16 սեպտեմբերի 2016
16 սեպտեմբերի 2016
Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության
Գիտաժողովի հարգելի մասնակիցներ, հյուրեր
Տիկնայք և պարոնայք
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այս դահլիճում միջազգային գիտաժողովների անցկացումն արդեն բարի ավանդույթ է դարձել: Ճիշտ է՝ անկախ պետությունն ընդամենը քառորդդարյա պատմություն ունի, սակայն գիտության ու կրթության հանդեպ վերաբերմունքն Արցախում միշտ էլ աչքի է ընկել առանձնակի հոգատարությամբ եւ պատահական չէ, որ հայկական առաջին դպրոցներից մեկը հիմնվել է հենց Արցախում:
Գիտական ու կրթական ներուժի վերհանումն ու զարգացումը, միջազգային գիտական, վերլուծական, կրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումն ու փորձի փոխանակումն այսօր շարունակում է մնալ մեր երիտասարդ հանրապետության առաջնահերթությունների շարքում եւ խրախուսվել պետական մակարդակով, որի վառ ապացույցը ներկայիս միջազգային գիտաժողովն է՝ «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով:
Ամիսներ առաջ, երբ հոբելյանական տոնակատարությունների պետական հանձնաժողովը քննարկում ու հստակեցնում էր Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ցանկը, նման գիտաժողովի կազմակերպման առաջարկը ոչ միայն միանգամից ընդունվեց, այլեւ որոշվեց, որ մեկ գիտաժողովի շրջանակներում դժվար թե հաջողվի տեղավորել բոլոր թեմատիկ ուղղությունները, ինչպես նաեւ մասնակցել ցանկացող անձանց: Այդ պատճառով էլ ծրագրում ներառվեց նոր սերնդի՝ Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորման հայտը՝ միջազգային երիտասարդական գիտաժողով անցկացնելու մասին, իսկ հոկտեմբերին նոր գիտաժողով հրավիրելու մտադրություն ունի Արցախի պետական համալսարանը:
Հարգելի ներկաներ,
Ուղիղ երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախ ժամանած հարյուրավոր մեր հայրենակիցների եւ տարբեր երկրների մեր բարեկամների մասնակցությամբ հանդիսավորությամբ նշեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը:
Ամփոփելու շատ բան կա, բայց առանցքային եզրակացությունն այսպիսինն է. հայկական երկրորդ հանրապետությունը՝ ազատ ինքնիշխան Արցախը, հայ ժողովրդի վերջին մի քանի հարյուր տարվա մեծագույն ձեռքբերումն է ու հպարտությունը:
Շնորհիվ բացառիկ ինքնակազմակերպվածության, Հայաստանի եւ Սփյուռքի՝ համայն հայության աջակցության՝ մեզ հաջողվում է հաղթահարել բոլոր այն մարտահրավերները, որին առերեսվում է մեր երիտասարդ պետությունը:
Համոզված եմ՝ այսօրվա գիտաժողովի մասնակիցները Արցախի պատմությանն ու անկախ հանրապետության անցած ճանապարհի մասին հետաքրքիր զեկույցներ են պատրաստել: Այսօրվա գիտաժողովի նախաձեռնումը հենց այդ ճանապարհին ունեցած ձեռքբերումներն ու թերացումները, ներկայիս մարտահրավերները գիտա-գործնական հարթության վրա ուսումնասիրելու եւ համապատասխան գնահատականներ ու առաջարկներ հավաքագրելու նպատակ ունի:
Պետական հանձնաժողովի անունից շնորհակալություն եմ հայտնում «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» թեմայով գիտաժողովի մասնակիցներին եւ այն հայտարարում եմ բացված: