ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանի հարցազրույցը «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությանը
09 նոյեմբերի 2016

- Օրեր առաջ մենք տեղեկացանք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նոր Սահմանադրությամբ կվերանվանվի՝ դառնալով Արցախի Հանրապետություն։ Ինչու՞ որոշվեց կատարել այս փոփոխությունը։ 

Սահմանադրական բարեփոխումների մտահղացման ժամանակահատվածում մի շարք հարցերի շուրջ արդեն հանրային տրամադրությունների կուտակում կար, ինչը սխալ կլիներ անտեսել: Այդ ցանկում շատ էր խոսվում նաեւ Արցախի Հանրապետության վերանվանման մասին:  Ահա թե ինչու. դեռ 1991 թվականի սեպտեմբերին՝ հանրապետության հռչակման օրերին, լայնորեն շրջանառվում էր երկրամասի պատմական անվանումը: Երբ ընդունվում էր առաջին սահմանադրությունը՝ նորից այդ թեման օրակարգում էր:

2006 թվականին, տեւական քննարկումներից հետո մենք եկանք այն եզրահանգմանը, որ աշխարհում մեր տարածաշրջանը կամ երկրամասը առավելապես հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ եւ պետք է հաշվի առնել իրողությունները, բայց դրան զուգահեռ աշխատել մեր ազգային պետականությունը ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Անցել է եւս տասը տարի եւ այս ընթացքում Արցախի Հանրապետություն անվանումն ավելի լայն տարածում է գտել՝ մեծամասամբ երկրի ներսում, բայց նաեւ նրա սահմաններից դուրս:

Ցանկացած սահմանադրական բարեփոխումների հիմքում երկու հիմնական իմաստ պետք է լինի. արձանագրվեն առկա իրողությունները եւ սահմանվեն հեռանկարային նշաձողերը: Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետությունը՝ դա եւ վերադարձ է պատմական արմատներին, բայց նաեւ ծրագրավորումն է այն դերի, որը վերապահված է հայկական երկրորդ հանրապետությանը:

- Այս հայտարարությունից հետո ինչպիսի՞ն է միջազգային արձագանքը` հաշվի առնելով թե իրավական կողմերը, թե ադրբեջանական ճնշումները։ 

Դրսից եկող արձագանքների մասով որեւէ զարմանալի բան չկա, համենայն դեպս, ինձ համար: Այն, որ Ադրբեջանը հերթական հիվանադագին արձագանքը պիտի հրապարակեր՝ կանխատեսելի էր: Միջազգային արձագանքների մեջ տիրապետում էր իրատեսությունը եւ զգացվում էր ընկալումը: Անիմաստ է մեկնաբանել հայկական սփյուռքի ոգեւորությունն այս հարցում:

Վաղուց, արդեն 25 տարի  շարունակ, Արցախն ինքնիշխան հանրապետություն է եւ որոշումներ ընդունելու հարցում առաջնորդվում է սեփական ժողովրդի շահերով՝ գործելով միջազգային իրավունքին համապատասխան: Այստեղ դրսի կարծիքը չի կարող թելադրող լինել, առավել եւս՝ Ադրբեջանի: Մեր հարեւանները 1988 թվականին անդարձ կորցրել են Արցախին վերաբերող հարցերին մասնակցություն ունենալու իրավունքը, իսկ ապրիլյան պատերազմի հետեւանքով բաց են թողել բարիդրացիական հարաբերություններ կառուցելու հնարավորությունը: Թե ինչքան կտեւի այդ մոլորությունը, որ իրենց կարծիքը կարող է ինչ-որ բան նշանակել անկախ Արցախում, դժվար է ասել: Այն, որ մեր նոր Սահմանադրությունը պատկանելու է Արցախի Հանրապետությանը՝ նաեւ հիշեցում է, որ պետք է հաշտվել պատմական իրողությունների հետ:

ԼՈՒՐԵՐ