրորդ նստաշրջանի առաջիկա լիագումար  նիստի օրակարգում ընդգրկելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ օրերին ԱԺ-ում ընթացել են բյուջեի նախագծի քննարկումները խմբակցություններում: Այսօր խորհրդարանում կհավաքագրվեն պատգամավորների, խմբակցությունների և հանձնաժողովների առաջարկությունները՝ կառավարություն ուղարկելու համար:

ԼՈՒՐԵՐ