ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանի մեկնաբանությունը «Թերթ.ամ» լրատվական գործակալությանը
13 նոյեմբերի 2016

-Պարոն Ղուլյան, ԼՂՀ Սահմանադրության նոր նախագծում կետ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Արցախի Հանրապետություն կոչելու մասին:   Միջազգային հանրության շրջանում եւ միջազգային հարթակներում ու փաստաթղթերում Արցախը դիտվում եւ ճանաչվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սա մինչ այժմ գոյություն ունեցող փաստաթղթերում ի՞նչ խնդիրների կարող է առաջացնել  եւ ինչպե՞ս է միջազգային փաստաթղթերում, բանակցային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փոխվելու որպես Արցախի Հանրապետություն:

Սահմանադրության նախագծով որպես հանրապետության պաշտոնական անվանում առաջարկվում է Արցախի Հանրապետությունը, բայց դա ամենեւին չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք նախկին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումից եւ այն ժառանգությունից, որ մենք ունենք այս 25 տարիների ընթացքում:

Սահմանադրության 1-ին հոդվածի 2-րդ մասում շատ պարզ է գրված՝ «Արցախի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են», ինչը նշանակում է, որ սահմանադրորեն ամրագրվում է երկրի պաշտոնական անվանումը եւ առաջնահերթությունը տրվում է Արցախի Հանրապետությանը: Համաձայն սահմանադրական ձեւակերպման, այն որեւէ հակասության մեջ չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվան հետ:   Հետեւաբար, որեւէ խնդիր չի կարող լինել մինչ այժմ գոյություն ունեցած փաստաթղթերի հետ: Չի կարող լինել նաեւ որեւէ պատասխանատվություն մեր երկրի նախորդ անվանումն օգտագործելու դեպքում: Պարզապես սա մեր երկիրն է եւ մենք այն անվանում ենք այնպես, ինչպես եղել է դարեր առաջ եւ ինչպես այն ընկալվում է այսօրվա մեր ազգային մտածելակերպի ու երազանքների մեջ:

ԼՈՒՐԵՐ