ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության Սահմանադրություն ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 2006Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10
Բեռնել

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

         Արցախի ժողովուրդը,

 

         դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշ­ման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

 

         հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյան պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին,

 

         կարևորելով  2006 թվականին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյան Սահմանադրության դերը անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում,

 

         զարգացնելով ազգային պետականության պատմական ավանդույթները,

 

         ոգեշնչված Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության՝ Արցախի ժողովրդին զորավիգ լինելու վճռականությամբ,

 

         հավատարիմ մնալով հայրենիքում ազատ ապրելու և արարելու իր նախնիների երազանքին և վառ պահելով ազատության համար պայքարում նահատակվածների հիշատակը,

 

         իրականացնելով  իր ինքնիշխան և անօտարելի իրավունքը,

 

         ընդունում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը:

 

 

 

 

 

Գ Լ ՈՒ Խ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

       Հոդված 1. Արցախի Հանրապետությունը

 

         1. Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրա­վա­կան, սոցիալական պետություն է:

         2. Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետու­թյուն անվանումները նույնական են:

 

       Հոդված 2.  Ժողովրդի ինքնիշխանությունը

 

         1. Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժո­ղովրդին:

         2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրու­թյունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

         3. Իշխանության յուրացումը հանցագործություն է:

 

Հոդված 3.

Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունք­­­ները և ազատությունները

 

1. Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականու­թյուններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

4. Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրա­վունք­ների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավուն­քի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

 

Հոդված 4.

Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը

 

         Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխա­նու­թյունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

 

 

 

Հոդված 5.

Իրավական նորմերի աստիճանակարգությունը

 

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

2. Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ օրենքներին:

3. Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանա­գրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 6.

Օրինականության սկզբունքը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտո­նատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապա­տաս­խանեն իրավական որոշակիության սկզբունքին:

3. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

 

Հոդված 7.

Ընտրական իրավունքի սկզբունքները

 

         Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, համայնքների ավագա­նիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդ­հանուր, հավասար,  ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

 

Հոդված 8.

Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակու­սակ­ցական համակարգը

 

         1. Արցախի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարա­խոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:

         2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կու­սակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հա­վա­սար իրավական հնարավորություններ:

         3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:

         4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակա­սել ժողովրդավարական սկզբունքներին:

 

 

 

 

Հոդված 9.

Տեղական ինքնակառավարման երաշխավորումը

 

         Արցախի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակա­ռավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

 

Հոդված 10.

Սեփականության երաշխավորումը

 

         1. Արցախի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտ­պանվում են սեփականության բոլոր ձևերը:

         2. Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականու­թյունն են:

 

Հոդված 11.

Տնտեսական կարգը

 

         Արցախի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցու­թյան վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

 

Հոդված 12.

Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը

 

         Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարե­լա­վումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատաս­խանատվությունն ապագա սերունդների առջև:

          

Հոդված 13.

Արտաքին քաղաքականությունը

 

         Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականա­ցվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարի­դրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպա­տակով:

 

Հոդված 14.

Զինված ուժերը և պաշտպանությունը

 

         1. Արցախի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Արցախի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

         2. Արցախի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

         3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանությանը:

 

Հոդված 15.

Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությունը

 

         1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգա­ցումը:

         2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածու­թյան և պաշտպանության ներքո են։

 

Հոդված 16.

Ընտանիքի պաշտպանությունը

 

Ընտանիքը՝ որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակ­չու­թյան պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

 

Հոդված 17.

Պետությունը և կրոնական կազմակերպությունները

 

         1. Արցախի Հանրապետությունում ճանաչվում է կրոնական կազմակեր­պու­թյունների գործունեության ազատությունը:

         2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

 

Հոդված 18.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին

 

          Արցախի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

 

Հոդված 19.         

Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի հետ կապերը

 

         1. Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ իրա­կանացնում է քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական խոր հա­մա­գործակցությանը, համակողմանի կապերի և անվտանգության ապահով­մանն ուղղված քաղաքականություն:

         2. Արցախի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրակա­նացնում է համակողմանի կապերի  զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը:

        

Հոդված 20.

Արցախի Հանրապետության պետական լեզուն

 

         1. Արցախի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

         2. Արցախի Հանրապետությունում երաշխավորվում է ազգային փոքրա­մաս­նու­թյունների լեզուների ազատ գործածումը:

 

Հոդված 21.

Արցախի Հանրապետության խորհրդանիշները

 

         1. Արցախի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող և դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղաձև զարդանախշով: Դրոշի մանրամասն նկարագրությունը սահման­վում է օրենքով:

         2. Արցախի Հանրապետության զինանշանը և օրհներգը սահմանվում են օրենքով:
 

Հոդված 22.

Արցախի Հանրապետության մայրաքաղաքը

 

         Արցախի Հանրապետության մայրաքաղաքը Ստեփանակերտն է:


Գ Լ ՈՒ Խ 2

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 23.

Մարդու արժանապատվությունը

 

         Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

 

Հոդված 24.

Կյանքի իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

         2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

         3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

 

Հոդված 25.

Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

         2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցա­գործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

         3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

         4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համա­ձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

 

Հոդված 26.

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

 

         1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաս­տացնող վերաբերմունքի կամ պատժի:

         2. Մարմնական պատիժներն արգելվում են:

         3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբեր­մունքի իրավունք:

 

Հոդված 27.

Անձնական ազատությունը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատա­րելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Արցախի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

         2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հաս­կա­նալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառ­ների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

         3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

         4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամ­կե­տում, սակայն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլա­տրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

 

 

 

         5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերա­բերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

         6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատ­ճա­ռով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորու­թյունները:

 

Հոդված 28.

Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

 

Բոլորը հավասար են օրենքի առջև:

 

Հոդված 29.

Խտրականության արգելքը

 

Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրա­մասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշման­դա­մությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգա­մանքներից, արգելվում է:

 

Հոդված 30.

 Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

 

   Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

 

Հոդված 31.

Պատվի ու բարի համբավի, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը

 

1. Յուրաքանչյուր ոք ունի պատվի ու բարի համբավի անձեռնմխե­լիու­թյան իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռն­մխե­լիության իրավունք:

3. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

 

Հոդված 32.

 Բնակարանի անձեռնմխելիությունը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

         2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանա­փակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմ­նական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

 

         3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:

 

Հոդված 33.

Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցու­թյունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

         2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահ­մանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսա­կան բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմ­նական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

         3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ՝ բացառությամբ այն դեպքի, երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավի­ճակով:

 

Հոդված 34.

Անձնական տվյալների պաշտպանությունը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

         2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայու­թյամբ:

         3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղա­կան ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:

         4. Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանա­փակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հա­սա­րակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնա­կան իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

         5. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամաս­նե­րը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 35.

Ամուսնանալու ազատությունը

 

         1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

 

         2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

         3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

 

Հոդված 36.

Ծնողների իրավունքները և պարտականությունները

 

         1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխա­ների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

         2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսա­կան շահերն ապահովելու նպատակով:

         3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահման­վում են օրենքով:

 

Հոդված 37.

Երեխայի իրավունքները

 

         1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

         2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնա­հերթ ուշադրության արժանանան:

         3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք՝ բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

         4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգա­ծու­թյան և պաշտպանության ներքո են:

 

Հոդված 38.

Կրթության իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

         2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

         3. Բարձրագույն ուսումնական հաստատությունները օրենքով սահման­ված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակա­դեմիական և հետազոտությունների ազատությունը:

 

 

 

Հոդված 39.

Մարդու ազատ գործելու իրավունքը

 

Յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմա­նադրությամբ կամ օրենքով և չի խախտում այլոց իրավունքներն ու ազատու­թյունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

 

Հոդված 40.

Ազատ տեղաշարժվելու իրավունքը

 

         1. Արցախի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրա­վունք:

         2. Յուրաքանչյուր ոք ունի Արցախի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:

         3. Յուրաքանչյուր քաղաքացի և Արցախի Հանրապետությունում օրինա­կան հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Արցախի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:

         4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյակա­նու­թյան կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանու­թյան նպատակով: Քաղաքացու` Արցախի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:

 

Հոդված 41.

Մտքի, խղճի և դավանանքի ազատությունը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

2. Մտքի, խղճի և դավանանքի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակա­կան կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

         3. Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 42.

Կարծիքի արտահայտման ազատությունը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղե­կու­­թյուններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատու­թյունը:

 

 

 

         2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղոր­դում­ների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատե­սու­թյան և ռադիոյի գործունեությունը:

         3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առող­ջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմ­նական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատա­կով:

 

Հոդված 43.

Ստեղծագործելու ազատությունը

 

         Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնի­կա­կան ստեղծագործության ազատություն:

 

Հոդված 44.

Հավաքների ազատությունը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազա­տորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

         2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:

         3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչ­ների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստի­կանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։

         4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:

         5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրեն­քով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասա­րակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

 

Հոդված 45.

Միավորումների ազատությունը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու՝ ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվել որևէ մասնավոր միավորման:

         2. Միավորումների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

 

 

 

         3. Միավորումների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատու­թյունների պաշտպանության նպատակով:

         4. Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով` միայն դատարանի որոշմամբ:

 

Հոդված 46.

Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակ­ցու­թյուն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվել որևէ կուսակցության:

         2. Դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակ­ցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:

         3. Կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարա­կում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին:

         4. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Գերագույն դատարանի որոշմամբ: Այն կուսակցու­թյուն­ները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, հակասահմանադրական են և ենթակա են արգելման Գերագույն դատարանի որոշմամբ:

 

Հոդված 47.

Արցախի Հանրապետության քաղաքացիության իրավունքը

 

         1. Արցախի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Արցախի Հանրապետության քաղաքացի է:

         2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Արցախի Հանրապե­տու­թյան քաղաքացի է, ունի Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

         3. Ազգությամբ հայերը Արցախի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

         4. Ազգությամբ հայերը Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:

         5. Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքա­ցիությունից: Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

 

 

 

 

         6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Արցախի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:

         7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախա­դասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

         8. Արցախի Հանրապետության քաղաքացիները Արցախի Հանրապետու­թյան սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության ներքո են:

 

Հոդված 48.

Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը

 

         1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի ընտրությունների կամ հանրաքվեի օրը Արցախի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:

         2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքա­ցի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

          3. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

         4. Տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունների ժամա­նակ  ընտրելու իրավունք ունեն  ընտրության օրը Արցախի Հանրապետության 18 տարին լրացած, իսկ  ընտրվելու՝ 25 տարին լրացած քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունքը:

         5. Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրա­վունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

 

Հոդված 49.

Հանրային ծառայության անցնելու իրավունքը

 

         Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 50.

Պատշաճ վարչարարության իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

         2. Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:

         3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտո­նատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 51.

Տեղեկություններ ստանալու իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկու­թյուններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

         2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

         3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնա­տար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 52.

Մարդու իրավունքների պաշտպանին  դիմելու իրավունքը

 

         Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտ­պանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպու­թյուն­ների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունք­ների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտ­պանի աջակցությունը ստանալու իրավունք: Մանրամասները սահման­վում են օրենքով:

 

Հոդված 53.

Հանրագիր ներկայացնելու իրավունքը

 

         Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 54.

Քաղաքական ապաստանի իրավունքը

 

         Քաղաքական հետապնդման ենթարկվող յուրաքանչյուր ոք ունի Արցախի Հանրապետությունում քաղաքական ապաստան հայցելու իրավունք: Քաղա­քա­կան ապաստանի տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 55.

Արտաքսման կամ հանձնման արգելքը

 

         1. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկ­վել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբեր­մուն­քի կամ պատժի:

         2. Արցախի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտար­երկրյա պետությանը՝ բացառությամբ Արցախի Հանրապետության վավե­րացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 56.

Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպա­նելու իրավունք:

         2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

         3. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգա­վոր­վում է օրենքով:

 

Հոդված 57.

Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

         2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք:

         3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերու­թյան դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք:

         4. Մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է:

         5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական   ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանը սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

         6. Աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրա­վունք­ների հետ կապված այլ մանրամասները սահմանվում են օրենքով:

 

 

 

Հոդված 58.

Գործադուլի իրավունքը

 

         1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատան­քային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրացման կարգը սահմանվում է օրենքով:

         2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

 

Հոդված 59.

Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության  երաշխավորումը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

         2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակ­ները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

         3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարե­խիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:

 

Հոդված 60.

Սեփականության իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականու­թյունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

         2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:

         3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրեն­քով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատու­թյունների պաշտպանության նպատակով:

         4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից՝ բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

         5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականու­թյան օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

         6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղա­քա­ցիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

         7. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

         8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

 

Հոդված 61.

Դատական պաշտպանության իրավունքը և մարդու  իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյու­նավետ դատական պաշտպանության իրավունք:

         2. Յուրաքանչյուր ոք, Արցախի Հանրապետության միջազգային պայմա­նա­գրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

 

Հոդված 62.

Վնասի հատուցման իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

         2. Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

 

 Հոդված 63.

Արդար դատաքննության իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

         2. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատական քննությունը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդա­րա­դա­տության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարա­կական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

         3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դա­տա­քննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:

 

Հոդված 64.

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը

 

         1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

 

 

 

         2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավոր­վում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահա­վասա­րության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստա­բանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահման­վում են օրենքով:

 

Հոդված 65.

Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը

 

         Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգա­կանների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

 

Հոդված 66.

Անմեղության կանխավարկածը

 

         Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հոդված 67.

Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը

 

         Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.

2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստա­բա­նի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորու­թյուններ ունենալու իրավունք.

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք.

5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե ինքը չի տիրապետում հայերենին:

 

Հոդված 68.

Կրկին դատվելու արգելքը

 

         1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

         2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայումը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա:

 

Հոդված 69.

Դատապարտվածի բողոքարկման իրավունքը

 

         Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք:

 

Հոդված 70.

Ներման խնդրանքի իրավունքը

 

         Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման՝ ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 71.

Մեղքի սկզբունքը և պատժի համաչափության սկզբունքը

 

         1. Հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է:

         2. Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատ­ժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:

 

Հոդված 72.

 Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ  նշանակելիս օրինականության սկզբունքը

 

         Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգոր­ծության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառ­ման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

 

Հոդված 73.

Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը

          

         1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

         2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

 

Հոդված 74.

Հիմնական իրավունքների և ազատությունների կիրա­ռելիությունը իրավաբանական անձանց նկատմամբ

 

         Հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

 

 

 

 

Հոդված 75.

Հիմնական իրավունքների և ազատությունների իրա­կանացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը

 

         Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենք­ները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

 

Հոդված 76.

Հիմնական իրավունքների և ազատությունների սահմա­նափակումները ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ

 

         1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղա­քացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահ­մա­նադրության 23-26-րդ, 28-30-րդ հոդվածներում, 31-րդ հոդվածի 1-ին մասում, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադա­սու­թյունում և 8-րդ մասում, 52-րդ հոդվածում, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափա­կում­ների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ պարտավորու­թյուններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

         2. Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չեն անցկացվում:

         3. Ռազմական դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե կա­րող են չանցկացվել: Պատերազմի ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չեն անցկացվում:

 

Հոդված 77.

Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը

 

         Արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագոր­ծումը՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

 

Հոդված 78.

Համաչափության սկզբունքը

 

         Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման հա­մար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմա­նադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման

 

 

համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

 

Հոդված 79.

Որոշակիության սկզբունքը

 

         Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատու­թյունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

 

 

Հոդված 80.

Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը

 

         Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հոդված 81.

Աշխատանքային պայմանները

 

         Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

 

Հոդված 82.

Սոցիալական ապահովությունը

 

         Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազ­մազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

 

Հոդված 83.

Արժանապատիվ ապրելը և նվազագույն աշխատավարձը

 

         1. Յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ, օրենքին համապա­տաս­խան, ունի արժանապատիվ ապրելու իրավունք:

         2. Նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով:

 

 

Հոդված 84.

Առողջության պահպանությունը

 

         1. Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:

         2. Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայություն­ների ցանկը և մատուցման կարգը:

 

Հոդված 85.

Պետության քաղաքականության հիմնական նպատակները

 

         Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթա­նումը.

2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը.

3) հայրենիքի պաշտպանության համար հաշմանդամ դարձած անձանց և զոհվածների ընտանիքների նկատմամբ առանձնահատուկ հոգածության դրսևորումը.

4) բնակարանային շինարարության խթանումը.

5) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթա­նումը.

6) ծնելիության և բազմազավակության խթանումը.

7) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.

8) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայ­ման­ների ստեղծումը.

9) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.

10) սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայու­թյունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը.

11) տարածքային համաչափ զարգացումը.

12) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.

13) քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասար­դու­թյան մասնակցության խթանումը.

14) անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգա­ցումը.

15) հիմնարար և կիրառական գիտության զարգացումը.

16) ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը.

17) բարեգործության խթանումը` մշակութային, կրթական, գիտական, առող­ջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմ­նադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկա­խու­թյան ապահովման նպատակով:

 

Հոդված 86.

Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը

 

         1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրա­վասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 85-րդ հոդվածով սահմանված նպատակները:

         2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 93-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված հաղորդման շրջանակներում տեղեկատվություն է ներկայացնում Սահմանադրության 85-րդ հոդվածով սահմանված նպատակ­ների իրագործման վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 87.  Հանրապետության նախագահի կարգավիճակը 

  1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
  2. Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:

 

Հոդված 88.  Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները

                  

         1. Հանրապետության նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

         2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապե­տու­թյան նախագահի պաշտոնում:

         3. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:

 

Հոդված 89.  Հանրապետության նախագահի ընտրության կարգը և ժամկետները

 

1. Հանրապետության նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորու­թյուն­ների ավարտից 50 օր առաջ:

2. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:

3. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հան­րա­պետության նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն: Հանրա­պետության նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

 

 

4. Հանրապետության նախագահի ընտրությունների մանրամասները սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

 

Հոդված 90.  Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի

                       արտահերթ ընտրությունները


         Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորու­թյունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտո­նանկ անելու, ինչպես նաև Ազգային ժողովը արձակվելու դեպքերում նշանակ­վում են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

 

 Հոդված 91. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը

 

Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով սահ­ման­ված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրա­վիր­ված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձ­նելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվե­րա­պահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հան­րա­պետու­թյան ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբող­ջականու­թյունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապե­տու­թյան և ի բարօրու­թյուն Արցախի ժողովրդի»:

 

Հոդված 92. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը


1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

        2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

         3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրա­պետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

 

Հոդված 93. Հանրապետության նախագահի լիազորությունները


Հանրապետության նախագահը՝

  1. ղեկավարում է պետության ներքին և արտաքին քաղաքակա­նությունը.
  2. իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմին­ների ընդհանուր ղեկավարումը.
  3. սահմանում է Կառավարության, ինչպես նաև պետական կառավար­ման այլ մարմինների կառուցվածքն ու գործունեության կարգը.
  4. նշանակում և ազատում է պետական նախարարին, նախարարներին.
  5. կառավարում է պետական սեփականությունը, ֆինանսական միջոց­ները.

 

 

  1. օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
  2. կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ.
  3. ներկայացնում է Արցախի Հանրապետությունը միջազգային հարաբե­րու­թյուններում, ստորագրում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ դադարեցնում է վավե­րացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
  4. նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և մի­ջազ­գային կազմակերպություններում Արցախի Հանրապետության դիվա­նագի­տական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետություն­ների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացու­ցիչ­ների հավատարմագրերը և հետկանչագրերը.
  5. կարող է հրամանագիր ընդունել ռազմական դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չանցկացնելու մասին.
  6.   կարող է արձակել Ազգային ժողովը՝ բացառությամբ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում ընկած ժամանակահատվածի, պատերազմի և արտակարգ դրության ժամա­նակ, ինչպես նաև այն դեպքի, երբ ռազմական դրության ժամանակ հրամա­նագիր է ընդունել ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ.
  7. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու առաջարկությամբ դիմում է Ազգային ժողովի նախագահին.
  8. Ազգային ժողով է  ներկայացնում պետական  բյուջեի նախագիծը.
  9. հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ.
  10. համաներում հայտարարելու առաջարկությամբ դիմում է Ազգային ժողովին.
  11. ուղերձով կարող է դիմել ժողովրդին և Ազգային ժողովին.
  12. Ազգային ժողովի նիստում ամենամյա հաղորդում է ներկայացնում նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ.
  13. Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածուին: Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.
  14. նշանակում է Բարձրագույն դատական խորհրդի մեկ իրավաբան անդամի.
  15. աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրակա­նա­ցնում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ.
  16. պարգևատրում է Արցախի Հանրապետության շքանշաններով և մեդալ­ներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
  17.  օրենքով սահմանված կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը.

 

 

 

  1. օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Արցախի Հան­րա­պետության քաղաքացիություն շնորհելու և Արցախի Հանրապետու­թյան քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը.
  2. ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր՝ հրամա­նագրեր ու կարգադրություններ:

 

Հոդված 94.  Հանրապետության նախագահի լիազորությունները ազգային անվտանգության բնագավառում


         1. Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշ­խա­նության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտան­գության երաշխավորն է:

2. Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:

  1. Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

4. Ազգային անվտանգության բնագավառում իր լիազորությունների իրա­կանացմանն աջակցելու նպատակով Հանրապետության նախագահն իրեն կից ձևավորում է խորհրդակցական մարմին՝ Անվտանգության խորհուրդ, և նախագահում այն:

 

Հոդված 95.
 

Օրենքի ստորագրումը և հրապարակումը

         1. Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընդունած օրենքը ստա­նալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:

         2. Այդ ժամկետում Հանրապետության նախագահը կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություն­ներով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հանրա­պետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը:

 
Հոդված 96.  Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելը

 

  1. Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել Հանրապետու­թյան նախագահին:

         2. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամա­վորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:

         3. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայա­ցվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:

 

 

 

         4. Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե Հան­րապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

         5. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում Հանրապետության նախագահի լիազորու­թյունները դադարում են:

         6. Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Հանրապետության նախա­գահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախա­գիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել նաև այն դեպքում, երբ Հանրապե­տության նախագահը  ռազմական դրության ժամանակ հրամա­նագիր է ընդունել ընտրություններ  չանցկացնելու վերաբերյալ:

      

       Հոդված 97.  Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը

 

1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետա­կան դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

         2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու  մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:

         3. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Գերագույն դատարան:

         4. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Պաշտոնանկ արված Հանրապետության նախագահը չի կարող մասնակ­ցել արտահերթ ընտրություններին:


Հոդված 98.  Հանրապետության նախագահի հրաժարականը

 

Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ուժի մեջ է մտնում եռօրյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:


Հոդված 99.  Հանրապետության նախագահի լիազորությունների

                    դադարեցումը


         Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 48-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասի, 88-րդ հոդվածի  3-րդ  մասի  պահանջները  խախտելու,  նրա

 

 

ծանր հիվանդության կամ լիազորությունների կատարման համար այլ ան­հաղ­թահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավոր­ների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին:

                              

Հոդված 100. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր իրականացումը

           

         Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապե­տու­թյան նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախա­գահը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախա­գահի լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահի տեղա­կալը: Այդ ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել Կառավարության անդամներին, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

 

Հոդված 101.
 

Կառավարության կարգավիճակը և գործառույթները

         1. Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանը աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է:

2. Կառավարությունը Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա ու նրա ղեկավարությամբ մշակում և իրականացնում է պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը:

         3. Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրու­թյամբ, օրենքներով և Հանրապետության նախագահի հրամանագրերով: 

 

Հոդված 102.

Կառավարության կազմը, պետական նախարարի և նա­խարարների իրավասություններն ու գործունեության անհամատեղելիության պահանջները

 

1. Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախա­րար­ներից:

2. Պետական նախարարը համակարգում է այն նախարարների գործունե­ությունը, որոնք սահմանվում են Հանրապետության նախագահի կողմից:

3. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:

4. Պետական նախարարը և նախարարները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակեր­պու­թյուններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

 

Հոդված 103.

Կառավարության կազմավորումը

 

1. Հանրապետության նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականու­թյուն­ների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

2. Կառավարությունը կազմավորվում է Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում:

3. Հանրապետության նախագահը Կառավարության կազմավորումից հետո հրապարակում է Կառավարության կազմը:

 

Հոդված 104.

Հանրապետության նախագահի ծրագիրը

 

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Հանրա­պե­տության նախագահը հրապարակում է իր ծրագիրը:

 

 Հոդված 105.

Կառավարության նիստերը և որոշումները

 

1. Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Հանրապետության նախագահը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ Կառավա­րու­թյան նիստերը վարում է պետական նախարարը:

2. Կառավարության որոշումները հաստատում է Հանրապետության նախագահը:

3. Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմա­տիվ իրավական ակտեր:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

 

Հոդված 106.

Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները

 

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանա­դրու­թյամբ և օրենքներով:

5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

 

Հոդված 107.

Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը

 

1. Ազգային ժողովը կազմված է ոչ պակաս, քան 27 և ոչ ավել, քան 33 պատգամավորից: Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է Ընտրական օրենսգրքով:

2. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

 

3. Ազգային ժողովի ընտրության  կարգի մանրամասները սահմանվում են   Ընտրական օրենսգրքով:

 

Հոդված 108.

Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը

 

         1. Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

         2. Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազո­րու­թյունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազո­րությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգա­յին ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

          

Հոդված 109.

Ազգային ժողովի հերթական ընտրությունը

 

         Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետու­թյան նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

 

 Հոդված 110.

Ներկայացուցչական մանդատը

 

         Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

 

Հոդված 111.

Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը

       

         Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանա­վորված պաշտոն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մար­մին­ներում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

        

Հոդված 112.

Պատգամավորի անձեռնմխելիությունը

 

         1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամա­վորա­կան գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեար­կության համար:

         2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուց­վել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն, առանց Ազ­գա­յին ժողովի համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից՝ բացա­ռությամբ այն դեպքի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

 

 

 

Հոդված 113.

Պատգամավորի լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

         1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովը արձակելու, Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետու­թյան քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապար­տելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգոր­ծու­նակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատա­րանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

         2. Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 111-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:

         3. Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են Գերագույն դատարանի որոշմամբ:

 

Հոդված 114.

Ազգային ժողովի հերթական նստաշրջանները, արտահերթ նստաշրջանը և նիստը

 

         1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարե­կան երկու անգամ՝ Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված ժամկետ­ներում:

         2. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ:

         3. Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

 

Հոդված 115.

Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը

 

         1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

         2. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամ Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգա­մավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշ­մամբ անցկացնում է փակ նիստ: Փակ նիստում քվեարկությունն արգելված է:

 

 Հոդված 116.

Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների ընդունումը

 

         1. Օրենքները, Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

 

         2. Հանրապետության նախագահի առարկությունները և առաջարկու­թյուն­ները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծա­մասնությամբ:

         3. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

         4. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները և ուղերձները ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 117.

Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը

 

         1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և մեկ տեղակալ: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը ընտրվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

         2. Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի փոփոխման մասին որոշման նախագիծ կարող է ներկայացվել միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի նոր թեկնածու:

         3. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

          

Հոդված 118.

Ազգային ժողովի խմբակցությունները

 

         1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

         2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:

 

Հոդված 119.

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

 

         1. Ազգային ժողովը օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնա­ժողովներ: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան յոթ մշտական հանձնաժողով:

         2. Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցու­թյուն­ներում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտա­կան հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցություն­ների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

 

 

 

Հոդված 120.

Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովները

 

         Առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարու­թյուն­ների և ուղերձների նախագծերի, ինչպես նաև պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակա­ցություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:

 

Հոդված 121.

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները

 

         1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահան­ջով Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրու­թյուն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

         2. Քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Քննիչ հանձնաժո­ղովի անդամների թիվը որոշում է Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը:

         3. Քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ:

         4. Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձ­նա­ժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

         5. Քննիչ հանձնաժողովների գործունեության մանրամասները սահման­վում են Ազգային ժողովի կանոնակարգով:

 

Հոդված 122.

Օրենսդրական նախաձեռնությունը

 

         1. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն Հանրապետության նախագահը և պատգամավորը:

         2. Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն երկուսուկես տոկոսը ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:

 

Հոդված 123.

Պետական բյուջեի ընդունումը

 

         1. Պետական բյուջեն օրենքով սահմանված կարգով ներառում է պետու­թյան բոլոր եկամուտները և ծախսերը:

         2. Հանրապետության նախագահը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 45 օր առաջ:

 

         3. Պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարին սկսվելը: Այդ ժամկետում չընդունվելու դեպքում մինչև պետական բյուջեի ընդունումը ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

 

Հոդված 124.

Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը

 

         1. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազ­գային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ։

         2. Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկում և որոշում է ընդունում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ:

 

Հոդված 125.

Պատգամավորների բանավոր և գրավոր հարցերը

 

         1. Պատգամավորներն իրավունք ունեն բանավոր հարցերով դիմելու Հանրապետության նախագահին և Կառավարությանը: Հանրապետության նախագահը և Կառավարության անդամները պատգամավորների բանավոր հարցերին պատասխանում են Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

         2. Պատգամավորներն ունեն Հանրապետության նախագահին և Կառա­վա­րության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք: Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային ժողովի նիստում չեն ներկայացվում:

 

Հոդված 126.

Հարցապնդումները

 

  1. Ազգային ժողովի խմբակցություններն ունեն Հանրապետության նա­խա­գահին և Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք:
  2. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժո­ղովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատաս­խանը քննարկվում է:

         3. Հարցապնդումներով դիմելու, դրանց պատասխանելու և Ազգային ժողո­վում քննարկելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնա­կարգով:

 

Հոդված 127.

Հրատապ թեմայով քննարկումները

 

Հերթական նստաշրջանի ընթացքում գումարվող նիստերից մեկում պատ­գամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրա­տապ թեմայով քննարկումներ:

 

Հոդված 128.  Միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը և չեղյալ հայտարարելը

 

1. Ազգային ժողովը, օրենքով նախատեսված դեպքերում վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում միջազգային պայմանագրերը:

2. Ազգային ժողովը Հանրապետության նախագահի ներկայացմամբ մի­ջազ­գային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարա­րում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնու­թյամբ:

3. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

 

Հոդված 129.

Համաներումը

 

         Ազգային ժողովը Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք:

 

Հոդված 130.

Պատերազմ  հայտարարելը և խաղաղություն հաստատելը

 

         1. Ազգային ժողովը Հանրապետության նախագահի առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում:

         2. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության նախագահը:

 

Հոդված 131.

Ռազմական դրությունը

 

         1. Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմի­ջա­կան վտանգի առկայության կամ պատերազմի դեպքերում Հանրապետության նախագահը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

         2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

         3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:             

         4. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել Սահմանադրության 93-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան ընդունված հրամանագիրը՝ դրա ընդունումից հետո՝ 48 ժամվա ընթացքում:

 

 

 

 

         5. Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնու­թյամբ:

 

Հոդված 132.

Արտակարգ դրությունը

 

         1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպ­քում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

         2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

         3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտա­րա­րել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառում­ների իրականացումը:

         4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնու­թյամբ:

 

       Հոդված 133.  Արտակարգ իրավիճակը

 

         1. Տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման նպատակով Հանրապետության նախագահը կարող է Արցախի Հանրապետության ողջ տարածքում կամ դրա մի մասում որոշակի ժամկետով մտցնել արտակարգ իրավիճակի ռեժիմ:

         2. Արտակարգ իրավիճակի ռեժիմը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 134.

Վարչատարածքային միավորները և բաժանումը

 

1. Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորներն են համայնքները:

2. Վարչատարածքային բաժանումը Հանրապետության նախագահի ներ­կա­յաց­մամբ սահմանվում է օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Հոդված 135.

Արդարադատության իրականացումը

 

         1. Արցախի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապա­տասխան:

         2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

 

 

Հոդված 136.

Դատարանները

 

         1. Արցախի Հանրապետությունում գործում են Գերագույն դատարանը, վերաքննիչ դատարանը և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դա­տա­րանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագի­տացված դատարաններ:

         2. Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

 

Հոդված 137.

Դատավորի կարգավիճակը

 

         1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

         2. Դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարա­դատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար՝ բացառությամբ այն դեպքի, երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:

         3. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ այն դեպքի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

         4. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանա­վոր­ված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմին­ներում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռ­նար­կատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Դատական օրենս­գրքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջ­ներ:

         5. Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ:

         6. Դատավորի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետն ավարտվելու, Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում:

         7. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

 

 

         8. Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատա­վորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

         9. Դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահման­վում են Դատական օրենսգրքով:

 

Հոդված 138.

Դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները

 

         1. Գերագույն դատարանի դատավոր կարող է նշանակվել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

         2. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավոր կարող է նշանակվել Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրա­կան իրավունք ունեցող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

         3. Դատավորների թեկնածուները պետք է տիրապետեն հայերենին:

         4. Դատավորների թեկնածուների համար Դատական օրենսգրքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

 

Հոդված 139.

Դատավորների նշանակման կարգը և պաշտոնավարման ժամկետը

 

         1. Դատարանի նախագահները և դատավորները նշանակվում են Ազ­գային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծա­մասնությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ։

         2. Դատարանների նախագահների համար Դատական օրենսգրքով կարող է սահմանվել պաշտոնավարման  ժամկետ:

         3. Դատավորն անփոփոխելի  է և պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:

4. Դատավորների նշանակմանը վերաբերող մանրամասները սահման­վում են Դատական օրենսգրքով:

 

Հոդված 140.

Գերագույն դատարանը

 

         1. Արցախի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը Գերագույն դատարանն է:

         2. Գերագույն դատարանը իրականացնում է սահմանադրական արդարա­դատություն` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

         3. Գերագույն դատարանը կազմված է Գերագույն դատարանի նախագա­հից և վեց դատավորից:

 

 

               

Հոդված 141.

Գերագույն դատարանի գործառույթներն ու լիազորությունները

 

         1. Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս Գերագույն դատարանը օրենքով սահմանված կարգով՝

         1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետու­թյան նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապա­տաս­խանությունը Սահմանադրությանը.

         2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.

         3) մինչև միջազգային պայմանագրերի վավերացումը որոշում է դրանցում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանա­դրությանը.

         4) լուծում է հանրաքվեի, Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

         5) որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարե­ցնելու հարցի վերաբերյալ.

         6) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտո­նանկ անելու հիմքերի առկայության մասին.

         7) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահի լիազորու­թյունների դադարեցման հիմքերի առկայության մասին.

         8) օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։

         2. Որպես բարձրագույն դատական ատյան՝ Գերագույն դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակնե­րում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

 

Հոդված 142.

Սահմանադրական արդարադատության հարցերով Գերագույն դատարան դիմելը

 

         1. Գերագույն դատարան կարող են դիմել՝

         1) Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերում և հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

        2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով սահմանված դեպքերում՝ պատգամավորների ընդհա­նուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ.

 

 

 

         3) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով սահ­մանված դեպքերում.

         4) Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

         5) Կառավարությունը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դեպքերում.

         6) տեղական ինքնակառավարման մարմինները՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանա­դրա­կան իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանա­դրու­թյանը համապատասխանության հարցով.

         7) յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնա­կան ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրու­թյան 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատություն­ների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավա­կիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը.

         8) գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.

         9) Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հար­ցե­րով.

         10) Հանրապետության նախագահի թեկնածուները՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

         11) Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով:

         2. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահման­ված դեպքերում Գերագույն դատարան դիմում է Ազգային ժողովը:

         3. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահ­ման­ված դեպքում Գերագույն դատարան դիմում է Հանրապետության նախագահը:

         4. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառ­ման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հար­ցով դիմում են Գերագույն դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

         5. Գերագույն դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են օրենքով:

         6. Գերագույն դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։

 

 

Հոդված 143.

Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները

 

         1. Գերագույն դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:

         2. Գերագույն դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնա­կան են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

         3. Գերագույն դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանա­դրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ:

         4. Գերագույն դատարանը Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին և    2-րդ մասերով նախատեսված հարցերի վերաբերյալ, բացառությամբ 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերի, ընդունում է որոշումներ, իսկ 141-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցե­րով՝ եզրակացություններ:

         5. Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախա­տեսված հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդուն­վում են Գերագույն դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

         6. Եթե Գերագույն դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից:

 

Հոդված 144.

Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակն ու կազմավորման կարգը

 

         1. Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

         2. Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է հինգ  անդամից:

         3. Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատա­րաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ:

         4. Բարձրագույն դատական խորհրդի մեկական անդամ նշանակում են Հանրապետության նախագահը և Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդ­հա­նուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ Արցախի Հանրապե­տության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինա­կավոր իրավաբանների թվից: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

         5. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի:

 

 

 

         6. Բարձրագույն դատական խորհուրդը իր դատավոր անդամների կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ:

         7. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:

 

Հոդված 145.

Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները

 

         1. Բարձրագույն դատական խորհուրդը`

1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների՝ ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.

2) Ազգային ժողովին առաջարկում է դատարանների նախագահների և դատավորների թեկնածուներին.

3) լուծում է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.

4) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.

5) լուծում է դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը.

6) հաստատում է դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկա­յացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

          2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահ­մանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

          3. Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործու­նեու­թյան կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

 

Գ Լ ՈՒ Խ 7

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 146.

Դատախազությունը

 

         1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

         2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝

1) հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ.

 

 

6) օրենքով սահմանված բացառիկ դեպքերում իրականացնում է մինչդա­տական քրեական վարույթ:

         3. Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

         4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահ­ված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:

         5. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահման­վում է օրենքով:

 

Հոդված 147.

Գլխավոր դատախազը

 

         1. Գլխավոր դատախազը Հանրապետության նախագահի առաջարկու­թյամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել գլխավոր դատախազ։

         2. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխա­տանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

         3. Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավոր­ների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշ­տոնանկ անել գլխավոր դատախազին:

 

Գ Լ ՈՒ Խ 8

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 148.

Տեղական ինքնակառավարման իրավունքը

 

         1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մար­մին­ների իրավունքն ու կարողությունն է, ելնելով համայնքի բնակիչների շահերից, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանա­կության հանրային հարցերը՝ Սահմանադրությանը և օրենքներին համապա­տասխան:

         2. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

 

Հոդված 149.

Համայնքը

 

         1. Համայնքը մեկ կամ մի քանի  բնակավայրերի  բնակիչների  հանրու­թյուն է։

         2. Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է։

 

 

 

Հոդված 150.

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

 

         1. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Համայնքի ղեկավարի ուղղակի ընտրության դեպքում կիրառվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված ընտրական իրավունքի սկզբունքները:

         2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է  Ընտրական օրենսգրքով։

 

Հոդված 151.

Համայնքի խնդիրները և տեղական ինքնակառա­վարման մարմինների լիազորությունները

 

         1. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված։ Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են օրենքով, իսկ կամավոր խնդիրները՝ համայնքի ավագանու որոշումներով։

         2. Պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղա­կան ինքնակառավարման մարմիններին։

         3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենս­դրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում:

         4. Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև:

         5. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով։

 

Հոդված 152.

Համայնքի գործերի կառավարմանն անմիջական մասնակցությունը

 

         1. Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով։

         2. Տեղական հանրաքվեի անցկացման կարգը, ինչպես նաև համայնքի բնակիչների կողմից համայնքի գործերի կառավարմանն անմիջականորեն մասնակցելու այլ եղանակները սահմանվում են օրենքով։

 

Հոդված 153.

Համայնքի սեփականությունը

 

         1. Համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփակա­նու­թյան իրավունք։

 

         2. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է։

         3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:

 

Հոդված 154.

Համայնքի բյուջեն, տեղական հարկերը, տուրքերը և վճարները

 

         1. Համայնքն ունի իր բյուջեն, որը համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է համայնքի ավագանին։

         2. Համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի իրականաց­ման կարգը սահմանվում է օրենքով։

         3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված դրույքաչափերի շրջա­նակ­ներում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր։

         4. Համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայություն­ների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ։

 

Հոդված 155.

Համայնքի ֆինանսավորումը

 

         1. Համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանվում են հարկային և ոչ հարկային այնպիսի աղբյուրներ, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրների իրականացումն ապահովելու համար։

         2. Համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորություն­ները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման։

         3. Պետությունն իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ է հատկացնում համայնքների համաչափ զարգացումն ապահովելու համար:

 

 Հոդված 156.

Համայնքների միավորումը և բաժանումը

 

         Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։

 

Գ Լ ՈՒ Խ 9

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

 

Հոդված 157.

Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները

 

         1. Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մար­-

 

 

դու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտ­ված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունք­ներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելա­գործ­մանը:

         2. Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայա­ցնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատու­թյուն­ների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունա­կել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկ­ներ:

         3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտո­նատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրա­վունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկու­թյուններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին:

         4. Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահման­վում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:

 

Հոդված 158.

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը

 

         1. Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով:

         2. Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթու­թյուն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համա­պա­տասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:

 

Հոդված 159.

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխիքները

 

         1. Մարդու իրավունքների  պաշտպանի վրա տարածվում է պատգամա­վորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

         2. Մարդու իրավունքների  պաշտպանի վրա տարածվում են պատգամա­վորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:

         3. Մարդու իրավունքների  պաշտպանն իր լիազորությունների իրակա­նաց­ման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

         4. Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:

 

 

 

         5. Մարդու իրավունքների  պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

         6. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիք­ները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ 10

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԸ

 

Հոդված 160.

Հաշվեքննիչ պալատի գործառույթները և լիազորությունները

 

         1. Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրակա­նացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ: Հաշվե­քննիչ պալատն իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարելու իրավունք ունի միայն օրենքով սահմանված դեպքերում:

         2. Հաշվեքննիչ պալատը գործում է իր հաստատած գործունեության ծրագրի հիման վրա:

         3. Հաշվեքննիչ պալատն Ազգային ժողով է ներկայացնում՝

1) իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում.

2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն.

3) օրենքով սահմանված դեպքերում` ընթացիկ եզրակացություններ:

4. Հաշվեքննիչ պալատի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 161.

Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը

 

         1. Հաշվեքննիչ պալատը կազմված է հինգ անդամից:

         2. Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ:

         3. Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթու­թյուն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապա­տասխանող յուրաքանչյուր ոք: Հաշվեքննիչ պալատի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

 

 

         4. Հաշվեքննիչ պալատի անդամների վրա տարածվում են պատգամա­վորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրանց հա­մար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

         5. Հաշվեքննիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրակա­նաց­ման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապա­րա­կային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածու­թյուն:

         6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտե­լու դեպքում Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

 

Գ Լ ՈՒ Խ 11

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ

 

Հոդված 162.

Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը

 

  1. Սահմանադրությունը և Սահմանադրության 1-3-րդ, 6-րդ, 9-րդ և 11-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 87-90-րդ, 92-94-րդ, 96-րդ, 106-րդ հոդվածներում, 107-րդ հոդվածի 1-ին մասում, 108-րդ հոդվածի 1-ին մասում, 109-րդ, 121-րդ, 131-րդ, 132-րդ և 175-րդ հոդվածներում փոփոխու­թյուն­ներն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամա­վորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Հանրապետության նախա­գահը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսը:
  2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված գլուխների և հոդվածների՝ Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ՝ պատ­գամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:
  3. Հանրաքվեն նշանակվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

 

       Հոդված 163.  Սահմանադրության անփոփոխելի հոդվածները

 

         Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

 

 

 

 

         Հոդված 164.  Օրենքների և այլ հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելը

 

         Օրենքները, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերը հանրաքվեի են դրվում հանրաքվեի մասին օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

Հոդված 165.

Հանրաքվեի դրված ակտի ընդունումը

 

         Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հան­րաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: 

  

Գ Լ ՈՒ Խ 12

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

       Հոդված 166.  Սահմանադրության  առանձին  դրույթների ուժի  մեջ  մտնելը

 

1. Սահմանադրության 1-3-րդ և 12-րդ գլուխները ուժի մեջ են մտնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապա­րակվելու օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սահմանադրության 4-11-րդ գլուխները, բացառությամբ 93-րդ հոդվածի 11-րդ կետի և 96-րդ հոդվածի, ուժի մեջ են մտնում Սահմանադրության 168-րդ հոդվածին հա­մապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշ­տոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2006 թվականի Սահ­մանադրության համապատասխան դրույթները: 2006 թվականի Սահմա­նա­դրության 104-րդ հոդվածը շարունակում է գործել մինչև Սահմանադրու­թյան 173-րդ հոդվածով սահմանված ժամկետը:

3. Սահմանադրության 93-րդ հոդվածի 11-րդ կետում ամրագրված դրույթը և 96-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում Սահմանադրության 89-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

       Հոդված 167. Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրությանը

 

1. Ազգային ժողովը Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում գործող օրենսդրությունը համապատասխանեցնում է Սահմանադրությանը:

2. Դատական օրենսգիրքը և Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում մինչև Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

3. Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը համապատասխանեցվում է Սահ­մանադրությանը և ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան գործող Հանրապե­տության նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից 90 օր առաջ:

 

 

       Հոդված 168. Հանրապետության նախագահի ընտրությունը

 

1. Գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշ­տոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրա­պետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

2. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախա­գահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհա­նուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը:

3. Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի, իսկ Հանրա­պետության նախագահի արտահերթ ընտրության դեպքում` ընտրվելու օրվան հաջորդող տասներորդ օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանա­դրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ:

 

       Հոդված 169.  Կառավարության լիազորությունների դադարումը

 

         Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 168-րդ հոդվածին համա­պատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացնում, իսկ նոր Կառավարությունը կազմավորվում է Սահմանադրության 103-րդ հոդվածին համապատասխան:

 

       Հոդված 170. Գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի ու

                            անդամների պաշտոնավարումը

        

         1. Գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների՝ 2006 թվականի Սահմանադրությամբ սահմանված ժամ­կե­տի ավարտը:

         2. Վերահսկիչ պալատի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար որպես Հաշվեքննիչ պալատի նա­խա­գահ ու անդամներ մինչև իրենց լիազորությունների՝ 2006 թվականի Սահմանադրությամբ  և օրենքով սահմանված ժամկետի ավարտը:

 

 

 

 

 

 

 

       Հոդված 171.  Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություն անցկացնելը

 

         Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Ազգային ժողովի մեծամաս­նական ընտրակարգով ընտրված պատգամավորի մանդատը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններն անցկացվում են Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 172.

Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը

 

  1. Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 144-րդ հոդ­վածին համապատասխան, կազմավորվում է Դատական օրենսգրքի համա­պատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելուց հետո՝ երեք ամսվա ընթաց­քում:
  2. Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման օրը:

 

Հոդված 173.

Տարածքային քաղաքականության իրագործումը և վարչատարածքային բաժանման վերանայումը

 

1. Մինչև վարչատարածքային բաժանման վերանայումը գործում է 2006 թվականի Սահմանադրության 104-րդ հոդվածը:

2. Վարչատարածքային բաժանման վերանայումը պետք է իրականացվի Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ տարում:

 

Հոդված 174.

Համայնքի ավագանու անդամների և համայնքի ղեկավարի պաշտոնավարումը

 

         Մինչև Սահմանադրության 8-րդ գլխի ուժի մեջ մտնելը ընտրված հա­մայնքի ավագանու անդամները և համայնքի ղեկավարը շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2006 թվականի Սահմանա­դրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 151-րդ հոդ­վածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված դրույթը տարած­վում է տեղական ինքնակառավարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

 

       Հոդված 175. Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները

 

         Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրա­կա­նացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրա­պետության իրավազորության ներքո: