ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ խորհրդարանականների հանդիպումը ՀՀ վարչապետի հետ
05 նոյեմբերի 2016

Նոյեմբերի 5-ին ԼՂՀ ԱԺ-ում տեղի է ունեցել խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա հետ Արցախ ժամանած կառավարության մի խումբ անդամների հետ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է  ՀՀ վարչապետի՝ Արցախ այցի շրջանակում ԼՂՀ օրենսդիր մարմնի հետ հանդիպելու նախաձեռնությունը:

«Այս այցը միայն արարողակարգային չէ, այն ակնհայտ նպատակային մտադրություն է Արցախ-Հայաստան բարձր մակարդակի հարաբերությունները ոչ միայն պահելու, այլև՝ դրանք ընդլայնելու, խորացնելու և առկա կապերը համակողմանի դարձնելու համար»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Այնուհետև խորհրդարանի նախագահը  Կարեն Կարապետյանին է ներկայացրել հանդիպմանը ներկա ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին և խմբակցությունների ղեկավարներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ այս այցը հնարավորություն է՝ Հայաստանի և Արցախի միջև կապերն ավելի ամրապնդելու համար:

«ՀՀ կառավարության անդամների համար կարևոր է քննարկել, լսել ձեր տեսակետները ՀՀ և ԼՂՀ տնտեսական և անվտանգության հարցերի վերաբերյալ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում ԼՂՀ ԱԺ պատգամավորները ՀՀ վարչապետի հետ քննարկել են տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներին և դրանց օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ օրենսդիր-գործադիր երկխոսությունը շարունակելու նպատակով, հաջորդաբար քննարկել գործնական համագործակցության թեմաները:

ԼՈՒՐԵՐ