ԼՈՒՐԵՐ
Բելգիայի խորհրդարանականների պատվիրակության այցն Արցախի Ազգային ժողով
04 սեպտեմբերի 2016

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների:  Պատվիրակության այցն Արցախ կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:

Ողջունելով բելգիացի խորհրդարանականներին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանները ներկայացնող պատգամավորների հետ շփումները վերջին տարում մեծապես ակտիվացել են եւ արդեն ժամանակն է հանդիպումներին կազմակերպչական ձեւաչափ տալ:

Բելգիական խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Էլս Վան Հուֆն իր խոսքում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր գործիք է միջազգային հարթակներում լսելի դառնալու համար:

Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը տեղեկություններ է ներկայացրել Ազգային ժողովի կառուցվածքի, միջխորհրդարանական կապերի, բարեկամության խմբերի գործունեության, Արցախի քաղաքական դաշտի ու հետապրիլյան իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: 

ԼՈՒՐԵՐ