ԼՈՒՐԵՐ
«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստ՝ Ֆրանսուա Ռոշբլուանի մասնակցությամբ
26 սեպտեմբերի 2016

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին եւ նրան ուղեկցող անձանց:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի հետեւողական քաղաքական գործունեությունը, ինչպես նաեւ վերջին շրջանում ակտիվ աշխատանքները՝ մշակույթի եւ հումանիտար ոլորտներում:

Իր հերթին Ֆրանսուա Ռոշբլուանը նույնպես ընդգծել է մշակութային կապերի, Արցախում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսախոսության զարգացման կարեւորությունը, որը լուրջ խթան է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ: «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահը հետաքրքրվել է սահմանին տիրող իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացով:

Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների մասնակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ոլորտների եւ բարեկամության շրջանակի առաջիկա ծրագրերի վերաբերյալ: 

ԼՈՒՐԵՐ