ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հարցազրույցը «Միջազգային հարաբերություններ. Հայկական աշխարհ» հանդեսին
01 սեպտեմբերի 2016
  1. Պարոն Ղուլյան, Արցախը տոնում է հանրապետության հռչակման 25 ամյակը: Այս առթիվ նախ կխնդրեինք Ձեր շնորհավորանքի  խոսքը:

Այս տարի համայն հայությունը նշում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայկական երկրորդ՝ Արցախի Հանրապետության հռչակման 25 ամյակը: 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշումն, առանց չափանզության, արցախահայության համար բախտորոշ նշանակություն ունեցավ. այն ոչ միայն սրբագրեց նախորդ դարասկզբի քաղաքական խայտառակ գործարքն ու վերականգնեց պատմական արդարությունը, այլեւ երաշխավորեց հայ ժողովրդի արցախյան հատվածի ինքնության պահպանումն ու ազատության նվաճումը:

Հետխորհրդային մյուս երկրների նման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես անցավ պետական համակարգի փոխակերպման դժվարին գործընթացի միջով, որը մեր դեպքում ուղեկցվում էր պարտադրված պատերազմի եւ շրջափակման իրողություններով: Սակայն, անգամ նման ոչ դյուրին պայմաններում մեզ հաջողել է կառուցել ժամանակակից ժողովրդավարական արժեհամակարգի վրա հիմնված կենսունակ պետություն, որն ի վիճակի է ապահովել իր ժողովրդի անվտանգությունը:

Եթե սեղմ բանաձեւի միջոցով ներկայացնենք մեր պատմության աւյս հատվածը, ապա կարելի է այսպես արտահայտել. ազատության հասնելու նպատակը մեզ համար վերաճեց անկախության համար պայքարի: Ազատագրական պատերազմ մղելու ճանապարհին մենք ունեցանք անդառնալի կորուստներ, հազարավոր նվիրյալներ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն գալիք սերունդների արժանապատիվ կյանքի, որի կառուցումը մեր՝ հայության բոլոր հատվածների հավաքական ուժի խնդիրը պիտի լինի հաջորդ տարիների համար:

Շնորհավորելով բոլորիս տոնը՝ ուզում եմ երախտիքի խոսք ասել մեր այն հայրենակիցներին, ովքեր զրկանքներ ու դժվարությունների են կրել հանուն ազատ ապրելու մեր երազանքի: Հիշենք ու մեծարենք այդ անձնազոհությունը:

  1. Ի՞նչ հարթության վրա է Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ խորհրդարանների համագործակցությունը:

Արցախի խորհրդարանական կապերի մեջ ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցությունն առանձնահատուկ տեղ ունի. այն մեր ամենակայացած միջխորհրդարանական հարթակն է, որը գործում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: ԼՂՀ ԱԺ - ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեության շնորհիվ մեր հարաբերությունները վաղուց գործնական բնույթ են կրում: Չափազանց օգտակար եմ համարում երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ թեմատիկ քննարկումների ձեւաչափը, համատեղ նիստերն ու տարբեր մակարդակի աշխատանքային հանդիպումները՝ հրատապ թեմաների ներառմամբ կոնկրետ օրակարգով: 

Թեկուզեւ վերջին տարիներին մեր խորհրդարանական կապերն ընդլայնվել են եւ գործում են նոր բարեկամական խմբերի ու շրջանակների միջոցով, այնուամենայնիվ, Հայաստանի խորհրդարանի հետ մեր համագործակցությունն առանձնանում է իր ծավալով ու որակով եւ այն մեզ համար նաեւ  պատուհան է՝ արտաքին աշխարհի ու միջազգային խորհրդարանական կառույցների հետ շփումների համար:

  1. Ներկայացրեք խնդրեմ Ձեր ղեկավարած կառույցի կողմից իրականացվող ջանքերը` ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը, կամ միջազգային հանրության կողմից խնդրի արդարացի ընկալմանը:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր քաղաքական օրակարգի եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունների գլխավոր խնդիրներից է: Մեր պարագայում կրկնակի դժվար է ճեղքել այն պատնեշը, որ ձեւավորվել է աշխարհում՝ անկախության ձգտող նոր սերնդի երկրների հանդեպ: Նման իրավիճակներում խորհրդարանական դիվանագիտությունն այն սակավ գործիքներից է, որն օգնում է հաղթահարել մեկուսացումն ու կոտրել միջազգային հարաբերություններում առկա կարծրատիպերը:

Ազգային ժողովի գործունեության մեջ միջխորհրդարանական ու տարբեր երկրների օրենսդիրների հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը հետեւողական աշխատանք է պահանջում: Այդ նպատակով ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ այլ երկրների խորհրդարանների հետ ստեղծված կապերն ուժեղացնելու եւ նոր շփումներ հաստատելու ուղղությամբ:

6-րդ գումարման Ազգային ժողովում գործում են նաեւ ինստիտուցիոնալ կազմակերպում ստացած այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ (2013թ.-ից), «Արցախ-Լիտվա» բարեկամության խումբ (2013թ.-ից), «Արցախ-Եվրախորհրդարան» բարեկամության խումբ (2014թ.-ից): 2006 թվականից մենք ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ անկախությանը նվիրված ամենամյա միջոցառումներ ենք անցկացնում: 1990-ական թվականների վերջերից սերտ հարաբերություններ են ձեւավորվել նաեւ հետխորհրդային տարածքի մյուս չճանաչված երկրների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության խորհրդարանների հետ:

Կարծում եմ այս թվարկումը բավարար է պատկերացնելու այն հիմնական թիրախները, որոնց ուղղությամբ նպատակադրված աշխատանք է տարվում գլխավոր խնդրի լուծումը մոտեցնելու համար:

  1. Ինչ է արվում ԵԽԽՎ-ում եւ միջազգային խորհրդարանական այլ կառույցներում Ադրբեջանի քարոզչական ստերն ու կեղծարարությունները բացահայտելու եւ չեզոքացնելու ուղղությամբ:

Այս հարցում առավել  պահանջված են Արցախի եւ Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերը: Մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որն Արցախի վարկանիշը միջազգային կառույցներում սեւացնելու համար չի խորշում կեղծիքից, նենգ ու սադրիչ քայլերից: Նույն վարքագիծը, ինչը մենք տեսնում ենք ռազմաճակատի գծում: Իհարկե, Ազգային ժողովը  հետեւում է միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող զեկույցների ու բանաձեւերի քննարկումներին եւ իրավիճակից կախված ձեռնարկում որոշակի քայլեր: ԵԽԽՎ եւ մյուս միջազգային խորհրդարանական կառույցների հետ աշխատում ենք ինչպես պաշտոնական՝ դիվանագիտական, այնպես էլ խորհրդարանական խողովակներով: Մեծ աշխատանք է տարվում նաեւ այդ նույն կառույցներում եվրոպական տարբեր երկրներ ներկայացնող մեր բարեկամ խորհրդարանականների կողմից:

Բայց, ինչպես ցույց են տալիս վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները, մեր կողմից ձեռնարկվող քայլերը համակարգման կարիք ունեն: Լիահույս եմ, որ մենք անհրաժեշտ դասեր ենք քաղել նախորդ իրավիճակներից եւ, համոզված եմ, ճիշտ հետեւություններ ենք արել սպասվող իրադարձություններին համարժեք արձագանքելու համար:

ԼՈՒՐԵՐ